Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տարեդարձ. Յովհաննէս Քաջազնունի. 150-Ամեակ

Յուլիս 10, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

13 սեպտեմբերի, 1888 ամի
Ս. Փեթերսպուրկ

«… Երբ մարդ բան մը ունի, որ ամէնից թանկ է իրեն համար, նա նորան կը փայփայէ, կը պաշտպանէ, ամենայն ջանք գործ կը դնէ, որ այդ թանկագին գինը կրկնապատկուի, եռապատկուի: Ինձ համար ամենաթանկագինը դու ես, ամենաթանկագինը, լաւ հասկացիր  ասածս` ամենաթանկագինը: Ես այնքան սերտ կապուած եմ  հետդ, որ առանց քեզ չէ թէ երջանկութիւն, ես կեանք անգամ չունեմ, չեմ կարող ունենալ: Եթէ այս ամէնը մինչեւ հիմա չէիր հասկացել, գոյնայ (գոնէ-Խմբ.) այժմ հասկացիր… եւ ի՞նչ կայ զարմանալու, երբ ես կ՛ուզեմ, որ դու բոլորովին համապատասխան լինես իմ իտէալիս, ունենաս այն յատկութիւնները, ինչ յատկութիւնները, իմ կարծիքովս, պիտի ունենայ ամենայն յարգուելու արժանի մարդ: Իմ համոզմունքովս, ազգութիւնից դուրս մարդկութիւն չկայ, ամենայն մարդ, ամէնից առաջ ազգի մը պիտի պատկանի. ազգ չունեցող մարդը, ինչպէս եւ` կրօն չունեցողը, այլեւս մարդ չէ: Հայերիս, աւելի` քան որեւիցէ ուրիշ ազգութեան, հարկաւոր է մտածել մեր ինքնութիւնը պաշտպանելու համար, որովհետեւ այդ ինքնութեանը մեծ վտանգներ կը սպառնան»:

Անձնական եւ ազգային, աւելի ճիշդ` ազգային եւ անձնական: Քաջազնունին դրանք չէր զատում իրարից: Իր ապագայ ընտանիքը չէր կարող դուրս լինէր հայրենասիրութեան եւ ազգասիրութեան տիրոյթներից: Իսկ այդ տիրոյթների առաջին եւ ամենակարեւոր խնդիրը  մայրենի լեզուի խնդիրն է: Խօսել, գրել հայերէն, թէկուզ սխալներով, բայց` հայերէն:

1888, դեկ. 17

«Մի բան ինձ շատ անախորժ է, քու ռուսերէն նամակները: Լսիր, այս բանի մէջ մի մազի չափ զիջում անգամ չեմ անիլ: Մեր լեզուն պէտք է հայերէն լինի: Այս բանի վերա ուշադրութիւն դարձուր եւ ապացուցուած է, որ ինձ ճիշդ կը սիրես…»:

Քաջազնունու համար երկուսի միջեւ ճիշդ սէրը հայկականութեան եւ հայրենասիրութեան հետ  շաղախուած սէրն էր: Նրա համար չկար կին, ընտանիք, գործ, միտք, որ ուղղակիօրէն չառնչուէր  ազգային արժէքների հետ: Մի խօսքով, որպէսզի Քաջազնունին համոզուէր, որ Սաթենիկը   իսկապէս սիրում է իրեն, ուրեմն վերջինս անտրտունջ պէտք էր անցնէր հայերէնով հաղորդակցութեան, որքան էլ այն դժուար լինէր լեզուին վատ տիրապետելու պատճառով: Այդպէս էլ եղաւ: Ծննդեան 20-ամեակի առիթով Յովհաննէսը Սաթենիկից իւրօրինակ նուէր  խնդրեց` խօսել մայրենի լեզուով: Դա այդ թեմայով իր վերջին խնդրանքն ու պահանջն էր:  Գրականութեան եւ արուեստի թանգարանում պահուող Քաջազնունու արխիւում այս նամակից  յետոյ նշանածին հասցէագրած ռուսերէն նամակներ այլեւս չգտայ: Փոխարէնը` գտայ հայերէն նամակներ եւ շուտով, արդէն` ոչ թէ իր նշանածին ուղարկուած, այլ կնոջը` Սաթենիկ Միրիմանեան-Քաջազնունուն: Նրանք ամուսնացան 1889-ի ամրանը: Յովհաննէսի հաստատակամութիւնը եւ վճռակամութիւնը սիրած աղջկայ հարցում վերջապէս ցանկալի  հանգրուանի հասան: Նա դեռ ուսանող էր: Աւելի՛ն. ամուսնութեան տարին պարզուեց, որ նա չի փոխադրուել 2-րդ լսարան, այլ մնացել է առաջինում: Յովհաննէսը արժանապատուութեան մեծ զգացում ունէր եւ ինչ որ ձեռնարկում էր, անպատճառ ուզում էր բարձր որակով եւ անթերի կատարել: Խօսքը նաեւ կրթութեանն էր վերաբերում: Ըստ երեւոյթին, քաղաքական գործունէութիւնը, Սաթենիկին սիրահարուած լինելը եւ անընդմէջ նրա համար պայքարելը որոշ չափով շեղել էին իր ուշադրութիւնը դասերից: Քաջազնունին գրում է. «Երկրորդ լսարանի քննութիւններից բոլորովին հրաժարուեցայ, որովհետեւ տես, որ պատրաստ չեմ: Իսկ քննուել եւ գրատախտակի մօտ իշու պէս կանգնել չուզեցի»:

***

Փեթերսպուրկի համալսարանական կեանքը 2 հունով էր ընթանում. մէկ` գիտական, միւսը` ընդյատակեայ քաղաքական: Եւ հայ ուսանողութիւնը քաղաքական խմբակի անդամներով ծրագրել էին Արեւմտեան Հայաստանի ազատագրութիւնը: Դա քաղաքական վիպապաշտութեան դասական օրինակ էր: Խմբակը, որի անդամ էր նաեւ Քաջազնունին 19-20 տարեկանում, հայութեան փրկութեան այս ծրագիրը գլուխ բերելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ էր կատարել` Թուրքիա լրտեսներ ուղարկելուց սկսած մինչեւ տղաներ Թուլա գործուղելը`  զինագործութեան հմտութիւնները սովորելու նպատակով: Խմբակի ամենագործունեայ անդամը  Սարգիս Կուկունեան անունով երիտասարդն էր, ով կարծում եւ հաւատում էր, որ բաւական է  մէկ զինուած ջոկատ դրօշներով եւ մարտական-հայրենասիրական երգեր երգելով` յայտնուի Արեւմտեան Հայաստանի սահմանի առաջին իսկ բնակավայրում, եւ ամբողջ հայութիւնը մէկ մարդու պէս ոտքի կը կանգնի, եւ այլեւս սուլթանը ոչինչ անել չի կարողանայ: 1890թ. Կուկունեանի ջոկատը Կարսի մարզից պատրաստուեց անցնել Արեւմտեան Հայաստանի սահմանը: Նա ուղղակի վստահ էր, որ արեւմտահայութիւնը ընդառաջ կը գայ իրեն, եւ միասին   կը կարողանան հակահարուած տալ թուրքական սահմանապահ զօրքերին: Բայց այդպէս չեղաւ, եւ Կուկունեանի 78 հոգուց բաղկացած ջոկատը կանգնեց թուրքական գերակշիռ ուժի առջեւ: Կուկունեանը նահանջեց եւ ընկաւ ռուսների ձեռքը: Եւ Կարսի սահմանապահ ուղեկալից ուղիղ աքսորուեց Սախալին: Արեւմտեան Հայաստանի ազատագրումը յետաձգուեց: Այն չի վերսկսուել մինչեւ օրս:

