Հայրենի գրող Ալիս Յովհաննիսեանի ուսումնասիրութիւններու հատորը լոյս տեսած է Միացեալ Նահանգներու մէջ: Հատորը չունիմ տրամադրութեանս տակ: Այս էջերը ուշագրաւ են, եւ իր համաձայնութեամբ կը յանձնեմ ընթերցողներու ուշադրութեան:
Յ. Պ.
Մեծ է Րաֆֆու իմացաբանական տեսադաշտը: Նա երբեք չի խօսում մի բանի մասին, եթէ նիւթը ուսումնասիրելուց զատ` չի մարսել ամբողջութեամբ: Խօսում է այն ազգութիւնների մասին, որոնց տնտղել է, գիտի արմատներից: Դրանք թուրքերն են, պարսիկները, քրտերը, ասորիները: Թուարկուածներին Րաֆֆին, կարելի է ասել, ճանաչում էր անձամբ: Հիացած էր ասորիների հոգեւոր առաջնորդ Մար Շիմոնով, որ ունէր զինուած բանակ եւ հարկ եղած դէպքում հակահարուած էր հասցնում հարեւանների աւազակային յարձակումներին: Լաւ գիտէր Թուրքիան, թուրքերին: Աւելի լաւ գիտէր քրտերին, քրտերի ու թուրքերի յարաբերութիւնները, քան մենք, որ մեր ձեռքի տակ տեղեկատուական ամենաբազմազան միջոցներ ունենք:
ԱՅ. Աւթանդիլեանի 60-ականների մասին վկայութիւնից իմանում ենք իր եւ Րաֆֆու` քուրտ Ալի աղա Շիկակին հիւրընկալուելու մասին: Սրանից առաջ նրանք անցել էին Հախուերան հայկական գիւղով, տեսել էին ծեր քաջարի գիւղապետին, որ երբեք անպատասխան չէր թողնում քրտերի աւազակային յարձակումները, եւ Րաֆֆին նրան խոստացել էր «իր բարեկամ Ալի աղայի մօտ բարեխօսել, որ հանգիստ թողնի նրանց: Ստացել էին ծերունու պատասխանը` «Սեւին սապոնն ինչ անէ, խեւին խրատն ինչ անէ»: Քուրտ աղան լաւ հիւրասիրութիւն ցոյց տալուց յետոյ խոստանում է, որ այդուհետեւ հախուերանցիները ապահով կ՛ապրեն: Իսկ 1977 թուին գրուած «Ջալալէդդինում» արդէն իրեն ժամանակակից դէպքերը գեղարուեստօրէն նկարագրելիս, Րաֆֆին ցոյց է տալիս Ալի աղայի այն որդիների դաժանութիւնները Բարթուղիմէոս առաքեալի վանքում, որ մօտ 10 տարի առաջ վրանի մուտքի մօտ հլու հնազանդ կատարում էին հիւրասիրութեան ծէսը: Նոյն տեղում Րաֆֆին պատմում է «վանքի գիւղում» վանահօրը օգնութեան ձեռք մեկնած եզիտի ցեղապետ Օմար աղայի մասին: Սարհատի 14 հոգուց բաղկացած խումբը օրհասական կռիւներ է մղում քուրտ աւազակախմբերի դէմ, ի վերջոյ զոհւում է:
1880 թուականին «Մշակ»-ում տպուած «Քրտական միութիւն» յօդուածում Րաֆֆին ոչ միայն բացառիկ հարուստ տեղեկութիւններ է տալիս իր ժամանակակից քրտերի մասին, այլեւ դարձեալ ու դարձեալ մարգարէանալով` անում է մի քանի ճշգրիտ կանխատեսումներ: Նրա սրատես, արծուենի հայեացքից չի վրիպել թուրքերի եւ քուրտերի այլանդակ համակեցութեան եւ ոչ մի մանրամասն, որտեղ մարտավարութիւնը միմեանց եւ միւսների նկատմամբ` բնութիւնից ստացած գոյութեան կռուի օրէնքն է: «Ուիլքիփետիա»-ում քուրտ ժողովուրդն ընդհանուր առմամբ բնութագրուած է որպէս խաշնարած եւ աւազակաբարոյ ցեղերի 35-40 միլիոնանոց ցաքուցրիւ ամբողջութիւն: «Կայծեր»-ում Ասլանին եւ Ֆարհատին հիւրընկալած եզիտի բեկը Սարհատին երեխայի տեղ դնելով` հարցնում է. «Դու քանի՞ ձի ես գողացել, քանի՞ մարդ ես սպաննել: Պատահե՞լ է քեզ աղջիկ փախցնել»: Այս եւ սրա նման շատ բաներ հարցնում էր նա այնպիսի հասարակ ձեւով, որպէս մէկը վարժատան աշակերտից հարցնելու լինի` «դու կարդացե՞լ ես Նարեկը, կամ` շարականից որքա՞ն ես անցել»: Սա եզիտին է, ում մի փոքրիկ հատուածը, փա՜ռք Աստծոյ, ներկայումս յարմարուել է մեր բարքերին եւ ընտանիքի անդամ դարձած` ապրում է մեր մէջ: Սլոյեանի մասին կարելի է աւելացնել:
