ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Անշուշտ առաջին անգամը չէ, եւ մեզ համար նոր չէ ջղագարութեան այս հերթական ալիքը, որ ներկայումս դարձեալ հեղեղել է Պաքուն եւ, առանձնապէս, նրա քաղաքական վերնայարկերը` կապուած արցախեան պատուիրակութիւնների արտասահմանեան այցերի ու դրանց միջոցով արտերկրում, մանաւանդ գերտէրութիւններում Արցախի Հանրապետութեան ներկայացուածութեան փաստի հետ: Մեր չարակամ հարեւանների գիտակցութեանն ու քաղաքական մտածողութեանը բնորոշ այդ հիւանդագին երեւոյթին, որ, ամենայն հաւանականութեամբ, քրոնիկական է եւ անբուժելի, մենք քանիցս ականատես ենք եղել անցած տասնամեակների ընթացքում` լինեն դրանք արցախեան շարժման, թէ շուրջ եռամեայ պատերազմի ժամանակ, թէ հաստատուած հրադադարի արդիւնքում առաջացած յարաբերական անդորրի կամ, այսպէս կոչուած, փխրուն խաղաղութեան պայմաններում:
Վերյիշենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնութեամբ ու կազմակերպական ջանքերով ամէն տարի եւրոպական եւ ամերիկեան, աշխարհի այլ երկրներում յօգուտ Արցախի իրականացուող հանգանակութիւնները, որոնք ամէն անգամ ուղեկցւում են ազրպէյճանական իշխանութիւնների բողոքի նոթաներով, այդ երկրի լրատուամիջոցների վայրահաչոցներով: Պաքւում, անկասկած, յստակ պատկերացնում են, որ այդ միջոցառումները սոսկ մարդասիրական նպատակների ծառայող դրամահաւաքներ չեն` ուղղուած Ազրպէյճանի իսկ սանձազերծած պատերազմի ծանր հետեւանքների վերացմանը, աւերուած տնտեսութեան վերականգնմանն ու զարգացմանը, ժողովրդի կենսական պայմանների բարելաւմանը, այլ նաեւ Արցախի` որպէս կայացող եւ միջազգային ճանաչման ձգտող պետութեան, այսինքն` հարաւկովկասեան տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացներում լուրջ դերակատարութիւն ստանձնած երկրի ներկայացուածութեան ու ճանաչուածութեան ապահովման բաղկացուցիչ միջոցներ:
Վերյիշենք Արցախի Հանրապետութեան պետական կառավարման տարբեր ճիւղերի` գործադիր եւ օրէնսդիր մարմինների, նոյնիսկ կրթամշակութային ոլորտների պատասխանատուների արտասահմանեան եւ կամ արտերկրի նրանց գործընկերների պատասխան այցերի մոլագար ու թունոտ արձագանգները Պաքուից: Անգամ զբօսաշրջիկների այցերը մեր հանրապետութիւն, ճանապարհորդների, որոնց եթէ ոչ մեծամասնութեան, ապա մի որոշ մասի հիմնական նպատակը սոսկ արցախեան բնութեան անձեռակերտ հրաշալիքներին ու հնութեան ձեռակերտ յուշարձանների ճարտարապետական մտայղացման կատարելութեանը հաղորդակցուելն է կամ, պարզապէս, հանգստանալը կուսական բնութեան գրկում, դարձեալ կատաղի զայրոյթի տեղիք է տալիս Ազրպէյճանում: Հասկանում են անշուշտ, որ զբօսաշրջութիւնը ոչ միայն կայուն եկամուտի աղբիւր է Արցախի համար, այլեւ այցերի ընթացքում անխուսափելի մարդկային սովորական շփումների ու դրանց միջոցով ժողովրդի կենցաղի դրուածքին, դարաւոր աւանդոյթներին, ստեղծած մշակութային արժէքներին, ազատութեան ու անկախութեան իղձերին եւ դրանց իրականացման ճանապարհի ձեռքբերումներին մօտիկից հաղորդակցուելու, հետեւապէս` այցելութեան երկիրը նաեւ հանրօրէն ճանաչելու լայն հնարաւորութիւն:
Պատահական չէ, որ Ազրպէյճանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնն ահա տարիներ ի վեր կազմում է անցանկալի անձանց մի իւրատեսակ «Սեւ ցուցակ», որի մէջ, ըստ տարբեր աղբիւրների տուեալների, ներառուած է 650-700 օտարերկրացու անուն: Չմոռանանք, որ այդ մարդիկ ոչ միայն «անցանկալի անձի» համարում ունեն Ազրպէյճանում, այլեւ, որպէս այդպիսիք, փաստօրէն, յայտարարուած են Ազրպէյճանի թշնամիներ: Բայց, հաշուի առնելով, որ օտարերկրացի այդ զբօսաշրջիկներն ունեն ընտանիքներ, մօտ ու հեռու հարազատներ, գործընկերներ ու պարզապէս ծանօթներ, ապա կարելի է պատկերացնել, թէ Պաքուն իր այդ անիմաստ ու անհեռանկար վարքագծով տարեկան քանի թշնամի է ձեռք բերում աշխարհի չորս ծագերում` արեւելքից արեւմուտք եւ հիւսիսից հարաւ:
Այս կապակցութեամբ ահա թէ ինչ է գրում Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին արտակարգ եւ լիազօր դեսպան Ճոն Էւանսը «Արդեօք, Թրամփը կ՛անտեսի՞ Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» յօդուածում, որ հրապարակուել է մարտի 11-ին` ամերիկեան «Տը նէյշընըլ ինթըրըսթ» վերլուծական պարբերականում, մի փորձառու դիւանագէտ, ով վաղուց ու շատ լաւ ծանօթ է Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ, հարաւկովկասեան տարածաշրջանի հիմնախնդիրներին: Յիշեցնեմ, որ Ճոն Էւանսն Արցախ է այցելել 2016-ի յուլիսին` ապրիլեան պատերազմից յետոյ: Նա վկայակոչում է այն ամէնը, ինչ տեսել է սեփական աչքով: Չնայած` աշխարհը չի ճանաչում, ասում է նա, սակայն ԼՂՀ ժողովուրդը եւ իշխանութիւնները կառուցում են իրապէս աշխատող ժողովրդավարութիւն: Ազրպէյճանը, նշում է ամերիկացի դիւանագէտը, արգելանքների է ենթարկում բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր Ղարաբաղ են այցելել առանց դրա համար նրա համաձայնութեան: Ուստի ներկայումս Պաքուի «Սեւ ցուցակում» են յայտնուած, օրինակ, օփերային երգչուհի Մոնսերաթ Քապալիէն, շէֆ-խոհարար, գրող եւ հեռուստատեսային խօսնակ Էնթընի Պուրտենը, լրագրող եւ գրող, «Ուաշինկթըն Փոսթ» թերթի սիւնակագիր Դեւիդ Իկնատիուսը եւ շատ ուրիշներ: Նրանց այժմ արգելուած է այցելել Ազրպէյճան: «Հաշիւն ամբողջացնելու համար,- յայտնում է Ճոն Էւանսը,- արդէն այդ ցուցակի մէջ եմ մտցուած նաեւ ես»: Էւանսն այնուհետեւ ընդգծում է. «Արցախի ժողովուրդը պարզապէս ուզում է ապրել խաղաղութեան եւ ազատութեան մէջ: Չնայած նրան, որ դեռեւս որոշուած չէ Արցախի Հանրապետութեան կարգավիճակը, Արցախի ժողովուրդն օժտուած է եւ պէտք է օգտուի բոլոր այն իրաւունքներից, որոնք միւսներն ունեն, եւ պէտք չէ մեկուսացման ենթարկուի մնացեալ մարդկութեան կողմից»:
Պաշտօնական Պաքուի ջղագարութեան այս էլ որերորդ հերթական բռնկումները, ինչպէս տեղեակ էք, արձանագրուել են վերջին երկու ամսում` մարտին եւ ապրիլին` կապուած լինելով Արցախի Հանրապետութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների արտասահմանեան ուղեւորութիւնների հետ: Այդ ընթացքում, ինչպէս յայտնի է, նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորած պատուիրակութիւնն աշխատանքային այցով մեկնել էր Միացեալ Նահանգներ, ապա եւ` Լիբանան, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի պատուիրակութիւնը` Ֆրանսա, պետական նախարար Արայիկ Յարութիւնեանը` Լիբանան, ապա եւ` Աւստրալիա, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը` Մոսկուա: Պաշտօնական Պաքուի զայրալից յոխորտանքին են արժանացել առանձնապէս մեր պետութեան ղեկավարի եւ խորհրդարանի նախագահի այցերը, որոնք երկուսն էլ, կրկնում եմ, աշխատանքային բնոյթ էին կրում:
