
2018 թուականը հայկական աշխարհի համար վայրիվերումներով լի տարի էր: Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը յուզեց ողջ հայ ժողովրդին: Հայաստանը եւ Հայաստանին վերաբերուող նիւթերը համաշխարհային լրատուական դաշտի առաջին տողերում էին: Տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իր հետ բերեց նոր իշխանութիւններ, նոր իշխանական համակարգի հաստատման նախնական ծիլեր, եւ ըստ դրան` քաղաքական դաշտի ձեւաւորում եւ այդ դաշտում դերակատարների արմատական փոփոխութիւն:
Քաղաքական նոր դէմքերի ի յայտ գալով` բնականաբար ստեղծուեց մի իրավիճակ, որտեղ առաջացան բազմաթիւ հարցականներ, մօտեցումների եւ կիրառուող գործիքակազմերի անորոշութեան մթնոլորտ: Իրավիճակը ինչ-որ չափով հասկանալի է եւ բնական: Սակայն, ինչքան կարճ է լինում այդ անորոշութիւնների ժամանակահատուածը, այնքան աւելի շուտ կարելի է հասնել արդիւնաւէտ կառավարման եւ զարգացման ակնկալուող փուլին: Այս դիտանկիւնից` յատկապէս ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում մեր ուշադրութեան կեդրոնում է արցախեան հարցի շուրջ ծաւալուող իրողութիւնները:
2016 թուականի ապրիլեան քառօրեայ պատերազմը եղաւ այն անկիւնադարձը, որից յետոյ թէ՛ միջազգային հանրութեան եւ թէ՛ հակամարտութեան երկու կողմերի մօտ յստակեցուեցին որոշ հարցեր, որոնք գալիս էին առոչինչ անելու նախկինում ձեռք բերած պայմանաւորուածութիւնները: Այդ առումով, հայկական կողմի ձեռք բերած առաւելութիւններն ակնյայտ էին Ս. Փեթերսպուրկի եւ Վիեննայի պայմանաւորուածութիւնների արդիւնքում: Պայմանաւորուածութիւններ, որոնց առկայութիւնը ոչ միայն հայկական կողմից արծարծուեց, այլ նաեւ հաստատուեց թէ՛ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների յայտարարութեամբ եւ թէ՛ այդ երկրների ներկայացուցիչների կողմից առանձնաբար: Ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ պայմանաւորուածութիւնները: Պարզ բառերով` հետեւեալը. հետաքննութիւնների մեքանիզմի ներդրման եւ դիտարկման սարքաւորումների տեղադրումը արգելում էր որեւէ կողմից կրակի կիրառումը: Այլ խօսքով, ինչ-որ ձեւով ճանաչւում էր ներկայում գոյութիւն ունեցող սահմանային գիծը, եւ դա հակասում էր բանակցութիւնների ընթացքում Ազրպէյճանի կողմից ներկայացուող տրամաբանութեանը:
ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում տիրող անորոշութիւնները պատճառ են դարձել վերջին ժամանակաշրջանում, որպէսզի աշխուժանան ազրպէյճանական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ թուրքական կողմի յայտարարութիւնները` Արցախեան հարցի կապակցութեամբ: Ի հարկէ հայկական կողմի պատասխանները չեն ուշանում,
սակայն պէտք է նշել, որ դրանք չեն պարունակում կուռ կեցուածքի յստակ եւ վճռական տրամաբանութեան յատկանիշներ: Մտահոգութեան առարկայ է այն հանգամանքը, որ այս ասպարէզում ՀՀ նախկին իշխանութիւնների ձեռք բերած յաջողութիւնները եւս, ի խնդիր նախկին իշխանութիւններին փնովելու եւ քննադատելու, անտեսւում են կամ արժէզրկւում: Դա անթոյլատրելի է, չի կարելի «հռոմի կայսրին վեր դասել Հռոմից»:
Յոյսով ենք, որ 2019 թուականը կը դառնայ անորոշութիւնների փարատման, վճռականութեան եւ նորանոր յաջողութիւնների տարի:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
27 դեկտեմբեր 2018թ.
 
			