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ քուրտերի կողմից Պայազետի բերդի պաշարման պատմութիւնը սահմռկեցուցիչ է, եւ պատմութեան մէջ պահպանուած բազմաթիւ վկայութիւններ գեղարուեստօրէն արտացոլուել են Րաֆֆու «Խենթում», նաեւ` Վ. Պիկուլի «Պայազետ» ստուարածաւալ վէպում եւ համանուն սերիալում:
Քրտական պատմութիւնը մշուշոտ է եւ հիմնւում է միայն ենթադրութիւնների վրայ, քանի որ իրենց կողմից ստեղծուած գրաւոր աղբիւրներ գոյութիւն չունեն: Բայց ըստ գիտական տուեալների, լեզուական եւ մարդաբանական յատկանիշներով քայլում են հայերի եւ հինաւուրց այլ ժողովուրդների հետ: 20-րդ դարում կարողացել են 3 անգամ կարճ ժամանակով ինքնավարութիւն ձեռք բերել Թուրքիայում եւ Իրանում, ի վերջոյ 1970 թուականին Մուսթաֆա Պարզանիի արիւնարբու պատերազմներից յետոյ հաստատուել Իրաքի հիւսիսում` որպէս Քուրտստան: Այժմ փորձում են ոտք մեկնել մեծ տէրութիւնների հետ եւ ժամանակակից Թուրքիայից խլել այն տարածքները, որտեղ իրենք էթնիկ մեծամասնութիւն են կազմում: Այստեղ է, որ մեր ժամանակները խիստ նման են Րաֆֆու ապրած ժամանակներին: 19-րդ դարի 70-ական թուականներին թուրքերը թոյլ տուեցին «Քրտական միութիւն» յորջորջուած մի կազմաւորման ի յայտ գալը` Անգլիայի հովանաւորութեամբ: Ըստ Րաֆֆու որպէս «մի խրտուիլակ փուկալօ է, ռուսների առաջխաղացումը կասեցնելու համար, եւ «թուրք մամուլը մի կողմից սկսեց վառել քրտերի խաւար ֆանաթիկոսութիւնը, միւս կողմից` հռչակել նրանց քաղաքակրթութեան արժանաւորութիւնները, նրանց գրականութիւնը, դպրոցները, արհեստները եւ այլն… թուրք մամուլն սկսեց դատապարտել «վայրենի հայերին», որոնք բարբարոսաբար հարստահարում էին «խեղճ քրտերին», այլ խօսքով, սկսեց բողոքել գառների դէմ, որ գիշատում էին գայլերին… »: Իսկ քիչ անց դժուար չէր նոյն քուրտերին ներկայացնել «որպէս անգութ գազաններ» (Ր.), որոնց պէտք է «ի սպառ ոչնչացնել»: «Այդ բոլորի մէջ այն միտքը կար, որ Եւրոպային ցոյց տային, թէ Բ. Դուռը հակառակ չէ Հայաստանում վերանորոգութիւններ մտցնելու առաջարկութեանը, եւ նա ինքը շատ է ցանկանում կատարել այդ, բայց նա ունի իւր առջեւ դրուած մի մեծ դժուարութիւն, եւ այդ դժուարութիւնը կայանում է քրտերի եւ առհասարակ մահմետական ամբոխի մոլեռանդութեան մէջ, որոնց կրօնին եւ սովորութիւններին հակառակ է ամէն վերանորոգութիւն: Կամենում էին ցոյց տալ, որ եթէ կառավարութիւնը մահմետական ժողովրդի կամքին հակառակ գնար, կարող էր պատճառ դառնալ մի մեծ կոտորածի քրիստոնէից դէմ, որի համար Բ. Դուռը դժուարանում էր իրեն պատասխանատու համարել: (Ընդգծուած բառերը գրուած են Մեծ եղեռնից ուղիղ 35 տարի առաջ): Հիմա էլ նոյնիսկ այն թուրք մտաւորականները, որ ընդունում են Հայոց ցեղասպանութիւնը (թող լինի 70 միլիոնի մէջ մօտ 7000), երբ հարցը հասնում է մեր պահանջատիրութեանը, մտավախութիւն են յայտնում. «Բայց քուրտե՞րը… նրանց հետ ո՞նց էք գլուխ դնելու: Նրանք կ՛ոչնչացնեն հայերին, եթէ հայերը խելօք չմնան»: Նոյն Րաֆֆու ասած փուկալօն, որ կարող են մի տեղից հանել, մի ուրիշ տեղ դնել: Հետաքրքիր հարց` ինչո՞ւ թուրքերը լուսաւորեալ, նստակեաց, արարող հայի «ի սպառ ոչնչացումը» գերադասեցին քրտերի ոչնչացումից: Որովհետեւ հայերի վերջը տալն աւելի հե՞շտ էր եւ ուրեմն` առաջնահե՞րթ, քան` քրտերինը: Բայց չէ՞ որ նրանք շատ հեշտութեամբ կարողացան ի չիք դարձնել 1920 թ. քրտերի ստեղծած «Արարատեան թագաւորութիւնը»: Քրտերի այս կարգի քաջութեան մասին է, որ Րաֆֆին ասում է. «Սխալ է այն կարծիքը, որ առհասարակ տարածուած է քրտերի մասին, թէ նրանք մի քաջ ժողովուրդ են: Քրտերը, ինչպէս եւ միւս վայրենի ցեղերը, այն քաջութիւնը չունեն, ինչ որ հասկացւում է այդ բառի բուն նշանակութեամբ: Իսկապէս քաջ լինելու համար պէտք է գիտակցաբար ոգեւորուած լինել որեւիցէ գաղափարով: Բայց քուրտը իտէալ չունի: Ի՞նչը կարող է նրան դրդել արիւն թափելու` բացի յափշտակասիրութեան իղձից: Իսկ մի այդպիսի քաջութիւն` գազանի քաջութիւն է, երբ որսի ետեւից է ընկնում: Մի անգամ յաղթուեցաւ, քուրտը, այնուհետեւ կորցնում է իր բոլոր արիութիւնը»: Նոյն տեղում. «Հանգամանքները երբեմն ստիպում են նրանց թողնել բնակած երկիրը: Այնուհետեւ նրանք հեշտութեամբ մոռանում են իրենց հողերը, որքան հեշտութեամբ ձեռք էին բերել նրանց»: Այսպէս, երեւի նրանք արդէն մոռացել են Լաչին-Կարմիր Քուրտիստանի եւ իրենց երազած այլ տարածքների մասին:
Ինչո՞ւ քրտերը 1970-ից մինչեւ այժմ չեն կարողանում ծաղկեցնել իրաքեան Քուրտիստանը, չեն կարողանում այդ բարեբեր հողատարածքում միլիոնանոց քաղաքներ, քաղաքակրթութիւն կառուցել, այլ դարձեալ ու վերստին ու կրկին թուրքերի հետ գերնպատակ են դարձրել ուրիշի կերտած հին քաղաքակրթութեանը տիրանալը, ինչպէս գիշատիչներ, որ չեն կարողանում միմեանց միջեւ կիսել աւարը:
Բայց ինչպէս Րաֆֆու, այնպէս էլ պատմական այլ վկայութիւններում, քրտական բազմաթիւ միմեանց հանդէպ թշնամանք, վրէժխնդրութիւն ունեցող ցեղերից շատերը բարեկամութիւն են ունեցել հայերի հետ եւ անգամ` հաւատարմութիւն, իսկ Եղեռնի ժամանակ որոշ քրտական խաղաղաբարոյ ցեղեր, օրինակ, զազաները, պատսպարել են ամէն ինչից զուրկ, այրիացած կանանց ու որբուկների: Գուցէեւ արժանահաւա՞տ են այն տուեալները, թէ ներկայիս Թուրքիայում ապրող 3 միլիոն զազաների 23 տոկոսը հայեր են (եթէ նրանք ձուլուած լինէին, թիւ չէին կազմի: Բայց ինչո՞վ է արտայայտւում նրանց չձուլուած լինելը: Մանաւանդ որ Թուրքիան խուսափում է երբեւէ յստակ մարդահամար անցկացնելուց):
Իսկ ո՞ւր է կորել քուրտ մտաւորականութեան այն հատուածը, որ գոնէ ներողութիւն է խնդրելու հայերի հանդէպ իրականացրած վայրագութիւնների համար:



