ՍԵՐՏԱՐ ՔՈՐՈՒՃՈՒ
Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Վերջին 1,5 տարուայ ընթացքում Տիգրանակերտի Սուր, Մարտինի Նուսայպին (Մծբին) եւ Շըրնաքի Ճիզրէ գաւառները յիշատակւում են միայն սպանութիւններով: Իսկ պատճառը Անգարայի կողմից որպէս յատուկ գործողութիւն ներկայացուած, սակայն շրջանում միայն աւերում բերած ժամանակաշրջանն է: Սակայն սա առաջին անգամը չէր: Մօտ 100 տարի առաջ էլ սոյն շրջանները յայտնի էին սպանութիւններով, Հայոց ցեղասպանութեան պատճառով… Ըստ Տիգրանակերտի քաղաքապետարանի կայքէջում տեղ գտած արձանագրութիւնների, 1913 թ. Մերձաւոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցի Սուրբ Կիրակոսի զանգակատունը յարձակման պատճառով քանդուել է, որի փոխարէն` նախորդից աւելի երկար, 29 մեթր բարձրութեամբ նորն է կառուցուել: Աշտարակի վրայ Զիլճիյեանների կողմից տեղադրուած զանգը, իսկ վերեւում էլ 3 մ 24 յարգի ոսկէ խաչ էր տեղադրուել:
Իսկ որոշ ժամանակ անց շքեղ զանգակատունը հրետակոծութեան պատճառով քանդուել է: Քաղաքապետարանի կայքում ընդամէնը այսքան տեղեկութիւն է հաղորդւում, սակայն պատճառները չեն նշւում: Միակ յայտնի պատճառն այն է, որ այն աւելի բարձր էր, քան` շրջապատում եղած մինարէները…
Տիգրանակերտի հայկական թաղամասում իրականացուած յատուկ գործողութեան միջոցով «մարդկանց որսը»
1914 թ.` այդ աւերումից մօտ մէկ տարի անց, Տիգրանակերտի քաղաքի կենտրոնում գտնուող հայկական թաղամասը յատուկ գործողութեամբ շրջափակւում է: Ըստ Ռայմոնտ Գէորգեանի «Հայոց ցեղասպանութիւն» գրքի, որը թուրքերէնով հրատարակուել է 3 տարի առաջ, 1915 թ. ապրիլ ամսուայ կէսերին` ապրիլի 16-ին, վերջին քայլն է արւում. սկսում են «մարդկանց որսը»: Այդ նպատակով թաղամասը ժանտարմերիայի, ոստիկանութեան, չերքեզ աւազակախմբերի եւ աշխարհազօրայինների կողմից շրջափակւում է: Նպատակն էր հարեւան տների կտուրներում թաքնուած «դասալիքներին» ձերբակալելն ու ապրիլ ամսուայ սկզբին Տիգրանակերտի նահանգապետ դոկտոր Ռեշիտի կողմից արձակուած հրամանի կիրառումը, այն է` զէնքերն յանձնելը, որի համար նրանք մտնում էին տներ ու գտնուած զէնքերը հաւաքում: Սակայն, ըստ հայ ականատեսների, ձերբակալուածներից ոմանք դեռեւս զինուորական ծառայութեան չկանչուած երիտասարդներ էին: Տների խուզարկութիւնները ընթանում էին բռնութիւններով ու բռնաբարութիւններով: Այդ գործողութեան պատճառով քաղաքի առաջադէմ մարդկանց էլ ներառեալ` մօտ 300 տղամարդկանց ձերբակալում են ու գցում քաղաքի կենտրոնում գտնուող բանտը:
Տիգրանակերտի հայերի կողմից ինքնապաշտպանութեան չդիմելու որոշումը
Ապրիլի 19-ին եպիսկոպոսաց խորհրդի անդամների, եկեղեցական պատուիրակների ու բարեգործական միութիւնների ձերբակալումից մէկ օր անց` ապրիլի 20-ին, հայկական եպիսկոպոսարանում ժողով է հրաւիրւում: Նրանց ձերբակալել էին կա՛մ փախչողներին իջեւան տալու, կա՛մ էլ փախչելու հարցում օգնելու համար: Օրակարգը յայտնի էր` ինքնապաշտպանութեան դիմելո՞ւ էին, թէ՞ ոչ: Առկայ պայմաններում ձեռք առնուելիք միջոցները հաշուի առնելով, եթէ անգամ խօսւում էր ապստամբութիւն կազմակերպելու մասին, հակառակ որոշում է կայացւում: Քաղաքի առաջադէմ անձինք ոչ մի բան չձեռնարկելու որոշում են կայացնում, քանի որ նրանց ձեռքում պաշտպանական հնարաւորութիւնները սահմանափակ էին, եւ ամենաշատը կարող էին մէկ ամիս դիմանալ…
Այս ժողովից յետոյ` ապրիլի 21-ի առաւօտեան, Տիգրանակերտի քաղաքական կուսակցութեան առաջնորդները ձերբակալուեցին, նրանց քաղաքի փողոցներով պտտելով` խոշտանգում էին: Իսկ մայիսի 11-ին հերթը հասաւ քաղաքի վերնախաւի ներկայացուցիչներին: Այդ անձանց շարքում կային` պետական պաշտօնեաներ, փաստաբաններ, մտաւորականներ, առեւտրականներ, բանկիրներ, արքեպիսկոպոս Անդրէաս Չելեպեանը, բողոքականների հոգեւոր հովիւ Յակոբ Անտոնեանը եւ այլ եկեղեցականներ: Ձերբակալուածներին խոշտանգել են: Նրանց պատճառաբանութիւնն այն էր, թէ փորձում են իմանալ թաքցուած զէնքերի տեղն ու ստիպել խոստովանել «ապստամբութեան» ծրագրեր մշակելը: Նրանց տաքացած երկաթներով այրել են, եղունգները պոկել, գլուխները կախոցի մէջ դրել ու ոտքերին նալ խփել: Այս ընթացքում, երբ բազմաթիւ մարդիկ էին սպաննւում, եպիսկոպոս Մկրտիչ Չըղատեանի տանջանքները ժողովրդի աչքի առջեւ շարունակւում էին: Խոշտանգողների կողմից հանուել են նրա ատամները, քունքերը տաք երկաթով այրել են, աչքերը հանել եւ դհոլ-զուռնայով քաղաքի մուսուլման թաղամասերով ընդհանուր տօնական տրամադրութեամբ շրջել: Տիգրանակերտի Ուլու մզկիթի բակ տարուելու ժամանակ պետական պաշտօնեաների ու եկեղեցականների թողտուութեամբ կաթիլ-կաթիլ քարիւղ են լցրել նրա վրայ ու վառել:
Պետութեան ձեռքով ապատեղեկատուութեան տարածման օրինակ Քոզանտերէում
Երբ սկսուեց աքսորը, Տիգրանակերտի քաղաքապետ դոկտոր Ռեշիտի կողմից ուղղորդուած քարոզչութեան ուղղութեամբ վերջին քայլն արուեց: Տիգրանակերտից հարաւ` մէկ ժամ հեռաւորութեան վրայ տեղակայուած Չարաքըլը գիւղի մօտակայքում գտնուող Քոզանտերէում քրդերն ու «Թեշքիլաթը մահսուսէ»-ի հետ կապ ունեցող աւազակախմբերը արդէն շրջանում պատրաստ կանգնած էին, ու մի քարաւան ոչնչացուել է: Խոշտանգուած ու սպաննուած հայերի դիերին մուսուլմանների հագուստ էին հագցնում, գլուխները ծածկում եւ նկարում էին: Լուսանկարները բազմացնելով` նախ Տիգրանակերտում, ապա` Պոլսում ու նոյնիսկ Գերմանիայում տարածում էին որպէս «հայ ապստամբների» բերած աղէտի զոհեր…
Մայրի՛կ, ի՞նչ է սա
Տեղահանուածների մէջ ողջ էր մնացել նաեւ 1915 թ. 5 տարեկան հասակում եղած Կարապետ Մկրտչեանը: Փրոֆեսէօր Վերժինէ Սվազլեանին իր պատմութիւնը բանաւոր հաղորդած Մկրտչեանը իրենց` քաղաքից դուրս հանուելը հետեւեալ կերպ է նկարագրում. «1915 թ. մեզ յանկարծակի աքսորեցին: Ես շատ փոքր էի, բայց Տիգրանակերտում ինչքան մարդ կար, բոլորին դուրս հանեցին: 15 տարեկան քեռիս ինձ իր ուսերին առաւ: Մայրս էլ փոքրիկ եղբօրս գրկած` քայլում էր: Այս բաները լաւ եմ յիշում: Ինձանից 6 տարի մեծ եղբայրս` Նշանը, տատիկիս ձեռքը բռնած` քայլում էր: Քայլելու ժամանակ մեզ ձեռնափայտով, մտրակով, թրերով հարուածում էին»:
Բազմաթիւ մարդկանց մահուանն ականատես եղած ընտանիքը կարողացաւ փրկուել այն բանի շնորհիւ, որ մայրերը դերձակ էին: Հետագայում Հալէպում, Պէյրութում եւ Հայաստանում ապրած Մկրտչեանի յիշողութեան մէջ Մարտինի ճանապարհն այսպէս է մնացել. «Մինչեւ 1918 թ. մնացինք: Այդ շրջանում համաներման հրաման արձակուեց. ով ցանկանում էր, կարող էր վերադառնալ հայրենի բնակավայր: Մայրիկս մի մեծ ուղտ էր գնել, այդ ուղտը վաճառեցինք, նրա փոխարէն մի աւանակ գնեցինք: Ինչ ունէինք-չունէինք` բարձեցինք վրան: Մայրս էլ նրա վրայ նստեց: Ճանապարհ բռնեցինք դէպի Մարտին: Մարտինի ճանապարհին մայրս մեզ իր մօտ կանչեց, մի փոսի մօտ ծնկի եկաւ, այդ փոսի մէջ մարդկանց բազմաթիւ ոսկորներ կային: Ոսկորները հանեց ու համբուրեց: Մենք դրան նշանակութիւն չտուեցինք: Քանի որ մենք մոռացել էինք հայերէնը, քրտերէնով հարցրեցինք. «Մայրի՛կ, ի՞նչ է սա», նա պատասխանեց. «Սրանք մեր քոյր-եղբայրների ոսկորներն են…»:
Սուրսայր թրերով` հայերի յետեւից. Նուսայպին
Հայոց ցեղասպանութիւնը կատարուել է նաեւ մէկ այլ տեղում` Տիգրանակերտի վիլայեթին կից Մարտինի սանճաքում գտնուող Նուսայպինում: «Պելկէ» հրատարակչութեան կողմից հրատարակուած Իվ Թեռնոնի «Մարտին 1915 թ.» գրքի համաձայն, Նուսայպինում ջարդերը սկսուել են 1915 թ. օգոստոսի 16-ին: Առաջին սպաննուածները քաղաքի առաջադէմ մարդիկ էին: Այնուհետեւ տղամարդիկ ու կանայք սպաննուեցին: Շրջանի բոլոր հայերը սպաննւում էին, միայն Սինճար փախածներն են կարողացել փրկուել:
Նուսայպինը միեւնոյն ժամանակ շրջանով անցնող տեղահանուածների ճանապարհին եղած մահուան կանգառներից մէկն էր: Ըստ Գէորգեանի, Մարտինում ողջ մնացած վերջին տղամարդիկ, այսինքն` զինուորական ծառայութեան կանչուածները, աւելի ուշ փոքր կարաւաններով Նուսայպինի ճանապարհին սպաննւում էին: Մարտին ուղարկուած աւազակներն ու այլ քիւրտ աշիրեթներ այդ ընթացքում աշխուժօրէն մասնակցում էին հիւսիսից եկող աքսորեալների կարաւանները ոչնչացնելու գործին: Խարբերդից ու Էրզրումից եկած 2 հազար մարդ էլ սեպտեմբերի 14-ին Նուսայպինում սպաննուեց:
Նուսայպինի հիւսիսարեւելեան մասում գտնուող հնագոյն քաղաքի մնացորդներով յայտնի Տարան էլ էր որպէս մահուան հովիտ ընտրուել: Օրինակ` 1915 թ. յուլիս ամսին էրզրումցի 7 հազար աքսորական սպաննուեց: Նրանց դիերը նետւում էին հսկայական բիւզանդական ջրամբարներ:
Գերմանացի հիւպատոսի օգնական Հոլշթէյնը Նուսայպինի հարաւում գտնուող ճանապարհի ողջ երկայնքով մէկ սուրսայր սրերով շրջող մուսուլմանների էր հանդիպում:
Ճիզրէն Ցեղասպանութեան ընթացքում. քրիստոնեաների կոկորդն էին կտրում
Նուսայպինի նման` Մարտինի սանճաքում գտնուող մէկ այլ վայր էլ Ճիզրէն էր: Ըստ Գէորգեանի, Թուր Ապտինի ապստամբութեան պատճառով Ճիզրէի կենտրոն մինչեւ օգոստոսի 28-29 կոտորած չէր նախապատրաստւում: Երբ սկսուեցին կոտորածները, նախ եւ առաջ թիրախորուեցին ուղղափառ ու կաթոլիկ ասորի հոգեւորականները: Դրանից յետո բոլոր հայ տղամարդկանց հետ մի քանի ուղղափառ ու կաթոլիկ ասորի տղամարդիկ էլ են ձերբակալւում, կտտանքների ենթարկւում ու սպաննւում: Շրջանում բնակուող համայնքներն իրենց ղեկավարների սադրանքով եւ կանոնաւոր բանակի միջնորդութեամբ անասելի բռնութիւն են կիրառում:
Ըստ ականատեսների վկայութիւնների, Ճիզրէի ծայրամասային թաղամասերում քրիստոնեայ տղամարդկանց կոկորդները մատաղացու գառան նման կտրում էին, դիերը գցում Տիգրիս գետը: Իսկ կանանց ու երեխաներին սեպտեմբերի 1-ին լաստ են նստեցնում ու ուղարկում Մոսուլ: Այդ ընթացքում «բախտաւորներին» քրտերը փախցնում էին, իսկ մնացածին` ջրի մէջ խեղդում: Ըստ Թեռնոնի, Տիգրիս գետը լի էր դիերով: Մոսուլի ժողովրդին մէկ ամիս շարունակ ասւում էր, որ չխմեն Տիգրիս գետի ջրից: Հայերէն մի ողբ խեղդամահ եղողների շուրթերին էր. «Գետերը գիտեն, թէ քրտերը մեզ ի՛նչ արեցին. մեզ տանջեցին, սպաննեցին ու ջուրը նետեցին»:
Լուսանկարը` Houshamadyan.org-ի արխիւից
https://m.bianet.org/bianet/insan-haklari/185826-adi-olumle-anilan-topraklar-sur-nusaybin-ve-cizre
«Ակունք»