Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դարձեալ Ազրպէյճանը Շփոթեցին Աֆղանիստանի Հետ

Օգոստոս 30, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Դա երեւի թէ լեզուի թռիչք էր, որ թոյլ էր տուել գերմանացի լրագրողուհի Քիւֆները Պաքւում` Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելի եւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ ասուլիսի ժամանակ: Գերմանիայի առաջնորդը, ինչպէս յայտնի է, Պաքւում էր գտնւում Հարաւային Կովկաս  օգոստոսի 23-26 կատարած իր  համայցի շրջանակներում: Վերջին հանգրուանը Պաքուն էր: Մինչ այդ նա Երեւանում էր, ուր ժամանել էր Թիֆլիսից: Ընդ որում, ի տարբերութիւն Հայաստանի եւ Ազրպէյճանի, Մերքելն իր ներկայիս կարգավիճակով երկրորդ անգամ էր Վրաստանի մայրաքաղաքում: Առաջին անգամ Վրաստանում եղել է գրեթէ ուղիղ տասը տարի առաջ` 2008-ի օգոստոսի 17-ին` ռուս-վրացականի փոխարկուած վրաց-օսական պատերազմից յետոյ, հանդիպում ունենալով այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ի դէպ, չմոռանանք նշել, որ, չնայած վրաց հիւրընկալիների ակնկալիքին, Մերքելն այս անգամ չօգտագործեց «Ռուսաստանի կողմից բռնազաւթուած տարածքներ» եզրաբանութիւնը` Հարաւային Օսեթայի եւ Աբխազիայի կապակցութեամբ,  բաւարարուելով յայտարարել միայն, թէ տասը տարի առաջ  ինքը  վճռականօրէն պահանջել էր դուրս բերել  ռուսական զօրքը  եւ  տասը տարի անց կրկին աջակցում է Վրաստանի տարածքային  ամբողջականութեանը:

Եւ ահա Պաքւում, Իլհամ Ալիեւի հետ Անկելա Մերքելի համատեղ ասուլիսի ժամանակ, որ տեղի է ունեցել այցի առաջին իսկ օրը, ընդլայնուած կազմով կայացած հանդիպման աւարտից յետոյ, գերմանացի լրագրողուհին Իլհամ Ալիեւին ուղղուած իր հարցում կամայ թէ ակամայ Ազրպէյճանը շփոթել է մէկ այլ ասիական պետութեան հետ: Քիւֆները բառացիօրէն այսպէս է ձեւակերպել հարցը. «Վերջերս ազատ է արձակուել ընդդիմութեան առաջնորդ Իլկար Մամետովը: Հետաքննութիւն անցկացնող շատ լրագրողներ, այդ թւում` Աֆղան Մուխթարլին, մնում են արգելափակման մէջ: Ուստի Եւրոպայի խորհուրդը քննադատութեան է ենթարկում ձեզ: Գերմանիայի եւ Եւրամիութեան հետ այդչափ սերտ տնտեսական համագործակցութեան պարագայում, ինչի մասին քիչ առաջ դուք ինքներդ նշեցիք` ելնելով Եւրոպայի խորհրդում ձեր` Աֆղանստանի կողմից ստանձնած պարտաւորութիւններից, արդեօք, նորի՞ց սկսելու էք քայլեր անել մարդու իրաւունքների ասպարէզում առկայ կարծրատիպերի  ուղղութեամբ»: Կարելի է ենթադրել` գերմանուհուն նման աշխարհագրական շփոթութեան է դրդել ներկայումս ճաղերի հետեւում գտնուող Մուխթարլու Աֆղան անունը:

Յիշեցման կարգով նշեմ, որ սա առաջին դէպքը չէ, երբ Ազրպէյճանը շփոթում են Աֆղանստանի հետ: Տակաւին անցեալ դարի 80-ականների սկզբներին խորհրդային առաջնորդ Լէոնիտ Պրեժնեւն իր վախճանից ամիսներ առաջ,  վերջին անգամ ժամանել էր Պաքու, այսպէս ասած, հերթական «Փոխանցիկ կարմիր դրօշով» պարգեւատրելու Ազրպէյճանին` որպէս միջհանրապետական ընկերվարական մրցութիւնում նախորդ տարուայ արդիւնքներով յաղթողի: Եւ ահա Պաքուի այն ժամանակ Լենինի անուան, ներկայումս Հայտար Ալիեւի անունը կրող շքեղ պալատի դահլիճում Պրեժնեւը պէտք էր կարդար ամպիոնում իր առջեւ դրուած տօնական ճառը: Ու սկսում է կարդալ մի գրութիւն, որն Աֆղանստանում տիրող պատերազմական իրավիճակի մասին էր: Պարզւում է` զառամախտ ապրող խորհրդային առաջնորդի առջեւ թիւրիմացաբար այլ գրութիւն էր դրուած, որը, ըստ երեւոյթին, պէտք էր կարդացուէր Աֆղանստանում: Նրա օգնականներից մէկը, ի հարկէ, հապշտապ փոխեց ամպիոնի թղթերը, բայց արդէն ուշ էր. դահլիճում, ինչպէս նաեւ հեռուստաէկրաններին արդէն հնչել էր Աֆղանստան պետութեան անունը` ծայր աստիճան շփոթութեան մատնելով ներկաներին, առանձնապէս այն ժամանակ Ազրպէյճանի միանձնեայ կուսակցական տիրակալ Հայտար Ալիեւին, ում երեսին, հեռատեսիլով անգամ յստակ երեւում էր, բոլորովին գոյն չէր մնացել:

Այս անգամ նոյն իրավիճակը, ճիշդ է` ոչ բարձր ամպիոնից, այլ` դահլիճից, շարքային լրագրողի կատարմամբ,  կրկնուեց նաեւ աւագ Ալիեւի նախագահ որդու` Իլհամի ներկայութեամբ` մէկէն ստուերելով վերջինիս մինչ այդ ինքնագոհ հայեացքը: Սակայն, ինչպէս հանգուցեալ հօր պարագայում էր, «թռչնակն արդէն թռել, գնացել էր», քանզի մամլոյ ասուլիսը նոյնպէս ուղիղ հեռարձակմամբ սփռւում էր ազրպէյճանական հեռատեսիլով: «Պէտք է գերմանական պատուիրակութիւնից իմանալ, թէ ե՞րբ է Անկելա Մերքելը մեկնելու Աֆղանստան, հնարաւոր է` հէնց այդ այցի համար է նախատեսուած գերմանացի լրագրողի հարցադրման աֆղանական մոտիվը», նեղսրտած հարցնում է Պաքուի իշխանամէտ հաքքին.ազ էլեկտրոնային լրատուամիջոցը: Կարելի է ենթադրել` Պաքւում չհասցրին հարցնել կամ եթէ հարցրել են, ապա պատասխան չի հետեւել. ի վերջոյ, պետական գաղտնիք է, Գերմանիայի Առաջին տիկնոջ անվտանգութեան ապահովման խնդիր կայ: Թէկուզ, ասենք, ի՞նչ մեծ տարբերութիւն` Աֆղանստանի եւ Ազրպէյճանի միջեւ. Պաքուն այսօր հեղեղուած է աֆղանցիներով, ովքեր կա՛մ մուճահետ վարձկանների կարգավիճակով տակաւին 90-ականների սկզբներին բերուել էին Ազրպէյճան` Արցախի դէմ կռուելու համար, ու նրանցից ոչ քիչ թուով զգեստափոխուած աֆղաններ մնացել, հաստատուել են այդտեղ,  եւ կա՛մ վերադառնալով Սիրիայից` լքելով, այսպէս կոչուած, «Իսլամական պետութեան» հրոսակախմբերը, դէպի հայրենի երկիր տանող առաւել ապահով տարանցիկ ուղի են ընտրել Ազրպէյճանը եւ այժմ մեկնելու կամուկացի մէջ են, կամ էլ թէ` ապօրինի գաղթականների պէս տարիներ շարունակ հատում են Ազրպէյճանի սահմանը` այդտեղ բնաւորուելու համար:

Պաքուի համար երկրորդ տհաճ միջադէպը, կապուած` Անկելա Մերքելի այցի հետ, վերաբերում է ` Ֆէյսպուք ընկերային կայքում  գերմանական կառավարութեան պաշտօնական էջում տեղադրուած տեսահոլովակին, որի մէջ, ինչպէս յայտնում է մէկ այլ ազրպէյճանական լրատուամիջոց` մինուալ.ազը, Հայաստանը ներկայացնող տեսապատկերն է: Աւելի՛ն. թոնթորում են ազրպէյճանցի լրագրողները, տեսանիւթում ոչ միայն արտացոլուած է Երեւան տանող ճանապարհը, որով ընթանում էր Մերքելի պատուիրակութիւնը, այլեւ երեւում են հայկական դրօշները:  Ընդ որում, տեսահոլովակն ամենեւին էլ երկիմաստ չէ ու ոչ էլ նուիրուած` վարչապետի ընդհանուր տարածաշրջանային այցին:

Այն ենթագրուած է բառացիօրէն այսպէս` «Ուղեւորութիւն Ազրպէյճան» («Reise nach Aserbaidschan»): Իսկ տեսագրութեան մէջ հայկական դրօշը երեւում է մէկ վայրկեանից աւելի: Իսկ ահա աւելի վաղ` օգոստոսի 25-ին, վրդովուած յայտնում է նոյն լրատուամիջոցը, Գերմանիայի վարչապետ Անկելա Մերքելը Պաքւում գտնուելու ժամանակ  Ինսթիկրամի իր էջում կիսուել է  մի տեսահամայնապատկերով, որը նկարահանուած է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ու գերմաներէն ենթագրուած դարձեալ բառացիօրէն այսպէս` «Բարի լոյս Ազրպէյճանից» («Guten Morgen aus Aserbaidschan»): Պաքուի լրատուամիջոցի գնահատմամբ, երկու դէպքում էլ մեղքը Գերմանիայի վարչապետի մամլոյ ծառայութեանն է, որը մէկ օրուայ ընթացքում թոյլ է տուել երկու դիւանագիտական կիքսեր: Կիքսը, ինչպէս հաւանաբար գիտէք, պիլիարտի խաղում եզրոյթ է, որ նշանակում է կիյով, այսինքն` խաղաձողով անյաջող կատարուած հարուած գնդակին, որի դէպքում խաղաձողի ծայրը սխալմամբ սղղալով մի կողմ, շեղւում է ցանկալի ուղղութիւնից: Ինչ խօսք, տուեալ պարագայում ցանկալիից շեղումն առաւել քան անգիտութեան արդիւնք  է: Ի վերջոյ, ինչպէ՞ս կարելի է Պաքուն շփոթել Երեւանի հետ: Թէկուզ չշտապենք դատապարտել տիկին Մերքելի մամլոյ ծառայութեանը կամ հէնց անձամբ իրեն` վարչապետին: Իսկ գուցէ նա ինքը կամ իրեն ուղեկցող լրագրողներն առաւել յարմար վա՞յր չեն գտել Պաքւում` այցի ընթացքը հնարաւորինս տեսարժան ներկայացնելու համար, եւ ահա ստիպուած են եղել դիմել երեւանեան իրօք աչք շոյող տեսարաններին: Միւս կողմից, ինչո՞ւ չմտածել, որ գերմանացիները դիտաւորեալ չեն կատարել դա, որպէսզի վարչապետի պատուիրակութեան ուղեւորութիւնն արտացոլուի Ազրպէյճանի նախագահի այն յայտարարութիւններին համահունչ, համաձայն որոնց, Հայաստանի տարածքն Արեւմտեան Ազրպէյճանն է, Երեւանը` 1918 թուականին 90-ամեայ ժամկէտով հայերին տրամադրուած ազրպէյճանական քաղաք, եւ ազրպէյճանական ժողովուրդը  պէտք է վերադառնայ իր նախնեաց պատմական հայրենիք, ինչի ուղղութեամբ երկրի իշխանութիւնները եռանդուն աշխատում են: Բայց մինչ այդ, ահա` խնդրեմ, սկուտեղի վրայ Անկելա Մերքելի մատուցմամբ. Guten Morgen aus Aserbaidschan: Կարելի է, ի հարկէ, համակարգչային հնարքով կերպափոխել տեսահոլովակի անբեղ հերոսուհուն` փոխարէնը տեղադրելով բեղաւորի կերպար, անշուշտ, ի դէմս Իլհամ Ալիեւի, եւ մէկ ակնթարթում աշխարհին ի տես կը ստացուի այն, ինչի մասին զառանցագին երազում է Ազրպէյճանի տխրահռչակ առաջնորդը:

