Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լաւագոյն Զօրավարը` Բանաստեղծների Մէջ. Հայաստանը Եւ Հայոց Մեծ Եղեռնը Ռուս Զօրավար – Բանաստեղծ Ալեքսանդր Կուլեբեակինի Աչքերով

Մայիս 7, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանութեան թեմային այլազգի ոչ քիչ թուով գրողներ են անդրադարձել: Նրանց մէջ առանձնանում է նաեւ ռուս բանաստեղծ, զօրավար Ալեքսանդր Կուլեբեակինը, ով իւր ժամանակին «Լաւագոյն զօրավարը` բանաստեղծների մէջ» համբաւ էր վայելում:

Ալեքսանդր Կուլեբեակինը, հիացած Հայաստանով, գովերգել է նրա սքանչելի գեղեցկութիւնը, զարմանալի պատմական յուշարձանները, գեղատեսիլ Վանը: Միեւնոյն ժամանակ Կուբելեակինն ականատեսն ու վկան  էր անցած դարասկզբին Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների հետեւանքներին եւ սրտի ցաւով ու կսկիծով բանաստեղծական չափի ու յանգի վերածել իր դառը տպաւորութիւնները, որոնք, աւա՜ղ, այսօր էլ` աւելի քան 100 տարի անց, թարգմանուած չեն հայերէն եւ անծանօթ են մեր ժողովրդին: Ա. Կուլեբեակինի կեանքի ու գործի, հայ ժողովրդի նկատմամբ նրա անկեղծ սիրոյ ու յարգանքի դրսեւորումներին ծանօթանալու համար, անգամ` ռուս հետազօտողների կարծիքով, որպէս հիմնարար աղբիւր կարող են ծառայել միայն  պատմագիտութեան դոկտոր Անուշաւան Զաքարեանի  «Ալեքսանդր Կուլեբեակինը եւ Հայաստանը» 2003թ. Երեւանում հրատարակուած ռուսերէն աշխատութիւնը, որի յաւելուածում, բնագրի լեզուով,  ներկայացուած են նաեւ բանաստեղծի ստեղծագործութիւնները, ինչպէս նաեւ` Հայաստանի մամուլում հեղինակի հրապարակած մի շարք յօդուածներ:

Ալեքսանդր Կուլեբեակինը ծնուել է 1870թ.` Ռուսական կայսրութեան Թերեքի մարզում, ցարական բանակի կազակ գնդապետի ընտանիքում: Մահուան ճիշդ տարեթիւն անյայտ է, նշւում է` 1923թ. յետոյ, Թիֆլիսում: Համաշխարհային Ա. պատերազմի մասնակից էր:  Ռուսական բանակի զօրավար էր, 1917 թուականից` զօրավար-տեղակալ: 1914-1918թթ. մարտնչել է Կովկասեան ճակատում, ղեկավարել տարբեր կազակական զօրախմբեր` գունդ, պրիկատ, տիվիզիա, կորպուս: 1918-1920թթ. խորհրդային Կարմիր բանակի դէմ մարտնչող Կամաւորական բանակի պահեստազօրում էր: Միաժամանակ` եռանդուն հասարակական գործիչ էր, նուրբ հոգու ու գրչի տէր բեղմնաւոր բանաստեղծ, հայ, վրաց ու պարսկական պոէզիայի բանաստեղծ-թարգմանիչ (Յովհաննէս Թումանեան, Նիկոլոզ Պարաթաշուիլի, Օմար Խայեամ):

Բարեկամական կապերի մէջ էր մեծ թուով հայազգի զօրավարների, հայ մշակոյթի ներկայացուցիչների, գրողների, հասարակական-քաղաքական գործիչների հետ: Առանձնակի ջերմ, մտերմական յարաբերութիւնների մէջ էր Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի հետ: 1917թ. կէսերից հաստատուելով Թիֆլիսում` նա յաճախակի էր այցելում Յ. Թումանեանին եւ, ինչպէս ասում են, իւրային էր թումանեանների ընտանիքում:

Յատկանշական է, որ Ա. Կուլեբեակինը Յ. Թումանեանին ձօնել է մի շարք գողտրիկ  գործեր` «Նանէ» պոէմը («Ախլաթեան պոէմ»), «Ո՛չ: Չի՛ խամրի Հայաստանի արեւը», «Մասիսի խաչը: Երկու առասպել» (բաղկացած`  վեց մասից) բանաստեղծութիւնները,  «Յովհաննէս Թումանեանին: 1919թ. փետրուարի 20: Սոնեթ աքրոստիքոս» ձօնը` նուիրուած Յ. Թումանեանի 50-ամեայ յոբելեանին, «Յովհաննէս Թումանեանի յիշատակին» բանաստեղծութիւնը, որ գրել է 1923թ. ապրիլի 12-ին` մտերիմ ընկերոջ մահուանից 20 օր անց ու յանձնել նրա սգաւոր ընտանիքին: Թարգմանել է Յ. Թումանեանի քառեակների մի ամբողջ շարք:

Ուշագրաւ է, որ 1918թ. նոյեմբերի 21-ին ստեղծուած Համաշխարհային Ա. պատերազմից հայութեան կրած Կորուստների ուսումնասիրման պիւրոյի  նախագահ Յովհաննէս Թումանեանի առաջարկութեամբ է, որ Ա. Կուլեբեակինը ղեկավարել է այդ քննիչ կառոյցի ռազմա-պատմական բաժինը եւ պատրաստել 314 էջից բաղկացած տեղեկանք` համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցութեան վերաբերեալ, որ ուղարկուել է Փարիզ` Խաղաղութեան խորհրդաժողովին ներկայացնելու համար:

1915-ի նոյեմբերից մինչեւ 1916-ի մարտն Ա. Կուլեբեակինը գտնւում էր Վանում, որը, իր իսկ բնորոշամբ, «ի սպառ ամայացած էր, յագեցած մահուամբ»: 1916թ. յունուարի 8-ին Կուլեբեակինը շնորհակալութիւն էր յայտնում ճակատագրին, որ նա իրեն «հնարաւորութիւն է ընձեռել տեսնելու» այդ չքնաղ, թէկուզ եւ աւերուած երկիրը, «չբացայայտուած գեղեցկութեան շնչով պարուրուած» նրա ճարտարապետութեան հանճարեղ արարումները, հիւծուած ժողովրդի արիութիւնը: «Արաքս» (1919) բանաստեղծութեան մէջ, դիմելով հայ ժողովրդի պատմական անցեալին, որի ողբերգական էջերի վկան էր Արաքս գետը, պոէտը գրել է. «Եւ թւում էր, թէ քարերն ահա աղաղակում են, իսկ ալիքները արիւն են հեղում»:

Վանի մասին նրա բանաստեղծութիւնները` «Հին Վանը», «Վանի կործանումը», «Կոյր կինը», «Ախթամար», «Վանայ լճում», «Վարագայ վանք» եւ այլն, որոնք, բանաստեղծի խօսքով, «գրուած են տեսածս վայրերի ու լսածս պատմութիւնների անմիջական տպաւորութեան տակ», թեմաթիք առումով շաղկապուած են միմեանց: Դրանք Վան քաղաքի մասին են, նրա բնակիչների, բնութեան, ճարտարապետութեան, Վանայ լճի, հայ ժողովրդի հերոսական պայքարի ու տառապանքների մասին: Ակնյայտ  ճշմարտացիութեամբ ու անկեղծութեամբ թղթին յանձնուած այդ չափածոյ վկայութիւնները իւրատեսակ գեղարուեստական ու պատմավաւերական արժէքներ են: Բանաստեղծն ականատես էր հայութեան ողբերգութեանը, եւ նրա խոր ապրումները յորդաբուխ վերածուել են 21 բանաստեղծութիւնից բաղկացած մի ամբողջական շարքի, որի մէջ արտայայտուած է հեղինակի մեծ յարգանքն ու սէրը հայ ժողովրդի նկատմամբ, ով «ողորմութիւն չի խնդրում», այլ խիզախաբար պայքարում է իր գոյատեւման համար` ապաւինելով ռուս զօրքի գալստեանը:

Բանաստեղծութիւնների այդ շարքն առաջին անգամ հրապարակուել է Ա. Կուլեբեակինի «Մհերի դուռը: Վանի արձագանգները» չափածոյ ստեղծագործութիւնների ժողովածուի մէջ, որն իր միջոցներով 1916թ. լոյս էր ընծայել Թիֆլիսի «Վերաշինութիւն» հայկական կոմիտէն` որպէս մարդասիրական օգնութիւն պատերազմից մեծապէս տուժած հայ ժողովրդին: Բացի բանաստեղծութիւնների շարքից` ժողովածուն ներառում էր նաեւ Ա. Կուլեբեակինի «Մհերի դուռը» պոէմը, որը ռուս բանաստեղծը, մշակելով «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի երրորդ ճիւղը,  գրել է 1916թ. յունուարին` Վանում, որպէս ինքնուրոյն, ամբողջական ստեղծագործութիւն`  նախերգանքով, չորս մասով ու վերջերգով:

Որպէս խնկարկում Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների անմեռ յիշատակին` ստորեւ ներկայացնում ենք Վանին նուիրուած Ա. Կուլեբեակինի բանաստեղծութիւնների մի փունջ, որը  հայերէն հրապարակւում է առաջին անգամ`  «Ազդակ»-ում:

Շարքի թարգմանութիւնը բնագրից կատարել է արցախցի մեր գործընկեր Միքայէլ Հաջեանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒԼԵԲԵԱԿԻՆ

ՎԱՆԱՅ ԼՃՈՒՄ

Նայիր  լճին, երբ  ամպերի ետեւ`  խորքում  երկնքի,
Մերթ պահ մտնելով,  մերթ ճաճանչուելով արեւն  է լողում,
Եւ կոհակները  փրփրալի  հեւքով փոխւում են եռքի,
Ու քամին նրանց փքուն սահանքով ափերն է մղում:

Մերթ լազուր ու մերթ կանաչին տուող վէտվէտուն գոյներ,
Եւ գալարումներ ալեաց ոսկեփայլ,  եւ ցոլք լոյսերի,
Եւ ցնորալի խորքեր ու փոփոխ կերպաւորումներ,
Եւ արտացոլանք աճապարանօք փախչող ամպերի:

Խուլ քրթմնջոցներ խռովքով տնքող խորխորատների,
Ճողփիւն ափերին, ուր ալիքներն են ամեհի բախւում,
Անլուռ ժխորը յար ուժգնացող խառը ձայների,
Եւ ունկերիդ մէջ այդ ամէնն ինչ-որ պայքար է թւում:

Ականջ դիր  լճին, երբ նա սաստկացող մրրիկի ներքոյ
Խռովք է ապրում, ահեղ աղմկում ակնակուռ մթում:
Յանց  երգչախումբ է, ում ուղեկցում է երգեհոնն անգոյ,
Եւ ինչ-որ երգ է անիմանալի  ակորդով թնդում:

Համաչափ  յանգով դղիրդ հանելով խճերի վրայ,
Ալիքներն ասես հողմ են ներարկում մօտ անտառակին,
Ու քրքջում են առեղծուածօրէն չար դեւերն ահա`
Միախառնուելով տագնապած երկնի գուժկան նուագին:

Ալեաց բախիւններ ու ծով ճողփիւններ, հեծկլտանքներ խուլ,
Հառաչանքներ, որ ասես տաւիղի զարկից են յորդում,
Անտեսանելի տարերքը յամառ` կարծես թէ  անդուլ
Զրոյց է անում լճի խորքի հետ` ահեղ ու ազդու:

Նայիր դու լճին, երբ որ  նրա մէջ գլխիվայր շրջուած
Անհուն ու լազուր երկնակամարն է շողանքով անթարթ,
Եւ թւում է, թէ ափը դարձել է օդում մօտեցուած
Կապոյտին տուող ջրի լուսաւոր մակերեսին հարթ:

Ողորկ երեսին շերտ առ շերտ փայլող պողպատէ շողքեր
Եւ ստորջրեայ անթափանց խաւար` կանաչուն խորքով,
Բիւրեղեայ ջրից երփներանգ հագած քարի կտորներ
Եւ հառաչանքներ, որ ափ են հանւում ալեաց  յորձանքով,
Եւ դեղին  լեռներ` հեռու ջրային ամա տարածքից,
Որ կրկնւում  են շողուն հայելում լճի հարթութեան,
Եւ տաք արեւը անբարբառ երկնի իր լուրթ բարձունքից
Զրոյց է անում երկրագնդի հետ լեզուով լռութեան:

Յուլիս, 1915թ.

ՀԻՆ ՎԱՆԸ

Հրաշք մի քաղաք ` ուռենիների ծփանքին դիմհար,
Պատսպարուել է Վանի քարափի հովանու ներքոյ,
Թւում է`  վերից` ժեռ ու դեղնաթոյր  զառիթափն ի վար
Գահավիժել է աւերակների հոծ կոյտի տեսքով:

Շողում են, փայլում   ձիգ  գմբէթները թուրք մզկիթների,
Մինարէներն են վեր ու վեր ցցուած մոմերի նման,
Մինչ շուրջ բոլորը` դռնազուրկ բակեր, կոյտեր քարերի,
Լոյսի ցոլանքներ պատուհաններից անփեղկ, ծխնահան:

Եւ աջ ու ահեակ` շների լեշեր, գանգոսկրեր, քրջեր,
Կրպակների մէջ` բիւր կտորտանքներ ջարդուած իրերի,
Ամայութիւն մի, գեհեն սոսկալի: Տիրազուրկ տներ:
Ամէնուր հետքեր ալան-թալանի,  հրկիզումների:

Այնտեղ` մարդկային ցրիւ ոսկորներ ` աղտեղանքի մէջ,
Այնտեղ`  թափթփուկ, անպէտք իրերի խառնշտած կոյտեր,
Այնտեղ` նրբանցք մի  ու պարիսպներին`  ճեղքեր մէջընդմէջ
Եւ հայոց աւեր, սակայն դեռ  կանգուն տաճարի պատեր:

Ինչ-որ բան դեռ կայ:  Ինչ-որ տեղ ահա շողքով արծաթի
Շողարձակում են  շրջանակներից  սրբոց պատկերներ:
Բայց, Տէ՛ր իմ: Տէ՛ր իմ: Այս ի՛նչ  գեհեն է անողորմ ջարդի,
Ին՛չ վիշտ  ահաւոր, հոգու, հաւատի ինչպիսի՛ աւեր:

Ջարդուփշուր ջահ` ցիրուցան փռուած ողորկ յատակին,
Թելերի հեղեղ  սարդոստայնների հիւսուածքում ցանցկեն,
Եւ ոսկեճաճանչ լոյսն են սփռում խաւարում  մթին
Պատուհանները` ջարդուած, խոռոչուած աչքերով անքէն:

Անձեւ կողի են թեքուել սրբերի պատկերանքները,
Բուրվառն է ընկած հնոտիքի մէջ, կեղտի  եւ աղբի,
Ու լոկ խորանի սեղանն են կարծես  արհաւիրքները
Տեղ-տեղ խնայել` թողնելով մնալ որպէս  թէ որբի:

Արքայավայել նախշով շողում են դարպասները մեծ,
Ու դեռ անվնաս, ողջ են  մնացել պատկերքը  սրբոց,
Եւ աստուածային սուրբ  կերպարանաց գոյները` անեղծ,
Ու դեռ խաչերն են վառ, շլացուցիչ փայլում ոսկեզօծ:

Եւ ինձ թւում է, թէ սրբերն ահա պատերից նայում
Ու շշնջում են`  հայեացքներն անհուն նախատինքով լի.
-Չարիքն այս ամէն, այս ողջ գարշանքը, դիերն այս սփռուն
Խելայեղութիւն, սոսկանք են ու վիշտ անդարմանելի:

Յուլիս, 1915թ.

ՎԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Յուլիսին էր, երբ զօրքը ետ քաշուեց,
Ու հէնց բանակը թողեց դիրքերը,
Քուրտ հրոսակը իսկոյն գրոհեց`
Խուժելով անօգ, լքեալ գիւղերը:

Տագնապը պատեց մարդկանց սրտերը.
– Ջոկատները,  ա՜խ,  ինչո՞ւ  հեռացան,
Քաղաք թափուեցին մուսուլմանները,
Անգութ ծեծ ու ջարդ մէկէն սաստկացան:

Ու հին քաղաքը մատնուեց հրի,
Մինչ  փողոցներում կռիւն էր թնդում`
Ամպերի միջից ծխի ու մրի
Անյագ  հրդեհն էր տները լափում:

Ու գիշերներին պատկերն էր այսպէս.
Մութն էր բոցկլտում քաղաքի գլխին,
Կրակը` ոսկէ սարդոստայնի պէս,
Շղարշ էր հիւսում ալիքուող ծխին:

Ճարճատուն բոցն էր աղմուկն իր խառնել
Բիւր ճայթիւններին կրակոցների,
Տրտում լուսինն էր, խոր վշտից անել,
Ծխէ քօղ կապել բովում աստղերի:

Հայոց կոտորած, ջարդ է հին Վանում,
Կանանց նետում են կրակների մէջ,
Ի վերջոյ`  հրոյ ճարակ քաղաքում
Սոսկ աւեր շէնքերն էին սնամէջ:

Եւ  ամէնուրեք  մերկացուած դիեր`
Կողոպուտի բիւր  հետքեր  համրացած,
Պատերի վրայ` ծխացած խորշեր,
Ու չար կատուներ, շներ կատաղած:

Վանը  հինաւուրց`  վհատ  ու նկուն
Ճնշում է անչափ  ծանր տրտմանքով,
Գերեզմանների հոտ է արձակում,
Ու շնչում անարգ  մարդոց գարշանքով:

Սոսկ արեգակն է կամարից  երկնի
Նոյն հին քնքշանքով շողերն իր սփռում,

Եւ յաւերժ անմահ բնութիւնն էլի,
Է՜հ, կարծես  ոչինչ չի էլ նկատում:

Յուլիս, 1915թ.

ԿՈՅՐ ԿԻՆԸ

Հայկական գիւղում` մի քանդ ու աւեր
Դադարն էր առնում ջոկատը նորից,
Կազակ ու զինուոր, հայ կամաւորներ
Ցրուեցին` նայեն բակերը դրկից:
Քուրտ հրոսակն էր գիւղն այդ կոտորել,
Խառնշտել ինչքը մինչեւ վերջին թել,
Կից շինութեան մէջ խուլ, կիսամթին
Ողջ էր մնացել մի կոյր, պառաւ կին:
Ողջ էր մնացել մեն մի պառաւ կին
Ջարդի ենթարկուած մեծ ընտանիքից`
Չնայած հիւծուած ու խղճուկ տեսքին
Եւ անկախ իր խոր, զառամ տարիքից:
Մի ամբողջ շաբաթ քաղցած մնացել`
Նա ի զօրու չէր ելնելու գետնից,
Լսողութեամբ էր մի կերպ հասկացել,
Որ ինչ-որ մարդիկ մտել են դռնից:
Իսկ մտել էին հայ կամաւորներ,
Սոսկումն էր մէկէն համակել նրանց.
Պառաւի շուրջը` անշունչ մարմիններ,
Մեռելահոտ էր` հեղձուցիչ, անանց:
Մի տղամարդ էր` կոկորդը կտրած,
Մանկամարդ մի կին` ներքնաշորերում,
Տղեկ մի, երկու աղջնակ` խեղդուած
Ու մի նորածին` արնոտ քրջերում:
Ծեր կինը ողջ էր`  պառկած վիճակում,
Ուշքը` ներս մտած հայերի վրայ,
Տարուբերում էր գլուխը, տնքում.
Արտաշէ՜ս, ու՞ր ես… Ա՜յ Օհա՜ն… Նանա՛…
Հարցուփորձում են կամաւորները,
Կոյր կինը սակայն միշտ նոյնն էր կրկնում.
– Ա՜խ, լքել են իմ հարազատները,
Ա՜խ, քանի օր է` ինձ չեն կերակրում…
Իր մօտ են հարսին տանջել, անարգել,
Իր մօտ` թոռներին խեղդամահ արել,
Մինչդեռ թւում էր ծեր կնոջն անգէտ,
Թէ  իրար մէջ են ճիչ-աղմուկ հանել:
Ծեր կնոջ մօտ են մորթել իր որդուն,
Մինչ կշտամբում էր, կռւում նրա հետ,
Թէ ինչո՞ւ ելլել ու չի դարձել տուն,
Ինչո՞ւ  ուտելիք չի բերել իր հետ:
Մանկան պէս անզօր թեւերն էր մեկնում,
Եւ տնքոցը` չոր, դալուկ շրթերին,
Անուն առ անուն կրկնում էր, կանչում,
Իր սրի քաշուած հարազատներին:
Կամաւորները շփոթհար ելան,
Իսկ կոյր մի հայեացք ճամբու էր դնում,
Մինչ դատարկուել էր գիւղը համարեա.
Հանգիստն իր առած` ջոկատն էր գնում:
Հայերից մէկը ետ դարձաւ կրկին`
Հրացանի մէջ փամփուշտ դնելով:
Նուաղ շարժւում էր ծեր կինը գետնին:
Նայեց պառաւին տխուր հայեացքով:
Նուաղ շարժւում էր ծեր կինը գետնին,
Մեռելահոտից  տղան օրօրուեց…
Աղօթեց  ու լաց  եղաւ դառնագին,
Ու դէմքը մի կողմ` գնդակահարեց …

Յուլիս, 1915թ.

Նախորդը

Փակ Շրջանակէ Դուրս Կը Վերականգնի՞ Հայ Գրականութիւնը Մեր Կեանքին Մէջ

Յաջորդը

Վստահուած Անձերու, Դաշնակցական Պատասխանատուներու Եւ Քուէարկողներու Կարծիքները` Ընտրական Հոլովոյթին Մասին

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?