Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մաքսանենգութիւնը` Սպառազինման Ուղի Ազրպէյճանում

Յունիս 30, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Հիմնականում հէնց այս սկզբունքով է Պաքուն իրականացնում իր բանակի սպառազինման ողջ գործընթացը: Խօսքը, անշուշտ, չի վերաբերում Ռուսաստանից եւ Պելառուսից պարբերաբար Ազրպէյճան ներկրուող զանգուածային ոչնչացման արդիական զինատեսակների  ձեռքբերման խնդրին: Յետխորհրդային շրջանի այդ պետութիւնները, չնայած ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ պաշտօնական թղթաբանութեան մէջ համարւում են Հայաստանի ռազմավարական դաշնակիցները, այնուամենայնիւ, շարունակում են պարբերաբար զէնք ու զինամթերք մատակարարել Պաքուին, իմանալով, որ դրանք ցանկացած պահի կարող են կիրառուել իրենց դաշնակցի` Հայաստանի Հանրապետութեան դէմ, ում հետ Ազրպէյճանը թէկուզ պաշտօնապէս չյայտարարուած, բայց փաստացի պատերազմական վիճակի մէջ է: Երեւոյթի ակնառու վկայութիւն էր 2016-ի ապրիլեան կարճատեւ պատերազմը, որի ընթացքում ազրպէյճանական զինուժը, ի շարս  Թուրքիայից, Իսրայէլից, Ուքրանիայից, Փաքիստանից, այլ երկրներից ձեռք բերած զինատեսակների, Պաշտպանութեան բանակի զօրամասերի եւ Արցախի ճակատամերձ ու խորքային բնակավայրերի դէմ ազատ կիրառում էր նաեւ ռուսական հեռահար հրթիռային կայանքները: Վերջին շրջանում, դատելով լրահոսի տեղեկատուութիւնից, կարծես թէ համեմատաբար նուազել են ռուսական զէնքի առաքումներն Ազրպէյճան: Աւելին, Հայաստանի Զինուած ուժերը Ռուսաստանից վերջապէս, տեւական ձգձգումներից յետոյ, ստացել են «Իսկենտեր» կարգի հեռահար հրթիռային կայանքներ:

Վերջերս առաջացած խնդիրը Երեւանում բացատրում են Հայաստանի իշխանութիւնների ձեռնարկած քաղաքական ու դիւանագիտական քայլերով, իսկ Պաքւում` Ռուսաստանի կառավարութեան կազմում տեղի ունեցած  փոփոխութիւններով: Մասնաւորապէս, Պաքուի լրատուամիջոցներում ափսոսանքի զգացումով է արձանագրւում, որ Ռուսաստանի փոխվարչապետ Տմիթրի Ռոկոզինը, ով մինչ այդ Ռուսաստանի եւ Ազրպէյճանի տնտեսական զարգացման միջկառավարական յանձնաժողովի համանախագահն էր եւ պաշտօնի բերումով հսկայական աջակցութիւն է ցուցաբերել Պաքուին նորագոյն սպառազինութեան մատակարարման խնդրում, այլեւս նշանակուած է «Ռոսկոսմոս» պետական համագործակցականի գլխաւոր տնօրէն եւ զբաղւում է միայն  տիեզերական բնագաւառի կառավարմամբ: Իսկ թէ նշուած յանձնաժողովում նրան փոխարինելու եկած  տնտեսական զարգացման նորանշանակ նախարար Մաքսիմ Օրեշկինը նոյնպէ՞ս կը շարունակի իր տխրահռչակ նախորդի ազրպէյճանամէտ լոպիինկը, Պաքւում առայժմ դժուարանում են կողմնորոշուել: Թէկուզ, կարծում եմ, խնդիրը ոչ այնքան գործող անձանց փոփոխութեան մէջ է, որքան բուն իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան մէջ: Իսկ որ ռուսական քաղաքականութիւնն Այսրկովկասի ժողովուրդների նկատմամբ պատմութեան ողջ ընթացքում հիմնուած է եղել ու շարունակում է մնալ բացառապէս «Բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրայ, կարծում եմ` գաղտնիք չէ: Այնպէս որ` պէտք չէ բացառել Ռուսաստանից դէպի Ազրպէյճան զէնքի ու զինամթերքի  նոր առաքումները նաեւ առաջիկայում:

Խնդիրը կարծես թէ այլ կերպ է դրուած Արեւմուտքում: Ինչպէս յայտնի է, Եւրամիութիւնն արգելք է դրել իր անդամ երկրներից Ազրպէյճանին զէնքի մատակարարումների վրայ` հաշուի առնելով, որ նա հակամարտութեան մէջ է Հայաստանի հետ, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների կոպիտ խախտումներն Ազրպէյճանում: Այլ կերպ ասած, Եւրամիութեան եւ ոչ մի անդամ իրաւունք չունի սպառազինութիւն մատակարարել Պաքուին: Սակայն, ինչպէս վկայում են բացայայտուող իրողութիւնները, այդ արգելքն էական խոչընդոտ չէ Ազրպէյճանի իշխանութիւնների եւ մի շարք եւրոպական ու ասիական երկրների համար: Կարելի է վստահաբար արձանագրել, որ ընդունուող բոլոր օրէնքներն էլ ունեն դրանք շրջանցելու ու խախտելու սողանցքեր: Մանաւանդ, եթէ առկայ է պայմանաւորուող կողմերի, այսպէս ասած, «բարի կամեցողութիւնը», կաշառասունութեան ռիսքեր պարունակող մի հասկացութիւն, որը եթէ «թանկից էժան չկայ» սկզբունքով փորձենք նիւթականացնել, ապա կարող է կազմել գործարքի մասնակիցների ձեռքից ձեռք անցնող, միով բանիւ` կաշառատուութեան  միլիոնաւոր տոլարների, Ազրպէյճանի պարագայում` նաւթային տոլարների: Առաւել եւս, որ այդ «կեղտոտ փողերի» պակասը Պաքւում կարծես թէ չեն էլ զգում:

Ի վերջոյ, խնդիր է դրուած էլ աւելի համալրել պետական զինանոցը, յանուն ինչի բառացիօրէն օրերս Ազրպէյճանի կառավարութիւնը մշակել եւ Միլլի Մէջլիսի քննարկմանն է ներկայացրել  2018-ի գործող  պետական պիւտճէի փոփոխութեանն ուղղուած օրինագիծ, ըստ որի տարուայ համար սահմանուած ռազմական ծախսերը  նախատեսւում է  աւելացնել  6,1 տոկոսով, որ կազմում է շուրջ 100 միլիոն ամերիկեան տոլար եւ հասնել 1 միլիառ 709 միլիոն տոլարի, ինչը նախորդ տարուայ ռազմական պիւտճէն գերազանցում է աւելի քան 200 միլիոն տոլարով:

Ինչ խօսք, այդ գումարի մի զգալի մասը նախատեսուած է սպառազինութեան համար, որը, ինչպէս Պելառուսից վերջերս գնուած համազարկային կրակի «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի պարագայում էր, կ՛իրացուի հնարաւորինս օրինաւոր ձեւով`  համաձայն միջպետական պայմանագրերի: Ինչո՞ւ հնարաւորինս: Քանզի համապատասխան իրաւական փաստաթղթերի առկայութեան պարագայում անգամ խնդրի դրական լուծումը շատ յաճախ զուտ բիւրոկրատական քաշքշուքների որոշակի տեղիք է տալիս, մանաւանդ` Պելառուսի եւ Ազրպէյճանի իշխանութիւնների միջեւ գործընկերային յարաբերութիւնների շրջագծում էթիքական ու բարոյական  նորմերի բացակայութեան կամ այլ կերպ` բացարձակ իրաւական ամենաթողութեան պայմաններում: Ուստի Մինսք-Պաքու գործարքների վերջնական արդիւնքներին, որպէս աւանդոյթ, սովորաբար պարտադիր նախորդում են պայմանաւորուող  կողմերի էական «ձեռքսեղմումները»` «ազրպէյճանական լուացքատան» որդեգրած սկզբունքով, ինչի աղմկայարոյց նախադէպերին քանիցս ենք հանդիպել լրահոսի մատուցմամբ: Նոյն աւանդոյթը, ի միջի այլոց, յաջողութեամբ գործում է նաեւ Թէլ Աւիւ-Պաքու սպառազինութեան առուծախի գործարքներում, ինչի մասին քանիցս ահազանգել են հէնց իսրայէլական լրատուամիջոցները:

Որպէս օրինակ` ահաւասիկ վերջին ահազանգերից մէկը, որը, ըստ իս, վերաբերում է տարբեր բաղադրիչների` ինչպէս իրականացուած գործարքների անօրինականութեանը, նոյնպէս եւ դրանց նախորդած «նաւթատոլարային ձեռքսեղմումներին»:

Եւ այսպէս, իսրայէլական «Տը Ճերուսալեմ փոսթ» թերթը վերջերս` յունիսի 2-ի համարում հրապարակել է «Զէնք վաճառքի համար. զինական գործարքները խաթարում են Իսրայէլի հեղինակութիւնը» վերնագրով յօդուած` «Իսրայէլի արտահանումն Ազրպէյճան իրաւական եւ էթիկական հարցեր է յարուցում» ենթավերնագրով: Յօդուածում յայտնւում է, որ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը, ցուցանելով սոսկ  մայրցամաքները, չի նշում այն երկրները, որոնք, այսպէս ասած,  իսրայէլական «սպառազինութեան խաղալիքներ» են գնում:  Սակայն Սթոքհոլմի խաղաղութեան հիմնախնդրի միջազգային հիմնարկն (SIPRI) այդ առումով աւելի պերճախօս է: Եւ ահա, համաձայն այդ  հիմնարկի տուեալների, որպէս իսրայէլական սպառազինութեան թիւ 1 սպառող հանդէս է գալիս Հնդկաստանը (49 տոկոս), որին հետեւում են Ազրպէյճանը (13 տոկոս) եւ Վիեթնամը (6 տոկոս): Բացի այդ, նշւում է, որ Իսրայէլի պաշտպանական արդիւնաբերութեան արտադրանքի վաճառքը նախանցեալ տարուայ համեմատութեամբ աճել է 40 տոկոսով` 2017 թուականին հասնելով ռեքորտային գումարի` 9 միլիառ 200 միլիոն տոլարի:

Յօդուածի հեղինակը պնդում է, որ կարգաւորման գործընթացում  թափանցիկութեան եւ վերահսկողութեան բացակայութիւնը հող են ստեղծում ընկերութիւնների եւ մասնաւոր անձանց կողմից կաշառասունութեան եւ մեքենայութիւնների համար` հայրենասիրութեան եւ ազգային անվտանգութեան շահերի քողի ներքոյ:  Այս առումով թերթը օրինակ է բերում Իսրայէլի սպառազինութեան երեք խոշոր արտադրողներից մէկին` Elbit ընկերութեանը, որն իսրայէլական Czech TV հեռուստատեսութեան լրագրողական հետաքննութեան շնորհիւ աղմկայարոյց պատմութեան կենտրոնում է յայտնուել Ազրպէյճանին զէնք մատակարարելու կապակցութեամբ:

Համաձայն այդ հետաքննութեան, զէնքի արտադրութեամբ զբաղուող յայտնի չեխ գործարար Եարոսլաւ Ստրնատին պատկանող չեխական Czechoslovak Group հոլտինկը եւ նրա սլովաքեան ստորաբաժանումները գաղտնի կերպով պայմանաւորուել են Elbit ընկերութեան եւ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան հետ` ազրպէյճանական բանակին հրետանային եւ համազարկային կրակի հրթիռային կայանքներ վաճառելու մասին, աչք փակելով այն հանգամանքի վրայ, որ կեղծուած է վերջնական սպառողի նշուած հաւաստագիրը: Գործարքի արժէքը կազմում էր 50 միլիոն տոլար:

Իսրայէլական պարբերականը յիշեցնում է, որ Ազրպէյճանը երկարաձիգ ծովային ու ցամաքային սահման ունի Իրանի հետ, ազրպէյճանական-ղարաբաղեան հակամարտութեան կողմ է հանդիսանում եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ գտնւում է Իսրայէլի հետ ռազմավարական դաշինքի մէջ: Յիշեցւում է նաեւ, որ 2016թ. դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի հետ համատեղ մամլոյ ասուլիսում, որ տեղի է ունեցել Պաքուի Զակուլպա արուարձանի իր պալատում, հպարտօրէն յայտարարել է, թէ մի քանի տարուայ ընթացքում Ազրպէյճանը հրէական պետութիւնից ձեռք է բերել 5 միլիառ տոլարի սպառազինութիւն:

Աղմուկը բարձրացել է, երբ Պաքւում զինուորական շքերթի ժամանակ ցուցադրուել են հաուպիցներ եւ չեխական «Tatra» բեռնատարների վրայ տեղադրուած հրթիռային կայանքներ: Պարզուել է արդէն նշուած Czechoslovak Group-ի կապն այդ մատակարարումների հետ, ընկերութիւն, որը մասնագիտանում է խորհրդային  հին զէնքերի արդիականացման գործում:

Իսրայէլական թերթն այնուհետեւ գրում է, որ այդ զինատեսակները բեռնուել են ազրպէյճանական Silkways աւիաընկերութեան փոխադրական ինքնաթիռները, որոնց միջոցով էլ հասցուել են Իսրայէլ: Elbit ընկերութիւնն ապահովել է վերջնական սպառողի հաւաստագիրը` օրինական հիմք ստեղծելով, որպէսզի բեռն ընդունուի Իսրայէլում: Սակայն Silkways աւիաընկերութեան բեռնատար ինքնաթիռները Պեն-Կուրիոն օդանաւակայանում վայրէջք են կատարել, որից յետոյ, առանց բեռնաթափուելու շարունակել իրենց թռիչքը դէպի Ազրպէյճան:

Թերթը գրում է, թէ կատարուած գործարքը, որը հակասում է Եւրամիութեան եւ Տնտեսական համագործակցութեան ու զարգացման կազմակերպութեան քաղաքականութեանը (OECD –ОЭСР), հաստատուել է երեք կառավարութիւնների կողմից, սակայն Elbit ընկերութիւնը հրաժարուել է որեւէ մեկնաբանութիւն տալ, իսկ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, թէ դա քաղաքական գործ է, եւ չի մեկնաբանում ռազմական արտահանութիւնը:

Յօդուածագիրը նկատում է, որ իսրայէլական օրէնքները չեն արգելում զէնքի վաճառքն Ազրպէյճանին: «Սակայն,- ասում է նա,- Իսրայէլը OECD-ի կողմից, ինչպէս նաեւ  միջազգային իրաւական նորմերով պարտաւորւում է իր ռազմական արտահանութեան հետ կապուած կեղտոտ խաղեր չխաղալ», առաւել եւս` վերջնական սպառողին չապահովել կասկածելի հաւաստագրերով: Անդամակցելով OECD-ին, Իսրայէլը պարտաւորուել է պահպանել զէնքի առեւտրի կանոնները: Մինչդեռ, հեղինակի հաւաստմամբ, Իսրայէլը կաշառասուն գործելակերպի տէր երկրի համբաւ ունի, այդ թւում` զէնքի առեւտրի ոլորտում, այն վաճառելով ամենավատթար վարչախմբերին:

Ուշագրաւ է, որ չեխական զէնքն ապօրինի կերպով Ազրպէյճան տեղափոխելու  իրողութիւնը բացայայտել են նաեւ չեխ լրագրողները, նշելով, որ  չեխական հրթիռային կայանքները եւ հաուպիցները մաքսանենգ ճանապարհով Ազրպէյճան փոխադրելու համար օգտագործուել է Սլովաքիայի մայրաքաղաք Պրաթիսլաւայի օդանաւակայանը: Մասնաւորապէս, «Տը սլովաք սփեքթէյթըր» թերթը յայտնում է, որ թէպէտ չեխական Czechoslovak Group ընկերութիւնը հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն այդ մասին տեղեկութեան հրապարակումից յետոյ սլովաքեան MSM զինագործական ընկերութեան աշխատակիցը պատմել է, թէ ինչպէս են հին զէնքերը վերապատրաստուել Սլովաքիայի Տրենչին քաղաքում գործող ընկերութիւնում, իսկ այնուհետեւ Իսրայէլի միջոցով տեղափոխուել Ազրպէյճան:

Տեղեկութիւնը տարածուեց, երբ ազրպէյճանական բանակը վերջերս գովազդներից մէկում պարծեցաւ չեխական արտադրութեան զէնքերով: Մասնաւորապէս, նրանք ի ցոյց էին դրել հրետանային ինքնագնաց կայանք, 18 քիլոմեթր հեռահարութիւն ունեցող «Դանա» տեսակի հաուպից, ինչպէս նաեւ 20 քիլոմեթր հեռահարութիւն ունեցող համազարկային կրակի «Վամփիր» համակարգ:

«Ամբողջ գործընթացը սկսւում է «Դանա» տեսակի հին հաուպից բերելով, որն ընկերութեան կողմից մասերի է բաժանւում», Սլովաքիայի TASR լրատուական գործակալութեան փոխանցմամբ` Չեխական հեռուստաընկերութեան լրագրողներին ասել է MSM ընկերութեան աշխատակիցը: Մասերի բաժանուած զէնքի սռնին ուղարկւում է Չեխիայի Շթերնպերք քաղաքում գտնուող գործարան, որը նոյնպէս պատկանում է Եարոսլաւ Ստրնատին: Սռնու վերապատրաստումը տեւում է 2-3 շաբաթ, այնուհետեւ այն ուղարկւում է յետ` Սլովաքիա: Հաուպիցի մնացած մասերի վերապատրաստումից յետոյ այն կրկին հաւաքւում է եւ անցնում պալիսթիք փորձարկում:

Աշխատակիցը յայտնել է նաեւ, որ սարքերը, այդ թւում` նաւիգացիոն, տեսախցիկի ու կապի համակարգերը, ուղարկւում են Իսրայէլից: Նա տեղեկացրել է, որ իրենք ստորագրել են պայմանագիր 2018թ. 18 հաուպից եւ 15 հրթիռային կայանքներ մատակարարելու վերաբերեալ: Նոյն քանակութեամբ դրանք մատակարարուելու են նաեւ 2019-ին:

Չեխ լրագրողներին չի բաւարարել Չեխիայի պաշտպանութեան նախարարութեան հաւաստիացումը, թէ հետախուզական ծառայութիւնն ուսումնասիրում է զէնքի արտահանման մասին տուեալները: Նրանք կապուել են MSM հոլտինկի հետ, որը հաստատել է «Դանա» տեսակի հաուպիցների եւ RM-70 հրթիռային կայանքի մատակարարումն Իսրայէլին: Մարքեթինկային տնօրէնը, սակայն, հրաժարուել է տրամադրել այլ տեղեկութիւններ` հաշուի առնելով դրանց գաղտնիութիւնը: Այդուհանդերձ, նա հերքել է զէնքերի վերաբերեալ որեւէ գործարքի առկայութիւնն Ազրպէյճանի հետ:

Սակայն լրագրողները զէնքի նման փոխադրում արձանագրել են տեսախցիկների միջոցով: 2017թ. դեկտեմբերի 27-ին Պրաթիսլաւայի օդանաւակայանից հրթիռային կայանքն ազրպէյճանական աւիաընկերութեանը պատկանող ինքնաթիռով տեղափոխուել է Իսրայէլ` Թէլ Աւիւ, որտեղ պէտք է զէնքը փոխանցուէր որպէս յաճախորդ գրանցուած Elbit ընկերութեանը: Թէլ Աւիւից ինքնաթիռն ուղեւորուել է Ազրպէյճանի մայրաքաղաք Պաքու: «Իսրայէլում ինթնաթիռից ոչ մի բան չի իջեցուել, օդանաւը միայն կանգառ է արել` համոզուելու համար, որ փաստաթղթերը կարգին են: Ինքնաթիռն Իսրայէլի օդանաւակայանից ուղիղ թռիչք է կատարել դէպի Ազրպէյճան», չեխական հեռուստաընկերութեանն ասել է MSM-ի աշխատակիցը:

«Տը սլովաք սփեքթէյթըր»-ը նշում է, որ գործող օրէնքներով զէնքի վաճառքով զբաղուող կազմակերպութիւնները կարող են դրանք վաճառել միայն այն երկրներին, որոնք ապահով են համարւում եւ այն գնորդներին, ովքեր ունեն համապատասխան հաւաստագրեր: Իսրայէլը համապատասխանում է այդ չափորոշիչներին, մինչդեռ Ազրպէյճանը` ոչ:

Նշւում է նաեւ, որ Czechoslovak Group-ին պատկանող ընկերութիւնները փորձել են զէնքն Ազրպէյճանին մատակարարելու թոյլտուութիւն ստանալ, սակայն ձախողել են թէ՛ Չեխիայում եւ թէ՛ Սլովաքիայում:

Ո՛չ MSM-ը եւ ո՛չ էլ Czechoslovak Group-ը չեն հաստատել, որ զէնքը փոխադրուել է Ազրպէյճան: Ի պատասխան Սլովաքիայի տնտեսութեան նախարարութեան հարցադրմանը` ընկերութիւնը յայտնել է, որ իրենք գործարքի մէջ են իսրայէլական ընկերութեան հետ: Այդուհանդերձ, նախարարութեան խօսնակը տեղեկացրել է, որ ինչպէս տնտեսութեան, այնպէս էլ արտաքին գործերի նախարարութիւններն ուսումնասիրում են իրադրութիւնը:

Ի լրումն ասուածի նշեմ նաեւ, որ, ինչպէս լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանը, Ազրպէյճանին զէնքի այդ ապօրինի մատակարարումների հարցը ներկայումս քննութեան առարկայ է դարձած թէ՛ Չեխիայում եւ թէ՛ Սլովաքիայում, ինչի մասին  Հայաստանի դեսպանութեանը հաւաստիացրել են այդ երկրների իշխանութիւնները: Սակայն, արդեօք,  մեղաւորներն արժանի պատիժ կը ստանա՞ն Եւրամիութեան համապատասխան կարգաւորումների նման կոպտագոյն խախտումների համար, ինչպէս խոստանում են Փրակայի ու Պրաթիսլաւայի իշխող շրջանակներում: Ըստ իս` հազիւ թէ: Քանզի այդ խոստումները յիշեցնում են ոչ այլ բան, քան հարսանիքից յետոյ տհոլ զարկելու մասին ժողովրդական իմաստութիւնը: Այսինքն` հարսին հօրական տնից տանելուց յետոյ էլ ի՞նչ տհոլի նուագ…

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

Արքայազն Ուիլիըմը Հայկական Խաչ Նուէր Ստացած Է Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանէն

Յաջորդը

Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցութիւն» Խմբակցութեան Տեսակէտը` 2017 Թուականի Պետական Պիւտճէի Կատարման Մասին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?