Երիտասարդական կրակը, որ առկայ էր Քաջազնունու հոգում եւ բռնկւում էր մերթ  քաղաքականութեան մէջ, մերթ անձնական-սիրային հարցերում, նոյն որակն ունէր` վիպապաշտական-առաւելապաշտական: Բայց այն մտորումները, որ նա ունենում էր` խորասուզուելիս իր  ներանձնային, ներաշխարհային ոլորտների մէջ, միանգամայն այլ բան են պատմում  Յովհաննէս Քաջազնունի անունով անհատականութեան մասին:

«Գէթ մէկ բան անհնար է` ունենալ գիտելիքներ, որոնց ստուգման, լրացման եւ շտկման, անգամ մինչեւ իսպառ հերքման եւ նորով փոխարինման կարիքը չլինէր: Մի՛ կառչիր տոկմաներից (վարդապետութիւններէն-Խմբ.) եւ համարձակօրէն դրանք ստուգման ենթարկիր, երբ կասկածես դրանց ճշմարտացիութեան մէջ: Բայց ինչպէ՞ս կարելի է ապրել կասկածի եւ անհաստատութեան մէջ եւ չունենալ յենման կէտ, ինքն իրեն հարց է տալիս Քաջազնունին եւ պատասխանում. ես ասում եմ, որ դու ապրում ես պատրանքների աշխարհում: Այս պատրանքային աշխարհը քեզ համար միակ իրական աշխարհն է: Այն, ինչ դու իրական ես համարում, իրական է միայն պայմանականօրէն եւ յարաբերականօրէն. սրանից դուրս ճշմարտութիւն չկայ: Ուշադրութիւնդ սեւեռելով ընկալուող  աշխարհի պատրանքայնութեան վրայ` ես ուզում եմ ուղղել քո մտքերը անընդհատ ինքնաստուգման, ուզում եմ ապահովագրել քեզ ինքնագոհ հանգստութիւնից եւ մեծամտութիւնից: Ես ընկալում եմ աշխարհը միայն իմ միջով եւ թողնում եմ դրա վրայ իմ սեփական մատնահետքերը: Իմ կողմից գիտակցուած, ընկալուած  ճշմարտութիւնը ոչ թէ ճշմարտութիւն է ինքնին, այլ` միայն ինձ հետ առնչուող»:

Հետաքրքիր փիլիսոփայութիւն է:

Քաջազնունին քաղաքականութեան մէջ շուտով բախուելու էր իր փիլիսոփայական թեզերին: Քաղաքական վիպապաշտութիւնը բախուելու էր քաղաքական իրապաշտութեան, ճշմարիտ թուացող հայեացքներն ու գաղափարները դառնալու էին թէական, քաղաքական ոգեշնչուածութիւնը վերածուելու էր քաղաքական սնանկութեան: Տեղի էր ունենալու ազգային երազների մեծ  փլուզում: Երջանիկ մարդը դառնալու էր դժբախտ մարդ: Հայաստանի Ա. Հանրապետութեան դժբախտ առաջին վարչապետ: Չէր կարող լինել երջանիկ, երբ ժողովուրդը  քաղցած էր, եւ ինքը ի պաշտօնէ ոչինչ անել չէր կարող: «Իմ վրայ անասելի ծանր լուծ է դրուած, լինում են ժամեր, երբ յուսահատութիւնը կրծում է ինձ ամբողջութեամբ», 1919թ. յունուարի 9-ին կնոջ գրած նամակում խոստովանել է Յովհաննէս Քաջազնունին: Չէր կարող երջանիկ լինել, երբ  Հայաստանի Ա. Հանրապետութեան հռչակումից յետոյ, ի դէպ, յանուն որի թուրքերի դէմ կռւում զոհուել էին իր 2 որդիները, 1918 յունիսի 4-ին իր ստորագրութիւնն էր դրել Պաթումի պայմանագրի տակ: Դժբախտութիւնների շղթան շարունակուելու էր մինչեւ իր դաժան սպանութիւնը Քա. Կէ. Պէ.-ի բանտում եւ կ՛ասէի` դրանից էլ յետոյ: Բայց դեռ որ ամէն ինչ յարաբերականօրէն լաւ էր: Քաջազնունին ամուսնացել էր իր սիրած աղջկայ հետ եւ առաջին դուստրն ունեցել: Երեխային, չգիտես ինչու, կոչել էին Հրաչեայ, թէեւ աղջիկ էր: Հետագայում Հրաչեան, դժգոհ` իր անունից, կ՛ընդունի նաեւ Անահիտ անունը եւ կը դառնայ Անահիտ-Հրաչեայ:

1891թ. դեռ ուսանող Քաջազնունին Ախալքալաքից ուտելիքով ծանրոցը ստանալուն պէս, Փեթերսպուրկից գրում է կնոջը. «Աչիկիս կրծած պաստեղի կտորը ինձ համար նոյնն է, ինչ որ  հաւատով հիւանդի համար սուրբ նշխարքը: Հագել եմ քո ձեռքով կարած բաները եւ ինձ երջանիկ եմ զգում: Գոհ չեմ միայն, որ շապիկներիս վրայ Հ տառն ես կարել (աղջկայ անուան առաջին տառը):  Ես ուզում եմ, որ իմ շորերի վրայ լինի Ս տառը (կնոջ` Սաթենիկի անուան առաջին տառը): Մինչեւ իսկ կրկնակօշիկներիս մէջ ես այդ տառն եմ կպցրել: Ինչ մեծ բաւականութիւն է ինձ համար, երբ գիշերները քնելիս` ես գլխիս տակ դնում եմ բարձը, որի վրայ կարուած է այդ Ս տառը, եւ բարձը հէնց այնպէս եմ դարձնում, որ տառը գայ երեսիս: Համբուրում եմ քեզ` հոգուոյս չափ սիրելի կինս եւ աղօթում քեզ համար»:

Նրանք նոյնչափ սիրահարուած էին, որչափ` մինչեւ ամուսնութիւնը: Եւ երեխաների ծնունդը ամուսինների շատ անձնական, երկուսին վերաբերող հարցերում փոխադարձ զգացմունքների, նուիրուածութեան, հետաքրքրութեան մէջ ոչինչ չէր նուազեցրել: Ընտանեկան յարաբերութիւններում երեխաները իրենց տեղն ունէին, այր եւ կին` միմեանց համար իրենց անխախտ եւ մշտական տեղը:

«Խնդրում եմ հանել եւ ինձ ուղարկել աչիկիս լուսանկարը: Համարեա գիշեր չի անցնում, որ թէ՛ քեզ եւ թէ՛ նրան չտեսնեմ երազում: Մինչեւ անգամ պառկելիս մի տեսակ ուրախութիւն եմ զգում` հաւատացած լինելով, որ գոնէ քնի մէջ ձեզ հետ կը լինեմ, եւ եթէ լինում են գիշերներ, որ դուք չէք գալիս, առաւօտեան շատ տխուր եմ զարթնում: Յիշո՞ւմ ես, Սաթէ՛ն ջան, որ ես երազներ տեսնելու ամենեւին սովորութիւն չունէի, իսկ այժմ հակառակն է: Եւ ոչ միայն ձեզ երկուսիդ եմ տեսնում, այլեւ երկրորդին` փոքրիկ-փոքրիկ, բոլորովին փոքրիկ եւ, երեւակայիր, նա էլ է աղջիկ: Հրաչիկին սաստիկ նման: Համբուրում եմ քեզ, սիրելի՛ս, իմ միակ եւ յաւիտենական սէրս, իմ թանկագին կինս, համբուրում եմ 1000 անգամ»:

Շուտով ծնուեց նրանց երկրորդ երեխան, բայց` ոչ աղջիկ, ինչպէս երազում տեսել էր հայրիկը: Նրան կոչեցին Արամ, Արամ Քաջազնունի: Ի միջի այլոց` այդ երազի մասին: Պարզւում է, որ Յովհաննէսը դիտաւորեալ է գրել, թէ աղջիկ է տեսել երազում, եւ որ ինքը շատ ուրախ է դրա համար: Բանն այն է, որ նա տեղեակ էր, թէ Սաթենը ինչքա՛ն էր փափաքում ամուսնուն որդի`  Քաջազնիութեան ժառանգորդ պարգեւելու մասին: Եւ շատ վախենում էր, որ տղայ չի ունենայ: Կնոջը քաջալերելու եւ աւելորդ յուզումներից զերծ պահելու համար էր Յովհաննէս Քաջազնունին նրբանկատօրէն յօրինել այդ երազի պատմութիւնը ցանկալի երկրորդ աղջկայ մասին:

Երկրորդ երեխայի ծնունդից յետոյ նա կնոջը գրում է իրենց ընտանեկան ծրագրերի մասին: Եւ այդ ծրագրերում կրկին քաղաքականութիւնն է:

«Եթէ մեր այն ընդհանուր, ամենամեծ, ամենախորին, ամենասուրբ ցանկութիւնները կատարուեն, մենք կ՛երթանք, ինչպէս շատ անգամ ասել եմ քեզ, Վան եւ մեր կեանքերը կը տանք այն ուղղութեանը, որ կը պահանջի մեր պարտքը: Իսկ եթէ առ ժամանակ այդ ցանկութեան իրագործումը յետաձգուելու է, մենք նուիրելով նրան մեր բոլոր ուժերը` մեր անձնական, մեր ընտանեկան կեանքը այսպէս կը դնենք. մենք կ՛ապրենք Թիֆլիսում»:

Քաջազնունու հայրը Պաթումի կալուածքը վաճառել էր, եւ իրեն բաժին հասնող դրամով Յովհաննէսը մտածում էր հող առնել Թիֆլիսում եւ տուն կառուցել, եթէ Վան գնալը դեռ չստացուի: Մեծ հաշուով, այդպէս էլ կառուցուել է Թիֆլիսը. հայերն իրենց շնորհքը եւ  ամենակարեւորը` փողերը թափել են Թիֆլիսում եւ յետոյ զարմացել, թէ ինչո՛ւ Հայաստանը, մասնաւորաբար`

մայրաքաղաք Երեւանը, մնացել է յետամնաց եւ աղքատ: 1918-ին, երբ Քաջազնունին իր դահլիճով Թիֆլիսից կը տեղափոխուի Երեւան, կը զգայ տարբերութիւնը: Երբ 1918-ի դեկտեմբերին Վրաստանը պատերազմ յայտարարի Հայաստանին, նա կը գրի. «Վրաստանը իր անվերջ լրբութիւններով մեզ ստիպեց պատերազմի դիմել»: Այն նոյն Վրաստանը, որի քաղաքները, տնտեսութիւնը եւ արուեստը անհեռատեսօրէն ծաղկեցրել էին  հայերը: Բայց դեռ 1892 թուականն էր, Երեւան տեղափոխուել օրակարգում չկար: Օրակարգում էին` Արեւմտահայաստանի ազատագրութեան հարցը, ցարին տապալելու ընդհանրական հարցը, որ   հայերին յուզում էր այնքանով, որ առնչւում էր արեւելահայութեան ինքնութեան պահպանութեան հետ, ուսումը Փեթերսպուրկի Քաղաքացիական ճարտարագէտների հիմնարկում, որին մնացել էր եւս 1 տարի  եւ անշուշտ ընտանիքը` կինը եւ 2 փոքրիկները.

1892թ. ապրիլ 17
Ս. Պ.

«Շատ ուրախ եմ, որ վերջապէս վճռել ես Արամին կովի կաթով կերակրել, միայն դարձեալ զարմանում եմ, թէ ինչո՛ւ դու ամենահեշտ եւ ամենապարզ բաները ծանրացնում  ես: Ի սէր Աստծոյ, մի՞թէ ամէն երեխայի կերակրողը պէտք է սեփական կով ունենայ, չէ՞ որ այն ժամանակ աշխարհը կովերի գոմ կը դառնայ: Մի՞թէ լաւ կաթ ունենալու համար դու պէտք է ծառայ վերցնես, կով գնես եւ նոյն կովին մի առանձին սննդականոնով պահես: Չեմ հասկանում: Բժիշկը իբրեւ բժիշկ պիտի ասէր այն ամէնը, ինչ որ ասել է: Դա նրա պարտաւորութիւնն է` առողջութեան համար ամէն իտէալական պայմաններ առաջարկել, բայց եթէ բժիշկներու ամէն մի խորհուրդը կատարելու լինենք, այն ժամանակ աշխարհիս երեսին ուրիշ ոչինչ մտածմունքներ պիտի չունենանք` բացի մեր մարմնոյ բարելաւութիւնը հոգալը»:

Ընտանեկան-առօրէական հարցերը նրա համար ամենեւին խորթ չէին: Կենցաղը, ապրուստը կեանքի դրսեւորման մի մասն էին, որոնց մասին պէտք էր մտածել եւ հոգալ, ինչպէս` ազգային կամ քաղաքական հարցերի մասին: Տարբերութիւնը միայն դրանց տրուելու չափի մէջ էր:  Այնպէս որ, գաղափարական անհատ լինելով` նա սովորական մարդ էր` իր սպառողական պահանջներով: «Եթէ ամսական ոչ թէ 40, այլ 440 ունենամ, դարձեալ փողի կարօտութիւն պիտի զգամ, դու ինձ գիտես… Ուղարկում եմ քեզ ձմրան կօշիկներ, բարով մաշես: Կօշիկի մէջ դրել եմ մի կտոր սապոն, դա շատ լաւ սապոն է, աղջկաս համար էլ ֆրանսական ցուցահանդէսում առել եմ մի ալժիրեան ապարանջան, որը նոյնպէս կօշիկի մէջ եմ դրել», գրում է 3-րդ լսարանի ուսանող Յովհաննէս Քաջազնունին կնոջը, 1891-ին:

Շուտով Հրաչեայի եւ Արամի օրօրոցների մէջ հերթով կը պառկեն, կը լացեն, կը ժպտան, կը նեղուեն Աշոտ, Ռուբէն, Կարէն եւ Մարգարիտ Քաջազնունիները: Նրանց հայրը աշխարհի ամենաերջանիկ մարդը կը համարի իրեն,  որովհետեւ գրեթէ անվերապահօրէն կը հաւատայ, որ իր երեխաները, առաւել եւս` թոռներն ու ծոռները, ապրելու են իր երազած ինքնորոշուած- ինքնիշխան հայրենիքում: Որ` իր ընտրութիւնը,  ճանապարհի առումով, միանշանա՛կ ճիշդ է եղել: Յիշում էք իր խօսքերը. «Ես կանգնած եմ 2 ճանապարհների ընտրութեան առջեւ եւ չգիտեմ` ո՛ր կողմ գնալ` Շէյքսփիրի՞, թէ՞ Էրզրումի»: Նա ընտրեց Էրզրումը, այսինքն` դէպի իր ծագումը տանող ճանապարհը: Բայց այդ ճանապարհը միայն քաղաքական պայքարով եւ զէնքով հարթուող ճանապարհ չէր, դա նաեւ ծինը կենսունակ պահելու ճանապարհն էր: Եւ նա ունեցաւ 6 զաւակ` 4 տղայ, 2 աղջիկ: «Ես արդէն զգում եմ ապագայի երջանկութիւնը», կ՛ասի Յովհաննէս Քաջազնունին սիրելի կնոջը` իր ազգային մեծ երազի փլուզումից շատ տարիներ առաջ:

(Շար. 2)

Նախորդը

Նոր Սիսի Ս. Սարգիս Եկեղեցւոյ Մէջ Անդրանիկ Պատարագի Մատուցում

Յաջորդը

Հայրենի 11 Երիտասարդ Արուեստագէտներու Ցուցահանդէս. Նոր Հայաստանի Շունչը Երիտասարդ Արուեստագէտների Մտածումներում Եւ Գործերում

RelatedPosts

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞
Անդրադարձ

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞

Օգոստոս 21, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?