Հարաւային Քորէայի Փիոնկ Չիանկ քաղաքին մէջ տեղի ունեցող եւ իր աւարտին մօտեցող 23-րդ ձմեռնային ողիմպիականի խաղերուն 13-րդ օրը` երէկ, Միացեալ Նահանգներու խումբը տափօղակով հաքիի աղջկանց մրցաշարքին աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց Քանատայի:
Երէկ` հինգշաբթի, 22 փետրուար 2018-ը պատմական օր մը եղաւ Հունգարիոյ համար, որ տիրացաւ իր առաջին ձմեռնային ողիմպիական ոսկի մետալին, երբ անոր տղոց խումբը (4 մարզիկ) տիրացաւ շորթ-թրեքի 5000 մեթր փոխանցումավազքի տիտղոսին:
Մետալներու պարագլուխի դիրքին վրայ գտնուող Նորվեկիա երէկ տիրացաւ մէկական ոսկի, արծաթ եւ պրոնզ մետալի, մինչ անոր ետին գտնուող Գերմանիա բաւականացաւ միայն մէկ ոսկի մետալով, այդ ալ, տղոց դահուկարշաւի 4×5 քիլոմեթրի խմբային տիտղոսին:
Հակառակ մէկ ոսկի մետալի տիրանալուն, Գերմանիա յաջողեցաւ իրեն համար մրցանիշ մը հաստատել, որովհետեւ նախապէս չէր յաջողած 13 ոսկի մետալի տիրանալ:
Պիելոռուսիոյ ներկայացուցիչ Տարիա Թոմրաչեւա դարձաւ աղջկանց Պիաթլոնի առաջին քառակի ողիմպիականի ախոյեան: Նշենք, որ ան 2014-ի Սոչիի ողիմպիականին տիրացած էր երեք ոսկի մետալի, անհատական մրցաձեւերուն մէջ: Ան երէկ իր խմբակիցներուն հետ տիրացաւ ոսկի մետալի (4 անգամ 6 քմ):
Ստորեւ մետալներուն դասաւորումը` երէկուան մրցումներէն ետք.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Նորվեկիա | 13 | 12 | 10 | 35 |
| 2.- Գերմանիա | 13 | 7 | 5 | 25 |
| 3.- Քանատա | 9 | 7 | 8 | 24 |
| 4.- Միացեալ Նահանգներ | 8 | 7 | 6 | 21 |
| 5.- Հոլանտա | 7 | 6 | 4 | 17 |
| 6.- Շուէտ | 5 | 5 | 0 | 10 |
| 7.- Ֆրանսա | 5 | 4 | 6 | 15 |
| 8.- Աւստրիա | 5 | 2 | 6 | 13 |
| 9.- Քորէա | 4 | 4 | 3 | 11 |
| 10.- Զուիցերիա | 3 | 6 | 2 | 11 |



