Իրողութիւնը այն է, որ հայ պոլշեւիկները դէպի դաշնակցականները ունեցած ատելութիւնից կուրացած եւ յուսալով թուրքերի օգնութեամբ խորտակել Հայաստանի անկախութիւնը` ամէն միջոց գործադրեցին կոտրելու համար հայկական բանակի դիմադրական զօրութիւնը:
Կարսի եւ Ալեքսանդրապոլի շրջանում հայկական հրամանատարութիւնը պարտուողական քարոզչութեան ու դասալքութեան մէկից աւելի դէպքեր է արձանագրել:
Եղան եւ ձերբակալութիւններ ու դատավարութիւններ: Տողերիս գրողը անձամբ ականատես է եղել նման երեւոյթների Կարսում եւ հարցաքննել է դասալիք սպայ Գարագաշին եւ ուրիշներին, որոնք բռնուել էին խռովութեան եւ դասալքութեան յանցանքի մէջ:
Պատմում են, որ պոլշեւիկները դեռ Կարսի անկումից առաջ ունեցել են գաղտնի կազմակերպութիւն, որը գաղտնի յարաբերութեան մէջ է եղել տաճիկ հրամանատարութեան հետ, որոշ աշխատանքներ է կատարել տեղում եւ ջանացել է քայքայել մեր զօրքերը` հրաւիրելով նրանց չդիմադրելու տաճիկներին:
«Տաճիկների այդ գաղտնի գործակալ պոլշեւիկները մեր ճակատի ամենաստոյգ տեղեկութիւնները հաղորդել են տաճիկներին, հայ դաւաճանների այդ ջանքերի պատճառով տաճիկներին հեշտութեամբ յաջողուեց գրաւել Կարսը»:
Նոյն դաւաճան կազմակերպութեան գաղտնի գործակալները երեւան են եկել նաեւ Ալեքսանդրապոլում. «Վերջին հաստատ տեղեկութիւնների համաձայն, պոլշեւիկ կոչուող հայ դաւաճանները, որոնք փախել են Ալեքսանդրապոլի բանտից, անցել են թշնամու կողմը եւ պրովոկացիոն լուրեր հաղորդելով` աշխատում են գրգռել թշնամուն, անվստահութիւն ներշնչել կնքուած զինադադարի նկատմամբ, որպէսզի տաճիկ հրամանատարութիւնը խախտի զինադադարը եւ ռմբակոծի քաղաքը: Նրանք լուրեր են տարածում, որ իբր թէ դաշնակցականները, չնայած կնքուած զինադադարին, պատրաստւում են դաւադրօրէն յարձակուել տաճիկ զօրքերի վրայ»:
«Յառաջ»-ի նոյն համարը հաղորդում էր. «Ալեքսանդրապոլի բանտից փախած հայ պոլշեւիկները ընդառաջ են գնացել Ալեքսանդրապոլ մտնող տաճիկ զօրքին եւ իրենց խնդակցութիւնը յայտնելով` ձեռք են մեկնել տաճիկ զինուորներին»:
Պատերազմից յետոյ այդ բոլոր փաստերը երեւան եկան, եւ հայ պոլշեւիկները իրենք էլ, իրենց կաշիի փորձով, համոզուեցին, որ չարաչար խաբուած էին: Ահա, օրինակ, ինչ է պատմում Հայաստանի նախարար բժ. Ա. Բաբալեանը, որ Կարսի անկումից յետոյ գերի էր ընկել թուրքերի ձեռքը. «Մեր գերութեան հինգերորդ օրը մեզ այցելեցին հինգ հայեր` մի քանի տաճիկ սպաների հետ` զարդարուած կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք: Պտտում էին հանրակացարանները եւ իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Յեղկոմի անդամներ էին: Այնպէս էին հաւատացրել սրանց տաճիկ սպաները, որ իբր թէ Կարսը պիտի յանձնեն պոլշեւիկեան իշխանութեան: Եւ ամէն կերպ փայփայում էին կոմունիստ տականքներին: Փոխարէնը` սրանք մատնութիւններ էին անում եւ ցոյց տալիս պահեստների տեղերը եւ անհրաժեշտ տեղեկութիւններ էին տալիս հայ զօրքի եւ երկրի վերաբերեալ»:
«Պատերազմը վերջացաւ հայերի պարտութեամբ, եւ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Հայաստանը լքուած էր բոլորից: Դաշնակիցները ո՛չ մի օգնութիւն չհասցրին, Վրաստանը բարեկամ էր քեմալական Թուրքիային եւ մնաց չէզոք»: «Ազրպէյճանը թշնամի էր: Թշնամի էր եւ Խորհրդային Ռուսաստանը, որ գործօն կերպով աջակցում էր թուրքերին` հայերի դէմ:
«Տարբեր չէր եւ Լեկրանի ընթացքը, նա գնաց Պաքու եւ վերադարձաւ միայն հոկտեմբերի սկիզբը: Ի՞նչ առաւ նա Պաքւում, կամ ի՞նչ տեղի ունեցաւ այնտեղ, մանրամասնութիւնները յայտնի չեն մեզ, բայց ինչ որ յայտնի է, կասկած չի թողնում, որ Պաքւում որոշուեց օգտուելով դէպքերի նպաստաւոր դասաւորութիւնից, Հայաստանը ենթարկել խորհրդայնացման»:
Այսպէս, նոյեմբեր 4-ին Պաքւում տեղի է ունենում Ազրպէյճանի Կոմունիստական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի Փոլիթպիւրոյի եւ Համամիութենական կոմունիստական կուսակցութեան կենտր. կոմիտէի կովկասեան պիւրոյի անդամների լիագումար ժողովը, որին մասնակցել է եւ ինքը` Ստալինը: Օրակարգի հարցեր են լինում` բանակցութիւններ Վրաստանի հետ եւ կացութիւնը Հայաստանում:
Անկասկած, նոյեմբեր 4-ի այդ ժողովը նկատի ունի տիկ. Օրջոնիկիձէն` այն օրերին Ստալինի աջ բազուկ եւ նոյն Ստալինի կողմից հաշուեյարդարի ենթարկուած Սերգօ Օրջոնիկիձէի այրին, երբ իր ամուսնուն նուիրուած «Մի պոլշեւիկի ուղին» իր հատորում գրում է.
«Երբ 1920-ին Կովկաս ժամանեց Ի. Վ. Ստալինը, հետեւեալ առաջադրանքը արաւ. օժանդակել Հայաստանի ապստամբած աշխատաւորութեան»:
«Տաղստանի եւ Թերեքի համագումարների աւարտից յետոյ, Սերգօն Պաքու վերադարձաւ եւ 19 նոյեմբեր 1920-ին 11-րդ բանակի զօրամասերը ուղարկեց տապալելու համար դաշնակների ատելի կառավարութիւնը»:
Կարսի անկումից յետոյ պատերազմի ընթացքը հայերի համար դարձաւ այլեւս յուսահատական: Տեղի ունեցաւ կառավարութեան փոփոխութիւն, եւ ինձ վիճակուեց ցմրուր ըմպել դառնութեան բաժակը: Իբրեւ վարչապետ եւ արտաքին գործերի նախարար` այնուհետեւ ե՛ս գործ ունեցայ Լեկրանի հետ եւ, ուրեմն, կարող եմ խօսել որպէս դէպքերի անմիջական մասնակից: Հայ ժողովրդի եւ պատմութեան առաջ ես պատասխանատու եմ իմ արձանագրած իւրաքանչիւր բառի համար:
Պաշտօնի անցնելուց անմիջապէս յետոյ ես յարաբերութեան մէջ մտայ Լեկրանի հետ: Կառավարութեան նպատակն էր սերտ բարեկամութիւն հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ եւ ապահովել նրա աջակցութիւնը: Ամէնքի համար պարզ էր այն օրերին, որ Հայաստանը կա՛մ Ռուսաստանի հետ պէտք է լինի, կա՛մ պէտք է դառնայ թուրքերի ձեռքին խաղալիք, եթէ չբնաջնջուի ի սպառ: Ես հարցը դրի յստակ ու վճռական կերպով. Ռուսաստանը կարո՞ղ է մեզ օգնել եւ, եթէ այո, ինչո՞վ եւ ինչպէ՞ս: Նոյնքան պարզ ու վճռական եղաւ եւ Լեկրանի պատասխանը: Նա առաջարկեց յետ կանչել Խատիսեանի պատուիրակութիւնը Ալեքսանդրապոլից, մերժել թուրքերի պահանջները եւ խորհրդային զօրք մտցնել Հայաստան:
Ես ցոյց տուի Լեկրանին, որ մինչեւ որ ռուսները կարողանան շօշափելի ուժ հասցնել Երեւան, առնուազն մէկ շաբաթ պիտի պահանջուի, մինչդեռ թուրք բանակը կանգնած էր Արաքսի ափին, Մարգարայի կամուրջի մօտ, հազիւ 20-25 մղոնի վրայ Հայաստանի մայրաքաղաքից: Եթէ կառավարութիւնը խզէ բանակցութիւնները, այդ պիտի նշանակէ պատերազմի վերսկսում. ի՞նչ ուժ կարող է արգելել թուրքերին` Հայաստանի մնացած մասն էլ գրաւելու: Խորհրդային իշխանութեան խօ՞սքը: Ի՞նչ երաշխիք, որ թուրքերը կարեւորութիւն կը տան այդ խօսքին:
Լեկրանի խօսքերից պարզ էր մի ուրիշ պարագայ: Նրան հայ ժողովրդի ապահովութիւնից աւելի հետաքրքրում էր Հայաստանի խորհրդայնացման հարցը, բայց այդպիսի պահանջ դեռ չէր կարող դնել, որովհետեւ լաւ տեսնում էր, որ հայ ժողովուրդը համակիր չէր Հայաստանի խորհրդայնացման:
Խորհրդային զօրքեր մտցնելու դէմ, որ ասել է` Հայաստանը խորհրդայնացնել, առաջ բերի եւ այլ կարգի առարկութիւններ: Խորհրդայնացման դէպքում Հայաստանը բոլորովին պիտի կտրուէր Եւրոպայից ու Ամերիկայից եւ պիտի զրկուէր այն պարէնից, որ ստանում էր այնտեղից: Այդ պիտի նշանակէր սովամահութիւն` հայ ժողովրդի համար, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ սովահար` ի վիճակի չէր Հայաստանին ուտելիք հասցնելու:
Երկրորդ` Հայաստանի խորհրդայնացումը մահացու հարուած պիտի հասցնէր Հայկական հարցին եւ Հայաստանին տրուած բոլոր միջազգային յանձնառութիւններին ու դաշնագրերին: Մինչդեռ, եթէ Հայաստանը պահուէր անկախ, թէ՛ դրսի աշխարհից չէր կտրուի, թէ՛ կը մնար Հայկական հարցի իրաւատէր: Խորհրդային Ռուսաստանին հարկաւոր է Հայաստանի բարեկամութի՞ւնը` մենք այդ կ՛ապահովենք: Պոլշեւիկների համար անհրաժեշտ են Հայաստանի ճանապարհնե՞րը` մենք կը տանք:
Լեկրանը պատասխանեց. հայերը ընդմիշտ պէտք է հրաժարուեն Եւրոպայից ու Ամերիկայից եւ խաչ քաշեն Սեւրի դաշնագրի վրայ: Հայերը իրենց յոյսը պէտք է կապեն միայն համաշխարհային յեղափոխութեան եւ բանուորա-գիւղացիական Ռուսաստանի հետ: Ծիծաղելի է խօսել ինչ-որ ալիւրի մասին, որ ամերիկեան բանկիրներն ու պատուելիները, իբրեւ ողորմութիւն, շպրտում են հայերի առջեւ: Ի՞նչ բան է Ռուսաստանի համար Քուպանից մի քանի միլիոն փութ ալիւր հասցնելը Հայաստան:
Լեկրանը առարկեց եւ Հայաստանի սահմանների վրայ ռուս զօրքերը կենտրոնացնելու դէմ. այդ կարող էր դժգոհութիւններ առաջացնել թուրքերի կողմից եւ առիթ դառնալ անբաղձալի հետեւանքների: Թուրքերին պէտք է դնել կատարուած փաստի առջեւ եւ մինչեւ Ալեքսանդրապոլ գրաւել ռուսական զօրքերով:
Բանակցութիւնները դրական արդիւնք չտուին: Կառավարութիւնը վախենում էր, որ եթէ Կարմիր բանակը Հայաստան մտնէր հիւսիսից, թուրքերը առաջ կը շարժուէին հարաւից եւ ռուսների հասնելուց շատ առաջ կը գրաւէին Երեւանը: Այդ պատճառով կառավարութիւնը աշխատում էր Ալեքսանդրապոլի բանակցութիւնները չխզել եւ հաշտութեան հարցը հասցնել իր տրամաբանական վախճանին:
Մինչ բանակցութիւնները Լեկրանի հետ շարունակւում էին, վերջինս, նոյեմբեր 29-ին, վերջնագրի ձեւով, կառավարութեան արաւ հետեւեալ յայտարարութիւնը. «Ռուսաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէն որոշել է Հայաստանում մտցնել խորհրդային կարգեր: Հայաստանի Յեղկոմը արդէն ոտք է դրել Հայաստանի հողի վրայ: Դանդաղելը յղի է ծանր հետեւանքներով: Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է լինելու ձեր դիրքը»: Եւ յաջորդ առաւօտ ներկայացրեց Հայաստանի խորհրդայնացման գրաւոր պահանջ:
Հայաստանը ընկել էր երկու կրակի միջեւ: Կառավարութեան ուրիշ ելք չէր մնում, բայց եթէ տեղի տալ եւ հասկացողութեան գալ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Հայաստանի խորհրդայնացումը այլեւս դառնում էր անխուսափելի:
Նոյեմբերի 30-ին սկսուեցին բանակցութիւնները կառավարութեան ներկայացուցիչ Դրոյի ու Յ. Տէրտէրեանի եւ Լեկրանի միջեւ, որոնք տեւեցին երկու օր:
Եւ մինչ Երեւանում տեղի էին ունենում ողբերգական բանակցութիւնները, անդին Պաքուն ցնծութեամբ տօնում էր իր դաւադրութեան յաղթանակը:
Դեկտեմբերի 1-ին, երբ Հայաստանը դեռ խորհրդայնացած չէր, տեղի ունեցաւ Սովետների հանդիսաւոր նիստը «Հայաստանի սովետացման առթիւ»:
Նոյն նիստում Ազրպէյճանի Յեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը կարդաց Յեղկոմի դեկլարացիան, որով հանդիսաւոր կերպով յայտարարում էր, որ Խորհրդային Ազրպէյճանը զիջում է եղբայրական Հայաստանին` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը:
Վերջը յայտնի եղաւ, որ թէ՛ Նարիմանովի, թէ՛ Օրջոնիկիձէի ճառաբանութիւնները անկեղծ չէին, այլ նպատակ ունէին խաբել հայ պոլշեւիկներին եւ հանրային կարծիքը: Ղարաբաղն ու Նախիջեւանը մնացին եւ մինչեւ այսօր էլ մնում են Ազրպէյճանի տիրապետութեան տակ: Մի խաբէութիւն, որ` «մարդկային պատմութեան մէջ իր օրինակը չունի…»:
Դեկտեմբեր 2-ին ստորագրուեց… համաձայնագիրը Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչների եւ Լեկրանի միջեւ:
Լեկրանի եւ կառավարութեան միջեւ համաձայնութիւն կայացաւ, որ դեկտեմբեր 2-ի գիշերուայ ժամը 12:00-ին իշխանութիւնը յանձնուի զին. նախարար Դրոյին եւ սա, խորհրդական ունենալով Սիլինին, կառավարէ երկիրը` մինչեւ Յեղկոմի ժամանումը Ազրպէյճանից:
Բայց այս հարցի մէկ մասն էր միայն. կար եւ պատերազմի խնդիրը:
Թուրքերը ծանօթ էին Երեւանի դէպքերին եւ շտապում էին կանխել:
Նոյեմբեր 30-ի երեկոյեան Քեազիմ Քարապեքիր փաշան Հայաստանի պատուիրակութեան ներկայացրեց թրքական պայմանները եւ յաջորդ առաւօտեան վերջնագրի ձեւով պահանջեց այդ պայմանների ընդունումը` հակառակ պարագային սպառնալով վերսկսել պատերազմական գործողութիւնները:
Հաշտութեան խնդրից առաջ արդէն որոշուած էր ընդունել Լեկրանի վերջնագիրը, այժմ պէտք էր գտնել թրքական դաժան պայմաններից խուսափելու միջոցը: Ձեւականօրէն այդ միջոցը արդէն գտնուած էր. որոշուած էր իշխանութիւնը զիջել պոլշեւիկներին, հեշտ էր դաշնագրի ստորագրութիւնն էլ թողնել նրանց: Բայց արդեօք ա՞յդ կը լինէր լաւագոյն ելքը: Անձնապէս մեզ համար ի հարկէ այդ կը լինէր բարիք: Պատմութեան առաջ մենք ազատ կը լինէինք Ալեքսանդրապոլի «խայտառակ» դաշնագիրը ստորագրելու պատասխանատուութիւնից, բայց դրանից հայ ժողովուրդը կը շահէ՞ր:
Յանուն հայ ժողովրդի փրկութեան` պէտք էր ստանձնել պատասխանատուութիւնը պատմութեան առջեւ եւ ստորագրել դաշնագիրը: Եթէ պոլշեւիկները, իրօք, այնքան ազդեցիկ էին թուրքերի առջեւ, նրանց համար դժուար չէր լինի մերժել «դաշնակների» ստորագրութիւնը եւ Հայաստանի համար աւելի նպաստաւոր դաշնագիր կնքել: Եթէ պոլշեւիկները այդ կարողութիւնը պիտի չունենան վաղը, նշանակում է այսօր էլ նրանց խոստումները անարժէք էին:
Կրկնում եմ` ձեւականօրէն մենք ամէն իրաւունք եւ հնարաւորութիւն ունէինք խուսափելու եւ այդ անախորժ պարտականութիւնը ձգելու պոլշեւիկներին: Մեր կողմից այդ կը լինէր ճարպիկ մի խաղ, որ ծանր դրութեան մէջ պիտի դնէր հայ պոլշեւիկներին, որոնք… թուրքերի աչքին աւելի արժէք չունէին, քան` դաշնակցականները: Կասկած չկայ, որ հայ պոլշեւիկներն էլ, այս անգամ Մոսկուայի ճնշումով, ստիպուած պիտի լինէին ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ինչպէս մօտ մի տարի վերջը ստորագրեցին Կարսի աւելի խայտառակ դաշնագիրը:
Մինչ այստեղ, թէ՛ կառավարութեան եւ թէ՛ պատուիրակութեան արածը, իրաւական տեսակէտից, օրինական էր: Բայց դաշնագրի մէջ կար իրաւական մի կարեւոր պայման: Ստորագրութիւնից յետոյ, մէկ ամսուայ ընթացքում, դաշնագիրը պէտք էր վաւերացուէր Հայաստանի խորհրդարանի եւ Թուրքիոյ Ազգ. Մեծ ժողովի կողմից: Այդ վաւերացումը տեղի չունեցաւ, հետեւաբար եւ դաշնագիրը իր օրինական հանգամանքը կորցրեց: Միակ այս փաստը բաւական էր, որպէսզի Հայաստանի Յեղկոմը չճանաչէր Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եթէ իսկապէս պոլշեւիկներն ուզում էին Հայաստանի համար աւելի նպաստաւոր պայմաններ ապահովել: Բայց, ինչպէս վերը տեսանք, պոլշեւիկները չուզեցին կամ չկարողացան օգտուել այդ փաստից:
Յետգրութեան փոխարէն.
Փոքրիկ մէջբերում` 1979 թուականին Երեւանում տպագրուած «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»-ի 5-րդ հատորի Կարս յօդուածից (էջ 344). «1917-ի մարտին Կ-ում յեղափոխականօրէն տրամադրուած զինուորներն ապստամբեցին եւ ստեղծեցին զինուորների դեպուտատների սովետ: 1918-ի ապրիլի 25-ին Կ. գրաւեցին թուրքերը` բնակչութեանը ենթարկելով բռնութեան եւ կոտորածների: 1919-ի ապրիլից թուրքական զօրքը էվակուացուեց, եւ Կ. մտաւ Հայաստանի Հանրապետութեան կազմի մէջ: 1920-ի մայիսի 10-ին Կ.-ում ապստամբութիւն բռնկեց դաշնակցական տիրապետութեան դէմ: Ապստամբութիւնը գլխաւորում էր Ռազմայեղափոխական կոմիտէն` Ղ. Ղուկասեանի գլխաւորութեամբ: Սակայն ապստամբութիւնը պարտուեց: 1920-ի հոկտ. 30-ին թուրքերը նորից գրաւեցին Կ.-ը, հայ եւ ռուս բնակիչներն ստիպուած հեռացան քաղաքից: 1921-ի Կարսի պայմանագրով Կ. անցաւ Թուրքիային»:
(Շար. 2 եւ վերջ)