ԳԱՅԵԱՆԷ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Խմբում հաւաքուած ճանապարհորդները անհամբերութեամբ տեղաւորուելով մի քրոաւտոբուսում` արագօրէն ծանօթանում եւ մտերմանում էին: Խմբին ուղեկցողը հազիւ էր հասցնում պատասխանել միաժամանակեայ տեղացող հարցերի տարափին: Բոլորն ուզում էին հասկանալ ճանապարհային քարտէսի առաջին քայլերը, արագ հասնել ԷՐԳԻՐ…
Անցնում էինք Արագածոտնի, Շիրակի մարզերի հայոց արեւից խանձուած խոտածածկոյթ հողի եւ ամրապինդ ծառերի կողքով, ծանօթ բնապատկերները տիպիկ ամառային, հայկական ու հարազատ էին:
Յաղթահարելով հայ-վրացական-թուրքական մաքսակէտերը` խաղաղուեցինք եւ պատրաստ պահած նկարահանող սարքերը, մէկ աջմէկ ձախ էինք նայում` լսելով հայոց պատմական վայրերի նախկին եւ նոր տեղանունների բացատրութիւնները: Շատերը չէին լսում, լոկ դիտում ու մտքերի հետ էին, ուզում էին կլանել, զգալ, դաջել տեսածը:
Տխրած ու լուռ էինք…
Անցնում էինք Արտահան նահանգով, որը ծովի մակերեւոյթից բարձր է 2000 մեթր, Չլդրան լճակի ափով, որին վանեցիները կոչում էին Հիւսիսային ծովակ: Տեղավայրը իր աշխարհագրական դիրքով նման էր Սիւնիքի ալպիական գօտուն: Մեզ ուղեկցում էին նոճուտի անտառները եւ բազմագոյն ու բազմազան ծաղիկները: Ճարտարապետական ոճական կառոյցներ չկային, հանդիպած կառոյցները միանման ցածրայարկ, չկազաֆիքացուած բնակելի շէնքեր էին, որտեղ ապրում էին վերաբնակեցուած քրտերն ու թուրքերը: Տեսանելի էին շէնքերի տանիքներին կոկիկ տեղադրուած արեւային ուժանիւթ կլանող սարքերը: Ժամեր շարունակ ընթանում էինք հայելապատ, յարմարաւէտ ճանապարհներով, որոնք ապահովուած էին կատարեալ խնամուած ենթակառուցուածքներով: Ակնյայտ էր, որ բարւոք ճանապարհներ ունենալը պետութեան գլխաւոր ռազմավարութիւններից մէկն էր: Լաւ ճանապարհները լաւ, զարգացած տնտեսութիւն ունենալու գրաւական է:
Ճանապարհների ուղղութեամբ չկար մի դաշտ, բլուր կամ փոքր հողակտոր, որ անմշակ լինէր: Հասկանալի էր, որ տնտեսութեան զարգացած ճիւղ էր հողագործութիւնը: Ճանապարհի ողջ տարածքով ձգւում էին հացահատիկային տարբեր ցանքերով հողատարածքներ, բանջարանոցային առատ դաշտեր եւ ամենատարբեր պտղատու այգիներ: Ի դէպ, հսկայական քիլոմեթրերով ձգուող պտղատու այգիների մշակութիւնները պաշտպանուած էին բնական աղէտներից մետաղական ցանցերով եւ ապահովուած էին ոռոգման համակարգով: Հողերի բերրիութեան շնորհիւ` երկիրը տարին երեք անգամ բերք է հաւաքում, համարեա ոչինչ չի ներմուծում, բացի` միայն կովի մսից: Սարերի, լեռների լանջերին կառուցուած ջրամբարները նախատեսուած էին ձեան հալոցքից առաջացած ջրային պաշարների ամբարման համար: Լեռներից հնարաւոր քարաթափման վայրերում կառուցուած էին պատնէշներ, որոնք ապահովում էին լիարժէք եւ անվտանգ երթեւեկութիւնը:
Կեդրոնական Անատոլիայում 100 տարի առաջ այս տեղանքը բնակեցուած էր մեծամասամբ հայերով, որոնք ուզում էին ազատ մարդ լինել, տէրը` իրենց քրտինքի, ապրել պատուով եւ զարգանալ ազգային արժէքներով: Այսօր արդէն այս տարածքները թուրքական պետութիւնը վերաբնակեցրել է քրտերով, թուրքերով եւ այլ ազգային պատկանելութիւն ունեցող խառնաշփոթով: Ընդհանրապէս թուրքական պետութիւնում բնակուող ցանկացած այլազգի համարւում է թուրք եւ նրանք 80 միլիոն են:
Մօտենում ենք Կարսի նահանգին: Առաջին վայրը որտեղ կանգնեց մեքենան` Եղիշէ Չարենցի ենթադրեալ տունն էր: Պտտւում էինք հազիւ կանգուն պատերի, աւերակների շրջակայքով եւ կարդում` վաճառւում է: Մտքներիս եւ շրթներիս չարենցեան տողերն էին …Մեզ բացատրեցին, որ տունը կը վաճառուի միայն թուրքական քաղաքացիութիւն ունեցողի: Մօտենում ենք Կարսի բերդին: Ասել թէ հոյակապ էր բերդը, նշանակում է ոչինչ չասել: Բերդը իր վեհութեամբ, անառիկութեամբ, սեւ քարէ պարսպով առանձնակի շքեղութիւն ու իմաստ էր տալիս քաղաքին. այն կարծես վերեւից հսկում էր քաղաքի անցուդարձը եւ իր մէջ էր պահում անցած գնացած վաղեմի յիշողութիւնները: Բերդից երեւում էր Սուրբ Առաքելոց չքնաղ վանքը, որը վերածուած էր մզկիթի: Մօտեցանք: Հսկիչը նկատելով որ այլադաւան ենք, թոյլ չտուեց ներս մտնել: Աւելի ուշ թոյլատրեց մտնել վանք, բայց զգուշացրեց, որ նկարելը արգելւում է, եւ անհրաժեշտ է հանել կօշիկները: Օտարացուած, ցաւալի զգացումներուն էինք… Կարսում զգացինք Գիւմրու շունչը, տեսանք գերազանց պահպանուած սեւ շէնքեր, որոնց հայկական ճարտարապետական լուծումները ապահովում էին հայկականութեան ներկայութիւնը…
Սարիղամիշ տանող ճանապարհը անցնում էր մայրիների անտառների միջով եւ Արաքս գետի ափով: Արաքսի ողջ երկարութիւնը 1072 քմ է, որից 200 քիլոմեթրն է հոսում Հայաստանով, մնացած մասը հոսում է Ազրպէյճանի, Իրանի եւ Թուրքիայի տարածքով: Արաքսը պղտոր գետ է: Դէպի Բասէն, Տուրուբերան քաղաքների ուղղութեամբ ճանապարհի տեղատարափ անձրեւը տխուր մտքերից սթափեցրեց մեզ: Ուժեղ անձրեւը ինչպէս անսպասելի սկսուել էր, այնպէս էլ անսպասելի կտրուեց, եւ ճանապարհը ողողուեց արեւի շողերով եւ արտակարգ թարմ օդով:
Խնուսի տարածքում ենք, տեսնում ենք Բասէն գետը, որը միանում է Մուրատ գետին: 8-րդ դարի Բասէնի կամուրջը կոչւում է նաեւ Հովուի կամուրջ: Այս կամրջի հետ կապուած` ներկաներից մէկը հեծկլտալով պատմում էր, որ իրտատիկը 100 տարի առաջ անցել է այս կամրջով, ասում էր` շատէրն էին նետւում կամրջից` չցանկանալով ընկնել թուրք ոճրագործների ձեռքը…
Ահա Արածանի գետն է, որի վրայ է կառուցուած Սուլուխի կամուրջը: Ճիշդ այդ գետի ջրերում են դաւադիր կերպով սպաննել Գէորգ Չաւուշին: Նրա դին զինակիցները փախցնելով թուրքի ձեռքից` գաղտնի թաղել են Մուշում, անյայտ մի վայրում, որպէսզի թուրքերը չգտնեն, չպղծեն:
Մթնշաղին հասանք Մուշ քաղաք: Մեզ ուղեկցող խմբավարը մեզ տարաւ Մուշի հայկական թաղամաս, ցոյց տուեց քաղաքի կեդրոնական մասում Սուրբ Մարինէ եկեղեցու աւերակները: Հարեւանութեամբ ապրողները մեր ձայները լսելով` դուրս եկան տնից. չատրաների տակից խօսում ու ցոյց էին տալիս մեզ: Յետոյ իմացանք, որ նրանք միակ ծպտուած հայերն են: Հայկական պահպանուած ոչ մի այլ բան չկար…
Գիշերեցինք Մուշում: Առաւօտեան ճանապարհը տանում է մեզ Պինկէօլ (Բիւրակն, Ա.), Սասնայ լեռներով, Տիգրիս գետի ափով գնում ենք Տիգրանակերտ: Մեծ, զարգացած, գեղեցիկ քաղաք էր Տիգրանակերտը: Այս քաղաքում է գտնւում Սուրբ Կիրակոս եկեղեցին: Եդեսիա, Ուրֆա, անցնում ենք Այնթապ քաղաքի կողքով: Ի հարկէ այս քաղաքների տեղանունները փոխուած էին եւ խմբավարը ուղղակի նշում էր մեզ հանդիպած վայրերի հին` հայկական անունները: Չենք կանգնում. ոչ մի հայկական հետք: Տաւրոսեան լեռների երկար փապուղին Մեծ Հայքը կիսում է Կիլիկիայից: Ահա Ատանան, Արեւմտեան Հայաստանի (Կիլիկիոյ, Ա.) ամենահարուստ քաղաքը, եւ հէնց այդ հարստութեանը տիրանալու համար էր, որ թուրքերը ծրագրուած կերպով Հայոց ցեղասպանութիւնը սկսեցին Ատանայից… Այսօր այն բնակեցուած է թուրքերով եւ ունի մօտ 3 միլիոն բնակչութիւն:
Մեկնում ենք Կիլիկիա, Միջերկրական ծովի ափ: Տեսնելու էինք հայերի հնագոյն, գրեթէ առասպելական երազանքը, հեքիաթը …
Անընդհատ մտածում էի` աջի՞ց եմ տեսնելու ծովը թէ՞ ձախից…
Կիլիկիան բաժանւում է 3 մասի` դաշտային, լեռնային, ցամաքային: Լեւոն Բ.ի օրօք Կիլիկեան Հայաստանը, Սիս մայրաքաղաքով ծաղկունք էր ապրում, բուռն կերպով զարգանում էին առեւտուրը, արհեստները: Հայերը տարածաշրջանում աչքի էին ընկնում իրենց զարգացուածութեամբ, հարստութեամբ, ապրելակերպով, ընկերային դիրքով եւ կազմակերպուածութեամբ: Պատմութիւնը շատ քիչ տեղեկութիւն է մեզ փոխանցում Կիլիկեան Հայաստանի ժամանակներից, միայն այն, որ Կիլիկեան Հայաստանը կործանուեց կրօնական պառակտումների պատճառով:
Յետմիջօրէին արդէն Կոռիկոսի ծովափին էինք: Ջուրը հրաշք էր, մեղմ ալիքներն ու տաք ջուրը աւելացնում էին վայելքը: Ափը լի էր ամբողջ մարմինը փակ լողազգեստով մուսուլմանուհիներով, ում ներկայութիւնը յետոյ տանելի էր եւ հասկանալի: Վաղ առաւօտեան ժամը 4-5 հատուածում ծովի ծփանքի ձայնը խլացնում էր ազանի ձայնը, որը կրկնուելով 4 ժամը մէկ` աղօթքի էր կանչում հաւատացեալներին: Ցերեկուայ ժամերին ափով մէկ ձգուած սրճարաններից հնչող բարձր, կշռութաւոր երաժշտութիւնը անլսելի էր դարձնում աղօթքի կանչող ձայնը: Այդպէս էլ չտեսանք աղօթողների:
Ծովում լողալիս հեռահար շփւում, ձուլւում էինք Կիլիկիայի ծովային հրաշք բերդին` ակնթարթը պահելով իր տեղում… Բերդը ափից գտնւում էր 800 մեթր հեռաւորութեան վրայ, լաւ լողորդները հեշտութեամբ են յաղթահարում հեռաւորութիւնը, որը նրանց պարծենալու առիթ էր տալիս յատկապէս լողալ չիմացողների մօտ: Լողալ չիմացողներին աւելի մատչելի էր Կիլիկիայի ցամաքային բերդը, որը, ի տարբերութիւն ծովային բերդի, աւելի անխնամ ու աւերուած էր: Ռազմավարական տեսակէտից անթերի էր կառուցուած ծովային բերդը: Բերդի անառիկութիւնն ապահովւում էին արեւմուտքից եւ արեւելքից կառուցուած դիտակէտերը: Սկզբում կառուցուել է ցամաքը ծովային բերդին միացնող քարէ պատ, որը հնարաւոր է քայլելով ափից հասնել բերդ, սակայն հետագայում, անվտանգութիւնից ելնելով, այն քանդել են: Ծովային բերդը կառուցել են յոյները, նրանցից գրաւել են հռոմէացիները, մեմլուքները, նրանցից` հայերը, այժմ թուրքերինն է:
Մեկնում ենք Մերսին եւ Տարսոն նաւահանգստային քաղաքներ: Քաղաքները եւրոպական տեսքի մէջ էին եւ ընդհանրապէս փողոցներում քիչ հանդիպեցինք չատրայով կանանց: Տարսոն քաղաքը յայտնի է հռոմէական կամարով, որտեղ առաջին անգամ հանդիպել են Կղէոպատրան եւ Անտոնիոսը: Այս քաղաքում է ծնուել Յիսուս Քրիստոսի աշակերտ Պօղոս առաքեալը եւ իր անուան մզկիթի վերածուած եկեղեցում է օծուել Լեւոն արքան: Պահպանուած էր Պօղոս առաքեալի տունը, բակում կար սառնորակ եւ առողջաբեր ջրհոր, որից ջուր խմեցինք եւ էլ աւելի առողջացանք նաեւ մենք: Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում հայկական հետք չի պահպանուել: Լեւոնի բերդը հզօր, անառիկ պարիսպներով, անյաղթահարելի եւ անկրկնելի գեղեցիկ տեսք ունէր: Հաստ պատերն ու մագլցելու անհնարինութիւնը ապահովել է բերդի անվտանգութիւնը: Խմբից անվախ, տոկուն ու դիմացկուն տղաները դժուարութեամբ, սակայն յաղթահարեցին անառիկ բերդի բարդութիւններն ու վայելեցին բերդի բարձունքի համայնապատկերը: Լեւոնի բերդը 14-րդ դարից յետոյ անցնում է Եգիպտոսի սուլթանութեանը, այժմ պատկանում է թուրքական պետութեանը:
Կապադովկիա: Այն շատ հին քաղաք է, այստեղով է անցել Ալեքսանդր Մակեդոնացին, քաղաքի անուանը կարելի է հանդիպել նաեւ Աստուածաշնչում: Կապադովկիայի սրածայր սնկաձեւ ժայռերը առաջացել են տարիներ շարունակ այս կողմերում ուժեղ քամիների, հողմերի ու անձրեւների պատճառով: Քաղաքում կան երկու հազար տարուան ստորգետնեայ քաղաքներ, գետնափոր ու ստորգետնեայ եկեղեցիներ: Ստորգետնեայ եկեղեցիներում են գաղտնի հաւաքուել ու քրիստոնէութիւն քարոզել կոյսերը: Հետագայում նրանք բաժանուելով` աշխարհի չորս կողմերով հետապնդուել, նահատակուել եւ սրբացել են: Այս վայրում է Գրիգոր Լուսաւորիչը սովորել քրիստոնէութիւն քարոզել:
Կեսարիան հարուստ է բազմաթիւ օգտակար հանածոներով եւ ունի զարգացած ծանր արդիւնաբերութիւն: Կեսարիայում է ծնուել ազգութեամբ պարթեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը,ով հետագայում մեկնում է Կապադովկիա` ուսումնասիրելու քրիստոնէութիւնը: Հետագայում Գրիգոր Լուսաւորիչն է հայերին մկրտում Արածանի գետում: Կեսարիայի միակ հայկական` Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին խնամում էր Կարապետ Ստեփանեանի երեք հոգանոց ընտանիքը: Եկեղեցին գործում, այսինքն պատարագ է մատուցւում հազուադէպ, միայն երբ Պոլսի պատրիարքարանից քահանայ են ուղարկում: Նրանք հայերէն չէին խօսում, բայց հասկանում էին մեզ: Կարապետը շատ յուզուած էր եւ հազիւ էր զսպում արցունքները: Ես ինձ հետ խունկ էի վերցրել` նպատակ ունենալով հայկական որեւէ եկեղեցում վառել: Երբ հարցրեցի` կարո՞ղ ենք խնկարկել ասաց, որ բուրվառ ունի, բայց ածուխ չկայ: Մէկ վայրկեան անց վանքի տարածքից հաւաքուեց մեծ քանակութեամբ փայտ, վառեցինք եւ խնկարկեցինք եկեղեցին, աղօթեցինք Կարապետի հետ միասին: Նա վաղուց սպասում էր նման մի առիթի…
Ճանապարհը շարունակում ենք դէպի Սեբաստիա` Սըվազը, որը գտնւում էր ծովի մակերեւոյթից 2190 մեթր բարձրութեան վրայ: Ամասիայից Երզնկա աջակողմեան ուղղութեամբ` Տէրսիմի լեռների երկայնքով հոսում էր Եփրատը: 1960 թուականի երկրաշարժը ամբողջութեամբ աւերել էր Երզնկան: Սակայն տեսանք լիովին վերականգնուած եւ բոլորովին նոր քաղաք` օդային կամուրջներով: Հասնում ենք Երզնկայի եռայարկ Գիրլեւիքի ջրվէժներին: Անզուգական գեղեցկութիւն էր, առատ ջրային զանգուածն անասելի հզօրութեամբ թափւում էր ներքեւ… Հասնում ենք Սանասարեան վարժարան, որը հիմնուել է 1881 թուականին: Այստեղ երեխաները սովորել են գրաբար, տաճկերէն, աշխարհագրութիւն, օտար լեզուներ, տրամաբանութիւն եւ այլ առարկաներ: 1915 թուականին ուսուցիչների մեծ մասը նահատակուել է, իսկ վարժարանը` աւերուել: Այս շէնքը միակն է, որ պահպանուել էր հայերի հեռանալուց յետոյ:
Մեզ համար Արեւմտեան Հայաստանը եղել է եւ կայ երազանքի, անկրկնելի գեղեցիկ հովիտներով եւ վեհ լեռներով երկիր:
Դժուար էր համակերպուել կորցրածի հետ:
19 օգոստոս 2018 թուական