Դեկտեմբերի 10-ը իր հաստատուն տեղն է գրաւել Արցախի Հանրապետութեան յիշարժան տարեթուերի օրացոյցում: Պատմականօրէն այնպէս է դասաւորուել, որ, սկսած 2006 թուականից` այդ օրը հանրապետութեան ժողովուրդը նշում է Պետական անկախութեան մասին հանրաքուէի օրը եւ Սահմանադրութեան օրը:
Հէնց դեկտեմբերի 10-ին, բայց 15 տարուայ տարբերութեամբ` 1991-ին եւ 2006-ին, կայացան ԼՂՀ պետական անկախութեան հարցով հանրաքուէն եւ սահմանադրական հանրաքուէն: Ու թէեւ այս երկու իրադարձութիւններին իրարից բաժանում է մէկուկէս տասնամեակ, կարելի է ասել, որ դրանք անքակտելիօրէն կապակցուած են իրար, քանի որ փաստօրէն կանխորոշեցին ԼՂՀ պատմական եւ քաղաքական զարգացման հեռանկարներն ու իրենցով նշանաւորեցին անկախ պետականաշինութեան գործընթացի նոր փուլ: Այն մասին, որ քաղաքական այս երկու աքթերը ԼՂՀ ժողովրդի համար բախտորոշ նշանակութիւն ունեն, խօսում է նաեւ փաստը, որ դրանք ընդունուել են համաժողովրդական հանրաքուէով, որը ժողովրդավարական կամարտայայտութեան բարձրագոյն ձեւն է: Այդ ոչ պակաս կարեւոր գործօնը նոյնպէս «հարազատացնում», միաւորում է արցախցիների համար այդ երկու կարեւորագոյն իրադարձութիւնները:
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումից յետոյ ինքնուրոյն պետութեան ստեղծման ճանապարհին յաջորդ իրաւական քայլը դարձաւ նոյն տարուայ դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախութեան հարցով համաժողովրդական հանրաքուէի անցկացումը: Հանրաքուէի դրուած հարցը ձեւակերպուել էր հետեւեալ կերպ. «Համաձա՞յն էք, որ հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լինի անկախ պետութիւն, որն ինքնուրոյն է որոշում այլ պետութիւնների եւ հանրութիւնների հետ համագործակցութեան ձեւը»: Հանրաքուէին ընդհանուր առմամբ մասնակցել է 108.736 մարդ, եւ քուէարկութեան մասնակիցների 99,89 տոկոսը կողմ է արտայայտուել ԼՂՀ լիակատար անկախութեանը: Այսպիսով, ժողովրդի ազատ կամարտայայտութեան հիման վրայ իրաւաբանօրէն ձեւակերպուեց հանրապետութեան կայացումը` որպէս անկախ պետութիւն:
Հարկ է յիշել, որ ղարաբաղեան անկախ պետականութեան կայացման եւ զարգացման գործընթացն անցել է Ազրպէյճանի հետ դիմակայութեան պայմաններում, որի նպատակը հանդիսանում էր եւ մինչ օրս մնում է Արցախի Հանրապետութեան ոչնչացումը: Մշտական արտաքին սպառնալիքը հրամայաբար պահանջում էր ներքաղաքական կայունութեան հաստատում եւ պահպանում, պետական իշխանութեան եւ կառավարման մարմինների արդիւնաւէտ գործառնութիւն, ինչն անհնար է առանց անհրաժեշտ իրաւական հիմքի ստեղծման: Դա իսկապէս չափազանց կարեւոր էր եւ մեր ժողովրդին օգնեց դիմակայել յարձակողապաշտ հակառակորդին, չգլորուել քաոսի մէջ: Հարկ է, սակայն, նշել, որ օրէնսդրական հիմքերի ստեղծումը, առաջին հերթին, ներքին անհրաժեշտութիւն էր` թելադրուած ժողովրդավարական հասարակութեան կանոնների ու սկզբունքների համաձայն կեանքը կառուցելու ցանկութեամբ, որոնց հանդէպ իրենց նուիրուածութիւնն արցախցիները հռչակել են դեռեւս ղարաբաղեան շարժման արշալոյսին: Ու պէտք է ասել, որ արդէն 1994թ. ԼՂՀ-ում ստեղծուել էր օրէնսդրական հիմք, որը թոյլ էր տալիս կարգաւորել յարաբերութիւնները հասարակական-քաղաքական կեանքի գործնականում բոլոր ոլորտներում: Այո՛, հանրապետութիւնն ապրում էր առանց սահմանադրութեան, սակայն այդ հանգամանքը որեւէ բացասական ներգործութիւն չունեցաւ, քանի որ նրա օրէնսդրական հիմքը ներառում էր նաեւ նախագահի, խորհրդարանի եւ կառավարութեան վերաբերեալ սահմանադրական օրէնքների ամբողջութիւն, որոնք կանոնակարգում էին պետական կարեւորագոյն հաստատութիւնների գործունէութիւնը:
Կեանքը տեղում կանգնած չի մնում, եւ ժամանակի հետ հասունացաւ սահմանադրութեան` որպէս երկրի Հիմնական օրէնքի ընդունման անհրաժեշտութիւնը, որը հանդիսանում է օրէնսդրութեան հիմքն ու ապահովում բոլոր օրէնքների սահմանադրականութիւնը: Պետական անկախութեան հարցով հանրաքուէից միայն 15 տարի յետոյ սահմանադրութեան ընդունումը պայմանաւորուած էր նրանով, որ անհրաժեշտ էր իրաւաբանօրէն ձեւակերպել բոլոր այն նշանակալի փոփոխութիւնները, որոնք տեղի ունեցան հասարակութեան եւ պետութեան զարգացման գործընթացում, հանրապետութեան հասարակական-քաղաքական կեանքում, ինչն էլ իր արտացոլումը գտաւ սահմանադրութեան մէջ: Որպէս պետութեան հիմնական օրէնք` այն ամրագրում է քաղաքական կարգի հիմքերը, որոշում պետական իշխանութեան եւ կառավարման մարմինների գործունէութեան ձեւերն ու մեթոտները, երաշխաւորում ու պաշտպանում մարդու իրաւունքներն ու ազատութիւնները: Եւ սահմանադրութեան կարեւորագոյն կանոններից մէկը պետութեան կառավարման հարցում ժողովրդի ուղղակի մասնակցութեան ապահովումն է տարբեր մակարդակի` նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների միջոցով:
Հիմնական օրէնքի ընդունումը, որը պսակեց մեր հանրապետութիւնում օրինաստեղծման գործընթացը, փաստօրէն նշանաւորեց ԼՂՀ զարգացման նոր, սահմանադրական փուլի սկիզբ: Աւելորդ չէր լինի նշել նաեւ Սահմանադրութեան եւ հանրապետութեան ողջ օրէնսդրական հիմքի արտաքին քաղաքական նշանակութիւնը. իսկական ժողովրդավարական պետութեան հիմքեր ստեղծելու մեր ձգտումը, քաղաքակիրթ աշխարհի օրէնքների համաձայն ապրելու մեր ցանկութիւնն ու կարողութիւնը մեծ նշանակութիւն ունեն եւ ԼՂՀ անկախ պետականութեան միջազգային ճանաչման հեռանկարների դիտանկիւնից:
Բնականաբար սահմանադրութիւնը տոկմա չէ, եւ հասարակական-քաղաքական կեանքի առաջընթաց զարգացման գործընթացում անհրաժեշտութիւն է ծագում նրանում համապատասխան փոփոխութիւններ մտցնել: Ահա թէ ինչո՛ւ ընթացիկ տարուայ փետրուարին ԼՂՀ-ում կայացաւ սահմանադրական հանրաքուէ` նրա անկախութեան պատմութեան ընթացքում թուով 3-րդ համաժողովրդական հանրաքուէն, որի արդիւնքներով Հիմնական օրէնքում մտցուեցին հանրապետութեան` կառավարման կիսանախագահական ձեւից նախագահականի անցումն ապահովող փոփոխութիւններ:
ԼՂՀ հռչակման պահից արցախցիները կատարեցին գիտակցուած ընտրութիւն` յօգուտ անկախ ժողովրդավարական պետութեան ստեղծման, ու այդ ընտրութեանը` հիմնուած մեր պատմական աւանդոյթների, մեր ազգային հոգեկերտուածքի, ժամանակակից քաղաքացիական հասարակութեան զարգացման օրինաչափութիւնների ընկալման վրայ, նրանք հաւատարիմ մնացին: