Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի շնորհաւորական ուղերձը Արցախի Հանրապետութեան օրուան առիթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիս սեպտեմբերի 2-ի` Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ:
26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրաւական ու ընկերային պետութիւն կառուցելու մասին:
Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների հետ միասին մեզ յաջողուել է կեանքի կոչել բազմաթիւ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մօտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում աւելի ուժեղ եւ ամուր:
Վստահ եմ` քաղաքակիրթ ու առաջադէմ աշխարհը վաղ թէ ուշ կը ճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի եւ օրինական որոշումը, անպայման կ՛ընդունի ստեղծուած իրողութիւնները, որոնք վկայում են համամարդկային արժէքներին եւ միջազգային կանոններին ու սկզբունքներին մեր հաւատարմութեան մասին:
Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդէն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զաւակների անձնուէր ծառայութեամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շէնացնել ու պաշտպանել իր հայրենի օճախը, իր անկախ պետականութիւնը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ յիշարժան տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք, բարեկեցութիւն ու բարգաւաճում` մեր ժողովրդին ու հայրենիքին»:



