ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի հարցազրոյցը «Ապառաժ»-ին:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախում ստեղծուած ներքաղաքական իրավիճակը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները յուշում են, որ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնն օրախնդիր է, եւ Արցախը եւս չի կարող յետ մնալ այդ գործընթացներից: Հասարակական զարգացման օրինաչափ ընթացքը յուշում է, որ մենք անհրաժեշտութիւն ունենք նոր գործիչների եւ նոր գաղափարների, եւ որ վաղուց պէտք էր ձեռնարկէինք փոփոխութիւնները: Այսօր մեր հանրապետութիւնում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ երկիրը փոխելու ձգտումը հէնց դրա արտացոլանքն են:
ՀՅ Դաշնակցութիւնը, որպէս քաղաքական կուսակցութիւն, դէմ է քուէարկել ընդունուած սահմանադրութեանը` համոզմունք ունենալով, որ առաջարկուող նախագծի անհրաժեշտութիւնը չկայ, եւ որ այն, ըստ էութեան, չի արտացոլում երկրի զարգացման տրամաբանութիւնը: Մեզ այդ օրերին քննադատում էին, դիտարկում` որպէս չկամեցող, սակայն, ցաւօք սրտի, մենք ճիշդ էինք:
Այսօր սահմանադրութեանը դէմ քուէարկած փոքրամասնութիւնն առաջնորդւում է մեծամասնութեան կարծիքով, որը չի լսել եւ չի մարսել տասնամեակների ընթացքում հայութեան կեանքը կարգաւորած, պետականութիւն հիմնած քաղաքական ուժի յորդորը: Իսկ այսօր մեղադրանք են ներկայացնում քաղաքական ուժերի, այդ թւում` նաեւ Դաշնակցութեան հասցէին:
Այսօր մոտայիկ է դարձել խօսել ժողովրդի անունից եւ արդարութեան մասին:
Ցաւ եմ ապրում, երբ արդարութեան մասին խօսում են մարդիկ, որոնք թաղուած են կեղտի մէջ, մարդիկ, որոնք կերակրատաշտակից ամենաշատն են օգտուել, եւ որոնք տարիներ շարունակ այս կամ այն ձեւով ոտնահարել են հանրութեան իրաւունքները: Սա ինձ համար ընկալելի չէ:
Ընկալելի չէ նաեւ այն մարդկանց մօտեցումները, որոնք իրաւունք են վերապահում խօսելու ժողովրդի անունից: Ժողովրդի անունից իրաւունք ունի խօսելու միայն ինքը` ժողովուրդը: Մեր հանրային կեանքը պէտք է բարեփոխուի հէնց ժողովրդի կողմից պատասխանատուութիւն ստանձնելու ճանապարհով այս կամ այն քաղաքական ուժի եւ գործիչների նկատմամբ` քուէով արտայայտելով համապատասխան վերաբերմունք: Բարեփոխումների անհրաժեշտութիւն ունենք, սակայն այդ ամէնը պէտք է իրականացնենք օրէնքի սահմաններում` վերը նշածս ճանապարհով:
Հ.- Վերջին շրջանում ականատես ենք մի շարք փոփոխութիւնների` հրաժարականներ, պաշտօնանկութիւններ, նոր նշանակումներ, սակայն ծրագրային, ոլորտային ի՞նչ փոփոխութիւնների հրամայականի առջեւ ենք այսօր:
Պ.- Մեր երկրում բարեփոխումները պէտք չէ սահմանափակուեն միայն քատրերի տեղաշարժով: Բարեփոխումները պէտք է լինեն համակարգային:
Սկսենք քաղաքական դաշտից:
150.000 բնակչութիւն ունեցող Արցախում այսօր գործում են տասնեակ կուսակցութիւններ: Հիմնւում են նոր կուսակցութիւններ` պաշտօն եւ դիրք զբաղեցնելու նպատակով: Քաղաքականութեամբ պէտք է զբաղուի այն մարդը, ով ծնուել է դրանով զբաղուելու համար: Արցախում կուսակցութիւններն առաւել շատ ձեւաւորուել են անձերի շուրջ, քան թէ` գաղափարների: Պատճառը նիւթապաշտութիւնն ու անձնապաշտութիւնն է եւ այստեղից` հարեւանի ու համաքաղաքացու խնդիրները չտեսնելը: Կուսակցապետները հպարտանում են նաեւ բաժանած կուսակցական տոմսերի քանակով: Սակայն չի կարելի հասարակական զարգացումները տանել նման ճանապարհով` վտանգի տակ դնելով պետական ողջ համակարգը:
Կուսակցութիւնները պէտք է հիմնուեն քաղաքական, գաղափարական հենքի վրայ` պատրաստակամութիւն յայտնելով իրենց ուսերի վրայ տանելու ժողովրդի հոգսը, երկրի զարգացման հեռանկարը եւ անվտանգութեան հետ կապուած հարցերը: Այս պարագայում, կարծում եմ, կը մեծանայ հանրութեան վստահութիւնը կուսակցութիւնների նկատմամբ:
Մէկ այլ խնդիր է մեր քաղաքական համակարգում կուսակցութիւնների կայացման համար անհրաժեշտ նպաստաւոր պայմանների բացակայութիւնը: Քաղաքական ուժերին չի տրւում համապատասխան լծակներ, երկրի կառավարմանը մասնակցելու իրաւունք: Իսկ պարտականութիւնը տրամագծօրէն կապուած է իրաւունքի հետ:
Հանրութիւնը, որպէս դատաւոր, քաղաքական ուժերին պէտք է վերահսկի եւ համապատասխան գնահատականներ տայ: Ցաւօք մեր օրերում այդ գնահատականները անաչառ չեն լինում, եւ այդ պայմաններում քաղաքական բախտախնդիրների համար կանաչ ճանապարհ է բացւում:
Բացի քաղաքական դաշտի խնդիրներից` մենք ունենք նաեւ բազում ու բազմաթիւ այլ հարցեր: Իսկ ո՞վ չգիտի, որ մեր հասարակութեան մէջ եղել են նաեւ արտօնեալ մարդիկ, որոնք օգտագործել են իրենց պաշտօնը անձնական հարստութիւն կուտակելու եւ անձնական խնդիրները լուծելու համար:
Ո՞վ չգիտի, որ մեր տնտեսութեան որոշ ճիւղերում անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ` մասնաւորապէս գիւղատնտեսութեան եւ գիւղերի զարգացման ու վերաբնակեցման ասպարէզներում: Էլ չեմ խօսում ընկերային ոլորտից:
Անդրադառնամ քատրային քաղաքականութեանը: Նախարարական, վարչութեան պետերի պաշտօններ են ստանում մարդիկ, որոնք բացարձակ կապ չունեն կառավարման համակարգի հետ, որոնք չունեն համապատասխան կրթութիւն, գիտելիքներ եւ փորձառութիւն:
Նման երեւոյթներին առանց ցնցումների, տրամաբանական եւ կամային որոշումների միջոցով պէտք է վերջ դրուի: Քաղաքական ցնցումների պայմաններում բախտախնդիր եւ արկածախնդիր մարդիկ կարող են հասնել այնպիսի բարձր պաշտօնների, որ մեր երկիրը հասցնեն աւելի վատթար վիճակի:
Նշեմ նաեւ, որ այսօր երկրում գոյութիւն ունեցող լարուածութիւնն ստեղծուել է նաեւ այն մարդկանց պատճառով, որոնք տասնամեակներ շարունակ պաշտօններ են ունեցել եւ բացի իրենց անձնական հարցերից` ոչինչ չեն լուծել: Այդ մարդիկ այսօր իշխանութեան մէջ չեն եւ մի կողմ քաշուած` վայելում են անօրէն ճանապարհով իրենց կուտակածը: Պէտք է քաղաքական գնահատական տալ եւ արձանագրել դրանից բխող հետեւանքները:
Հ.- Այս գործընթացներում ո՞րն է ԱԺ-ի դերն ու դերակատարութիւնը:
Պ.- Այսօր առաջնային մանդատ ունեցող միակ կառոյցը, ըստ էութեան, Աժ-ն է: Գաղտնիք չէ, որ Աժ-ն է անցումային շրջանի համար ընտրել հանրապետութեան նախագահին, եւ որ` դատական համակարգը ձեւաւորւում է Աժ-ի կողմից: Հետեւաբար երկրի զարգացման հետ կապուած հարցերի պատասխանատուութիւնն Աժ-ն պէտք է նաեւ իր վրայ վերցնի: Աժ-ում ներկայացուած քաղաքական հինգ ուժերը տարբեր գաղափարական մօտեցումներ ունեն, բայց կարծում եմ` բոլորին պէտք է իրար միաւորեն այս երկրի շահն ու անվտանգութիւնը: Քաղաքական հինգ ուժերը պէտք է ունենան երկրի զարգացման իրենց միասնական տեսլականը:
Հ.- Վերջին շրջանում, սակայն, հանրութեան տարբեր շերտեր անվստահութիւն են յայտնում Աժ-ի նկատմամբ: Հանրային խորհուրդը Աժ-ն անուանում է քլինիքական մահ ապրող մարմին, աւելի յաճախ շահարկուել է պատգամաւորների աշխատավարձի հարցը: Ինչի՞ հետեւանք է այս անվստահութիւնը օրէնսդիր մարմինի նկատմամբ եւ ի՞նչ հետեւութիւններ պէտք է անել:
Պ.- Կարծում եմ, որ այս ամէնը նախ եւ առաջ փակ համակարգում աշխատելու հետեւանք է: Հանրութիւնը համապատասխան տեղեկատուութիւն չի ստանում Աժ-ի գործունէութեան վերաբերեալ: Յանձնաժողովների նիստեր ենք գումարում, պիւտճէի ընդունման եւ կատարողականի վերաբերեալ հարցեր ենք քննարկում: Դրանք օրախնդիր հարցեր են, բայց հանրութիւնը տեղեակ չէ:
Երկրորդ պատճառը հանրութեան մօտ Աժ-ի իրաւասութիւնների մասին յստակ պատկերացման բացակայութիւնն է: Հանրութիւնը սահմանադրութեամբ մեզ տուել է օրինաստեղծ գործառոյթ: Հասարակութեան որոշ շերտերի համար ԱԺ պատգամաւորը վատն է, որովհետեւ նա չի կարողանում փոխել քաղաքացու տանիքը կամ ասֆալտապատել նրա բակի ճանապարհը: ԱԺ պատգամաւորը ո՛չ նման իրաւասութիւն եւ ո՛չ էլ հնարաւորութիւն ունի: Ընկերային եւ տնտեսական նշանակութեան հարցերը լուծում է գործադիր իշխանութիւնը:
Միւս կողմից` գոյութիւն ունի նաեւ մէկ այլ իրողութիւն: Մենք ունցել ենք 6 գումարման ԱԺ, եւ ես մի անգամ չեմ լսել, որ ժողովուրդը գոհ լինի այս կամ այն Աժ-ից: Օրէնսդիր մարմինից ակնկալիքները չեն համապատասխանում սահմանադրութեամբ պատգամաւորներին վերապահուած իրաւունքներին:
Եւ, ի վերջոյ, Աժ-ի պատգամաւորները հանրութեան կողմից ընտրուած գործիչներ են, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցութիւններ: Չի կարելի բոլորին վատաբանել, որովհետեւ կան ինչպէս լաւ, այնպէս էլ վատ աշխատողներ: Թող հանրութիւնը արդարացի գնահատի այս կամ այն պատգամաւորի եւ քաղաքական ուժերի գործունէութիւնը, անցած ճանապարհը, եւ յաջորդ ընտրութիւններում ճիշդ որոշում կայացնի:
Հ.- Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները ինչպէ՞ս կարող են ազդել երկրի կայունութեան եւ անվտանգութեան վրայ` հաշուի առնելով վերջին շրջանում Արցախի եւ Հայաստանի սահմանում հակառակորդի նկատուող աշխուժութիւնը:
Պ.- Շատ դէպքերում հանրութեան որոշ շերտեր որպէս շանթաժ եւ բարեփոխումները ձախողելու փորձ է ընդունում պատերազմական երկիր լինելու հանգամանքը: Փառք Աստծոյ, որ ՀՀ նոր իշխանութիւնները եւս գնահատում են տարածաշրջանային զարգացումները: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը համապատասխան նոր հրահանգ է տուել բանակին: Ի վերջոյ, Ազրպէյճանի կառավարութեան գնած «սմերչ»-ները կամ դրանց համարժէք ժամանակակից զէնքերը Պաքուի թանգարանները զարդարելու նպատակով չեն ձեռք-բերուել: Ազրպէյճանը այսօր չի թաքցնում իր յաւակնութիւնները` խօսելով Արցախի, Երեւանի, Արարատեան դաշտավայրի եւ Սեւանի մասին: Այդ ամէնից ելնելով նրանք համապատասխան ուժեր են կուտակում ինչպէս Նախիջեւանում, այնպէս էլ արցախեան ճակատում:
Եթէ մենք Գերմանիայի եւ Ֆրանսայի արանքում մի երկիր լինէինք, կարծում եմ, որ կարելի էր փորձեր անել` այս կամ այն ճանապարհով գնալ, բայց քանի որ մենք գտնւում ենք աշխարհի այս թէժ հատուածում` շրջապատուած թշնամական երկրներով, մեր ամէն մի քայլը պէտք է բխի անվտանգութեան հարցերից: Մենք չենք մոռացել 1991-94, 2016 թուականների դառնութիւնները, եւ այս ամէնին պէտք է լուրջ վերաբերուել: Ամէն մի անօրինականութիւն հասարակութեանը բերում է ցնցումներ եւ ձեւաւորում անհանդուրժողականութեան մթնոլորտ, որից միայն ու միայն թշնամին է օգտւում: Երկրի անվտանգութեան հիմնական երաշխիքը ժողովրդի միասնականութիւնն է:
Ես նոր բան չեմ ասում, մեր պատմութիւնն է դա փաստում: Այս ամէնով մենք անցել ենք ու այդ ամէնի պատճառով կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը:
Այսօր զոյգ հայկական պետութիւնների գոյութիւնը վկայում է, որ մենք գտնւում ենք շահեկան վիճակում, եւ մեր ամէն մի քայլը պէտք է խոհեմութեամբ արուի: Տարբեր քաղաքական դաշտերում կանգնած հանրութեան ներկայացուցիչներ վաղը կարող են յայտնուել նոյն խրամատում: Միայն սիրոյ միջավայրում կարող են միասնաբար ճակատ կազմել եւ ոչ թէ` հակակրանքի ու ատելութեան:
Մենք ճանապարհ ունենք անցնելու, եւ դա պէտք է անցնենք օրինականութեան եւ համերաշխութեան մթնոլորտում` հանրութեան բոլոր շերտերի եւ աշխարհի համար ընկալելի պայմաններում:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