Եւ այսպէս, մարտի 12-ին ժամանելով Ուաշինկթըն` Արցախի նախագահը մի ամբողջ շարք հանդիպումներ է ունեցել հայկական սփիւռքի տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչների, այդ երկրի դիւանագիտական ու փորձագիտական շրջանակների հետ: Բացի այդ, այցի ծրագրային շրջանակներում նա հրաւիրուել է Քոնկրես, որտեղ արտաքին կապերի գծով յանձնաժողովի մի խումբ անդամների հետ քննարկել է արցախա-ամերիկեան յարաբերութիւնների զարգացմանն ու ամրապնդմանը, ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչուող հարցեր: Այնուհետեւ Քոնկրեսում կազմակերպուել է ընդունելութիւն` նուիրուած արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի` արցախեան շարժման 30-ամեակին: Միացեալ Նահանգների մի մեծ խումբ ազդեցիկ քոնկրեսականների ու ծերակուտականների մասնակցութեամբ տեղի ունեցած այդ հանդիսութեանը Բակօ Սահակեանը հանդէս է եկել էական շեշտադրումներով յագեցած ճառով: Ամերիկացի խորհրդարանականներին ուղղուած իր խօսքում Արցախի նախագահը, ինչպէս յայտնի է, համոզիչ փաստարկներով ներկայացրել է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան բուն էութիւնը, պատմաիրաւական եւ իրաւաքաղաքական հիմունքները, արցախահայութեան բնաջնջման Պաքուի որդեգրած եւ հետեւողականօրէն կիրարկած քաղաքականութիւնը, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանութեան եւ անկախ պետականութեան կերտման օրինական իրաւունքը, ընդգծել, որ հանրապետութեան իշխանութիւնները, ի տարբերութիւն պաշտօնական Պաքուի, կողմ են հակամարտութեան խաղաղ, բանակցային կարգաւորմանը ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանու ներքոյ` բացառելով պատերազմի վերսկսումը եւ, առհասարակ, ուժի կիրառումը: Նախագահն իր խօսքում միեւնոյն ժամանակ կարեւորել է, որ Միացեալ Նահանգների օրէնսդիր մարմինն առաջիններից մէկն է դատապարտել Սումկայիթի հայ խաղաղ բնակիչների կոտորածները 1988թ. փետրուարին եւ, ընդհանուր առմամբ, այդ եւ հետագայ տարիներին Ազրպէյճանի վարած հակահայ ջարդարարական քաղաքականութիւնը: Ի լրումն ասուածի` Բակօ Սահակեանն ընդգծել է, որ Միացեալ Նահանգները փաստօրէն աշխարհի միակ պետութիւնն են, որը պարբերաբար ամէնամեայ ֆինանսական օժանդակութիւն է ցուցաբերում Արցախին, ինչի համար նա երախտագիտութիւն է յայտնել ամերիկեան ժողովրդին ու նրա իշխանութիւններին: Բացի այդ, անդրադառնալով Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման խնդրին, նա նշել է, որ այդ գործընթացը ներկայումս յաջողութիւններ է արձանագրում յատկապէս Միացեալ Նահանգների քաղաքային ու նահանգային մակարդակներում:
Արցախի նախագահի ելոյթն ամերիկեան Քոնկրեսում արժանուոյնս է ընկալուել ու գնահատուել ներկաների կողմից: Լիբանանահայ մեր գործընկեր, քաղաքագէտ Շահան Գանտահարեանի դիտարկմամբ, որ նա շարադրել է «Ազդակ» օրաթերթի խմբագրականում. «Այս բոլոր հիմնադրոյթներուն ներկայացման ընթացքին օգտագործուած են միջավայրի կողմէ դիւրին ըմբռնելի թեմաներ, խնդիրներու արծարծման առանցքներ, համապատասխան եզրաբանութիւն, որոնք այս պարագային ամերիկեան քաղաքական միջավայրին մէջ գտած են ճիշդ ընկալելիութիւն»:
Ինչպէս յայտնի է, Արցախի պատուիրակութեան այցի հէնց առաջին օրը Պաքուն անմիջապէս բողոքի նոթա էր յղել Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեանը` կանչելով Ազրպէյճանում Միացեալ Նահանգների դեսպան Ռոպերթ Սեկութային: Բացի այդ, Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպանը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարութիւնում, որտեղ ամերիկեան կողմին է յանձնել Պաքուի բողոքը, որում, ինչպէս որ նախորդ բոլոր համարժէք դէպքերում է նշւում, Արցախի նախագահի այցը ներկայացւում է որպէս «… գործունէութիւն, որն ուղղուած է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան դէմ, լուրջ հարուած է հասցնում բանակցային գործընթացին եւ ծառայում տարածաշրջանում լարուածութեան աճին»:
Յիշեցման կարգով նշենք, որ Պաքուն տարիներ առաջ, որոշակիօրէն` 2015թ. դեկտեմբերին գրեթէ նոյն բովանդակութեամբ ու շեշտադրումներով բողոքի նոթա էր յանձնել միեւնոյն Ռոպերթ Սեկութային` կապուած Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարարի ամերիկեան այցի հետ, բայց այդպէս էլ որեւէ արդիւնքի չի հասել, քանզի Արցախի պաշտօնական ներկայացուցիչները, ինչպէս վկայում է հանրապետութեան նախագահի այս վերջին` մարտեան ուղեւորութիւնը, շարունակում են այցելել Միացեալ Նահանգներ: Ընդ որում, այդ այցերը կատարւում են, անկասկած, ամերիկեան իշխանութիւնների իմացութեամբ, եւ քանի որ խոչընդոտներ չեն յարուցւում նրանց կողմից, հետեւապէս` հաւանութեամբ ու թոյլտուութեամբ:
Նոյն պատմութիւնը կրկնուել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի գլխաւորած պատուիրակութեան` ապրիլի 3-ին Ֆրանսայում մեկնարկած աշխատանքային այցի կապակցութեամբ: Այցի ընթացքում, որն իրականացուել է «Արցախ-Ֆրանսա» բարեկամութեան շրջանակում` ֆրանսական կողմի հրաւէրով, արցախեան պատուիրակութիւնը մի շարք ուշագրաւ հանդիպումներ է ունեցել Փարիզում, Մարսէյում, Լիոնում, Ֆրանսայի այլ քաղաքներում: Ստորագրուել է բարեկամութեան հռչակագիր, այս անգամ` Արցախի Մարտունի եւ Ֆրանսայի Տրոմ նահանգի Պուր-տէ-Փէաժ քաղաքների միջեւ: Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջեւ վստահութեան ու փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած բարեկամական կապերի հաստատումը: Փաստաթղթում մասնաւորապէս նշւում է, որ Մարտունի եւ Պուր-տէ-Փէաժ քաղաքները պարտաւորւում են փոխգործակցութիւն ծաւալել մշակոյթի, կրթութեան, արուեստի բնագաւառներում` հիմնուած համերաշխութեան, արժանապատուութեան եւ մարդու նկատմամբ յարգանքի վրայ: Այսպիսով, Պուր-տէ-Փէաժը դարձաւ Արցախի Հանրապետութեան քաղաքների հետ բարեկամական յարաբերութիւններ հաստատած ֆրանսական 10-րդ քաղաքը: Յիշեցման կարգով նշեմ նաեւ, որ Արցախի եւ Ֆրանսայի միջեւ ապակենտրոնացուած համագործակցութեան շրջանակներում դեռեւս 2014թ. բարեկամական յարաբերութիւններ են հաստատուել Պուրկ լէ Վալանս եւ Շուշի քաղաքների, իսկ 2015 թ.` Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ:
Պատուիրակութիւնը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամաւորների եւ ծերակոյտի անդամների, այդ թւում` Ֆրանսայի Ազգային ժողովի փոխնախագահի, Ազգային ժողովի Ֆրանսա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահի, ծերակոյտի Ֆրանսա-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահի, ինչպէս նաեւ Ֆրանսա-Արցախ բարեկամութեան շրջանակի մի խումբ անդամների հետ: Ֆրանսայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը, ողջոյնի իր խօսքում, մասնաւորապէս նշել է Աշոտ Ղուլեանը, հիմնաւոր տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շարքում, իսկ ֆրանսացի խորհրդարանականների հետ տարբեր ձեւաչափերով հանդիպումները թէ՛ Ստեփանակերտում, թէ՛ Փարիզում հնարաւորութիւն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլեւ օրէնսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկիւնից: Արցախի խորհրդարանի նախագահի գնահատմամբ. «Այս առումով մենք կարեւորում ու բարձր ենք գնահատում «Ֆրանսա-Արցախ» բարեկամութեան շրջանակի գործունէութիւնը, որը մեզ համար իւրօրինակ պատուհան է դէպի Ֆրանսա, իսկ Ֆրանսայի միջոցով` նաեւ դէպի Եւրոպա»:
Բնականաբար այս այցը եւս անուշադրութեան չմատնուեց Ազրպէյճանի կողմից` նոյնպէս յարուցելով պաշտօնական Պաքուի ջղագար արձագանգը: Սակայն, ի տարբերութիւն ամերիկեան պարագայի, Պաքուն բաւարարուեց ընդամէնն արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակի սպառնալիքով, այն է` բողոքի նոթա յղել Ֆրանսայի արտաքին քաղաքական գերատեսչութեանը: Այդքանը միայն: Ըստ երեւոյթին, բողոքի ամերիկեան նախադէպի ձախողումը որոշակի դաս էր հանդիսացել ազրպէյճանական դիւանագիտական գերատեսչութեան համար: Մնացածն արդէն սնամէջ յոխորտանք ու ճոռոմաբանութիւն է. այսպէս ասած, «վճռական բողոք»` այցի կապակցութեամբ, մեղադրանք ֆրանսական կողմին, որ նա ոչինչ չի ձեռնարկել այցը կանխելու համար, կոչ Ֆրանսային` «որպէս ՄԱԿ-ի մշտական անդամի, կատարելու իր յանձնառութիւնները` հետեւելով միջազգային կանոններին ու սկզբունքներին, կանխելով Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան դէմ ուղղուած նմանատիպ գործողութիւնները» եւ, վերջապէս, ահաբեկում առ այն, թէ «ազրպէյճանական կողմը Ֆրանսայի հետ յարաբերութիւններում այսուհետ հանդէս կը գայ փոխադարձութեան դիրքերից»:
Միով բանիւ, ինչպէս միանգամայն իրաւացիօրէն նշում է «Ազատ Արցախ» թերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Լէոնիտ Մարտիրոսեանը. «Այն կայուն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ ժամանակն Ազրպէյճանի իշխանութիւնների համար կանգ է առել, ու նրանք մնացել են ինչ-որ տեղ անցեալ դարի սկզբներին»: Համամիտ լինելով իմ հին գործընկերոջ տուած այս գնահատանքին, այնուամենայնիւ, ես աւելի հեռուն կը տանէի նրա մատնանշած ժամանակագրական շեմը` այն հասցնելով ներկայիս ազրպէյճանցիների խաշնարած նախնեաց` դարեր առաջ Այսրկովկասի բարեբեր հողեր ներխուժած գարակոյունների եւ ագկոյունների քոչուորական դեգերումների շրջան:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար