Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետութեան նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր առաջին մամլոյ ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար Արցախում անցկացուած ասուլիսի առանցքային թեման եղաւ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մօտեցումներն ու միջազգային ասպարէզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականութիւնը: Փաշինեանը նախ կրկնեց եւ շեշտադրեց վաղուց արդէն Արցախի իշխանութիւնների կողմից արծարծուած մօտեցումը բանակցութիւնների մասնակիցների ձեւաչափի խեղաթիւրման հարցի վերաբերեալ` նշելով, որ Հայաստանը կարող է բանակցել իր անունից որպէս հակամարտող կողմ, իսկ Արցախը պէտք է ասի իր խօսքը, ունենայ իր ներկայացուցիչը բանակցային գործընթացում` ի դէմս Արցախի իշխանութիւնների, յանձինս Արցախի Հանրապետութեան նախագահի: Միւս կարեւոր կէտը, որ առկայ էր Փաշինեանի մօտեցումներում, փոխզիջման մասին քննարկումների անտրամաբանական եւ անիմաստ լինելն էր:
Այսպիսով, Փաշինեանը թէ՛ ձեւաչափի եւ թէ՛ բանակցութիւնների բովանդակութեան վերաբերեալ նոր առաջարկներ ներկայացրեց միջնորդ հանդիսացող պետութիւններին ու Արցախի հարցով զբաղուող միջազգային հանրութեանը:
Փաստօրէն Հայաստանի կողմից առաջարկւում է վերբեռնել արցախեան հարցով աւելի քան 25 տարի տեւող բանակցութիւնները:
Պատահական չէ, որ Փաշինեանի ասուլիսի արցախեան բաժինը յատուկ ուշադրութեան է արժանացել Հայաստանի Հանրապետութեան երեք նախագահների կողմից (վերջին նախագահի պարագայում` միջնորդաւորուած): Վերջապէս, Հայաստանի Հանրապետութեան նախագահների աւելի քան 25 տարիների բանակցութիւնների արդիւնքում միջազգային մակարդակում ձեռք են բերուել պայմանաւորուածութիւններ եւ ստեղծուել են նախագծեր, որոնք արցախեան հարցի կապակցութեամբ այսօր ձեւաւորում են միջազգային հանրութեան մօտեցումները: Իւրաքանչիւր նախագահի բանակցութիւնների թղթապանակում գոյութիւն ունեն «սեւ» էջեր` Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումից, Քի Ուեսթեան համաձայնութիւնից մինչեւ քազանեան պայմանաւորուածութիւններ:
Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումն ունի այդ իրաւունքը, որպէսզի յայտ ներկայացնի ձեւաւորուած թիւր մօտեցումների եւ ըմբռնումների սրբագրման համար: Այդ իրաւունքը ձեռք է բերուել համաժողովրդական շարժման օրինակարգմամբ:
Դեռեւս Մատրիտեան սկզբունքների հրապարակման պահին Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է բանակցութիւնների վերբեռնման անհրաժեշտութեան մասին, իսկ այժմ այդ ուղղութեամբ պահանջ է ներկայացւում: Պահի լրջութիւնը պէտք է գիտակցել եւ առիթն օգտագործել բանակցութիւնների փակուղին ճեղքելու համար: Արցախի վճռական խօսքը կարող է ճակատագրական լինել: