Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լոյս Է Տեսել «Վէմ» Հանդէսի 2018 Թուականի 2-րդ Համարը

Օգոստոս 13, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2018 թուականի 2-րդ համարը` 296 էջ ծաւալով, որի ընդարձակ խմբագրականում փորձ է արուել քննական հայեացք նետել Հայաստանում տեղի ունեցած վերջին յեղափոխական իրադարձութիւնների խորքային, ոչ միշտ տեսանելի մասին` հիմնուելով դեռեւս շարունակուող քաղաքական գործընթացի եռաչափութեան փաստի վրայ:

Հանդէսի նոր համարը հարուստ է ՀՅԴ պատմութեանն ու Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած նիւթերով: Թէեւ այդ կապակցութեամբ «Վէմ»-ի խմբագրութեան կողմից 2018 թ. մայիսի 31-յունիսի 1 Հայաստանի ամերիկեան համալսարանում կազմակերպուած «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը» գիտաժողով-քննարկման նիւթերը հրապարակուելու են առանձին ժողովածուով, բայց ներկայ թիւ 2-ում այդ միջոցառման վերաբերեալ տպագրուել է ընդարձակ լրատուութիւն: Հրապարակուել է նաեւ գիտաժողովից յետոյ ներկայացուած` քաղաքագէտ Մարիամ Մ. Մարգարեանի ուշագրաւ յօդուածը, որում փաստարկուած կերպով մերժւում է այսպէս կոչուած` «երեք հանրապետութիւններ»-ի հայեցակարգը:

ՀՅԴ պատմութեանը նուիրուած հրապարակումներից ուշագրաւ է քրտագէտ Արամ Ս. Սայիյեանի կողմից յայտնաբերուած` Ռուբէնի (Մ. Տէր Մինասեան) «Քրտական գործը Պարսկաստանում» գաղտնի զեկուցագիրը` Արարատի 1926-1930թթ. ապստամբութեանն աջակցելու համար Իրանում իր ծաւալած գործունէութեան մասին, որի մանր տառերով գրուած 34 ձեռագիր էջերը բազմաթիւ նոր տեղեկութիւններ են պարունակում արդիական հնչեղութիւն ունեցող այդ  կարեւոր պատմական իրադարձութեան մասին:

Հայկական լեռնաշխարհում սեպագիր գրահամակարգերի ծագման եւ ուրարտական սեպագրական դպրոցի առանձնայատկութիւնների բացայայտման առումով արժէքաւոր է Երուանդ Հ. Գրեկեանի ծաւալուն ու համապարփակ ուսումնասիրութիւնը, որում ներկայացւում են ինչպէս ուրարտական արքայական տարեգրութիւններն ու հանդիսաւոր արձանագրութիւնները, այնպէս էլ ներքին ու արտաքին գրագրութեան այլ տարատեսակները եւ գիտութեան կողմից վատ ուսումնասիրուած բազմաթիւ այլ հիմնահարցեր:

«Վէմ»-ի ներկայ համարում լեզուաբան Դաւիթ Ս. Գիւրջինեանն իր ընդարձակ հրապարակման միջոցով առաջին անգամ համակողմանի քննութեան է ենթարկել շուրջ մէկուկէս հազարամեակի ընթացքում մեզանում ստեղծուած հայ հաւաքականութիւն նշանակող հայերէն բառային միաւորները` վերականգնելով մեր ինքնաբնորոշումների ամբողջական պատկերը:

Ներկայացնում ենք բազմաթիւ այլ հետաքրքիր հրապարակումներ պարունակող «Վէմ» հանդէսի   2018 թուականի 2-րդ համարի բովանդակութիւնն ու խմբագրականը:

Խմբագրական «Վէմ»-ի

Եռաչափ Գործընթացի
Վտանգաւոր Յետագիծը*

21-րդ դարին բնորոշ բարդ ու հակասական գործընթացները մէկ հարթութեան վրայ քննելու պարագայում անհնար է հասկանալ ու մեկնաբանել Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նախօրէին մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական իրադարձութիւնների իրական պատճառներն ու հնարաւոր հետեւանքները:

Միայն տարբեր հարթութիւններում ծաւալուած եւ ի վերջոյ իշխանափոխութեան յանգեցրած 2018 թ. ապրիլ-մայիսեան քաղաքական զարգացումները որպէս ներքնապէստարամիտուած ամբողջութիւն դիտարկելու միջոցով է հնարաւոր բացայայտել դրանց յետնախորքը: Որովհետեւ Հայաստանում արձանագրուած վերջին շրջադարձի վերաբերեալ տարբերակուած կամ վարիանտային մեկնաբանութիւնների զուգահեռ գոյակցութեան փաստը բացայայտում է ոչ միայն տուեալ գործընթացի անաւարտութիւնը, այլեւ նրանում տարբեր քաղաքական դերակատարների ներգրաւուածութեան իրական նպատակները:

Մեր կարծիքով, 2018-ի ապրիլ-մայիսին մենք գործ ունէինք զուգահեռ հարթութիւնների վրայ ծաւալուած, բայց խորքում միմեանց հետ սերտօրէն շաղկապուած ներքին ու արտաքին զարգացումների բաւականին բարդ խճանկարի հետ: Ներկայումս հիմնականում երեք հարթութիւնների վրայ բիւրեղացած նրանց մասնակիցների տարամիտուած շահերի գունապնակը ցոյց է տալիս, որ պատմաքաղաքական տրամայի անաւարտութեան պայմաններում անհրաժեշտ է առաջնորդուել շարունակուող գործընթացի եռաչափութեան փաստը լուսարձակելու եւ նրա զարգացման հեռանկարները բացայայտելու զոյգ մեկնակէտերով: Որովհետեւ մեզ հետ տեղի ունեցածը մինչ օրս մեկնաբանւում է իբրեւ`

ա) 2008-ից յետոյ երկրում ձեւաւորուած փողապետական վարչակարգի(1) փտածութեան արդիւնք` ներքաղաքական սուր պայքարի յեղափոխական հանգուցալուծում, որի համար յատկանշական էր համաժողովրդական եւ անգամ համազգային ընդվզման հզօր ալիքը,

բ) «Գունաւոր յեղափոխութիւնների» արեւմտեան ճարտարապետների կողմից հրաշալի կերպով բեմականացուած մի թաւշեայ ներկայացում, որը վարպետօրէն օգտագործեց հայ ժողովրդի դժգոհութիւնը` առկայ իշխանութիւնը տապալելու եւ Հայաստանի արտաքին քաղաքական նախապատուութիւնները փոխելու համար,

գ) Ղարաբաղի հարցի «եւրասիական լուծման» համաթեքսթում ազատագրուած 5 շրջանների վերադարձն ապահովելու` Մոսկուայի յամառ փորձերը ժամանակաւորապէս կասեցրած ստուերային գործարք Հայաստանի իշխանութեան ու ընդդիմութեան մի հատուածի միջեւ, որը «օրինականացուեց» երկրի նախկին ու ներկայ առաջին դէմքերի կազմակերպած 2018 թ. ապրիլ-մայիսեան «համատեղ ներկայացման» միջոցով:

Քանի որ ճշմարտութիւնը խիստ բարդ է ու յիրաւի` բազմաշերտ, նման տարամիտուած մեկնաբանութիւնները «խաղաղ գոյակցութեան» իրաւունք ունեն որպէս գիտելիք մեր մասին, բայց ոչ` գիտելիք մեզ համար: Որովհետեւ իրենց մէջ պարառելով տեղի ունեցածի պատճառների կամ հնարաւոր հետեւանքների առանձին բաղադրատարրերը` դրանք ցոյց են տալիս, որ որքան էլ փորձենք առաջնորդուել սեփական ժողովրդի ինքնիշխան կամքի առաջնութեան կանխադրոյթով, առանց շարունակուող գործընթացի եռաչափութեան ընկալման` այդ կամքի իրացումը չի կարող վերածուել անշրջելի պատմականութեան: Իսկ մինչ այդ պարտաւոր ենք յստակեցնել, թէ 1991-ից յետոյ որտեղ եւ ինչպէս ենք տեղապտոյտ արձանագրել հանրապետութեան գաղափարի հաստատութենականացման ճանապարհին:

Հանրապետութեան գաղափարի արժեզրկումը մեզանում սկսուել է դեռ Հայաստանի առաջին նախագահ «Լեւոն թագաւորի» օրօք, սակայն սկզբնական շրջանում դրսեւորուել է ժողովրդավարութեան սահմանափակումների տեսքով: Նրա վարկաբեկման գործընթացը համակարգուած բնոյթ է ստացել 1990-ականների վերջերից նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ծաւալուած հզօր հակաանկախական շարժման համաթեքսթում, որն իր խորքում փայփայում էր կայսրութեան վերականգնման նպատակը: «Ազգային» դիմակի տակ թաքնուած յետխորհրդային ընտրախաւերի այդ վրէժխնդրական շարժումն ընթացել է իր դասական` ռուսական եւ բազմաթիւ տեղային բնորդների բարդ փոխակերպումներին բնորոշ երկու հիմնական հանգրուաններով: Առաջինում Ռուսաստանի նախագահ Պ. Ելցինի եւ 1990-ականների միւս ժողովրդավարների դէմ պայքարելու համար «հայրենասիրական» կարգախօսներով քաղաքական ասպարէզ իջած նախկին համակարգի սպաները իրենց երկրներում հաստատեցին քաղաքացիական հասարակութեանը հակադրուող այսպէս կոչուած` տղամարդու իշխանութիւնը: Մինչդեռ ժամանակին դեռեւս Ճոն Ատամսն էր նկատում, որ «Հանրապետութիւնը հաստատում են իրաւական պետութիւն եւ ոչ թէ տղամարդկանց պետութիւն լինելու համար»(2):

Տղամարդու իշխանութիւնը մարմնաւորող յայտնի կերպարների կողմից ազգային աւանդոյթը շահարկելու անյաջող փորձերից յետոյ, որոնք Ռուսաստանում ընդունեցին սպիտակգվարդիականութեան վերյուշի ու «նահատակ ցարի» պաշտամունքի, իսկ Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու երկրներում` Լենկ Թեմուրին ու նրա նման ելուզակներին փառաբանելու տեսք, շուտով սկիզբ առաւ երկրորդ հանգրուանը, երբ խորհրդային ժառանգութեան «պահեստապետներն» անցան նրա անզուսպ թալանին ու ինքնահարստացմանը:

Հայաստանում եւս կրկնուած նոյն գործընթացի հիմնական առանձնայատկութիւնը Ղարաբաղի հարցի քաղաքական շահարկումն էր, սկզբում` կեղծյաղթողականութեան, իսկ հետագայում` քողարկուած պարտուողականութեան դիրքերից: Դա է պատճառը, որ մեր սեփական տեղապտոյտի 20-ամեակը մարմնաւորուեց սկզբում տղամարդու կամ «միակ տղամարդու» իշխանութեան, իսկ հետագայում յետխորհրդային տարածքի հարստութիւնը մէկ «գանձարկղի» մէջ ներգրաւելու համար անհրաժեշտ նոր կերպարի տեսքով, որը փողից ու անձնական շահից բացի` այլ հաւատամք չունէր: Ուստի բնական է, որ վերջինս իր իշխանութիւնը սկսեց 2008-2009 թթ. հայ-թուրքական երկխօսութեան, իսկ իրականում` անձնատուութեան փորձով եւ աւարտեց հայ-ազրպէյճանական ճակատում 2016-ի ապրիլեան արիւնոտ նահանջով:

Սակայն յետխորհրդային իրողութիւններին բնորոշ համատարած թալանի արդիւնքում տոլարային համարժէքով կուտակուած «մեծ փողերի» արտահոսքը դէպի Արեւմուտք չար կատակ խաղաց հայաստանեան փողապետութեան համար` նրան դնելով փողի եւ իշխանութեան միջեւ ընտրութիւն կատարելու պարտադրանքի առջեւ: Գոյութիւն ունէր նաեւ յստակօրէն ձեւակերպուած միւս, աւելի վտանգաւոր երկընտրանքը` 2018 թուականի ապրիլից յետոյ Հայաստանի ոչ օրինական իշխանութեան երկարաձգման «մոսկովեան պարտամուրհակը» ազատագրուած 5 շրջանները Ազրպէյճանին յանձնելու պահանջը: Ուստի մինչ այդ Հայաստանի սահմանադրութիւնն իրենց հագով կարած եւ Հայաստանի ժողովրդին խաբած մեր իշխանաւորները այս անգամ էլ պէտք էր խաբէին արտաքին գործընկերներից ոեւէ մէկին: Իրենց փողերի վրայ նստած Արեւմուտքին չէին կարող խաբել, ուրեմն  մնում էր Ռուսաստանի ղեկավարութիւնը: Այդ պատճառով դիւրին կամ  թաւշեայ յեղափոխութեան գարնանային յաղթարշաւին բնորոշ ժողովրդի դժգոհութեան բուռն պոռթկմանն իրականում խորապատկերային դեր էր վերապահուած արեւմտեան օրհնութեամբ իրականացուած «հներին` փող, նորերին իշխանութիւն» բանաձեւի կիրարկման գործում, որի հապշտապ իրականացումը թոյլ տուեց յետաձգել Ղարաբաղի հարցի հանգուցալուծումը:

Արդիւնքում` 2018 թ. մայիսեան իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանը յայտնուեց է՛լ աւելի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որի էութիւնը, դժբախտաբար, քչերն են միայն գիտակցում: Ազատագրուած 5 շրջանները Հայաստանի իշխանաւորների ձեռքով Պաքուին յանձնելու եւ նրան Եւրասիական տնտեսական միութեան մէջ ներառելու մոսկովեան յայտնի ծրագիրը նորից տապալուել է, եւ դրա դիմաց Ազրպէյճանին տիրանալու փոխարէն` Ռուսաստանը յայտնուել է Հայաստանը կորցնելու վտանգի առջեւ: Ակնյայտ է, որ տեղի ունեցածի իրական բեմագիրը` 2018 թ. ապրիլ-մայիսին սեփական «ինքնասպանութիւնը» բեմականացրած Մեծ փողապետը, խաբել է ե՛ւ իր մոսկովեան տիրոջը, որն առայժմ չգիտի, թէ ումից պահանջել նրա խոստումների կատարումը, ե՛ւ իշխանութեան խաղաղ փոխանցման գծով իր փաստացի գործընկերոջը, որին ազրպէյճանական նոր յարձակման սանձազերծման միջոցով կարելի է վերածել քաւութեան նոխազի: Բայց Ազրպէյճանի նոր յարձակման միանգամից քարտ-պլանշ տալու պարագայում Ռուսաստանը կարող է գործ ունենալ Արեւմուտքի հետ, որը ներկայ հանգրուանում սկսել է դիւանագիտօրէն շոյել ռուսների գլուխը: Ուրեմն թէեւ վերջին իշխանափոխութեան արդիւնքում Հայաստանի իրաւատիրութիւնն ամրապնդուել է` մեր առջեւ բացելով արտաքին աշխարհի հետ յարաբերուելու նոր հնարաւորութիւններ, բայց դրա հետ միասին` մեծացել է մեր երկրի աշխարհաքաղաքական խոցելիութիւնը: Որովհետեւ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների նախագահների վերջին հանդիպումից յետոյ էլ երկու գերտէրութիւնների յարաբերութիւնների բարելաւման գործընթացը շարունակելու է ընթանալ «մուկն ու կատու» յայտնի խաղի տրամաբանութեամբ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում, երբ Մոսկուան ուշքի կը գայ արեւմտեան գրկախառնութիւնից, Հայաստանի նոր իշխանութիւնները կարող են բախուել Ազրպէյճանի 2016 թուականի ապրիլեան յարձակման նոր, աւելի հզօր դրսեւորմանը: Ուրեմն փտածութեան դէմ պայքարի անուան տակ ներկայումս երկրում թափ հաւաքող նախընտրական արշաւը պէտք չէ շեղի մեր ուշադրութիւնը հիմնական վտանգից` ղարաբաղեան պատերազմի նոր բռնկման հեռանկարից, ինչը կարող է վերածուել նաեւ նախկինների քաղաքական վրէժի գործիքի:

Մինչդեռ, 2018 թ. ապրիլ-մայիսին մեզանում ծաւալուած եռաչափ գործընթացի վտանգաւոր յետագիծը բացայայտելու փոխարէն` յետյեղափոխական շրջանում եւս մեր հասարակութիւնն առաջնորդւում է ոչ թէ քաղաքացու հիմնաւոր մտածողութեամբ, այլ վերջին իշխանափոխութեան արդիւնքում իր տեսադաշտը գրաւած աւանդական հերոսի` Նիկոլի կերպարի դիւցազներգական ընկալումներով: Նման մօտեցման պահպանման պարագայում, նոր հերոսը շատ շուտով կուռքի է վերածուելու, որը միշտ էլ երկու երես է ունենում, իսկ կուռքից մինչեւ հակահերոսն ընդամէնը մէկ քայլ է: Ուրեմն, քանի դեռ ազգովի չենք գիտակցում հանրապետութեան տէրը լինելու սեփական իրաւունքը, փոթորկող ծովի ափին նստած այն չարաճճի երեխաների վիճակում ենք, ովքեր աւազից կուռքեր են ծեփում եւ ապա տապալում:

Մեզանում առկայ քաղաքական կռապաշտութեան զարմանալի կենսունակութիւնը վկայում է այն մասին, որ դեռեւս խորութեամբ չենք գիտակցել քրիստոնեայ մարդուն տրուած աստուածային շնորհը` ընտրութեան ազատութիւնը: Հանրապետութեան գաղափարն իրականում հէնց ընտրութեան ազատութեան քաղաքական կերպաւորումն է` այդ խնդրի լուծման ոչ թէ ձեւական-ընտրական, այլ բովանդակային-արժէքային տիրոյթում:

Ուրեմն Հայաստանի արժէքային ու աշխարհաքաղաքական ընտրութեան միջեւ առկայ խոր հակասութիւնը յաղթահարելու կարճաժամկէտ դեղատոմսեր գոյութիւն չունեն: Այդ պատճառով որպէս հանրապետութիւն կազմակերպուելու նոր աշխատակարգերի կարիք ենք զգում, որոնք գտնւում են երկրի քաղաքակրթական ընտրութեան տիրոյթում:

Առայժմ սոսկ տեքորներ քանդողի դերը ստանձնած նոր իշխանութիւնը նոյնպէս որեւէ դրական գործառոյթ չունի, քանի որ 2018 թ. գարնանը տեղի ունեցածի խորքային իմաստը «հներին` փող, նորերին` իշխանութիւն» բանաձեւի վրայ հիմնուող «համապարտ երաշխաւորութեան» սկզբունքն է: Նորերի մօտ բացակայում է նաեւ տարրական արհեստավարժութիւնը, ուստի վերջիններս հասարակութեան գիտակից մասի յոռետեսական տրամադրութիւնները մարելու համար ժամանակ առ ժամանակ ճոխացնելու են սոսկ «ծիսակարգային զոհաբերութեան» ենթակայ հների «տեսականին»` երիցս մեղապարտ ՀՀԿ-ն վերածելով մի իւրայատուկ ներքաղաքական Զանգիբասարի: Նման հեռանկարի առկայութեան պայմաններում, այսպէս ասած, ռուսամէտ ուժերի քաղաքական ճամբարը, յայտնուելով իր սակաւապետական յենարանի փլուզման վտանգի առջեւ, փողատէրերի վրայ յենուելու փոխարէն` ինքնակազմակերպման նոր աշխատակարգեր է որոնում:

Բայց արեւմտամէտ ամբոխավարների եւ ապաօլիկարխացող ռուսամէտների անհեռանկարային մրցակցութիւնն ապահովում է սոսկ փողապետութեան բուրգի մասնակի փլուզումը եւ քաղաքական խաղի տարրական կանոնների վերականգնումը, այսինքն` Հայաստանի քաղաքական դաշտը բերւում է զրոյական վիճակի: Նոյնը տեղի է ունենում նաեւ հանրապետութեան տնտեսական յարաբերութիւնների ոլորտում: Իսկ թէ ի՛նչ պէտք է անել դրանից յետոյ, ոչ ոքի յայտնի չէ, քանի որ վերջին իշխանափոխութեան արդիւնքում Հայաստանն իր կամքից անկախ վերածուել է Միացեալ Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւնների բարելաւման գործընթացի փորձադաշտի:

Նման պայմաններում նոր իշխանութիւնն ու նրա առաջին դէմքը, յայտնուելով հանրային ուշադրութեան կիզակէտում, յեղափոխական կարգախօսներից ու դրանցից բխող ցուցադրական գործողութիւններից այն կողմ չեն անցնում, ուստի այդպէս էլ անյայտ է մնում, թէ ի՛նչ են անելու նրանք յեղափոխական մեթոտներով իշխանութեանը տիրանալուց եւ ընտրութիւններում այդ փաստն ամրագրելուց յետոյ: Որովհետեւ ներկայ անորոշութիւնների պահպանման պայմաններում խորհրդարանական ընտրութիւնների արագացումը ոչ թէ յստակեցնելու է քաղաքական դաշտի պատկերը, այլ վերածուելու է ապագայ Ազգային ժողովին տիրանալու ամբոխավարական հնարքի, ինչը յետին գիծ է մղելու հանրապետութեան ապագայի հանրային ընկալումը բիւրեղացնելու խնդիրը:

Տեղի ունեցած իշխանափոխութեան` իբրեւ պատմական հնարաւորութեան դիտանկիւնից ակնյայտ է միայն, որ այսուհետեւ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերահսկողութեան բրգաձեւ համակարգի փոխարէն` ազգային շահի բիւրեղացումը տեղի է ունենալու քաղաքական պայքարի ներխորհրդարանական հանրագումարի յստակեցման միջոցով: Նման պայմաններում մեր անվտանգութեան ապահովման մէջ դերակատար արտաքին բեւեռների` հայոց պետականութեան նաւը ճօճելու հնարաւորութիւնները սահմանափակելու համար խորհրդարանական կառավարման համակարգում պարտադիր կերպով պէտք է ձեւաւորուի զուտ հայկական շահերով առաջնորդուող ուժերի ու անհատների խորքային համախմբում: Որովհետեւ իր սեփական արժէքային ընտրութիւնը չկատարելու դէպքում Հայաստանին սպասում է վերջին 20-ամեակին բնորոշ նոր գաղութատիրութեան ռուսական-կայսերական բնորդի փոխարինումը արեւմտեան «կապոյտ երջանկութեան» տեսլականով, որի «թիթեռնիկներն» արդէն հասցրել են ազդեցիկ դիրքեր գրաւել հանրապետութեան նոր ղեկավարութեան տարբեր ոլորտներում:

Ուրեմն այսօր հարկաւոր է մտածել ոչ այնքան արտաքին-աշխարհաքաղաքական ազդակները համադրելու մասին (դա նոյնիսկ ներկայ իշխանաւորները կարող են անել), որքան` մեր ապագայի դռները բացող հայկականութեան արժէքային ուղենիշերի ընկալմանն ու կեանքի կոչելուն ունակ ներքաղաքական խճանկարը յստակեցնելու շուրջ: Հայաստանը ներկայումս չի կարող միանշանակ ընտրութիւն կատարել ուժի արտաքին բեւեռների եւ երկրի ներսում նրանց շահերը պատճէնող արեւմտամէտ ամբոխավարների  եւ ապաօլիկարխացող ռուսամէտների միջեւ` չվտանգելով մեր ազգային արժէքներն ու Ղարաբաղի ժողովրդի ֆիզիքական գոյութիւնը: Իսկ սա նշանակում է, որ սեփական` ազգային ուղեգծի անորոշութեան պայմաններում խորհրդարանական ընտրութիւնների գնացող Հայաստանը բովանդակային առումով ընտրութիւն չունի:

Հայաստանի ու հայութեան քաղաքակրթական ընտրութեան բարդ ու բազմաշերտ առաջադրանքի ձեւակերպումն ու իրականացումը հայկականութեան արժեհամակարգի վրայ հիմնուող ազգային-աւանդական ուժերի ոչ միայն իրաւունքն է, այլեւ` պարտականութիւնը: Այդ խնդրի շուրջ քաղաքական համակարծութեան ձեւաւորման եւ ազգային-քաղաքական ուղեգիծը յստակեցնելու համար հարկ է նախապէս սահմանել, որ`

Ա) Հայկական ինքնութեանը օտար են ոչ միայն քրէաօլիկարխիային բնորոշ «արժէքներն» ու կենսակերպը, այլեւ այսօր մեր ապշահար հանրութեանը մատուցուող` «կապոյտ երջանկութեան» տեսլականը, որովհետեւ հայկականութիւնը հիմնւում է այնպիսի յաւիտենական արժէքների վրայ, ինչպիսիք են` հայոց դարաւոր մշակոյթն ու պատմութիւնը, հայոց լեզուն, Հայաստանեայց եկեղեցու սուրբ հաւատը, հայկական ընտանիքը եւ Հայաստանի ու հայութեան անխախտ միասնութեան սկզբունքը:

Բ) Ազատութեան ու արդարութեան գաղափարների վրայ հիմնուած հայկական ինքնութիւնը հայրենի հողի վրայ կարող է առարկայանալ միայն հայաստանեան համակեցական նոր միջավայրի ձեւաւորման միջոցով, որի ընկերային հիմքը հարազատ հողի վրայ սեփական աշխատանքով նիւթական ու հոգեւոր արժէքներ ստեղծող եւ յաջորդական սերունդների հերթափոխն ապահովող` աշխատաւորական Հայաստանի տեսլականն է:

Գ) Հայաստանը հաւասարապէս բաց է Արեւմուտքի ու Արեւելքի բարձր մշակոյթների ազատ թափանցման համար, բայց նա կտրականապէս մերժում է մշակութային թափօնների արտահանման միջոցով մեզ պարտադրուող պարզունակ ընդօրինակումներն ու գռեհիկ նմանակումները, որոնք շեղում են հազարամեակների պատմութիւն ունեցող մեր մշակոյթին բնորոշ աւանդական` համադրական գործառոյթների իրականացումից:

Դ) Որովհետեւ որպէս քաղաքակրթական նախահիմք` Հայաստանն իրականում ե՛ւ Արեւմուտք է, ե՛ւ Արեւելք, ուստի արտաքին քաղաքականութեան մէջ, տնտեսական համագործակցութեան, մշակութային ու հոգեւոր-կրօնական երկխօսութեան բնագաւառներում առաջնորդւում է ոչ թէ հաւասար հեռաւորութեան պահպանման, այլ սեփական հիմքի վրայ դրանք մերձեցնելու ու ներդաշնակեցնելու սկզբունքներով:

Ե) Իսկ այդ հիմքը կազմող հիմնական արժէքները բիւրեղացնելու եւ խորհրդարանական կառավարման բնորդի վրայ հիմնուող ժողովրդավարական հանրապետութիւն դառնալու համար Հայաստանի քաղաքական համակարգը պէտք է ձեւաւորուի ոչ թէ ֆէյսպուքեան «լայքերով» զբաղուելը քաղաքացիական հասարակութեան չափանիշ համարող պարապ երիտասարդների, այլ սեփական քուէն իրենց համոզմունքի հիման վրայ տնօրինող գիտակից եւ հայրենատէր քաղաքացիների կողմից:

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նախորդած յեղափոխական իրադարձութիւնների արդիւնքում մեր հանրային բանավէճի հարթակ վերադարձած հանրապետութեան գաղափարը կարող է բզկտուել միմեանց խաչաձեւուող քաղաքական ու արժէքային թափանցումների մսաղացի մէջ, եթէ խորհրդային աւանդոյթի վրայ հիմնուած նրա քառորդդարեայ պրոֆանացիային փոխարինեն անհայրենիք աշխարհաքաղաքացիութեան հովերը, որոնք կրակից դուրս բերելով` մեզ կարող են իջեցնել ջրի յատակը: Ուրեմն խորհրդարանական ընտրութիւնների համաթեքսթում երկրի արդիականացման ազգային քաղաքական ուղեգիծը հնարաւոր է հետապնդել միայն սեփական մշակոյթի, ազգային աւանդոյթների եւ ընկերային արդարութեան տեսլականի վրայ հիմնուող հայրենասիրական ուժերի արթնացման ու աշխուժացման միջոցով:

Դա ոչ միայն եւ ոչ այնքան ներքաղաքական հրամայական է, որքան` մեր շուրջն ընթացող արտաքին ու ներքին բարդ ու վտանգաւոր զարգացումների ողջ հանրագումարից բխող պատմական անհրաժեշտութիւն: Որովհետեւ մեր երկրում տեղի ունեցած վերջին իշխանափոխութեան պատճառների ու հետեւանքների եռաչափ ընկալման տիրոյթում ղարաբաղեան թնճուկի նոր պայթեցումը պարզապէս անխուսափելի է դարձել, եւ խնդիրը միայն ժամանակի մէջ է: Ուրեմն անկախ նրանից, թէ ընտրութիւններից առաջ կամ յետոյ է տեղի ունենալու ղարաբաղեան հակամարտութեան նոր բռնկումը, այն պարզապէս զերոյացնելու է ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերի մեծ ու փոքր հաշուարկները, այլեւ յեղափոխական մթնոլորտի արհեստական երկարաձգմամբ զբաղուող նոր իշխանութեան ծրագրերը: Իսկ դա նշանակում է, որ քաղաքակրթական ընտրութեան խաղաղ կամ ընտրական տարբերակը շուտով իր տեղը զիջելու է գոյութեան կռւում յաղթելու հրամայականի վրայ հիմնուող ազգային-քաղաքական ուղեգծին:

Խմբ.

* Ընդունուել է տպագրութեան 04.07.2018:

1.- Մեզանում փողապետական վարչակարգ կամ պարզապէս փողապետութիւն հասկացութեան «հեղինակային իրաւունքը» պատկանում է «Վէմ» հանդէսին, որը, դեռեւս իր 2009 թ. 3-րդ համարում յստակօրէն սահմանելով այդ հասկացութիւնը, ցոյց է տուել 2008-ին փողաբաժանումի միջոցով ձեւաւորուած վարչակարգի սկզբունքային տարբերութիւնն իր նախորդից: Տե՛ս «Արձանագրութիւնները բացայայտեցին մեր հին հիւանդութիւնները», Խմբագրական, «Վէմ», 2009, N3, էջ 4-5:

[2]https://ru.wikipedia.org/wiki/республиканизм

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԵՌԱՉԱՓ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՏԱՆԳԱՒՈՐ ՅԵՏԱԳԻԾԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Մարիամ Մ. Մարգարեան
ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ` ՈՐՊԷՍ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Սարգիս Գ. Պետրոսեան
ՍԵՒԱՆԱՅ ԼՃԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԵՒԱՆՔ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ
Երուանդ Հ. Գրեկեան
ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՍԵՊԱԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Սօսէ Բ. Պօղոսեան (Նոր Ջուղա, Իրան)
ՍԻՐՈՅ ՄՈՏԻՎԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Դրսեւորման ձեւերը, պատկերային կաղապարները
Տաթեւիկ Հ. Մերջանեան
ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄԸ
Նար-Դոսի «Աննա Սարոյեան» նամակագրական վիպակում
ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Դաւիթ Ս. Գիւրջինեան
ՀԱՅ ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՅԻՆ ՄԻԱՒՈՐՆԵՐԸ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ
Նաիրա Ժ. Մկրտչեան
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻ ԵՒ ԴՐԱ ԻՒՐԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՋ (անգլերէն)
ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Յակոբ Մ. Չոլաքեան
ՍՈՒՐԻՈՅ ՀԱՄՊՈՒՇԻԷ ԳԻՒՂԻ ԱՇՏԱՐԱԿԻՆ 1348 Թ. ՀԱՅԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՄՇԱԿՈՅԹ
Գեղամ Մ. Ասատրեան
9-11-ՐԴ ԴԴ. ԽԱՉՔԱՐԵՐԸ ՄԱՔՐԱՎԱՆՔՈՒՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Վանիկ Հ. Վիրաբեան
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՒ ՍԱԴՐԻՉ-ԴԱՒԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1920-1922 ԹԹ. Ռուբէն Հ. Մելքոնեան
ՅՈՅՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ 1964 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Ալեքսանդր Ս. Մանասեան
ԱՐՑԱԽ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ
Հիմնախնդրի իրաւական բաղադրիչները
ԼՐԱՏՈՒ
Սիրանուշ Գ. Յովհաննիսեան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ 1918-1920 Թ.Թ.»
Գիտաժողով-քննարկում Հայաստանի Ամերիկեան համալսարանում (31 Մայիսի-1 Յունիսի, 2018թ.)
ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Արմէն Ս. Ասրեան
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ ԱՐԽԻՒ
Ռուբէն
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ
Պատրաստեց` Արամ Ս. Սայիյեանը ՅԱՒԵԼՈՒԱԾ
Սարգիս Ռ. Մելքոնեան
ԳԱՐԵԳԻՆ Ա. ՅՈՎՍԷՓԵԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ
ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Մաս Բ. Բարենորոգչական ծրագրերը (1897-1917թթ.) ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ

 

 

Նախորդը

Բարեբեր Դեգերումներ

Յաջորդը

Խոստովանանք

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?