ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Բոլորս էլ ընդունում ենք հաստատուած մի ճշմարտութիւն, որ բնութեան մէջ իշխող բնազդն է պահպանում մարդկային եւ կենդանական աշխարհը, որով եւ ուղորդւում է կեանքը: Այդ բնազդով են նրանք պահպանում իրենց ընտանիքը, իրենց երկիրը, բոյնը, իրենց սահմանները: Ազգերը, ժողովուրդները հիմնականում այդ ներքին անբացատրելի բնազդով են կապւում իրենց հողին, կեանքերը զոհելով իսկ փորձում են պահպանել այն: Կենդանական աշխարհում այդ բնազդը չունեցողներին չգիտեմ ինչպէս են անուանում, սակայն ժողովուրդների մէջ այդ բնազդից զուրկ մարդկանց անուանում են դաւաճաններ:
Մեր պատմութեան վերլուծումը ինձ յանգեցնում է մի տխուր փաստի, այն է, որ մեր պատմութեան առաջընթացը խաթարել են այդ դաւաճանները եւ զարմանալիօրէն մինչեւ այսօր դեռ շարունակում են խաթարել:
Ոչ շատ առաջ` մեր պատմութեան վերջին հարիւրամեակում, մենք կորցրեցինք Կարսը, Արտահանը այդ դաւաճանութեան երեսից, երբ իր հողը պաշտպանող մի ամբողջ զինուորական ուժ հրաժարուեց կռուել: Մի՞թէ նրանց մէջ կաթուածահարուել, չքացել էր սովորական ներքին բնազդը` հողը, ընտանիքը, ժողովրդին պահպանելու բնազդը:
Նրանց հետեւեցին ստալինեան դաւաճանները, որ զրպարտանքների յօրինումով մասնակից դարձան ազգի երեւելիների ոչնչացումին:
Այսօր նրանց հասցրած անդառնալի վնասների համար վճարում ենք մենք` նրանց սերունդները, եւ դեռ անյայտ է, թէ մեզնից յետոյ քանի՛ սերունդներ են շարունակելու վճարել: Իսկ ամենացաւալին այն է, որ այդ դաւաճանութիւնը դեռ շարունակւում է մինչ այսօր` նորանոր վնասներ հասցնելով ապրող եւ եկող սերունդներին:
Ի՞նչն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ կորցնում են բնութեան կողմից իրենց տրուած բնազդը, կամ, եթէ չեն կորցնում, ապա հեշտօրէն վաճառում են այն, մէկ այլ, իրենց համար աւելի կարեւոր նկատուող շօշափելի խայծով: Բնականաբար այդպիսիները չեն մտածում, աւելի ճիշդ` իրենց հոգն էլ չէ, իրենց գործած աւերի հետեւանքների մասին մի ամբողջ ժողովրդի եւ երկրի ճակատագրի վրայ:
Մինչ մենք ազգովին դեռ ոգեւորուած ենք մեր երկրի վերջին խաղաղ յեղափոխութեան յաղթանակով եւ դրանից բխող երկրում կատարուող նորանոր փոփոխութիւններով` օրէնքների սրբագրմամբ ու հաստատումով, զեղծարարութեան (ժամանակն է կոռուպցիան թարգմանենք հայերէնի) դէմ ազդու պայքարով, տնտեսութեան բարելաւման ծրագրերով, մեր մէջ դեռ շարունակում են ապրել դաւաճանները, որոշները բացայայտւում են, իսկ որոշները` աւելի հաստատուն հիմքեր են գրաւում:
Այսօր ինձ համար ամենատխուր փաստը ոչ թէ արդէն բացայայտուած դաւաճաններից` Մանուէլների, նրա նմանների, Արցախում կռուող զինուորների սակաւ զինամթերքից, նրանց առօրեայ գործածութիւնից, սնունդից գողացուած, կամ ժողովրդի սեփականութեան ահաւոր իւրացման իրականութեան բացայայտումն է, եւ կամ` Քոչարեանի ձերբակալութիւնը, այլ այն, որ այս ամէնը տեղի է ունեցել, աւելի ճիշդ` այդ բոլորի հիմքը դրուել է, օրինականացուել է մեր անկախութեան սկզբնական տարիներին:
Ոչ մէկիս գաղտնիք չէ, որ մենք մեր անկախ պետականութիւնը հիմնեցինք բոլոր բնագաւառներում դաւաճանութեան սկզբունքը որդեգրելով, ամենալայն առումով: Չէ՞ որ դաւաճանութիւնը իր մէջ պարփակում է նաեւ տուեալ ժողովրդին պատկանող ազգային հարստութիւնների իւրացում, չարաշահում, ոչնչացում:
Մեր ժողովուրդը զայրացած է Քոչարեանի, Մանուէլների եւ նրա նմանների արարքով, բայց ոչ մէկը մտահոգուած չէ մեր ազգային տնտեսական հարստութիւնները օրէնքով օտարներին վաճառած մեր առաջին պետական իշխանութեան զեղծարարութիւններով, որն աւելի մեծ յանցանք է: Առանց ժողովրդին հարցնելու, սերունդներին պատկանող սեփականութիւնը խլել նրանցից, անձնական շահ դարձնել:
Ամբողջ ժողովուրդը ցնծութեան մէջ է, որ վերջապէս երկրի երկրորդ նախագահը պատժւում է: Իսկ հարց տալի՞ս ենք, թէ այդ երկրորդ նախագահը ի՞նչ հիմքերի վրայ կերտեց իր իշխանութիւնը: Մի՞թէ այն կերտուեց օրինապահ, ազգային, ժողովրդավարական վարչաձեւի վրայ, եւ նա յեղաշրջեց այն: Եթէ մոռացել էք, յիշեցնեմ, որ այն դարձաւ շարունակութիւնը ԼՏՊ-ի արդէն ստեղծած ու օրէնք դարձրած միահեծան, խարդախ, դաւաճան, զեղծարարութեան ու ապականութեան կարծրացած իշխանութեան: Շարունակութիւնը դարձաւ Սիրադեղեանի (որը անհետացել է ոչ միայն Հայաստանից, այլ` երկիր մոլորակից) բոլորիդ յայտնի այն յայտարարութեան, որ` «Հարիւր հոգի կը սպաննուի եւ հարցը դրանով կ՛աւարտուի: Հարիւր հոգին ի՞նչ է»: Քոչարեանի եւ իր հետեւորդի իշխանութիւնը ընդամէնը շարունակութիւնն էր մի իշխանութեան, որի պարագլուխը իր աճպարարութեամբ, սուտ խոստումներով, ժողովրդի համար անյայտ ուժերի կողմից իշխանութեան տիրանալով` երկիրը մխրճեց սովի, տառապանքի, անօրինութեան, կողոպուտի ու սպանութիւնների մէջ:
Հաւանաբար ժամանակն է մեր ժողովրդի յիշողութիւնը թարմացնել լեւոնեան նուաստացուցիչ Արցախի պատերազմը պատճառաբանելով ցուրտ ու մութ, անջուր տարիներ ժողովրդին պարտադրելը, երբ շրջակայ անտառներն ու կանգուն ծառերը վառելափայտ դարձան ժողովրդին` ձմրան սառնամանիքից տաքանալու համար: Յիշեցնել` մէկ գիշերուայ մէջ դրամի անկման եւ միլիոնաւոր ժողովրդի դրամները սեփականացրած իշխանութեան գործելակերպի մասին:
Յիշեցնել ժողովրդային հարիւրամեայ ՀՅԴ-ի ամօթալի վտարումը հայրենի երկրից: Յիշեցնել` ի տես աշխարհի, Ցեղասպանութիւնից յետոյ երկրորդ անգամ անկախացած Հայաստանի առաջնորդի ծաղկեպսակով խոնարհումը հայութեան վերջին գերեզմանափորի` Աթաթուրքի շիրիմին:
Յիշեցնել, թէ ինչպէ՛ս պաշտօնաթող արեց երկրի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Յովհաննիսեանին միայն այն բանի համար, որ նա իր ելոյթում Թուրքիային մեղադրում էր Հայոց ցեղասպանութեան մէջ, դրանով ժողովրդի յիշողութեան միջից ու հոգուց փորձելով ջնջել ազգային ինքնագիտակցութիւնը:
Յիշեցնել 1996-ին հրասայլերով ու զինուորներով նրա շրջափակումը խաղաղ ցուցարարներին:
Յիշեցնել` կաշառելով ժողովրդին, մինչեւ անգամ զինուորներին, երկրորդ անգամ անօրէն յաղթանակով իշխանութեան տիրանալը:
Յիշեցնել` սեփական անկախացած երկրից զանգուածային արտագաղթը:
Յիշեցնել` աշխարհով մէկ ցուցադրուած նրա զայրոյթը Շուշիի ազատագրման լուրը լսելիս:
Յիշեցնել` նրա լռութիւնը Պաքուի եւ Սումկայիթի հայութեան զանգուածային ջարդերին: Դեռ աւելի՛ն, ժողովրդին տրամադրեց թուրքի կոտորածից մազապուրծ փախած, Հայաստանում ապաստանածների դէմ` թշնամութիւն հրահրելով ժողովրդի մէջ: Յիշեցնել` յաղթանակող Արցախում պատերազմը կէս ճանապարհին դադարեցնելու նրա հրամանը` ամօթալի բանակցութիւնների պարտադրանքով շղթայելով այն եւ մինչեւ օրս նրա ճակատագիրը հսկելու իրաւունքը իր ձեռքում պահելու նրա մոլեգին աշխատանքը:
Յիշեցնել` նրա լռութիւնը հայրենի սահմանների ստալինեան կեղծ բաժանումները վերականգնելու նոյնիսկ փորձ չանելու, կամ Արցախը հայրենի հողին չմիացնելու համար ստայօդ ահաբեկումներով տարած աշխատանքը:
Յիշեցնել` նրա անսահման ոգեւորութիւնը հայ-թուրքական ամօթալի արձանագրութիւնների ժամանակ:
Երբեմն չեմ կարողանում համատեղել մեր ազգային դիմագծի այն վայրիվերումը, որ մի կողմից ոչ շատ առաջ Արամ, Անդրանիկ, Դրօ, Նժդեհ, հարիւրաւոր այլ ազգային նուիրեալներ ունենալ, Արցախի հարիւրաւոր նորօրեայ հերոսներ, որոնց համար հայրենի հողի աննշան թիզն անգամ իրենց կեանքից վեր են դասել, իսկ միւս կողմից` Աթաթուրքի գերեզմանի առջեւ խոնարհուած երկրի ղեկավարին ընդունել առանց բողոքի ցոյցերի, առանց ընդդիմանալու նրա այդ քայլին, առանց բացատրութիւն պահանջելու թէ ի՛նչ իրաւունքով է նա կոտորուած ժողովրդի կողմից յարգանք մատուցում, ծաղկեպսակ դնում այդ մեծագոյն հայասպանի շիրիմին: Չէ՞ որ նա ոչ թէ Գերմանիոյ, կամ Ֆրանսայի նախագահն էր, այլ` Ցեղասպանութիւնից փրկուածների երկրի:
Ինչի՞ց, ումի՞ց էր վախենում ժողովուրդը, որ լուռ կուլ տուեց այդ դաւաճանութիւնը: Չէ՞ որ այդ նոյն ժողովուրդն էր, որ առաջինը փշրեց խորհրդային իրեն պարտադրուած գերութեան շղթան: Բայց անհասկանալիօրէն նոյն ժողովուրդը լռութեամբ ընդունեց ԼՏՊ-ի բոլոր անօրինութիւնները, ընդունեց, որ այդ անօրինութիւնները օրէնք դառնալով` հիմք դառնան մեր անկախ պետականութեան եւ քայքայեն երկիրը ամբողջովին: Աւելի՛ն. երբեք չդատապարտեց եւ մինչեւ այսօր չի դատապարտում առաջին նախագահի ազգակործան գործունէութիւնը, այլ հակառակը, ամէն ինչ մոռացած ժողովուրդը նոյնիսկ կրկին հրապարակ իջաւ 2008-ին նրան ընտրելու` մինչեւ իսկ զոհեր տալով:
Այսօր նրան դարձրել են ազգային լուրջ հարցերի խորհրդատու, ում մօտ են շտապում իշխող ղեկավարները, երբ հարցը Արցախի կամ երկրի անվտանգութեանն է վերաբերւում:
Մեր ղեկավարները ԼՏՊ-ին այցելելը դարձրել են Մեքքա գնալու հանդիսութիւն, որն ինձ յիշեցնում է նաեւ հեքիաթի դերվիշներին: Յիշո՞ւմ էք` նրանք միշտ ճամբաբաժնում նստած խորհուրդ ու ուղղութիւն են տուել անցորդներին, միայն այն տարբերութեամբ, որ այդ դերվիշները փորձառութեամբ բնածին իմաստուններ են եղել, միշտ աղքատ, երբեք դաւաճան եւ միշտ օրինապահ:
Վստահ եմ` չէք մոռացել, որ ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին մեր երկրի երրորդ նախագահը շուտափոյթ տեսակցութիւն ունեցաւ նախկին առաջին նախագահի հետ: Այդ ի՞նչ հիմնական խորհուրդ, ցուցմունք է փոխանցում նա Արցախի հարցում, որ նոյնիսկ մեր նորօրեայ վարչապետն էլ առաջին հանդիպումը ունեցաւ իր նախկին ընկերոջ հետ` կարեւոր տեղեկութիւն ստանալու Արցախի մասին: Այս փաստը գալիս է հաստատելու, որ նախկին նախագահը ոչ միայն ազդեցութիւն ունի, այլ ղեկավարում է երկրի արտաքին քաղաքականութիւնը, մասնաւորապէս` Արցախի հարցը, եւ նրա թելադրանքով են լուծուելու այդ հարցերը:
Վստահ եմ` շատերդ էք դիտել նրա վերջին հարցազրոյցը Արցախի ճակատագրի վերաբերեալ, ուր ժողովրդին ահաբեկելու իր հին երգն էր երգում, որ` եթէ մեր տարածքները չյանձնենք, ազգը կործանուելու է, Իրաքի ճակատագրի հետ համեմատելով Արցախի վերջաբանը: Եւ ինչո՞ւ է նա համեմատում Իրաքի ճակատագրի հետ, երբ համեմատական եզրեր չկան, բայց չի համեմատում Պաղեստինի ճակատագրի հետ, որը յանձման դէպքում մեր ճակատագիրն է դառնալու:
Իր «մտահոգ յորդորը» նա աւարտում է ասելով` «Տղայ էք, մի՛ տուէք, բան չունեմ ասելու»: Միայն այս մէկ նախադասութեան համար նրան պէտք է ժողովրդի դատին յանձնել, երբ ամէն օր ժողովուրդը որդիներ ու ամուսիններ, քոյրեր ու եղբայրներ է դեռ կորցնում այդ սրբազան հողակտորի պաշտպանութեան համար:
Մեր նորօրեայ վարչապետը բազմիցս յիշեցնում է ժողովրդի դերը հայրենի առաջընթացի գործում, որ` ժողովուրդը չի կարող ձեռնպահ սպասել իշխանութեան տուածին, ինքն էլ մասնակից է դառնալու` ստեղծելու, պահելու, օգտագործելու եւ նուիրուելու: Ուրեմն ինչպէ՞ս ենք լռում այսպիսի բացայայտ դաւաճանութիւն քարոզող յայտարարութիւնների հանդէպ, յատկապէս` այս օրերին, երբ ամէն վայրկեան պատերազմի սպառնալիքի տակ է մեր Արցախը, երբ մեր զինուորները իրենց երիտասարդ արիւնը առանց սակարկելու զոհում են այդ նուիրական տարածքներին: Այն էլ հանդուրժում ենք այսօր, երբ ասում ենք, որ ժողովուրդն է երկրի տէրը, երբ ժողովուրդին առաջնորդում է երկրի վարչապետը:
Ողջ համացանցը հեղեղուած է 2008-ի մարտի 1-ի հնարաւոր բացայայտումներով: Այդ տեսագրութիւններից մէկի մէջ, որը սկսւում է յաջորդ օրը` մարտ 2-ի ԼՏՊ-ի ամէն կերպ իրեն էլ զոհ ներկայացնող հեռուստատեսային հարցազրոյցում, մէջբերւում է նախորդ օրուայ առաւօտեան ոստիկանութեան բռնութեան տեսարաններից, ուր հրապարակի այդ քաոսային ծեծկռտուք խուճապի մէջ յանկարծ տեսնում ենք ԼՏՊ-ն` նստարանի վրայ հանգիստ նստած, տաք շալով փաթաթուած ծխում է: Յետոյ ինքը այդ տեսարանը մեկնաբանում է հետեւեալ կերպ, որ ոստիկանները իրեն հրամայել են հեռանալ, իսկ ինքը մնացել է, մինչեւ որ ոստիկանապետը իր մեքենայով նրան հասցրել է իր առանձնատունը:
Ժողովրդին իր գահակալութեան համար ոտքի հանած ղեկավարը, հանգիստ, տաք փաթաթուած նստած է, երբ խելայեղ իրարանցում է իր շուրջ, եւ հոգն անգամ չէ, որ երկու քայլ այն կողմ ժողովուրդն է պատիժ կրում: Մի՞թէ անմեղ ղեկավարը այդպէս կը վարուէր: Թող գնար, մէկ-երկու ոստիկանի ձեռք բռնէր, մի քանի հարուած էլ ինքն ստանար, որի համար լիարժէք արժանի էր, այդ դէպքում իրաւունք կ՛ունենար այլոց մեղադրելու: Կամ` յաջորդ օրերին այցելե՞լ է հիւանդանոց, կամ` զոհուածների ընտանիքներին, չէ՞ որ նրանք իր դաւաճանութեան զոհերը դարձան: Գուցէ այդ պահին նա մոռացել էր իր կարգախօսը` «Պայքա՛ր, պայքար մինչեւ վերջ», որը ժողովուրդը բառացիօրէն ընդունեց, այնինչ դա նշանակում էր` մինչեւ վերջ պայքարել հայրենիքը կործանելու համար:
Ի տարբերութիւն նրան` մի քանի ամիս առաջ մենք ականատես եղանք, թէ ինչպէ՛ս մեր նոր վարչապետը իր մարմնով նետուեց փշալարերի վրայ` ապահով ճանապարհ բանալով ցոյցի ելած ժողովրդին:
Այս օրերին, մէկ ամբողջ ժողովուրդ, մոլեգնած, կուտակուած ոխակալութեամբ, ուզում է դատել երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանին: Ես յիշում եմ մի դրուագ 2002-ին, որի մասին գրել եմ այդ օրերի իմ յօդուածներից մէկում եւ կրկին մէջբերում եմ: Հրապարակում երկու 10-12 ամեայ տղաներ իմ առջեւից ծխելով քայլում էին, մօտեցայ, կանգնեցրեցի եւ խիստ ձայնով պատուիրեցի, որ անմիջապէս ծխախոտը վայր նետեն, որ` դա վնասակար է, իրենք պէտք է առողջ մնան ու մեծանան, քանզի իրենք են այս երկրի տէրը: Նրանք քմծիծաղով միաբերան ինձ լռեցրին` ասելով, որ երկրի տէրը Քոչարեանն է: Այս տխուր դրուագը յաճախ է արթնանում իմ մէջ, որովհետեւ նոյնիսկ երեխաների մէջ սպաննել էին երկրի տէրը լինելու գիտակցութիւնը: Ատելութիւնը երկրի նախագահ Քոչարեանի հանդէպ այնքան բուռն էր, որ շփոթում էին հողի, երկրի զգացումի հետ: Եւ այսօր ականատես ենք, որ նրա գահակալումից 10 տարի յետոյ էլ նոյն ատելութիւնը շարունակւում է:
Կէս արդարութիւնը արդարութիւն չէ, պէտք է ամբողջական արդարութիւն: Իսկ այդ ամբողջականը պարտադրում է ոչ թէ պոչից սկսել, այլ` գլխից, քանի որ գլուխն է հոտած: Ինչո՞ւ երկիրը կործման հասցրած ԼՏՊ-ն անպատիժ է մնալու: Ի՞նչ է, գերհզօր պետութիւննե՞րն են նրան անձեռնմխելիութեան մանտաթ շնորհել:
Տարիներ շարունակ քննադատել եմ մեր իշխանութիւններին, սակայն ժողովուրդը անտարբերութեան է մատնել:
Ճիշդ է` մենք ապրում ենք մեր կեանքը, բայց այսօրուայ ստեղծածն ենք յանձնում սերունդներին եւ պատասխանատու ենք մեր ամէն քայլի, որոշման համար, յատկապէս երբ այն վերաբերւում է երկրին ու նրա ապագային: Ահա թէ ինչո՛ւ եթէ այսօր հպարտանում ենք, որ խաղաղ յեղափոխութիւնից յետոյ պատասխանատուութեան են ենթարկւում բոլոր նրանք, ովքեր քայքայել են երկիրը, ապա պարտաւոր ենք սկսելու գլխաւորից` նրանից, ով սխալ հիմքերի վրայ ստեղծեց երկրորդ անկախութիւնը: Այսինքն առաջին նախագահից` ԼՏՊ-ից, եւ դատելու ենք երեք իրերյաջորդներին եւ նրանց զինակիցներին, քանի որ նրա երկու հետեւորդները` Քոչարեանն ու Սարգսեանը, ոչ միայն չփոխեցին Լեւոնի հիմնադրած անօրինութիւնները, այլ աւելի խորացրին` քայքայելով երկիրը եւ ժողովրդին:
Մինչ օրս մեր երկրի իշխանութիւններին եւ նրանց սպասարկողներին թւում է, որ երկիրը իրենց սեփականութիւնն է, ինչպէս ուզեն, այդպէս կը վարուեն: Եւ դրա հիմնական պատճառը ժողովրդի լռութիւնն էր, քանզի մի մասի համար ձեռնտու էր այդ կողոպուտը, որից ինքն էլ անմասն չէր, միւս կէսն էլ զեղծարարութեամբ էր իր գլուխը պահում, չէ՞ որ առաջին նախագահի կարգախօսին էին հետեւում` գնացէք, ինչպէս ուզում էք, ձեր գլուխը պահէք:
Յեղափոխութիւնը միայն զեղծարարութիւնները յայտնաբերելն ու դատելը չէ:
Եթէ ընդունում ենք, որ իրապէս յեղափոխութիւն ենք արել, ուրեմն անխտիր պատասխանատուութեան ենք ենթարկելու բոլորին` չխնայելով նաեւ ազդու մանտաթ ունեցողներին:
Երկար ժամանակ է` իշխանութիւնները լրջօրէն քննում ու փնտռում են, թէ ի՛նչ մեծութեան դղեակ տրամադրեն իր հրաժարականը խաղաղ կերպով տուած երրորդ նախագահ Ս. Սարգսեանին, քանի որ նախորդ երկու նախագահներին տրամադրել են բաւարար մեծութեան եւ կողոպտիչներին վայել դղեակներ: Ուզում եմ հասկանալ` այդ ո՞ր երկրի օրէնքում է գրուած, որ նախկին նախագահներին տրամադրուող ապագայ դղեակների համար ժողովուրդն է վճարելու: Արդեօք սա հայկական շռայլութիւն չէ՞: Որտե՞ղ է լսուած, որ ժողովրդի ու երկրի դրամներով միլիառատէր դարձած, ժողովրդին կողոպտած իշխողներին դեռ ժողովուրդը վճարի: Մի կողմից դատում են նրանց կողոպուտի համար, միւս կողմից` ժողովրդի դրամն են շահագործում նրանց կարիքները բաւարարելու համար: Ինչո՞ւ է այս մասին լռում ժողովուրդը: Չէ՞ որ, ըստ վարչապետի, ժողովուրդը արդէն ասելիք ունի բոլոր հարցերում:
Յեղափոխութիւնը նաեւ միայն երկրի ներքին օրէնքների վերանայումն ու փոփոխութիւնները չեն, այլ, մեր պարագայում, հիմնականում Արցախի ճակատագրին վերաբերող փոփոխութիւններն են, քանզի այն մեր գոյատեւման հիմնական բանալին է:
2016-ին ապրիլեան քառօրեայ պատերազմում հող ենք կորցրել, ես կ՛ասէի` յանձնել ենք թշնամուն, քանի որ դրա մասին ո՛չ պարզաբանում եղաւ, ո՛չ մէկ բացատրութիւն պահանջուեց, ո՛չ մէկը պատասխանատուութեան ենթարկուեց, ո՛չ մէկը պատժուեց, մինչեւ իսկ պաշտպանութեան նախարարը չհարցաքննուեց: Բոլորը կանգ առան զինամթերքի պակասի եւ զօրավարների անփութութեան վրայ. մէկը իբրեւ թանկարժէք քոնեաք է ըմբոշխնելիս եղել, միւսը կարծեմ` պիլիար խաղալիս, եւ այլն, եւ դրանով ծածկուեց, մոռացուեց այդ շատ կարեւոր, ես կ՛ասէի` առուծախը: Իսկ աւելի ուշ գործող նախագահ Ս. Սարգսեանը յայտարարեց, որ մեծ բան չէ, ընդամէնը 800 հեկտար Է: Ուրեմն դրա համար էր նախագահը շտապում Արցախի գերեզմանափոր Լեւոնի մօտ, որ նրանից արդարանալու պատրուակներ ստանայ: Գուցէ այսպէս, ոչ մեծ բան համարուող Արցախի հողակտորները աստիճանաբար յանձնուելու են` ըստ ԼՏՊ-ի նախկին պայմանաւորուածութեան, եւ ինչպէս միշտ` յուսադրելու, որ Արցախի ժողովուրդն է վճռելու իր ճակատագիրը` քաջ գիտենալով, որ ժողովուրդների վճիռը հաշուի առնող ոչ մէկ միջազգային վերին ատեան գոյութիւն ունի:
Մենք չենք կարող արդարութիւն հիմնել երկրի ապահովութեանը վերաբերող հրատապ հարցերը անորոշութեան մատնելով` կենտրոնանալ միայն կատարուած աւազակութեան, զեղծարարութեան, սպանութիւնների բացայայտման ու նրանց պատժելու վրայ: Կրկնում եմ` կէս արդարութիւնը դեռ արդարութիւն չէ:
Մեր հետագայ ողջ լինելիութիւնը, ողջ Հայաստանի գոյութիւնը Արցախի հարցից է կախուած, եւ եթէ մենք այսօր էլ չպահանջենք ստալինեան ամբարտաւան փոփոխութիւնների վերջնական ճշդում, երբեք այլեւս առիթ չենք ունենալու: Մեր յեղափոխութեան փաստը մեզ պարտադրում է այդ ճշդումը իր վերջնակէտին հասցնել:
30 յուլիս 2018թ.
Սան Ֆրանսիսքօ