Առհասարակ Պաքւում շարունակում են միամտօրէն կարծել, որ թէ իրենց նախագահի զառանցանքներին անտեղեակ ու անգիտակ են եւրոպաներում, այդ թւում, մանաւանդ, աշխարհի հին ու նոր անցուդարձերին քաջագիտակ Գերմանիային: Երեւի թէ Պաքուին մոլորութեան մէջ է գցել տիկին Մերքելի եւ նրա գլխաւորած պատուիրակութեան տարածաշրջանային այցի պաշտօնապէս յայտարարուած բնոյթը` ճանաչողական: Այսինքն` եթէ ճանաչողական է, ուրեմն դեռ չի ճանաչում ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ազրպէյճանը եւ Գերմանիայից Հարաւային Կովկաս հեռաւոր ճամբորդութեան է ելել իբրեւ մի նոր Քրիստափոր Քոլումպոս կամ Ամերիկօ Վէսփուչի` Ամերիկան անպայման յայտնագործելու, Հին աշխարհին միացնելու անսպառ մղումով: Ուստի ինչպէս անծանօթ ու անտեղեակ ճանապարհորդի` բնիկ ձեւացիր ու փչիր զուռնադ` ինչքան կ՛ուզես, ճար չունի, պիտի լսի ու հաւատայ:

Մի խօսքով, Մերքելի այցը մեր տարածաշրջան, կարելի է ասել, իւրօրինակ բարդութիւն էր Ազրպէյճանի իշխանութիւնների համար, անկախ նրանից, թէ հանդիպումների ժամանակ ի՛նչ բանաւոր պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել Պաքւում` Գերմանիան ինչ ներդրումներ կը կատարի Ազրպէյճանում, ինչքա՛ն փող կը տայ ու ե՛րբ կը տայ: Եւ կամ` երբեւէ կը տա՞յ արդեօք:

Թէկուզ նոյն այդ բարդութիւնն ի սկզբանէ էր կը ռահելի: Ի հարկէ` ոչ Պաքուի համար: Այլապէս վիթխարի ակնկալիքներ ունենալով պաշտօնական Պերլինից` ինչպէս քաղաքական, նոյնպէս եւ տնտեսական, Պաքուն էն գլխից իր իսկ ձեռամբ քար չէր գցի գերմանական վարչապետի այցի հետ կապուած իր յոյսերի ու նպատակների վրայ: Խօսքը, այո՛, փոխվստահելի միջպետական յարաբերութիւնների կառուցման գործընթացին, այդ թւում` դիւանագիտական բարոյագիտութեան համընդունելի կանոններին անյարիր  այն վիրաւորանքի մասին է, որ պաշտօնական Պաքուն անխոհեմաբար պատճառել է անձամբ Անկելա Մերքելին եւ յանձին նրա` գերմանական պետութեանը` արգելելով պատուիրակութեան անդամ, վարչապետի իսկ գլխաւորած Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութիւնից Պունտեսթակի պատգամաւոր Ալպերթ Վայլերի մուտքն Ազրպէյճան:

Ինչ-ինչ` վերջինս երկու անգամ` 2014 եւ 2016 թուականներին, առանց Պաքուի իշխանութիւնների թոյլտուութեան, խիզախել է այցելել Արցախ: Այլ կերպ ասած` Պաքուն Վայլէին յայտարարել է «անցանկալի անձ», մի որոշում, որ, ինչպէս պարզաբանում է գերմանական «Պիլտ» պարբերականը, կայացուել է ամենաբարձր, այսինքն` նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով. այնպէս որ, Գերմանիայում Ազրպէյճանի դեսպանատան հետ այդ հարցով օգոստոսի 20-ին ամբողջ օրը վարած բանակցութիւններն ապարդիւն են աւարտուել:  Արգելքի արդիւնքում 52-ամեայ գերմանացին երկրի վարչապետին ուղեկցել է միայն Վրաստան եւ Հայաստան կատարած այցերի ընթացքում, իսկ Երեւանից պատուիրակութիւնը Պաքու է մեկնել առանց նրա: Գերմանացի լրագրողի հարցմանն ի պատասխան` Անկելա Մերքելը Երեւանում` մամլոյ ասուլիսում, ի հարկէ, անդրադարձել է խնդրին` նշելով, որ Գերմանիան պատգամաւոր Վայլերին հանել է պատուիրակութեան կազմից` Ազրպէյճան այցի շրջանակում: «Մենք,- ասել է նա,- այդպէս ենք որոշել, քանի որ մեզ համար առաւել կարեւոր են բանակցութիւնները»: Եթէ փորձենք վեր հանել ասուածի դիւանագիտական հենքը, ապա տողատակում կարելի է տեսնել, որ տիկին Մերքելը վարուել է այնպէս, ինչ աւելի քան երկու դար առաջ ժամանակակիցներին յորդորում էր մեծն Սայաթ-նովան. «Խիլքդ յիմարին բաբ մի անի»:

Այդ արտառոց միջադէպին, ինչ խօսք, արձագանգել է նաեւ անձամբ ինքը` քաւութեան նոխազ դարձած գերմանացի պատգամաւորը` յայտարարելով. «Ազրպէյճանը հաճոյքով իրեն որպէս ժողովրդավար է ներկայացնում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրուած պատգամաւորի դէմ այդ գործողութիւնները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարութեան հետ»:

Իրողութիւնը լրագրողների հետ հանդիպմանն առաւել կոշտ է գնահատել Գդհ-ի պաշտօնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայպերթը, յայտարարելով. «Պերլինը ցաւում է, որ Պաքուն արգելել է Գերմանիայի Պունտեսթակի պատգամաւոր Ալպերթ Վայլերին մուտք գործել Ազրպէյճան ու զգուշացնում է` դա չի նպաստում արցախեան հարցի շուրջ երկխօսութեանը»:  Պերլինը ցաւում ու զգուշացնում է: Ցաւը հասկանալի է, քանզի իրօք ցաւոտ էր վիրաւորանքը: Իսկ զգուշացո՞ւմը: Արդեօ՞ք այդ մասին չի վկայում օգոստոսի 24-ին Երեւանում` վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Անկելա Մերքելի յայտարարութիւնը, թէ` Գերմանիան, որպէս Մինսքի խմբի անդամ, կարեւորում է ղարաբաղեան հակամարտութեան լուծումը լաւ մթնոլորտում, եւ այդ հարցում Գերմանիան կ՛աջակցի Հայաստանին: Իսկ յաջորդ օրը` Պաքւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նա սոսկ բաւարարուել է դիւանագիտական արտայայտութեամբ` Գերմանիան կը շարունակի ջանքեր գործադրել հակամարտութեան քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Միեւնոյն ժամանակ, նա Պաքւում շեշտել է հակամարտութիւնը միայն խաղաղ միջոցներով կարգաւորելու հրամայականը, այսինքն` չփորձէք սուր ճօճել: Առանց բանակցութիւնների, ընդգծել է Մերքելը, հնարաւոր չէ լուծել հակամարտութիւնը, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար: Եւ կամ` Ալիեւի հետ հանդիպմանը Մերքելի շեշտադրումն առ այն, որ Պերլինը շահագրգռուած է Պաքուի հետ քննարկել մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ մարդասիրական կացութեան հարցերը, քաջ գիտակցելով, թէ զրուցակցի համար ինչքան ցաւոտ են այդ հարցերը:

Այնուամենայնիւ արդեօք, վարչապետի պաշտօնական պատուիրակութեան անդամի մուտքի արգելումն Ազրպէյճան իր ազդեցութիւնը կ՛ունենա՞յ գերմանա-ազրպէյճանական յարաբերութիւնների վրայ: Դժուար է միանշանակ ասել: Բայց, յամենայն դէպս, արդեօք, հէնց այդ մասին չէ՞ վկայում նաեւ Անկելա Մերքելի յայտարարութիւնը, որ նա կատարել է Թիֆլիսիի պետհամալսարանում` անդրադառնալով Ռուսաստանից եւ այլ երկրներից դէպի Եւրոպա ածխաջրածնայինների մատակարարման խնդրին: «Գերմանիայի համար ազրպէյճանական կազն աւելի թանկ կ՛արժենայ, քան ռուսաստանեանը», ասել է նա: Վարչապետի խոստովանութեամբ, Գերմանիան չի կարող Ռուսաստանին «ոչ» ասել ուժանիւթի մատակարարումների կապակցութեամբ, քանզի Եւրոպան ռուսական կազի ու նաւթի այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է Ազրպէյճանից կազի մատակարարումներին, ապա, նրա խօսքով, «Պերլինը  հնարաւորութիւն չունի կազ ստանալ այդ երկրից նոյն այն գնով, որով գնւում է ռուսաստանեան վառելիքը»: Միւս կողմից, արդէն Պաքւում,  երկու երկրների գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետը կարծիք է յայտնել, որ ուժանիւթի ապահովման բազմատեսակացման տեսանկիւնից Ազրպէյճանը Եւրամիութեան  համար կարեւոր երկիր է:  «գերմանական տնտեսութեան բազմատեսակացումը հիմք է ստեղծում այդ ոլորտում լաւ համագործակցութեան համար»,  ասել է Մերքելը:

Թէ որքա՛ն անկեղծ էր Գերմանիայի վարչապետն ազրպէյճանական կազի եւ, առհասարակ, ուժանիւթի դէպի Եւրոպա մատակարարման իր այդ հակակշիռ գնահատումներում, չշտապենք եզրայանգումներ կատարել: Ի վերջոյ, միջպետական յարաբերութիւնները միշտ չէ, որ կառուցւում են զգացմունքային գետնի վրայ: Կան նաեւ ազգային-պետական կամ պետութիւնների դաշինքային շահեր, որոնք շատ յաճախ գերադաս են նոյն այդ զգացմունքների նկատմամբ:

Այնուհանդերձ, հայ փորձագիտական մտքի տիրոյթում սկսում է շրջանառուել տեսակէտ, որ գերմանական պատուիրակութեան տարածաշրջանային այցի բուն նպատակը հէնց Պաքուն է: Մասնաւորապէս, Պէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարեանի տեսակէտով, որ հրապարակել է իր խմբագրած «Ազդակ» օրաթերթում` նախքան բուն համայցը. «Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժէ դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելութիւնների շրջանակներում»: Քաղաքագէտի համոզմամբ` «Ուաշինկթըն-Մոսկուա պարանաձգային մրցակցութիւնը վաղուց թափանցել էր տարածաշրջան: Յարաբերութիւնների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցութեան գօտի պահպանել-նուաճելու գործողութիւնները: Այժմ այդ պարանաձգութեան խաղի ընթացքում յաւելեալ ուժանիւթ ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եւրոպայի ղեկավարը ժամանում է Թիֆլիս-Երեւան-Պաքու»:

Համարժէք է նաեւ երեւանցի քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանի կարծիքը, որ նա արտայայտել է ` «Ա1+»-ի հետ զրոյցում. «Անկելա Մերքելի այցն ուղղուած է նրան, որպէսզի հիմքեր դնի Ազրպէյճանից Գերմանիա կազի արտահանում կազմակերպելու եւ ապահովելու համար»: Նրա դիտարկմամբ` «Ճափոնական «ֆուքուսիմա» հիւլէական արհաւիրքից յետոյ Գերմանիան ամբողջութեամբ հրաժարուել է միջուկային ուժանիւթից եւ հիմա հումքային ահռելի վառելիքի կարիք ունի»: Միւս կողմից`  «Ռուսաստանից արտահանումների կախուածութեանը դէմ է նախագահ Թրամփը, որը բարձրաձայնում է այդ մասին: Մերքելը սկսել է այլընտրանքային ուղիներ փնտռել եւ այս այցը հէնց դրան է միտուած»:

Ամէն դէպքում, փորձենք, արցախցու ասած, չբոպիկանալ դեռ գետին չհասած: Քանզի ժամանակը, յուսանք, մօտ ապագայում կը պարզի ջրերը եւ ջրի երես կը հանի գերմանական պատուիրակութեան համայցի իրական շեշտադրումները:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

ՀՄԸՄ-ի Պէյրութի Մասնաճիւղի 2017-2018 Տարեշրջանի Տարեկան Բանակում

Յաջորդը

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն – 100-ամեակ. Ինչպէ՞ս Մերժուեցաւ Հայաստանի Հոգատարութիւնը` «Յառաջ» Օրաթերթի 17 Յուլիս 1920-ի Լրատուութիւնը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրողութիւնները Քողարկելու Արուեստը

Հոկտեմբեր 22, 2025
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

ՀՕՄ-ը` 115 Տարեկան

Հոկտեմբեր 22, 2025
«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?