ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ
Նախքան «մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան եւ Հայաստանի կապին անդրադառնալը` յարկ է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առջեւ ծառացած խնդիրներին:
Հայաստանը անկախացումից ի վեր որդեգրել է բոլոր կողմերի հետ իրականացնել փոխշահաւէտ արտաքին քաղաքականութիւն` զերծ մնալով հանդիսանալուց որեւէ գերտէրութեան արբանեակ: Եւ դրա բացատրութիւնը կայանում է նրանում, որ Հայաստանի առջեւ դրուած են եղել լուրջ մարտահրաւէրներ, ինչպիսիք են` Խորհրդային Միութեան փլուզումը, երկրաշարժը եւ պարտադրուած պատերազմը: Այդ պայմաններում խոհեմ չէր լինի միջազգային ասպարէզում սատարել մի կողմին եւ դէմ դուրս գալ միւսին. խօսքը Միացեալ Նահանգներ-Ռուսաստան յետսառը պատերազմեան ժամանակաշրջանին է վերաբերում: Այժմ, երբ Հայաստանը արդէն կայացած պետութիւն է եւ Արցախն` ազատագրուած, հայութիւնը պէտք է շեշտը դնի ազգային արժէքների վրայ, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն էլ պէտք է հիմնուած լինի ազգային շահի, այլ ոչ` յարմարուողականութեան վրայ: Եթէ «կամ-կամ»-ը վտանգաւոր քաղաքականութիւն է եւ ծնում է ոչ միայն դաշնակիցներ, այլ` հակառակորդներ, ապա «եւ-եւ»-ի քաղաքականութիւնը Հայաստանը դարձնում է անողնաշար եւ զուրկ ինքնուրոյն քաղաքականութիւն ունենալուց: Ըստ իս, բոլորի հետ պէտք է ունենալ լաւ յարաբերութիւններ, բայց` հիմնել մեր ուրոյն քաղաքականութիւնն ու աշխարհայեացքը: Փաստը ցոյց տուեց, որ ազատականութիւնը եւ վայրի դրամատիրութիւնը միայն պատճառ հանդիսացան ազգի պառակտմանն ու մենաշնորհի ստեղծմանը: Հայաստանն ինչքան էլ լինի ապահով երկիր, սակայն բաւական խոցելի է դրսից ներթափանցող վտանգաւոր ազատական խմբերի կողմից, որոնք աշխատում են կոտրել հայ ազգի դիմադրողականութիւնը` երազային ժողովրդավարութիւն քարոզելով: Դրա նպատակը պառակտուած հասարակութեան ստեղծումն է, որը կը լինի մոլորուած կողմնորոշուելու` պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն:
Այս փոփոխուող աշխարհում եւ պատերազմների յորձանուտում մենք իրաւունք չունենք կարեւորելու միայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, քանի որ այսօր Չինաստանի նման գերհզօր պետութիւնն իր գոյութիւնը զգացնել է տալիս Մերձաւոր Արեւելքում եւ Անդրկովկասում: Հայ-չինական յարաբերութիւնները գտնւում են բարեկամական հարթութեան վրայ եւ միտում ունեն զարգանալու` անվտանգութեան, տնտեսութեան, առեւտրի, մշակութային եւ այլ ոլորտներում:
Համաշխարհային առումով, արդէն յստակօրէն աշխարհը վերադառնում է երկբեւեռ ուժերի յարաբերակցութեան: 2003 թուականի Միացեալ Նահանգների Իրաք ներխուժման փաստը համոզում էր Փենթակոնի մասնագէտներին, թէ Միացեալ Նահանգների դէմ չի կարող պայքարել ոչ մի գերտէրութիւն, եւ Միացեալ Նահանգները կարող են ներթափանցել իւրաքանչիւր երկիր կամ տարածաշրջան` իրենց խաղի կանոնները թելադրելու համար: Այս ամերիկեան գերակայութիւնը մեծ հաշուով ձգուեց մինչեւ «Արաբական գարուն» գործողութիւնը: Վերջինս իրենից ներկայացնում էր ցոյցերի մեծ ալիք, որն էլ ենթադրում էր` արաբական աշխարհի վերակառուցում: Սակայն իրադրութիւնը զգալիօրէն փոխուեց Սիրիայի պատերազմում, երբ տարածաշրջանային ուժերից բացի` հանդէս եկան այնպիսի գերտէրութիւններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք էլ սատարում էին Սիրիայի իշխանութեանը` դիւանագիտական եւ ռազմական առումներով: Իսկ Հայաստանը չէր կարող անտարբեր լինել վերոնշեալ պատերազմի հանդէպ, քանի որ ունէր սփիւռքի ամենահին համայնքներից մէկի լինել-չլինելու խնդիրը: Սակայն խնդիրը սահմանափակուած չէր լոկ սիրիահայութեան անվտանգութեան հարցերով, այլ Թուրքիան` ի դէմս Էրտողանի, հրաժարուել էր իր կողմից ստեղծուած «Զերօ խնդիր հարեւանների հետ» քաղաքականութիւնից եւ որդեգրել էր համաիսլամական գաղափարախօսութիւն, որը նոյնպէս վտանգ է Հայաստանի եւ Արցախի համար: Գաղտնիք չէ, որ 90-ականներին արցախեան պատերազմում Ազրպէյճանի կազմում կռուել են մեծ թուով իսլամականներ` Չեչնիայից, Աֆղանստանից եւ Փաքիստանից: Աւելի՛ն. Թուրքիան թշնամական կեցուածք ունի թէ՛ Սիրիայի եւ թէ՛ Հայաստանի հանդէպ, մի կողմում հրահրել է պատերազմ, իսկ միւս կողմում սահմանները փակ պահել` պատճառաբանելով արցախեան հիմնահարցը, այսպիսով, ինքըստինքեան պատճառ դառնալով հայ-սիրիական յարաբերութիւնների առաւել սերտացմանը:
Թուրքիան եւ Ազրպէյճանը բազմիցս փորձել են արցախեան հակամարտութիւնը ներկայացնել իսլամական միջազգային հարթակներում` որպէս կրօնական հակամարտութիւն: Ներկայում Թուրքիան հանդիսանում է Սիրիայի պատերազմում Ժապհաթ Նուսրայի եւ ՏԱՀԵՇ-ի զինեալների հովանաւորն ու համակարգողը: Անվտանգութեան նկատառումներից ելնելով` Հայաստանին անհրաժեշտ է, որ կապերն աւելի սերտացնի Սիրիա-Լիբանան-Իրան-Ռուսաստան-Չինաստան պլոքի հետ:
Երկրորդ խնդիրը տարածաշրջանում քառօրեայ պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակն է, որը խաթարեց խաղաղ բանակցութիւնների միջոցով արցախեան հիմնահարցի կարգաւորման տեսլականը. Ազրպէյճանը սկսեց աւելի յաճախ խօսել պատերազմների մասին: Հայութիւնը, բնականաբար, այս նոր իրադրութեան պայմաններում չի կարող շրջանցել առկայ վտանգը: Մեր քաղաքականութիւնը նոյնպէս պէտք է ենթարկուի փոփոխութեան եւ շեշտը դրուի ազգայինի վրայ` զօրաշարժի ենթարկելով համայն հայութեան ներուժը լինի Հայաստանում, թէ սփիւռքում: Թուրքական իսլամականութիւնը ծաւալապաշտական գաղափարախօսութիւն է, որը յայտնի է նոր-օսմանականութիւն անունով` Կիպրոսի կղզուց մինչեւ Չինաստան, եւ այս վտանգի դէմն առնելու համար բացւում է համագործակցութեան նոր հնարաւորութիւն, որը ինքըստինքեան մօտեցնում է Հայաստանի եւ Չինաստանի շահերն անվտանգութեան հարցում. այսինքն թուրքական սպառնալիքն արդէն իսկ հիմնական տեղ է զբաղեցնում Չինաստանի անվտանգութեան համակարգում:
Թուրք-չինական յարաբերութիւնները սրուել են, մասնաւորապէս, Էրտողանի իշխանութեան օրօք, երբ վերջինս չզլացաւ կրօնական եւ ազգային ուղերձներ յղել աշխարհի բոլոր թուրքալեզու ազգերին` ներկայանալով իրեն որպէս համայն թուրքալեզու ցեղերի առաջնորդ: Թէեւ կարծիքներ են հնչում, որ Էրտողանը տառապում է ամբոխահաճութեամբ, սակայն նա նպատակասլաց աջակցում է Սինճիանկի ինքնավար մարզի թուրք ույղուրներին եւ արդէն ստեղծել է 250 հազար ույղուրական համայնք Թուրքիայում, որոնցից 5000-ը, ըստ Սիրիայի պաշտօնական տուեալների, կռւում են Սիրիայում` իսլամական ուժերի շարքերում: Սա չափազանց մեծ վտանգ է Չինաստանի թէ՛ անվտանգութեան եւ թէ՛ տնտեսական զարգացման համար, քանի որ այդ իսլամական զինեալներն արդէն լինելով արհեստավարժ, կարող են կատարել ահաբեկչական գործողութիւններ Չինաստանի ներսում եւ պատճառել մարդկային եւ նիւթական մեծ վնասներ:
Ներկայումս աշխարհը կանգնած է ահաբեկչական վտանգի առջեւ, եւ միջազգային յարաբերութիւններում նոր հնարաւորութիւններ են ստեղծւում համախմբելու այն բոլոր երկրներին, որոնք թիրախ են հանդիսանում իսլամական ահաբեկչութեան: Հայաստանի համար սա չափազանց կարեւոր ժամանակաշրջան է` աշխարհին ցոյց տալու իր փորձը, թէ ինչպէ՞ս կարելի է դուրս գալ օսմանեան բռնատիրութեան դէմ եւ ինչպիսի՛ ազատագրական պայքար մղել իսլամական անհանդուրժողականութեան դէմ: Ոչ ոք մեզանից լաւ չի կարող իմանալ թէ՛ թուրք իսլամականի, թէ՛ թուրք ազգայնականի հոգեկերտուածքը, եւ այստեղ հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչներն ունեն մեծ առաւելութիւն` յայտնելու իրենց փորձը Չինաստանի համապատասխան մարմիններին:
Եւ այսպէս, Հայաստանը, նոր աշխարհակարգի ձեւաւորման հետ համահունչ, պէտք է այսօրուանից իսկ ձեռնամուխ լինի Չինաստանի հետ կառուցել ոչ միայն բարեկամական յարաբերութիւններ, այլեւ հետեւողականօրէն մշակի յստակ մարտավարութիւն եւ գծի յարաբերութիւնների զարգացման ճանապարհային քարտէզ: Սա կը լինի լուրջ այլընտրանք եւ մեծ փորձ` երկու հին քաղաքակրթութիւն ունեցող ազգերի միջեւ, նկատի ունենալով, որ երկու երկրները ներկայումս կարեւորում են ազգային գաղափարախօսութիւնը: