Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննարկելէ ետք իր օրակարգին վրայ եղող հարցերը, վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները:
Ահտ հանդիսացաւ Լիբանանի ախոյեան, մինչ Շապապ Արապի եւ Իսլահ Պըրժ Շիմալի փոխադրուեցան Բ. դասակարգ:
Պէյրութի դրամատան ֆութսալի խումբը հանդիսացաւ Լիբանանի ախոյեան` աւարտականին 3-1 արդիւնքով գերազանցելէ ետք Լուէյզին:
Ստորեւ կու տանք Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 2017-2018 տարեշրջանի վերջնական դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Ահտ | 16 | 6 | 0 | 50 | 9 | 54 |
2.- Նըժմէ | 15 | 2 | 5 | 40 | 22 | 47 |
3.- Սաֆա | 10 | 6 | 6 | 31 | 25 | 36 |
4.- Ախա Ահլի Ալէյ | 7 | 12 | 3 | 23 | 19 | 33 |
5.- Անսար | 9 | 6 | 7 | 33 | 24 | 33 |
6.- Սալամ Զղարթա | 9 | 5 | 8 | 30 | 31 | 32 |
7.- Թատամոն Սուր | 8 | 5 | 9 | 28 | 27 | 29 |
8.- Ռասինկ | 7 | 4 | 11 | 21 | 29 | 25 |
9.- Թրիփոլի | 6 | 7 | 9 | 28 | 33 | 25 |
10.- Նեպի Շիթ | 5 | 5 | 12 | 21 | 35 | 20 |
11.- Շապապ Արապի | 4 | 5 | 13 | 16 | 31 | 17 |
12.- Իսլահ Պըրժ Շիմալի | 2 | 5 | 15 | 14 | 50 | 11 |
Ֆետերասիոնը երեք մրցումով կախակայեց Սաֆայի մարզիկներէն Ժատ Նուրէտտինը:
Ինչ կը վերաբերի այլ կախակայումներու, Դ. դասակարգի կազմերէն Հարաքեթ Շապապ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ անոր պատասխանատուներէն Ալի Սլէյման, մէկ տարիով կախակայուեցաւ եւ նոյնքան տուգանքի ենթարկուեցաւ:
Իսկ անոր հինգ մարզիկները` Ուսամա Նաժժար, Մոհամետ Եուսեֆ, Խալետ Իսսա, Զէյն Ապետին Տահպաշի եւ Մոհամետ Անսար Ֆարես, երեքական մրցումով կախակայուեցան:
Նահտա Այն Պաալ (Դ. դասակարգ) մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, իսկ անոր մարզիկներէն Հիւսէյն Ժապաք կախակայուեցաւ երեք մրցումով:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան Միքայէլ Տունիայեան եւ Էլիօ Ապու Ղազալի, որոնք մաս կը կազմեն ՀՄԸՄ Պէյրութի ֆութսալի կազմին (Գ. դասակարգ):
Մնալով ֆութսալի ծիրին մէջ, Իֆաք ակումբին պատասխանատուներէն Մոհամետ Թահան մէկ մրցումով կախակայուեցաւ, մինչ խումբը ենթարկուեցաւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի: