Ստորեւ կը ներկայացնենք «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթներ»-ու շնորհահանդէսի բացման ընթացքին` գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանին արտասանած խօսքը:
Այսօր մենք հանրութեան դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները, մեր տնտեսական դոկտրինը (սկզբունքը, վարդապետութիւնը-Խմբ.): Փաստաթուղթը դեռեւս նախագծի վիճակում է եւ ներկուսակցական ու աւելի լայն ֆորմատով (ձեւաչափով-Խմբ.) քննարկումների արդիւնքներով կը բիւրեղանայ ու կը դառնայ այն ուղեցոյցը, որի հիման վրայ կը մշակուեն հետագայ, աւելի գործնական նշանակութիւն եւ ուղղուածութիւն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցմով մենք կ՛առաջնորդուենք տնտեսական քաղաքականութիւն իրականացնելիս: Փաստաթղթի մշակումը սկսուել էր դեռեւս ձմրանը: Ժողովրդի գարնանային քաղաքական զարթօնքը եւ յեղափոխութիւնը եկան փաստելու, որ մեր մօտեցումները ճիշդ են եւ հիմնարար:
Ցանկացած քաղաքականութիւն կառուցւում է արժէքային համակարգի վրայ: Դաշնակցութեան արժէքային համակարգը Հայ դատի եւ հայոց պահանջատիրութեան ասպարէզում յստակ է եւ անբեկանելի: Այսօր` Սեւրի դաշնագրի ստորագրման 98-րդ տարեդարձին մենք եւս մէկ անգամ բարձրաձայնում ենք, որ հայ ժողովուրդն ունի իրաւունքներ, եւ մենք մեր իրաւունքների պահանջատէրն ենք: Միացեալ Հայաստանի գաղափարը մեր հիմնարար արժէքն է: Մեր քաղաքականութիւնն արտաքին յարաբերութիւններում խարսխուած է մեր հէնց այդ հիմնարար արժէքի վրայ եւ միտուած է հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմանը:
Ազգային կուսակցութիւն լինելուց բացի` մենք նաեւ ընկերվարական կուսակցութիւն ենք, Ընկերվար միջազգայնականի` Սոցինտերնի լիիրաւ անդամ, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դաշնակցութիւնն անդամակցում է Եւրոսոցիալիստների խմբակցութեանը: Երկկողմանի սերտ յարաբերութիւններ ունենք ընկերվարական կուսակցութիւնների հետ` աշխարհով մէկ: Այսօրուայ մեր հաւաքի նպատակն է ներկայացնել մեր, որպէս ընկերվարական, սոցիալիստական կուսակցութեան արժէքային համակարգը եւ դրանից ածանցուող հիմնական սոցիալ-տնտեսական մօտեցումները:
Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեամբ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: Սոցիալական պետութիւնն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական բարեկեցութիւնը: Նրան է վերապահւում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցութեան խթանման առանցքային դերը` հիմնուած հնարաւորութիւնների հաւասարութեան, եկամուտների վերաբաշխման եւ բարեկեցիկ կեանքի նուազագոյն պայմաններն ինքնուրոյն ապահովել անկարող անձանց պետական աջակցութեան սկզբունքների վրայ: ՀՅԴ ընկալմամբ սոցիալական պետութեան հիմնական առաքելութիւնն իր քաղաքացիներին աղքատութիւնից զուրկ կեանքի ապահովումն է:
Սոցիալական պետութեան ընկալումը բխում է կուսակցութեան տնտեսական եւ ընկերային բնագաւառի հիմնարար արժէքներից` ազատութիւն, արդարութիւն, համերաշխութիւն:
Ազատութիւնը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ: Դրանով կանխւում են պետութեան կամ հասարակութեան կողմից կամայական ոտնձգութիւնները կամ սահմանափակումները: Իրական ազատութեան կարելի է հասնել, երբ ապահովուած են տնտեսական եւ ընկերային նախադրեալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտայայտութիւնը եւ ազատօրէն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը:
Արդարութիւնը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժէք վարձատրութիւն, ինչպէս նաեւ սոցիալական ապահովութեան հաւասար երաշխիքներ` անկախ ընտանեկան դրութիւնից, սեռից, տարիքից, սոցիալական ծագումից, ունեցուածքից եւ այլ տարբերակիչ յատկանիշից:
Համերաշխութիւնը մարդկանց` միմեանց նկատմամբ պատասխանատուութիւն կրելու եւ փոխադարձաբար օգնելու պատրաստակամութիւնն է: Համերաշխութիւնը հասարակութեան շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին եւ թոյլին, հարուստին եւ աղքատին, երիտասարդին եւ ծերունուն: Որեւէ ազգ կամ պետութիւն չի կարող դիմագրաւել արտաքին մարտահրաւէրներին, եթէ այն ներսից համերաշխ չէ: Դաշնակցութեան ընկալմամբ, հասարակութեան համերաշխութիւնը լոկ բարեգործութիւն կամ ալտրուիզմ (այլասիրութիւն-Խմբ.) չէ, համերաշխութիւնը գոյատեւման եւ ազգի տեսլականին հասնելու գրաւական է:
Ահա այս արժէքային համակարգից է ածանցւում մեր սոցիալ-տնտեսական դոկտրինը, տնտեսական քաղաքականութեան մեր հիմնարար սկզբունքները.
– Տնտեսական աճ
– Սոցիալական արդարութիւն
– Կայուն զարգացում
Ընդ որում, այս երեք սկզբունքները հաւասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առաւել առաջնային լինել, քան` կայուն զարգացումը, երբ տնտեսական աճն ապահովւում է բնութեան աղտոտման կամ բնական պաշարների անխնայ շահագործման հաշուին, կամ էլ` սոցիալական արդարութիւնը, երբ տնտեսական աճի պտուղները համտեսում են միայն հասարակութեան «ընտրեալները»:
Ես կը խօսեմ շատ համառօտ:
Տնտեսական աճի ապահովման մի քանի հիմնարար մօտեցում կայ: Ազատականներն (լիպերալները) ասում են` թողէք մարդուն ազատ, մի՛ փորձէք ամէն ինչ կարգաւորել ու կանոնակարգել եւ ազատ մարդը կ՛ինքնադրսեւորուի, կը ստեղծի արդիւնք, կը դառնայ տնտեսութեան լոքոմոթիվը (վայրաշարժը-Խմբ.) եւ կ՛ապահովի տնտեսական զարգացումը: Սոցիալիստների համար այս մօտեցումն ընդունելի չէ: Անհատը պատասխանատու է սոցիումի (ընկերութեան-Խմբ.) առաջ, սոցիումը պատասխանատու է անհատի համար: Բոլորը մէկի եւ մէկը բոլորի համար: Ազատականների գովերգած շուկայի անտեսանելի կարգաւորիչ ձեռքը չի գործում, շուկաները չեն ինքնակարգաւորւում: Դրա վկայութիւններն են տնտեսական ճգնաժամերը եւ հասարակութեան բեւեռացումը: Անհրաժեշտ է պետութեան միջամտութիւնը` վերացնելու շուկայի ձախողումները, իսկ որոշ դէպքերում նաեւ առաջնորդելու տնտեսութեան աճը: Մենք մերժում ենք թէ՛ վայրի կապիտալիզմը (դրամտիրութիւնը-Խմբ.), թէ՛ պետական կոմունիզմը: Պետական միջամտութեան ոլորտում մենք առաջնորդւում ենք` «Այնքան շուկայ, որքան հնարաւոր է, այնքան միջամտութիւն, որքան անհրաժեշտ է» սկզբունքով: Պետական կշռադատուած միջամտութեամբ բարեկեցիկ հասարակութեան մէջ է, որ անհատը կարող է իրեն ազատ զգալ:
Սոցիալական արդարութիւնը Դաշնակցութեան համար հիմնական օրակարգ է: Սոցիալական արդարութիւնը սոցիալական պետութեան հիմնքն է, այն երաշխաւորում է հասարակութեան համերաշխութիւնը, ինչն արտաքին մարտահրաւէրների պայմաններում ազգային անվտանգութեան խնդիր է: Տնտեսական արժէք ստեղծւում է հասարակութեան ջանքերով: Իւրաքանչիւր ոք, ով ներդրում է ունեցել տնտեսական արժէքի ստեղծման մէջ, պէտք է իր արդար բաժինը ստանայ: Այլապէս կ՛ունենանք այն, ինչ որ ունենք: Վերջին տասը տարիների ընթացքում տնտեսութիւնն անշեղօրէն աճում է, բայց անշեղօրէն աճում է սոցիալական բեւեռացում: Սա բերում էր արտագաղթի ու պետութիւնից օտարման: Բայց ժողովրդի համբերութեան բաժակը լցուեց, եւ ժողովուրդը դուրս եկաւ փողոց: Սոցիալական պետութեան պարտաւորութիւնն է նաեւ պատշաճ խնամք եւ հոգատարութիւն ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, ապահովել մարդկանց սոցիալ-աշխատանքային երաշխիքները: Սոցիալական պետութիւնում սեփականութեան եւ ժառանգականութեան իրաւունքներն անձեռնմխելի են, բայց պէտք է գիտակցենք, որ սեփականութիւնը, իրաւունքից զատ, բերում է նաեւ պատասխանատուութիւն:
Եւ վերջապէս` կայուն զարգացում: Կայուն զարգացումը սերունդների միջեւ համերաշխութեան եւ ազգի շարունակականութեան գրաւականն է: Պետութեան քաղաքականութիւնը պէտք է ուղղուած լինի բնական պաշարների գերշահագործումը, հիւծումը բացառելուն, շրջակայ միջավայրի, այդ թւում` մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը նուազեցնելուն, բնական պաշարների համալիր կառավարմանը եւ դրանցից ստացուող եկամուտների արդար բաշխմանը հասարակութեան բոլոր անդամների միջեւ: Բնական պաշարները հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական բնավայրերն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականութիւն են: Սակայն կայուն զարգացումը միայն բնապահպանութիւնը չէ: Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրուայ քաղաքականութիւնը պէտք է միտուած լինի նաեւ վաղուայ բարեկեցութեան ապահովմանը: Այս նպատակով սոցիալական պետութիւնն էական ներդրում է կատարում կրթութեան, առողջապահութեան, հիմնարար հետազօտութիւնների ու ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ:
Ի մի բերելով Դաշնակցութեան սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները` կարող ենք փաստել: Մեր քաղաքականութիւնը միտուած է`
1.- Առաջանցիկ կշռոյթով արդիւնք ստեղծելուն,
2.- Ստեղծուած արդիւնքն արդար կերպով հասարակութեան անդամների միջեւ բաշխելուն,
3.- Ստեղծուած արդիւնքը ներկայ եւ գալիք սերունդների միջեւ արդար եւ պատասխանատու կերպով բաշխելուն: