– Արժանթին Դժուարութեամբ Ապահովեց 1-16-րդ Հանգրուանի Իր Տոմսը
– Ֆրանսա – Դանիա Մրցումը` Այս Մոնտիալի Առաջին Կոլազուրկ Հանդիպումը
Երէկ, 2018-ի մոնտիալին 13-րդ օրը, Ֆրանսա – Դանիա մրցումը եղաւ այս մրցաշարքին առաջին կոլազուրկ հանդիպումը (0-0), մինչ անդին Արժանթին յաջողեցաւ շարունակել մրցաշարքը` 2-1 արդիւնքով յաղթելով Նիկերիոյ:
Մարքոս Ռոխօ հանդիսացաւ Արժանթինի փրկարարը:
Սկսելով Գ. խմբակէն, գագաթի ճակատումը, որուն ընթացքին իրարու դէմ ճակատեցան Ֆրանսա եւ Դանիա, կոլ չնշանակուեցաւ: Այս մրցումը եղաւ այս մոնտիալին առաջին կոլազուրկ ճակատումը:
Ֆրանսա, որ նախկին երկու մրցումներուն յաղթանակ արձանագրած էր, Ա. հանգրուանի մրցումները աւարտեց պարագլուխի դիրքին վրայ` ապահովելով 7 կէտ: Անոր հետ միասին 1-16-րդ հանգրուանի իր տոմսը ապահովեց Դանիա` 5 կէտով:
Մրցումին 68-րդ վայրկեանին, Ֆրանսայի մարզիչ Տիտիէ Տեշան որոշեց հանգստացնել Անթուան Կրիզմանը:
Լուժնիքիի դաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին, որուն իրաւարարն էր պրազիլցի Սանտրօ Ռիքքի, ներկայ էր 78 հազար հանդիսատես:
Նոյն խմբակին մէջ, Փերու մոնտիալը աւարտեց յաղթանակով մը, երբ 2-0 արդիւնքով յաղթեց Աւստրալիոյ:
Իսկ ինչ կը վերաբերի Դ. խմբակին, ճակատագրական մրցումի մը ընթացքին իրարու դէմ ճակատեցան Արժանթին եւ Նիկերիա:
Երկուքին համար ալ յաղթանակը կարեւոր էր, որովհետեւ հաւասարութիւն մը նոյնիսկ բաւարար չէր Արժանթինի համար` մրցաշարքը շարունակելու համար:
Բարեբախտաբար, Արժանթին կրցաւ շարունակել մրցաշարքը` արձանագրելով 2-1 արդիւնքով քիչ մը դժուար յաղթանակ մը` Լիոնել Մեսսիի (14-րդ) եւ Մարքոս Ռոխոյի (86-րդ) նշանակած կոլերուն շնորհիւ:
Մրցումին ներկայ էր աւելի քան 64 հազար հանդիսատես:
Խրուաթիա Ա. հանգրուանի իր մրցումները աւարտեց առաւելագոյն 9 կէտով, երէկուան իր կատարած մրցումին իր յաղթանակի կոլը (2-1) նշանակելով 90-րդ վայրկեանին` Իսլանտայի դէմ:
1-16-րդ հանգրուանին, Արժանթին պիտի ճակատի Ֆրանսայի դէմ, մինչ Խրուաթիա իր դէմ պիտի ունենայ Դանիան:
Ստորեւ` Գ. եւ Դ. խմբակներուն դասաւորումը.
Գ. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Ֆրանսա | 2 | 1 | 0 | 3 | 1 | 7 |
2.- Դանիա | 1 | 2 | 0 | 2 | 1 | 5 |
3.- Փերու | 1 | 0 | 2 | 2 | 2 | 3 |
4.- Աւստրալիա | 0 | 1 | 2 | 2 | 5 | 1 |
Դ. ԽՄԲԱԿ | ||||||
1.- Խրուաթիա | 3 | 0 | 0 | 7 | 1 | 9 |
2.- Արժանթին | 1 | 1 | 1 | 3 | 5 | 4 |
3.- Նիկերիա | 1 | 0 | 2 | 3 | 4 | 3 |
4.- Իսլանտա | 0 | 1 | 2 | 2 | 5 | 1 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Զ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Մեքսիքա – Շուէտ | 17:00 |
Հարաւային Քորէա – Գերմանիա | 17:00 |
Ե. ԽՄԲԱԿ | |
Սերպիա – Պրազիլ | 21:00 |
Զուիցերիա – Քոսթա Ռիքա | 21:00 |