ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ
«Ֆաքթոր» կայքը հետեւեալ հարցազրոյցը կատարած է ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամ Արսէն Համբարձումեանի հետ` հիմնականօրէն ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին եւ նորակազմ Բիւրոյին մասին:
«ՖԱՔԹՈՐ».- 19 տարի Հրանդ Մարգարեանը եղաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը եւ որոշեց այս անգամ չառաջադրուել: Ո՞րն էր խնդիրը, Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւննե՞րն էին պատճառը, ի՞նչ դժգոհութիւն կար Դաշնակցութիւնում նրա նկատմամբ:
ԱՐՍԷՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Դաշնակցութիւնում, որպէս այդպիսին, Հրանդ Մարգարեանի ծաւալած գործունէութեան նկատմամբ որեւէ դժգոհութիւն չեմ կարող արձանագրել: Ճիշդ հակառակը: Ցաւով պիտի արձանագրեմ, որ Հրանդ Մարգարեանը նման որոշում կայացրեց, որովհետեւ աւելի քան վստահ եմ, որ նման որոշում չկայացնելու պարագայում ժողովի կողմից նորից կը վերընտրուէր: Որովհետեւ Հրանդ Մարգարեանի դերակատարումը կուսակցութեան վերջին 20-25 տարուայ պատմութեան մէջ շատ մեծ է եղել, եւ կարծում եմ` դեռ անելիք ունէր իր փորձով, փորձառութեամբ: Ամէն դէպքում` Հրանդ Մարգարեանի որոշումն է, կարծում եմ, որ իր իմաստութիւնն այս իմաստով իրեն յուշել է այդ քայլը, եւ մենք ընդունում ենք իր որոշումը:
«ՖԱՔԹՈՐ».- Նաեւ կարծիք կայ, որ Հրանդ Մարգարեանը, գիտակցելով Դաշնակցութեան ներսում իր նկատմամբ դժգոհութիւնը եւ այն, որ կարող է առաջադրուել եւ չընտրուել, պարզապէս ինքն ընտրել է չառաջադրուելու տարբերակը:
Ա. Հ.- Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ընդհանուր ժողովում, նկատի ունենալով ժողովի մասնակից պատուիրակների մօտեցումները, կարծիքներն ու տեսակէտները, վստահաբար այդ խնդիրը չկար: Աւելին ասեմ, նորընտիր Բիւրոն ընտրուել է մէկ քուէարկութեամբ` ձայների երկու երրորդով, այսինքն` համախոհութեամբ, եւ կուսակցութեան որդեգրած քաղաքական ուղեգծի, ռազմավարական սկզբունքների առումով, որեւէ բացասական մօտեցում չի արձանագրուել ժողովի կողմից: Հետեւաբար նախընթաց քաղաքական գծի հետ կապուած խնդիր չի եղել:
«ՖԱՔԹՈՐ».- Յակոբ Տէր Խաչատուրեանից բացի` Բիւրոյի այլ թեկնածուներ եղե՞լ են, թէ՞ մէկ թեկնածու է եղել եւ ընտրուել է:
Ա. Հ.- Եղել է Յակոբ Տէր Խաչատուրեանի թեկնածութիւնը, եւ նորից եմ կրկնում, Բիւրոն ընտրուել է համախոհութեամբ, մէկ քուէարկութեամբ, ձայների աւելի քան երկու երրորդով:
«ՖԱՔԹՈՐ».- Դուք յիշում էք ամիսներ առաջ Հրանդ Մարգարեանի այն յայտարարութիւնը, թէ մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մատակարարուել: Այս յայտարարութիւնը կարո՞ղ էր դժգոհութեան առիթ դառնալ:
Ա. Հ.- Բայց ի՞նչ հիմնաւորմամբ կարող էր դժգոհութեան պատճառ դառնալ:
«ՖԱՔԹՈՐ».- Այն պատճառով, թէ որքանո՞վ էր հաւաստի այդ տեղեկութիւնը կամ արժէ՞ր, արդեօք, նման հրապարակային յայտարարութիւն անել:
Ա. Հ.- Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, Հրանդ Մարգարեանն իր յայտնի հեռուստաելոյթի ժամանակ արձանագրել է, որ իր ունեցած տեղեկատուութեամբ, մայիսեան իրադարձութիւններից յետոյ Հայաստան զէնք չի մտնում: Նորից եմ կրկնում, ասել է` իմ ունեցած տեղեկութիւնների համաձայն: Դա այն տեղեկութիւնը չէ, որը ռազմական գաղտնիք է պարունակում, որովհետեւ, վստահաբար, մեր հակառակորդները նման տեղեկատուութեան շատ արագ են տիրապետում, մեր հասարակութիւնից աւելի առաջ: Եւ դա իրականում նորութիւն չէ: Այնպէս չէ, որ Հայաստանում զէնքի մատակարարման հետ կապուած խնդիրներ առաջացել են միայն յետյեղափոխական ժամանակահատուածում: Նմանատիպ խնդիրներ եղել են նաեւ նախկինում` նոյն Սերժ Սարգսեանի իշխանութեան օրօք: Ռուսաստանի հետ յարաբերութիւնների շրջանակում, ինչ-ինչ հարցերի առաջացման պարագայում, Հայաստանը պարբերաբար որոշակի խնդիրներ ու դժուարութիւններ ունեցել է զէնքի մատակարարումների հետ կապուած: Նմանատիպ խնդիրներ եղել են նաեւ վերջին ամիսների ընթացքում, ինչի մասին, ի դէպ, պաշտպանութեան նախարարը եւս յայտարարել է, այնպէս որ, այդտեղ գաղտնիք չկայ:
«ՖԱՔԹՈՐ».- Պարո՛ն Համբարձումեան, Բիւրոյի ներկայացուցիչ ընտրուեց քանատահայ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Միշտ կարծիք է եղել, որ Դաշնակցութիւնում գերիշխում է իրանահայ թեւը, քանի որ Հրանդ Մարգարեանն իրանահայ թեւի ներկայացուցիչ է: Այս պարագայում ազդեցութի՞ւն է փոխուել Դաշնակցութիւնում:
Ա. Հ.- Դաշնակցութիւնում ազդեցութիւնների, թեւերի մասին` իրանահայ, լիբանանահայ, հայաստանցի, այս տեսակ բաժանումների մասին խորհուրդ կը տամ դատողութիւններ չանել, որովհետեւ նման բան իրականում չկայ: Եւ այդ հանգամանքները դոյզն-ինչ դերակատարութիւն չունեն կուսակցութեան քաղաքական գծի ու քաղաքական դիրքորոշումների վրայ: Ի վերջոյ, Դաշնակցութիւնը հաւաքականօրէն ղեկավարուող կուսակցութիւն է, եւ առանձին վերցրած անհատի դերն ու դերակատարութիւնը, եթէ անգամ մարդկային որակներն ու յատկանիշները նկատի ունենալով` կարող է որոշակի ազդեցութիւն ունենալ, այնուամենայնիւ, կուսակցութեան քաղաքական գծի ու վարքագծի հետ կապուած Բիւրոյի ներկայացուցչի` որտեղից լինելու հանգամանքն էական ազդեցութիւն չի կարող ունենալ:
«ՖԱՔԹՈՐ».- Դաշնակցութիւնը վտանգ է տեսնում «ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստել» արտայայտութեան մէջ: Որ՞ն է խնդիրը:
Ա. Հ.- Եթէ անդրադառնանք այն բոլոր իրադարձութիւններին, որ տեղի են ունեցել վերջին ամիսների ընթացքում` հանդիպումները արտաքին գործերի նախարարների, Հայաստանի վարչապետ եւ Ազրպէյճանի նախագահի միջեւ, Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդականի այցը, այդ հանդիպումների արդիւնքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների վերաբերեալ սեղմ հաղորդագրութիւնները, տողատակերը, դրանք մտածելու տեղիք տալիս են, անշուշտ: Որովհետեւ այդ տեսակ բառերի յետեւում կարող են նաեւ վտանգաւոր գործընթացներ թաքնուած լինել, ես չեմ բացառում դա: Ոեւէ մէկը պէտք չէ բացառի նման հնարաւորութիւնը, եթէ անգամ ընդունենք, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները լաւագոյն մղումներով են այս բանակցային գործընթացի մասնակից դարձել, դա ամենեւին չի նշանակում, որ չեն կարող սխալուել կամ ակամայից չեն յայտնուի մի տեղ, որտեղից յետդարձ այլեւս չի լինի:



