– 1-16-րդ Հանգրուանի Խումբերը Յստակացան. 10-ը` Եւրոպայէն, 4-ը` Հարաւային Ամերիկայէն, 1-ը` Ասիայէն Եւ 1-ը` Հիւսիսային Ամերիկայէն
– Այսօր` Հանգիստի Օր
Ռուսիոյ մէջ տեղի ունեցող 2018-ի մոնտիալին 15-րդ օրը, երէկ տեղի ունեցան չորս ճակատումներ, որոնցմով վերջ գտան Ա. հանգրուանի մրցումները եւ յստակացան այն 16 խումբերը, որոնք ապահովեցին 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսերը:
Այդ 16 խումբերէն 10-ը, Եւրոպայէն են, 4-ը` Հարաւային Ամերիկայէն, 1-ը` Ասիայէն, իսկ վերջապէս 1-ը` Հիւսիսային Ամերիկայէն:
Ը. խմբակին մէջ, թէեւ Լեհաստան արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը` Ճափոնի դէմ (1-0), սակայն չկրցաւ անցնիլ յաջորդ հանգրուան եւ երեք կէտով գրաւեց խմբակին վերջին դիրքը: Եան Պետնարեք նշանակեց Լեհաստանի կոլը (59-րդ):
Սակայն հակառակ իր կրած այս պարտութեան, Ճափոն ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը` նկատի ունենալով, որ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Քոլոմպիա 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Սենեկալը: Երրի Մինա նշանակեց Քոլոմպիոյ կոլը (74-րդ):
Ինչ կը վերաբերի երէկ գիշեր տեղի ունեցած վերջին երկու ճակատումներուն (Է. խմբակ), Պելճիքա 1-0 արդիւնքով յաղթեց Անգլիոյ, մինչ երկրորդ ճակատումին Թունուզ 2-1 արդիւնքով յաղթեց Փանամային: Նշենք, որ Թունուզի այս յաղթանակը եղաւ առաջինը` այս մոնտիալին ընթացքին:
Պելճիքայի արձանագրած յաղթանակը անոր համար կարեւոր եղաւ այն իմաստով, որ անիկա գրաւեց խմբակին պարագլուխի դիրքը եւ 1-16-րդ հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ Ճափոնը, մինչ Անգլիա պիտի մրցի Քոլոմպիոյ դէմ:
Անգլիոյ դէմ տեղի ունեցած մրցումին, Ատնան Ժանուզաժ ուժգին հարուածով մը նշանակեց Պելճիքայի եւ մրցումին միակ կոլը (51-րդ):
Ստորեւ` Է. եւ Ը. խմբակներուն դասաւորումը.
| Է. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
| 1.- Պելճիքա | 3 | 0 | 0 | 9 | 2 | 9 |
| 2.- Անգլիա | 2 | 0 | 1 | 8 | 3 | 6 |
| 3.- Թունուզ | 1 | 0 | 2 | 5 | 8 | 3 |
| 4.- Փանամա | 0 | 0 | 3 | 2 | 11 | 0 |
| Ը. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Քոլոմպիա | 2 | 0 | 1 | 5 | 2 | 6 |
| 2.- Ճափոն | 1 | 1 | 1 | 4 | 4 | 4 |
| 3.- Սենեկալ | 1 | 1 | 1 | 4 | 4 | 4 |
| 4.- Լեհաստան | 1 | 0 | 2 | 2 | 5 | 3 |
ՆՇԵՆՔ, որ այսօր` ուրբաթ, 29 յունիսին, որեւէ մրցում տեղի պիտի չունենայ, որովհետեւ մրցաշարքին հանգիստի առաջին օրն է:
Ստորեւ` 1-16-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ՇԱԲԱԹ, 30 ՅՈՒՆԻՍ | ԺԱՄ |
| Ֆրանսա – Արժանթին | 17:00 |
| Ուրուկուէյ – Փորթուգալ | 21:00 |
| ԿԻՐԱԿԻ, 1 ՅՈՒԼԻՍ | |
| Սպանիա – Ռուսիա | 17:00 |
| Խրուաթիա – Դանիա | 21:00 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 2 ՅՈՒԼԻՍ | |
| Պրազիլ – Մեքսիքա | 17:00 |
| Պելճիքա – Ճափոն | 21:00 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 3 ՅՈՒԼԻՍ | |
| Շուէտ – Զուիցերիա | 17:00 |
| Քոլոմպիա – Անգլիա | 21:00 |




