Հայաստանի Հանրապետության 100-ամեակի ոգեկոչման արարողութիւնները խոստանում են դառնալ այն իւրայատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայօրէն ի ցոյց է դնելու ոչ միայն պետականութեան գաղափարի հանդէպ իւրաքանչիւրիս յարգանքի աստիճանը, այլեւ` մեր ներկայ հանրապետութեան(1) ինքնուրոյնութեան եւ ինքնիշխանութեան չափը:
Թէեւ մեր երկրի 1991-ի վերանկախացումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան 1918-1920 թթ. պատմութիւնը դուրս է բերուել քաղաքական արգելանքի դաշտից, այնուամենայնիւ, նրա հանդէպ վերաբերմունքը այդպէս էլ չի հասել ո՜չ ազգային-պետական մտածողութեան իմաստնութեանը եւ ո՜չ էլ գիտութեան ժամանակակից պահանջների բարձրութեանը: Եւ այդ առումով, որքան էլ դա տարօրինակ է, մենք այսօր յետ ենք մնում մեր բոլոր հարեւաներից: Ազրպէյճանում 2018 թուականը հռչակուել է այսպէս կոչուած` «Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան» տարի, իսկ Վրաստանում նոյն իրադարձութիւնը նշւում է իբրեւ Անկախութեան օր: Մինչդեռ մեզանում Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի ոգեկոչման գործընթացն ընթանալու է «Սարդարապատից` պետականութեան վերականգնում» պարզունակ ու հատուածական կարգախօսի ներքոյ:
Յայտնի է, որ Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. մեր տարածաշրջանում միջազգային իրաւունքի լիարժէք կրող դառնալու միակ յաւակնորդն էր: Ի տարբերութիւն այսպէս կոչուած «Ռուսական գործի» մասերը դիտուող Ազրպէյճանի ու Վրաստանի, նա` որպէս Արեւմտեան Հայաստանի իրաւատէր, համարւում էր քաղաքացիական կռիւների մէջ ներքաշուած Ռուսաստանից դուրս տարածքներ ունեցող, ուրեմն եւ լիարժէք անկախացմանը պատրաստ երկիր: Մինչդեռ առաջիկայ տօնակատարութիւնների համար ընտրուած` «Սարդարապատից` պետականութեան վերականգնում» կարգախօսը հայոց պետականութեան վերականգնման 100-ամեակի քաղաքական իմաստը նոյն հարթութեան վրայ է դնում Երզնկայից մինչեւ Պաքու ձգուած, իսկ այնտեղից էլ դէպի Արցախ շրջուած` 1918 թուականի հերոսամարտերից ընդամէնը մէկի հետ: Այս իրողութիւնն առարկայօրէն ցուցադրում է մի կողմից` անկախութեան գաղափարի հանդէպ բաւարար յարգանքի, իսկ միւս կողմից պատմութեան վերաբերեալ հիմնարար գիտելիքների բացակայութիւնը:
«Սարդարապատ»-ի նման ընկալումը 1918 թ. մայիսեան «համաժողովրդական պայքարի» վերաբերեալ խորհրդային շրջանում յօրինուած մտակաղապար է` 1960-ականների վերջերին թոյլատրուած սահմանափակ հանդիսութիւնների բովում ծնուած խորհրդանիշ: Մինչդեռ, ինչպէս յայտնի է, իրական Սարդարապատը ոչ թէ կասեցրել, այլ սոսկ յետաձգել է Արեւելեան Հայաստանի բռնազաւթման թուրքական ծրագրի իրականացումը: Նոր ժամանակների մեր Աւարայրը (Աւետիս Ահարոնեան) եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտը, որում կրած պարտութիւնն անգամ յաղթանակի իմաստ է ունեցել: Աւելի՛ն. դրանից յետոյ նոյնպէս Արեւելեան Հայաստանի վրայ կախուած վտանգը պահպանուել է, եւ եթէ չլինէին 1918 թ. ամրան` Պաքուի եւ աշնան` Արցախի կռիւները, այն անխուսափելիօրէն իրականութիւն կը դառնար: Ուրեմն, միացեալ Հայաստանի համար մեր ժողովրդի մղած կռիւների երկար շարքն է ապահովել նրա մի մասի փրկութիւնը` մինչեւ Ա. Աշխարհամարտի աւարտը թանկագին ժամանակ շահելու միջոցով: Ճիշդ այնպէս, ինչպէս Արցախի համար պայքարն է այսօր ապահովում Զանգեզուրի եւ Երեւանի պաշտպանութիւնը: Հակառակ պարագայում, ոչ մի ուժ չէր կարող կասեցնել Սարդարապատից յետոյ Պաթումում կնքուած 1918 թ. յունիսի 4-ի պայմանագրով Նորագաւիթում յայտնուած թուրքական բանակի մուտքը Երեւան:
Պատահական չէ նաեւ, որ Հայաստանի Հանրապետութեան պետական յանձնաժողովի կողմից հրապարակուած «Հայաստանի Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նուիրուած ուղերձ» վերտառութեամբ 6 էջանոց փաստաթղթում առկայ փաստական սխալներն անցնում են մէկ տասնեակը, ինչը մեզանում պատմագիտութեան ասպարէզում տիրող խայտառակ վիճակի հերթական ապացոյցն է:
Վճռականօրէն սահմանազատուելով Սարդարապատի հերոսամարտը փառաբանելու միջոցով Մայիս 28-ը «չապայեւեան էպոպեայի»(2) վերածելու պոլշեւիկախառն փորձերից` միեւնոյն ժամանակ յանուն արդարութեան պէտք է խոստովանենք, որ դրանցում անմեղսունակութեան աստիճանի հասնող անտեղեակութիւնը գերակայ է քաղաքական նկրտումների հանդէպ, որովհետեւ հեռուն տանող նպատակներ հետապնդելու համար նոյնպէս պէտք է գիտելիքներ ունենալ: Յաւակնելով հայ ազգի ինքնակազմակերպման բարձրագոյն մակարդակին` ներկայ Հայաստանը, որպէս պետութիւն, պարզապէս չի կարող անտեսել Մայիս 28-ի նման համազգային տօնը, ուրեմն դեռեւս բաւարար ժամանակ ունի իր կիսախորհրդային պատկերացումների պատմուճանից դուրս գալու համար:
Այդ պատճառով ստիպուած ենք բացատրել, որ անկախ պետականութեան անանց արժէքը երբեք նոյն նժարի վրայ չի դրւում նրա ձեռքբերման համար պայքարի հանգրուաններից մէկի հետ, որքան էլ հերոսական լինի այն: Այստեղ նպատակը միջոցից տարանջատելուն զուգահեռ, կարեւոր նշանակութիւն ունի նաեւ անցեալի ճշգրիտ գնահատականը սեփական ինքնագնահատականի ելակէտ դարձնելու խնդիրը: Աւելի՛ն. անցեալի հանդէպ վերաբերմունք ունենալու իրաւունքը պէտք չէ շփոթել անցեալի «ընտրութեան իրաւունքի» հետ: Իրենց յարգող ազգերը սեփական անցեալը չեն ընտրում, որովհետեւ նա մէկն է բոլորի համար:
Հայաստանում Մայիս 28-ի հանդէպ առկայ նման պարզունակ վերաբերմունքի պատճառը նաեւ այն է, որ անցած հարիւրամեակի ընթացքում մեզանում ստեղծուած իբր թէ գիտական գրականութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը այդպէս էլ դուրս չի եկել փոխադարձաբար միմեանց բացասող քաղաքական գնահատականների ոսպնեակից եւ իր տեղը գրաւել պատմութեան գիտական ընկալման տիրոյթում` պատմագիտութեան մէջ. պարզապէս 1991-ի վերանկախացումից յետոյ տեղի է ունեցել մասնակի փոխատեղում, այսինքն` եթէ խորհրդային շրջանում «Դաշնակցական Հայաստան» որակուած գիտական առումով անհասկանալի կազմաւորումն էր արժանանում բացասական բնոյթի քաղաքական գնահատականների, ապա 1991 թուականից յետոյ քննադատութեան թիրախում յայտնուեցին իրենց հակապետական գործունէութեան միջոցով նրա կործանմանը նպաստած հայ պոլշեւիկները, իսկ վերջին շրջանում զգուշօրէն, սողացող ձեւով սկսեց մեղմուել նաեւ այդ քննադատութիւնը:
Ուրեմն բացասական գնահատականների մասնակի փոխարինումը դրականով փոխել է միայն պատմական փաստի գնահատման քաղաքական դիտանկիւնը, մինչդեռ պատմագիտութեան համար ելակէտային նշանակութիւն ունի ոչ թէ այսօր գոյութիւն չունեցող իրականութեան փաստերի` քաղաքական կոնիւնկտուրայից բխող վերաշարադրումը, այլ նախ եւ առաջ` այն հարցի յստակեցումը, թէ որքանո՛վ էր Հայաստանի Հանրապետութեան ձեւաւորումն ու զարգացումը դետերմինացուած որպէս պատմական անհրաժեշտութիւն մի կողմից համաշխարհային պատմութեան ժամանակագրական ուղղահայեացի, իսկ միւս կողմից` 1917-ին փլուզուած ռուսաստանեան կայսրութեան այլ պետական կազմաւորումների հետ համեմատութեան, այսինքն` իրադարձութիւնների զարգացման համաժամանակեայ հարթութեան վրայ: Քանի դեռ մենք չունենք մեր անցեալի համաշխարհային-պատմական ընկալման զոյգ յենասիւների վրայ հիմնուած որոշակի հայեցակարգ, Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը սոսկ հաճելի կամ տհաճ փաստերի երկու կոյտ է, որոնցից օգտուելու ներկայ գործընթացն առաջնորդւում է ատելութեան հանդէպ սիրոյ չափաբաժնի գերակայութեամբ:
Անշուշտ «երախտապարտ» ենք, որ այժմ Հայաստանի Հանրապետութեան արժեհամակարգը կրողներին աւելի շատ «սիրում են», քան` ատում, բայց որպէս գիտնական` պարտաւոր ենք արձանագրել, որ դեռեւս մեծն Տակիտոսի կողմից մերժուած` ատելութեան կամ սիրոյ վրայ հիմնուող մօտեցումները որեւէ կապ չունեն ճշմարիտ գիտութեան հետ: Գիտնական պատմաբանը` պատմագէտը, առաջնորդւում է ոչ թէ պատմական փաստերի մեքանիկական կրկնութեան միջոցով ներկայի անցեալացման մտասեւեռումով, այլ` անցեալի մարդուն հասկանալու եւ նրա կողմից սերունդների երկխօսութեան սեղանին դրուած պատմութեան գաղափարն ըմբռնելու ցանկութեամբ:
Աւելի՛ն. ներկայի անցեալացմանը զուգահեռ, մեզանում նկատւում է նաեւ Մայիս 28-ի նման առանցքային իրադարձութեան գնահատականը պետութեան ընթացիկ-քաղաքական «պահանջմունքներին» համապատասխանեցնելու միտումը: Իսկ դրա համար սկզբունքօրէն որեւէ նշանակութիւն չունի այս կամ այն տօնակատարութեան իմաստն ու նշանակութիւնը: Կարեւորն այն է, որ լինեն հանդիսաւոր նիստեր, բաժակաճառեր յիշեցնող ելոյթներով ուղեկցւող «ակադեմական գիտաժողովներ» եւ, իհարկէ, առատութեան եղջիւրից թափուող մետալներ:
Ստացւում է, որ մենք այսօր գործ ունենք «գիտական» արխայիզմի ու պաշտօնական «մոտեռնիզմի» զոյգ ծայրայեղութիւնների տեսքով դրսեւորուող մի պրոունեան շարժման հետ, որի փոխբացասող ազդակները Հայաստանի պետական հաստատութիւնների մեծածախս նախապատրաստութիւնները վերածում են կատարեալ քաոսի: Որովհետեւ մի կողմից` իսկապէս առկայ է Մայիս 28-ին ընդառաջ ինչ-որ բան անելու ցանկութիւն, միւս կողմից` բացակայում է տօնակատարութեան իմաստի ու նշանակութեան ըմբռնումը:
Դրան գումարւում է նաեւ այն իրողութիւնը, որ մեզանում այսօր էլ պահպանւում են մի կողմից խորհրդային շրջանում, իսկ միւս կողմից էլ` սփիւռքում ձեւաւորուած` տօնակատարութիւնների ստանդարտ օրակարգերը: Մինչդեռ մենք արդէն քառորդ դար պետական օրակարգով ապրող ազգ ենք, որը պարտաւոր է միաձուլել դրանք` իրենց պետական ձեւի ու ազգային բովանդակութեան մէջ: Առաջինը ենթադրում է, որ պետութիւնն ինքը պէտք է բոլորիս հրաւիրի իր 100-ամեակը նշելու հանդիսութեանը, իսկ երկրորդը պահանջում է, որ առաջիկայ տօնակատարութիւնների գաղափարական բովանդակութիւնը արտացոլի Մայիս 28-ի քաղաքական խորհրդին տէր կանգնելու յանձնառութիւնը:
Եւ այս զոյգ անհրաժեշտութիւնների գիտակցման պարագայում բացայայտւում է այն տխուր իրողութիւնը, որ Մայիս 28-ին ընդառաջ կատարուող քայլերն արտացոլում են մեր ներկայ պետական կեցութեան եւ ազգի պատմական յիշողութեան անհամապատասխանութեան փաստը: Հայաստանում այսօր փաստօրէն առկայ են Մայիս 28-ի իմաստի ու նշանակութեան միանգամից մի քանի ընկալումներ, որոնք արտացոլում են պետական պաշտօնէութեան, դէպի ուժի արտաքին կեդրոնները կողմնորոշուած քաղաքական խմբերի, ինչպէս նաեւ այդ միջոցառումներն իբրեւ «ինտելեկտուալ տուրիզմով» զբաղուելու առիթ դիտարկող գիտնականների տրամադրութիւնները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը յարմարագոյն առիթ է` մեր անցեալի շուրջ ծաւալուող բանավէճերն ու քննարկումները «Հազար ու մի գիշերուայ» մղձաւանջի վերածելու փոխարէն` մի պահ արժանապատուօրէն կանգ առնելու եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարելու մասին մտածելու համար:
Մայիս 28-ի շուրջ մեզանում բախուող ազդակների համադրումն ու յաղթահարումն աւելի բարդ գործ է, քան` սեփական ընդդիմախօսի հանդէպ «փայլուն յաղթանակը», որովհետեւ պահանջում է յաղթել ոչ թէ դիմացինին, այլ` ինքն իրեն: Իսկ դրա համար պարտաւոր ենք առաջնորդուել այն յստակ համոզմունքով, որ հայ ազգի բոլոր զաւակների համար, որտեղ էլ նրանք բնակուեն, 2018 թուականի Մայիս 28-ը հայոց պետականութեան վերականգնման 100-ամեակն է, որը, ի տարբերութիւն նախորդ միապետութիւնների, իբրեւ հանրապետական վարչակարգ` իրենով խորհրդանշում է ոչ միայն մեր անկախութեան, այլեւ ազատութեան օրը: Աւելի՛ն. Մայիս 28-ը եղել ու մնում է ոչ միայն ազատ ու անկախ, այլեւ միացեալ Հայաստանի առարկայական խորհրդանիշը:
Ուստի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակն այն հանդիսաւոր պահն է, երբ տարածաշրջանում արձանագրուող հիմնարար յեղաբեկումները հրամայաբար պահանջում են նրանով իմաստաւորուող հայոց պատմութեան գաղափարը փոխակերպել մեզ դէպի ապագայ առաջնորդող ազգային գաղափարի:
Ուրեմն`
1.- 2018 թ. մայիս 28-ին Հայաստանը որպէս պետութիւն` պարտաւոր է ողջ աշխարհին յիշեցնել, որ ինքը, 1918 թուականին վերանկախանալով իբրեւ 1878 թուականից միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտած Հայկական հարցի իրաւատէր, շարունակում է պահպանել նրա բուն առարկայի` Արեւմտեան Հայաստանի հանդէպ իր իրաւունքները: Իսկ դրա համար 2018 թուականի մայիսի 28-ից մինչեւ 2019 մայիսի 28-ը հարկաւոր է հռչակել Հայաստանի Հանրապետութեան միամեակ:
2.- Այդ նպատակով ժամանակին խորհրդային շրջանում կամ սփիւռքում կազմակերպուած ստանդարտ տօնակատարութիւնները կրկնելու փոխարէն` մենք պարտաւոր ենք վերադառնալ մեր ակունքներին` Հայաստանի Հանրապետութեան կողմից ժամանակին որդեգրուած, բայց խորհրդային ու սփիւռքեան իրողութիւնների պայմաններում մոռացուած արարողակարգերին, մասնաւորապէս` 1919 թուականի մայիսի 28-ին նշուած Հայաստանի Հանրապետութեան առաջին տարեդարձի հանդիսութիւնների ազգային բովանդակութեանը:
3.- Համապատասխան տեղեկատուական դաշտի ձեւաւորման պարագայում, դա հնարաւորութիւն կը տայ ապահովել Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի ոգեկոչման արարողութիւնների քաղաքական բովանդակութեան ճշգրիտ ընկալումը միջազգային հանրութեան կողմից, որի առանցքում պէտք է դրուած լինի Սան-Ռեմո-Սեւր-Վ. Ուիլսընի Իրաւարար վճիռ շղթայում ամրագրուած` Արեւմտեան Հայաստանի իրաւատիրոջ իրաւունքների անժամանցելիութեան գաղափարը:
4.- Իսկ մեր երկրի ներսում պարտաւոր ենք ցուցահանդէսների, հաղորդումների, դասախօսութիւնների եւ գիտաժողովների միջոցով Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերի անանց գաղափարաքաղաքական ժառանգութիւնը դնել անկախութեան ներկայ սերնդի առջեւ ու ապահովել յաջորդական սերունդների այնպիսի երկխօսութիւն, որում առաջինի ապրած կեանքի գրքային պատմութիւնը մեր աչքերի առջեւ նորից փոխակերպուի երկրորդի կենդանի յիշողութեան:
5.- Դրա համար հարկաւոր է սերունդների յիշողութեան շղթայի վերականգնման միջոցով գտնել արտաքուստ միայն նեղ-գիտական թուացող այն այժմէական եւ սուր հարցերի պատասխանները, որոնք վաղն անպայման նորից կանգնելու են ներկայ անկախ Հայաստանի երիտասարդ քաղաքացիների առջեւ: Դրանց համառօտ թուարկումն անգամ անհրաժեշտ ու պարտադիր է դարձնում մի այնպիսի գիտաժողով-քննարկումի(3) կազմակերպումը, որը, վերածուելով սերունդների երկխօսութեան հարթակի, Հայաստանի Հանրապետութեան ձեւաւորման, երկուսուկէս տարուան գոյութեան եւ անկման պատճառների բացայայտումով ցոյց կտայ, որ դրանց հիմքում ընկած խորքային օրինաչափութիւններն ու մարտահրաւէրները ներկայ են նաեւ մերօրեայ Հայաստանում ու նրա շուրջը:
1918-1920 թուականների Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնն այն պարզ հայելին է, որի վրայ մէկ առ մէկ երեւում են մեր ներկայ` թուով երկրորդ անկախ պետութեան առջեւ ծառացած բոլոր մեծ ու փոքր մարտահրաւէրները, որոնց յաղթահարման պարագայում միայն մենք կը դառնանք համաշխարհային հանրութեան լիարժէք մասնիկը: Ուրեմն մեզ համար 1918-1920 թուականների Հայաստանի Հանրապետութիւնը ոչ թէ անցեալ է, այլ` մեզանից բռնութեամբ խլուած ապագայ: 1991-ին մենք այդ ապագան վերածել ենք սոսկ տարտամ ու անորոշ ներկայի: Ուստի լիարժէքօրէն անկախ Հայաստանի տեսլականի հանդէպ մեր պահանջատիրական կեցուածքը խոստանում է դառնալ ազգի ու պետութեան կենսունակութեան վկայութիւնը:
Պատմութեան, յիշողութեան ու արդիականութեան մշտանորոգ սահմանագծին գտնուող Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը պատշաճ կերպով ոգեկոչելու առաջադրանքը ոչ միայն հայոց պետականութեան հասունութեան փորձաքարն է, այլեւ` ողջ հայ ազգի խաթարուած քաղաքական ինքնագնահատականի վերականգնման մեկնակէտը:
————————-
*Ընդունուել է տպագրութեան 20.03.2018:
- ՀՀ երեք յաջորդական վարչակարգերի միջեւ ժառանգորդական կապ ստեղծելու նպատակով օգտագործուող «Երրորդ հանրապետութիւն» հասկացութիւնը մեր կամքից անկախ օրինականացում է «Երկրորդ հանրապետութեան» վերածուող Խորհրդային Հայաստանին պարտադրուած Կարսի պայմանագիրը: Ուստի Հայաստանի Հանրապետութեան տարածքների 1920-1921 թթ. խորհրդաթուրքական բռնազաւթման փաստի գիտական գնահատականին վերադառնալու համար «Հայաստանի Հանրապետութիւն» հասկացութիւնն այսուհետեւ օգտագործելու ենք` առանց արհեստական «համարակալումների»: Խմբ:
2.Վասիլի Չապայեւ-Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի յայտնի զօրահրամանատար, որի քաջագործութիւնների մէջ հերոսականն ու զաւեշտականը միախառնուած էին մէկը միւսին:
3.«Վէմ» հանդէսը ս. թ. մայիսի 31-ից յունիսի 1-ը Հայաստանի ամերիկեան համալսարանի «Փարամազ Աւետիսեան» մասնաշէնքի «Ալեք եւ Մարի Մանուկեան» սրահում (Բաղրամեան 40/1) նախաձեռնում է «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը (1918-1920 թթ.)» գիտաժողով-քննարկումը` հրաւիրելով մեր բոլոր լրջմիտ գիտնականներին ու մտահոգ հայրենակիցներին: Գիտաժողովի համառօտ յայտագիրը հրապարակուած է «Վէմ»-ի ներկայ համարի դարձերեսին: