ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Օրերս Փարիզում կայացաւ երիտասարդ կատարողների Սկրեաբինի անուան թիւ 18 միջազգային մրցոյթը: Մրցոյթի երեք մրցանակակիրներից մէկը` Մարգարիտա Միքայէլեանն էր: Ծնունդով հայաստանցի, նա իր երաժիշտ ծնողների աշխատանքի բերմամբ, մանկուց ապրել է Պէյրութում, սովորել է Ճեմարանում, իսկ մասնագիտական կրթութիւնը ստացել է Պետական երաժշտանոցում, բարձրամակարդակ անուանի փրոֆեսէօր Անժելա Խտըշեանի մօտ: Պէյրութում ուսման տարիներին Մարգարիտա Միքայէլեանը արդէն աչքի է ընկել իր կատարողական յատուկ օժտուածութեամբ: Դեռեւս պարմանուհի` լաւագոյն ուսանողներին նուիրուած յատուկ ծրագիրով նա երեք անգամ նուագել է Լիբանանի Պետական սիմֆոնիք նուագախմբի հետ: Նաեւ հանդէս է եկել մենահամերգով «Տէր Մելքոնեան» սրահում:
2016 թ.-ից Մարգարիտա Միքայէլեանը բնակութիւն է հաստատել հայրենիքում, սովորելով Երեւանի Ալ. Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցում փրոֆեսէօր (նաեւ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փոխտնօրէն) Վաղարշակ Յարութիւնեանի մօտ: Նշելի է, որ Վաղարշակ Յարութիւնեանը թէ՛ որպէս մանկավարժ, թէ՛ որպէս դաշնակահար ճանաչուած է Հայաստանում եւ արտերկրներում: Մենահամերգներով եւ սիմֆոնիք նուագախմբերի հետ հանդէս է եկել Մոսկուայում, Փարիզում, Սոֆիայում, Պէյրութում, Աթէնքում եւ այլուր: Արժանացել է Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր մանկավարժի: «Ոսկէ մետալ»-ի, իսկ Վրաստանում մանկավարժների մրցոյթին` «Լաւագոյն ուսուցիչ» տիտղոսին:
Իր աշակերտուհի Մարգարիտա Միքայէլեանի մասին Վաղարշակ Յարութիւնեանը ասում է. «Մարգարիտան գերազանց առաջադիմութեամբ սովորող, երաժշտական բարձր ընդունակութեամբ օժտուած, խոստմնալից ապագայ ունեցող երիտասարդուհի է: Երաժշտութիւնը նախ պէտք է լինի մարդու գիտակցութեան եւ հոգու մէջ, ապա յետոյ` մատների: Ամենակարեւորը սէրն է երաժշտութեան հանդէպ: Իսկ մանկավարժութեան մէջ ամենակարեւորը փոխադարձ մտային եւ հոգեւոր կապն է դասատուի եւ իր սանի միջեւ: Դա է առաջադիմութեան ամենակարեւոր պայմանը: Եւ ես ուրախ եմ, որ այս բոլոր յատկութիւնները առկայ են իմ եւ Մարգարիտայի միջեւ, ինչի արդիւնքն էր նրա այս օրերի յաղթանակը»:
Սկրեաբինի անուան միջազգային մրցոյթին յաջորդող օրերին Փարիզում կայացաւ հանդիսաւոր համերգ, որին միւս երկու յաղթողների հետ (Ռուսաստանից եւ Խրուաթիայից) իր փայլուն ելոյթով առանձնացաւ Լիբանանում եւ Հայաստանում ճանաչուած երիտասարդ դաշնակահարուհի Մարգարիտա Միքայէլեանը:
Երեւան-Պէյրութ