ՎԱՐԴԱՆ Զ. ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ոմանք վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցողը որակում են իբրեւ արդարադատութեան իրագործում, իսկ ուրիշների կարծիքով էլ, ընդհակառակը, գործւում են նոր սխալներ: Մենք հասել ենք մի տեղ, երբ այլեւս էական չէ, թէ ո՛ր տեսակէտի կրողներն են մեծամասնութիւն կազմում, որովհետեւ հարցը այլեւս տեղափոխուել է լուծումների այլ հարթակ:
Կալանաւորուել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանը: Կ՛ասեն` յետոյ ի՞նչ: Օրէնքի առջեւ բոլորը հաւասար են: Չեմ ժխտում` հաւասար են:
Մինչեւ Ռ. Քոչարեանին կալանաւորելը, ընդհանուր առմամբ, պայքար էր տարւում փտածութեան դէմ կամ գոնէ այդպէս էր ընկալւում նոր իշխանութիւնների ծաւալած ձերբարշաւը: Բնական է, որ փտածութեան դէմ տարուող իրական պայքարը միայն ողջունելի է, որովհետեւ գաղտնիք չէ, որ փտածութիւնը մեր երկրում (ըստ էութեան` առհասարակ յետխորհրդային տարածքի երկրներում) հասել էր ահռելի չափերի: Պետականութեան համար վտանգ ներկայացնող չափերի: Հետեւաբար, փտածութեան դէմ պայքարը, որը «թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան» առաջնորդների հրապարակային հիմնական խոստումներից է, ինչ խօսք, անհրաժեշտութիւն է, եւ դժուար թէ ոեւէ մէկը յանդգնի դրան դէմ խօսել, եթէ նոյնիսկ այն հակառակ է իր անձնական շահերին: Բայց այս մէկն այլ բան է: Կալանաւորուել է երկրի նախկին նախագահներից մէկը եւ կալանաւորուել է չափազանց լուրջ` երկրի «սահմանադրական կարգը» տապալելու մեղադրանքով: Այն կարգը, որի երաշխաւորը լինել նա երդուել էր Հայաստանի նախագահի պաշտօնը ստանձնելիս: Ռ. Քոչարեանը անկախ Հայաստանի առաջին ղեկավարն է, որին «սահմանադրական կարգը» տապալելու ծանրագոյն մեղադրանք է ներկայացւում եւ կալանաւորւում է: Ի հարկէ, համաշխարհային պատմութեան մէջ երկրի ղեկավարի նկատմամբ դատավարական գործընթաց սկսելու նախադէպեր եղել են, բայց Հայաստանում նա կը լինի առաջին ղեկավարը, որը կարող է դատապարտուել այդպիսի մեղադրանքով, եթէ, ի հարկէ, մեղադրանքն ապացուցուի: Հասկանալի է` ժողովրդի մի մեծ հատուած դժգոհ է եղել բոլոր նախագահներից` Լ. Տէր Պետրոսեանից, Ռ. Քոչարեանից, Ս. Սարգսեանից, քանի որ նախագահական համակարգ ունեցող երկրներում պարզ քաղաքացու գիտակցութեան մէջ իշխանութիւնը նոյնանում է նախագահի կերպարի հետ: Եւ ահա, Հայաստանի անկախ պետականութեան վերջին քսան տարուայ ընթացքում (սկսած 1996-ից) առաջին անգամ հնարաւորութիւն է ստեղծուել, որ ժողովրդի դժգոհ մասն իրեն բաւարարուած զգայ: Ինձ կը հարցնեն` իսկ գոհ մաս կա՞յ: Նկատի ունենալով ապրիլին տեղի ունեցածը` այս հարցին պատասխանելը դժուար է: Բայց մի բան պարզ է` դժգոհութեան չափերը եւ բնոյթը տարբեր են լինում: Բոլորը նոյն կերպ չեն արձագանգում իրավիճակին եւ պատրաստ չեն նոյն գինը վճարելու իրենց դժգոհութեանը յագուրդ տալու համար, որովհետեւ նոյնը չեն հասարակութեան մէջ առկայ արժեհամակարգերը:
Ռ. Քոչարեանի կալանաւորումը ոմանք (օր.` ՀՀՇ-ական կամ Հայ ազգային քոնկրեսի վերնախաւը, որ գրեթէ նոյն բանն է) հրճուանքով դիմաւորելու պատճառ ունեն, որովհետեւ նաեւ Ռ. Քոչարեանի ջանքերով են իշխանութիւնը կորցրել 1998-ին եւ չեն կարողացել ետ բերել յաջորդող քսան տարիների ընթացքում: Ի հարկէ կարելի է հասկանալ Հայաստանի շարքային քաղաքացուն, որը նոյնպէս մեղաւորներ է փնտռում նշուած ժամանակահատուածում իր կրած դժուարութիւնների, ինչու չէ` նաեւ զրկանքների համար: Վերջապէս, կարելի է հասկանալ նաեւ սփիւռքի մեր հայրենակիցներին եւ յատկապէս Հայաստանից արտագաղթածներին, որոնցից շատերը իրենց արտագաղթելը հիմնաւորում են Հայաստանում տիրող անազատ մթնոլորտով: Այժմ կարծես թէ մթնոլորտը ազատ է, տեսնենք, թէ նրանցից քանիսը ետ կը վերադառնան: Եւ բնական է, որ այդ բոլոր դժգոհութիւնների թիրախը նախկին իշխանութիւններն էին, որոնցից ես նոյնպէս գոհ չեմ եղել:
Այլ հարց է, թէ հնչող դժգոհութիւնների ո՛ր մասն է առարկայական: Տուեալ դէպքում` որն է Ռ. Քոչարեանի` իբրեւ 1998-2008 թթ. Հայաստանի նախագահի մեղքի չափաբաժինը այդ տարիներին Հայաստանի քաղաքացու կրած դժուարութիւնների համար: Եւ արդեօ՞ք մէկ ուրիշի ղեկավարման դէպքում վիճակը կարող էր աւելի լաւ լինել: Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում տնտեսական առումով ամէնից լաւ վիճակը եղել է հէնց Ռ. Քոչարեանի պաշտօնավարման տարիներին:
Սակայն Ռ. Քոչարեանին այլ մեղադրանք է ներկայացուել` «սահմանադրական կարգի» տապալում, որի ընթացքում զոհուել է Հայաստանի տասը քաղաքացի: Այլ կերպ ասած` Ռ. Քոչարեանը համարւում է «մարտիմէկեան» դէպքերի գլխաւոր պատասխանատուն: Սակայն Հայաստանի յատուկ քննչական ծառայութեան կողմից այդ առնչութեամբ տարածուած տեղեկատուութեան մէջ «սահմանադրական կարգի տապալման» ոչ մի հիմնաւորում չի բերւում: Հետեւաբար, գոնէ այդ տեսքով այն մերկապարանոց յայտարարութեան տպաւորութիւն է թողնում: Վերջին երեք ամիսների ընթացքում ելեկտրոնային կայքերում պարբերաբար տեղադրւում են «մարտիմէկեան» դէպքերը ինչպէս իշխանամէտ (նախորդ), այնպէս էլ ընդդիմադիր (դարձեալ նախորդ) դիրքերից լուսաբանող տեսանիւթեր: Այդ տեսանիւթերի համադրումից ստացուող տպաւորութիւնը միանշանակ չէ: Հետեւաբար, գոնէ ինձ համար միանշանակ չէ նաեւ, որ Ռ. Քոչարեանը կամ օրուայ իշխանութիւնը տասը զոհերի միակ պատասխանատուն է: Ռ. Քոչարեանը պատասխանատու կարող է դիտուել որպէս գործող ղեկավար, որի պաշտօնավարման ընթացքում զոհուել են ցուցարարներ` Հայաստանի քաղաքացիներ: Սակայն նշուած տեսանիւթերից իմ ստացած տպաւորութեամբ զոհուածների ճակատագրի համար ոչ պակաս պատասխանատուութիւն է կրում նաեւ օրուայ քաղաքական ընդդիմութիւնը` իր առաջնորդի գլխաւորութեամբ, որը հասարակութիւնը պատնէշի վերածեց բառիս ուղղակի ու փոխաբերական իմաստներով եւ իր համակիրներին մղեց պետական մեքենայի հետ կոշտ հակադրութեան: Ովքեր 1996-ի նախագահական ընտրութիւններում եղել են ընդդիմութեան ճամբարում, կը յիշեն, որ այն օրերին նոյնպէս եղել է կոշտ ուժի դրսեւորում (ընդդիմութեան ընտրազանգուածի ներխուժումը Ազգային ժողովի շէնք), բայց չեղան զոհեր, չնայած որ Աժ-ի տարածքում եղան կրակոցներ: Մեզ կ՛ասեն` որովհետեւ այն օրերի իշխանութիւնները չկրակեցին ժողովրդի վրայ: Իսկ ես կ՛աւելացնեմ` ոչ միայն: Որովհետեւ ընդդիմութեան օրակարգում չկար ուժային հակադարձման բեմագրութիւն, իսկ տեղի ունեցածը տարերային բնոյթ ունէր` չնայած հետագայում շրջանառուող տարաբնոյթ խօսակցութիւններին: 1996-ի ընդդիմութեան առաջնորդների մի մասին դատապարտեցին տարբեր ժամկէտներով ազատազրկման, սակայն կալանավայրից դուրս գալուց յետոյ նրանցից ոչ ոք չմտածեց վրէժխնդրութեան մասին, որովհետեւ հասկանում էին, որ չի կարելի երկիրը ներքաշել անձնական պարզաբանումների (ռազբորկաների) յորձանուտը: Որովհետեւ նրանք մեր նոր պետականութեան ակունքներում կանգնած մարդիկ էին եւ պետական շահը վեր էին դասում անձնականից:
Ակնյայտ է, որ Ռ. Քոչարեանին ներկայացուած մեղադրանքն ունի քաղաքական (թերեւս` նաեւ ենթակայական) շարժառիթներ: Հետեւաբար պէտք չէ միամիտ լինել եւ մտածել, թէ նրա կալանաւորումը հայրենի «անկախ» դատական իշխանութիւնների նախաձեռնութեան դրսեւորումն է, ինչպէս որ փորձում են մատուցել բարձրաստիճան պետական այրերը: Մեր դատական իշխանութիւններն իրական անկախութիւնից դեռեւս այնքան հեռու են, որքան, մեծ բանաստեղծի խօսքերով ասած, «մինչեւ մարդը` իր ճամբան»: Իսկ դա նշանակում է, որ մեր իսկ ձեռքերով մեր իսկ երկիրը մղում ենք ներքաղաքական ալեկոծումների յորձանուտը, որից, համոզուած եմ, կարող է շահած դուրս գալ միայն օտարը, միայն մեր թշնամին, որը միշտ սպասում է ջրի պղտորուելուն: Պետական շահը մասնաւոր շահին ստորադասելու փորձերը մեծ հաշուով դատապարտուած են, բայց կարճ ժամանակի մէջ դրանք կարող են աւերիչ ազդեցութիւն ունենալ: Դա է վկայում պատմութիւնը` ինչպէս մեր, այնպէս էլ այլ ժողովուրդների: Քաղաքական վիպապաշտութիւնը չշփոթենք ազգային վիպապաշտութեան հետ: Առանց ազգային վիպապաշտութեան` չի կարող լինել ազգային ազատագրական պայքար: Հետեւաբար չի կարող ձեւաւորուել նաեւ ազգային գաղափարախօսութիւն:
Մ. Նալբանդեանը, Ռ. Պատկանեանը, Րաֆֆին, Գ. Արծրունին, Ք. Միքայէլեանը, Ս. Զաւարեանը եւ էլի ուրիշներ 19-20-րդ դարերի հայ ազգային վիպապաշտութեան վառ ներկայացուցիչներն էին, առանց որոնց երազած արժէքների` դժուար է պատկերացնել մեր ազգային պայքարը յանուն ազատ հայրենիքի: Քաղաքականութեան մէջ պիտի գերակայի գործնապաշտութիւնը: Քաղաքական վիպապաշտութիւնը (եթէ մի պահ ընդունենք, որ տեղի ունեցողը նաեւ քաղաքական վիպապաշտութեան տարրեր է պարունակում) դատապարտուած է, որովհետեւ քաղաքական վիպապաշտութիւնը տոնքիշոթութիւն է: Քանի որ «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդները օտարների պատմութեանը աւելի լաւ են տիրապետում, քան` սեփական ժողովրդի պատմութեանը, օրինակներ բերենք օտարների քաղաքական պատմութիւնից: Այսպէս, Ֆրանսական Մեծ յեղափոխութեան (1789 թ.) առաջնորդներից Մաքսիմիլան Ռոպեսփիերը, որն իր փոխհամաձայնութեան չգնալու վարքագծի համար ստացել էր Անկաշառ մականունը, զոհ գնաց նոյն կիյոթինին, որի տակ թռչում էին ուրիշների գլուխները Ֆրանսայի Մեծ ժողովում նրա արտասանած իւրաքանչիւր ճառից յետոյ: Ուինսթըն Չըրչիլը, որը եղել է Մեծն Բրիտանիայի ամէնից ազդեցիկ վարչապետներից մէկը, Բ. Աշխարհամարտից յետոյ Փոցտամի խորհրդաժողովում (1945 թ.) աշխարհի վերաբաժանման վճռորոշ պահին ստիպուած եղաւ լքել խորհրդաժողովը, որովհետեւ նրա կուսակցութիւնը պարտուել էր խորհրդարանական ընտրութիւններում:
Պատերազմում յաղթող կողմի կուսակցութիւնը պատերազմից անմիջապէս յետոյ պարտութիւն էր կրել ներքաղաքական կեանքում: Արդա՞ր էր բրիտանացիների վերաբերմունքը Չըրչիլի կառավարութեան նկատմամբ, թէ՞ ոչ, դժուար է ասել, բայց մի բան պարզ է. ժողովրդին չեն դատում, ժողովուրդն է դատում: Իսկ ժողովուրդը չափանիշներ չունի: Մէկ օրինակ էլ` մեր ոչ հեռաւոր անցեալից. 1920 թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանում իշխանութիւնը պոլշեւիկներին յանձնելուց յետոյ, ըստ Ս. Վրացեանի, ժողովուրդը առանձնապէս ծանր չտարաւ անկախութեան կորուստը: Աւելի՛ն. ծանր չտարաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան ներկայացուցիչների ձերբակալութիւնները: Գործիչներ, որոնք մեծ ծառայութիւն ունէին նոյն ժողովրդին ցեղասպան թուրքից պաշտպանելու, նրան հայրենիք պարգեւելու, նրա մշակոյթի եւ գրականութեան զարգացման գործում: Այլ կերպ ասած` գործիչներ, որոնցից շատերը հայ ժողովրդի երախտաւորներից են (Յ. Քաջազնունի, Հ. Օհանջանեան, Ն. Աղբալեան, Լ. Շանթ, խմբապետ Համազասպ եւ ուրիշներ): Ժողովուրդը ծանր չտարաւ, որովհետեւ եկողը ռուսն էր, թէկուզեւ` պոլշեւիկ ռուսը, որը իրեն խոստանում էր ֆիզիքական եւ նիւթական ապահովութիւն: Բայց երբ նոր իշխանութիւնները չկատարեցին իրենց խոստումները, նոյն ժողովուրդն ըմբոստացաւ նրա դէմ եւ տապալեց պոլշեւիկեան վարչակարգը (1921 թ. Փետրուարեան համաժողովրդական ապստամբութիւնը): Կարծում ենք` այսքանն էլ բաւարար է, որպէսզի «օրինականութեան ամէնից բարձր աստիճան ունեցող» նորօրեայ իշխանութիւնները որոշ իրատեսական եզրակացութիւններ անեն:
Արդարադատութիւնը չի կարող ընտրովի լինել, իսկ այսօր այն ընտրովի է: Մեր երկրում անարդարութիւնը 1998-ից չի սկսւում, այլ երկու տարի աւելի վաղ` 1996-ից: 1998-ին տեղի ունեցած իշխանափոխութիւնը 1996-ի տրամաբանական զարգացումն էր, որովհետեւ ղարաբաղեան հիմնահարցով իշխանութեան եկած քաղաքական ուժը փորձում էր ամէն գնով թօթափել այդ «բեռը»: Ղարաբաղեան հակամարտութեան հարցում նա այսօր էլ չի վերանայել իր պատկերացումները, իսկ «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդները, այսպէս կոչուած, «խաղաղութեան կուսակցութեան» հոգեզաւակներն են եւ առնուազն ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման առումով դեռեւս վստահութիւն չեն ներշնչում:
Խիստ վիճայարոյց էին նաեւ 1996-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Աւելի՛ն` 1995-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները:
Ուրեմն, եթէ իսկապէս արդարադատութիւն իրականացնելու ցանկութիւն կայ, եկէք` մի քիչ էլ ետ գնանք եւ սկսենք 1995-ից: Եկէք` տեսնենք, թէ մեր պետականութեան նաւը ո՛ւր կը տանի այսօրինակ պարզաբանումների ճանապարհը:
Իրատես քաղաքական եւ պետական գործիչը պիտի զգայ ոչ միայն գործելու ժամանակը (պիտի խոստովանել` նորերը դա զգացին), այլեւ` կանգ առնելու ժամանակը (սա առայժմ չի նկատւում): Կարծում եմ` կանգ առնելու ժամանակն է: Այսօր ժողովրդի անունից խօսելը ապագայում չի ազատի պատասխանատուութիւնից: Նո՛յն ժողովրդի առջեւ պատասխանատուութիւնից: Յիշէ՛ք, ժամանակն է ամէնից մեծ դատաւորը:
02/08/2018 թ.
Հոյակա՛պ մեկնաբանութիւն եւ առարկայական վերլուծութիւն: Ամէն բան ըսուած է եւ՝ շատ տեղին: Յուսանք որ հայ մամուլը, Սփիւռքի թէ Հայաստանի մէջ, կ’արտատպէ այս յօդուածը: Կարելի է զայն նաեւ որպէս թռուցիկ բաժնել Երեւանի հրապարակն ու սրճարանները խճողած, այլապէս՝ անբան ու անգործ երիտասարդներուն՝ յուսալով որ փոխանակ հեղինակին հանդէպ լուտանքներ տեղացնելու՝ հայելիին առջեւ պահ մը պարզեն իրենց կաղապարա-քարացած ուղեղները…