– Փորթուգալ Եւ Սպանիա Ապահովեցին 1-16-րդ Հանգրուանի Իրենց Տոմսերը
– Իրան Դուրս Մնաց
Երէկ գիշեր Ռուսիոյ մէջ տեղի ունեցող 2018-ի մոնտիալին ծիրին մէջ կատարուեցան չորս ճակատումներ, որոնցմով աւարտեցան Ա. եւ Բ. խմբակին մրցումները:
Ա. խմբակին մէջ, հիւրընկալ երկիրը` Ռուսիա, որ արձանագրած էր երկու յաղթանակ, երէկ լուրջ փորձաքարի հանդիպելով կրեց իր առաջին պարտութիւնը Ուրուկուէյէն` 3-0 արդիւնքով: Վերջինս ցարդ միակ խումբն է, որ արձանագրած է երեք յաղթանակ:
Յաղթական կազմին երեք անպատասխան կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ (10-րդ), Տենիս Չերիշեւ (23-րդ` սխալմամբ իր բերդին մէջ) եւ Էտինսոն Քաւանի (90-րդ):
Այսպիսով, Ուրուկուէյ գրաւեց Ա. խմբակին առաջին դիրքը, իսկ Ռուսիա` երկրորդ դիրքը:
Արաբական անիմաստ մրցումի մը ընթացքին, Սէուտական Արաբիա 2-1 արդիւնքով յաղթեց Եգիպտոսին, որ մրցաշարքը աւարտեց առանց որեւէ կէտի:
Մոհամետ Սալահ նշանակեց Եգիպտոսի կոլը (22-րդ), իսկ Սէուտական Արաբիոյ կոլերը` Սալման Ֆարաժ (փենալթիով` 45-րդ) եւ Սալեմ Տաուսարի (95-րդ): Անոնց խմբակից Ֆահըտ Մուալլատ փենալթի մը չկրցաւ կոլի վերածել (41-րդ):
Ինչ կը վերաբերի Բ. խմբակին, հոն էր, որ կատարուեցաւ իսկական պայքարը` մրցաշարքէն դուրս չմնալու համար:
Սակայն, երկու մրցումներն ալ աւարտեցան հաւասարութեամբ, ինչ որ պատճառ դարձաւ, որ դասաւորման պատկերը մնայ անփոփոխ:
Իրան 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Փորթուգալի հետ, իսկ Սպանիա` Մարոքի հետ (2-2):
Սպանիա (5 կէտ) գրաւեց առաջին դիրքը, իսկ Փորթուգալ (5 կէտ)` երկրորդ դիրքը: 4 կէտով երրորդ դիրքը գրաւած Իրան հրաժեշտ տուաւ մոնտիալին:
Ռիքարտօ Քուարեսմա նշանակեց Փորթուգալի կոլը (45-րդ), մինչ անոր խմբակից Քրիսթիանօ Ռոնալտօ փենալթի մը չկրցաւ կոլի վերածել (53-րդ):
Իրանի ուշացած կոլը (93-րդ) փենալթիով նշանակեց Քարիմ Անսարիֆարտ:
Իսկ Մարոքի դէմ տեղի ունեցած մրցումին, Իսքօ (19-րդ) եւ Իակօ Ասփաս (91-րդ) նշանակեցին Սպանիոյ կոլերը:
Ստորեւ` Ա. եւ Բ. խմբակներուն վերջնական դասաւորումը.
Ա. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Ուրուկուէյ | 3 | 0 | 0 | 5 | 0 | 9 |
2.- Ռուսիա | 2 | 0 | 1 | 8 | 4 | 6 |
3.- Սէուտական Արաբիա | 1 | 0 | 2 | 2 | 7 | 3 |
4.- Եգիպտոս | 0 | 0 | 3 | 2 | 6 | 0 |
Բ. ԽՄԲԱԿ | ||||||
1.- Սպանիա | 1 | 2 | 0 | 6 | 5 | 5 |
2.- Փորթուգալ | 1 | 2 | 0 | 5 | 4 | 5 |
3.- Իրան | 1 | 1 | 1 | 2 | 2 | 4 |
4.- Մարոք | 0 | 1 | 2 | 2 | 4 | 1 |
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Գ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Աւստրալիա – Փերու | 17:00 |
Դանիա – Ֆրանսա | 17:00 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Իսլանտա – Խրուաթիա | 21:00 |
Նիկերիա – Արժանթին | 21:00 |