Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց տղոց եւ աղջկանց աշխարհի միջազգային նոր դասաւորումը:
Աւստրալիոյ կրան շլեմի տղոց տիտղոսակիրը` սերպ Նովաք Ճոքովիչ մնաց առաջին, իր տրամադրութեան տակ ունենալով վարկանշային 10,955 կէտ:
Անոր ետին երկրորդ դիրքին վրայ կը գտնուի սպանացի Ռաֆայէլ Նատալ (8320), իսկ երրորդ դիրքին վրայ է (նախապէս` չորրորդ) գերմանացի Ալեքսանտր Զվերեւ (6475):
Զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր 3-րդ դիրքէն նահանջեց 6-րդ դիրք (4600):
Ռուսահայ Կարէն Խաչանով մնաց 11-րդ (2880):
Ինչ կը վերաբերի աղջկանց դասաւորման Աւստրալիոյ տիտղոսակիր ճափոնցի Նաոմի Օսաքա 4-րդ դիրքէն բարձրացաւ առաջին դիրք (7030):
Չեխ Փեթրա Քվիթովա 6-րդ դիրքէն բարձրացաւ երկրորդ դիրք (6290), մինչ ռումանացի Սիմոնա Հալեփ առաջին դիրքէն նահանջեց երրորդ դիրք (5582): Իսկ դանիացի Քարոլինա Վոզնիաքի 3-րդ դիրքէն նահանջեց 9-րդ դիրք (3566):
Վերջապէս, Ռուսիան ներկայացնող Մարկարիթա Գասպարեան տասը դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գտնուի 81-րդ դիրքին վրայ (732):



