9 փետրուարին Հարաւային Քորէայի Փիոնկ Չիանկ քաղաքին մէջ սկսած 2018-ի 23-րդ ձմեռնային ողիմպիական խաղերը 25 փետրուարին հասան իրենց աւարտին, երբ այդ խաղերուն ջահը մարեցաւ:
Միջազգային ողիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Պախ այս խաղերը պաշտօնապէս փակուած յայտարարեց եւ ողիմպիական դրօշը յանձնեց Պէյճինկի քաղաքապետ Չեն Ցզինի: Յաջորդ ձմեռնային ողիմպիական խաղերը տեղի պիտի ունենան 4-20 փետրուար 2022-ին` Չինաստանի մայրաքաղաքին մէջ:
Ռուս մարզիկները դարձեալ ողիմպիականի շքերթին մասնակցեցան ողիմպիականի դրօշին ներքեւ:
102 մետալներու համար (ինչ որ մրցանիշ մըն է ձմեռնային ողիմպիական խաղերու պատմութեան մէջ) պայքարեցան 92 երկիրներէ 2925 երկսեռ մարզիկներ:
Մետալներու դասաւորման մէջ առաջին դիրքը 39 մետալով (14 ոսկի, 14 արծաթ, 11 պրոնզ) գրաւեց Նորվեկիա: Գերմանիա հանդիսացաւ երկրորդ (14 ոսկի, 10 արծաթ, 7 պրոնզ), մինչ լաւագոյն եռեակը ամբողջացուց Քանատա (11 ոսկի, 8 արծաթ, 10 պրոնզ):
Խթանիչ դեղերու գործածութեան պատճառով ողիմպիականի դրօշին տակ հանդէս եկող Ռուսիա 17 մետալով (2 ոսկի, 3 արծաթ, 9 պրոնզ), գրաւեց դասաւորման 13-րդ դիրքը:
Յիշատակելի եղաւ տափօղակով, Ռուսիոյ տղոց խումբին կատարած կարեւոր իրագործումը, որուն ծիրին մէջ ախոյեան հանդիսանալէ ետք ռուսական խումբին մարզիկները առաջին անգամ ըլլալով երգեցին Ռուսիոյ քայլերգը իրենց մօտ գտնուող համակիրներուն հետ միասին, մինչ Միջազգային ողիմպիական կոմիտէն պայման դրած էր, որ դրօշակի բարձրացման արարողութեան ժամանակ պիտի հնչէ ողիմպիական քայլերգը:
Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին հայկական արմատներ ունեցող ռուս գեղասահորդ Եւգենիա Մետվետեւան շնորհաւորեց` անոր արծաթ մետալի տիրանալուն առիթով:
1999-ին Մոսկուայի մէջ ծնած Մետվետեւայի հայրը հայ է (Արման Բաբասեան):
Այստեղ կարեւորութեամբ պէտք է անդրադառնալ այն կէտին, որ նորվեկիացի դահուկորդ Մարիթ Պիորկեն դարձաւ ձմեռնային ողիմպիական խաղերու պատմութեան ամէնէն տիտղոսակիր մարզիկը:
37 տարեկան Պիորկեն խաղերուն վերջին օրը այլ ոսկի մետալի մըն ալ տիրանալով դարձաւ ողիմպիականի 8-ակի ախոյեան: Ան ընդամէնը տիրացած է 15 տարբեր մետալներու:
Ան այսպիսով գերազանցեց իր 43 տարեկան ազգակիցը` Ուլէ-Էյնար Պիորնտալենը, որ տիրացած էր 13 մետալի (8 ոսկի, 4 արծաթ, 1 պրոզ):
Այս ողիմպիականին Պիորկեն տիրացաւ 2 ոսկի, 1 արծաթ եւ 1 պրոնզ մետալի:
Հայաստանի 3 ներկայացուցիչները` Միքայէլ Միքայէլեան, Քաթիա Գալստեան եւ Աշոտ Կարապետեան, մրցանակային որեւէ տեղ չկրցան գրաւել:
Ստորեւ` մետալներուն վերջնական դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 14 | 14 | 11 | 39 |
| 2.- Գերմանիա | 14 | 10 | 7 | 31 |
| 3.- Քանատա | 11 | 8 | 10 | 29 |
| 4.- Միացեալ Նահանգներ | 9 | 8 | 6 | 23 |
| 5.- Հոլանտա | 8 | 6 | 6 | 20 |
| 6.- Շուէտ | 7 | 6 | 1 | 14 |
| 7.- Քորէա | 5 | 8 | 4 | 17 |
| 8.- Զուիցերիա | 5 | 6 | 4 | 15 |
| 9.- Ֆրանսա | 5 | 4 | 6 | 15 |
| 10.- Աւստրիա | 5 | 3 | 6 | 14 |






