Զօրավար Մովսէս Սիլիկեան (1862-1932) ռուսական բանակի զօրավար էր եւ ծառայած էր գլխաւորաբար կովկասեան զինուորական գօտիին մէջ: 1914-ին նշանակուած էր Երեւանի զինուորական հրամանատարի օգնական: Ա. Աշխարհամարտի բռնկումէն ետք մասնակցեցաւ կովկասեան ռազմաճակատի կռիւներուն: 1915-ին եղաւ հրացանաձիգ գունդի հրամանատար, իսկ 1916-ին գլխաւորեց Վանի զօրամասը:
Ռուսական յեղափոխութենէն ետք, զօրավար Սիլիկեան 1918 յունուարին նշանակուեցաւ հայկական բանակի հրացանաձիգ զօրաբաժինի, ապա` երեւանեան զօրախումբի հրամանատար: 1918-ի մայիսին, երբ Ալեքսանդրապոլը գրաւած թրքական բանակը յարձակման անցաւ Երեւանի ուղղութեամբ, զօրավար Սիլիկեան իրերայաջորդ կոչեր յղեց հայ ժողովուրդին: Ահա պատմական եւ գօտեպնդիչ այդ կոչերէն երկուքը` ուղղուած Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերու նախօրեակին եւ այնուհետեւ:
Հայե՛ր Շտապեցէք
Հայրենիքն Ազատելու
Հասել է րոպէն, իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը, յանուն Մեծ գործի` հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, պիտի գործ դնի իր վերջին ճիգը թշնամուն հարուածելու համար:
Մենք չէինք ուզում կռուել, յանուն խաղաղութեան եւ հաշտութեան պատրաստ էինք մենք ընդառաջ գնալու ամէն տեսակ զիջողութիւնների, սակայն մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, նա ըստ երեւոյթին ստրկացնել է ուզում մեզ, բայց իրօք նա ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:
Բայց քանի որ պիտի ոչնչանանք, աւելի լաւ չէ՞, որ զէնքը ձեռներիս փորձենք մեզ պաշտպանելու: Գուցէ յաջողւում է մեզ արգելել թշնամուն իր դիւային ծրագիրը իրագործելու, գուցէ յաջողւում է մեզ կռուով ձեռք բերել ապրելու իրաւունքը:
Իսկ որ մենք կարող ենք պաշտպանուել, դա ցոյց տուեց մեր վերջին կռիւները մեր ճակատում, ուր մեզանից թուով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր զօրքի հերոսական յարձակման առաջ:
Հարկաւոր է մի ճիգ եւս եւ թշնամին վռնտուած կը լինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արիւն քրտինքով աշխատել են, գէթ մի կերպ հայթայթել իրանց օրուայ ապրուստը:
Հայե՛ր,
Ժամանակ չէ դանդաղելու: Բոլոր մինչեւ յիսուն տարեկան հասակ ունեցողները պարտաւոր են զէնքի տակ գալու եւ ես ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ բոլորից ներկայանալ իրանց զէնքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանութեան համար:
Հայուհինե՛ր,
Յիշեցէք Ե. դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրանց ամուսիններին դէպի Մեծ Գործը անմահ Վարդանի կռիւների ժամանակ, հետեւեցէք նրանց օրինակներին, եթէ չէք ուզում, որ ձեր պատիւը ոտնակոխ լինի, խրախուսեցէք նրանց եւ արհամարհեցէք այն վախկոտներին, որոնք զանազան պատրուակներով խուսափում են ճակատ գնալուց: Հաւաքեցէք նրանց համար ռազմամթերք, հաց շոր եւ ուրիշ մթերքներ…
Խորին կերպով համոզուած եմ, որ այս իմ կոչը անարձագանգ չի մնաց եւ երկու-երեք օրուայ ընթացքում կը կազմակերպուի մի այնպիսի քաջարի զօրաբանակ, որին կը յաջողուի վռնտել թշնամուն հայրենի հողի սահմաններից եւ ապահովել հայ ժողովրդի գոյութիւնը:
Յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան,
Յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան
Ոտքի կանգնեցէք: Դէպի գործ, դէպի սրբազան պատերազմ:
Բոլոր զէնքի ընդունակ տղամարդիկ պարտաւոր են ներկայանալու Երեւանում կեներալ Բէժանբէկին, իսկ բոլոր ժողոված մթերքները յանձնել տեղական Ազգային Խորհուրդներին:
Երեւանեան զօրամասի հրամանատար`
կեներալ ՍԻԼԻԿԵԱՆ
***
Հայե՛ր,
Մեր քաջարի զօրքերի հերոսական գործունէութիւնը շարունակւում է եւ տաճիկ զօրքերը նահանջում են:
Մենք պէտք է յետ վերցնենք Ալեքսանդրապոլը, որը այնպէս նենգօրէն գրաւեցին տաճիկները:
Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պէտք է ուղղուած լինեն դէպի Ալեքսանդրապոլը, մենք պէտք է յետ վերցնենք նրան եւ ապա միայն բանակցութեան մէջ մտնենք տաճիկների հետ խաղաղութիւն կնքելու:
Մեզ բոլորիս շատ լաւ պէտք է յայտնի լինի, թէ որ աստիճան գռգռուել է անկուշտ եւ միեւնոյն ժամանակ թոյլ տաճիկ կառավարութեան ախորժակը: Նա պահանջում է ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի եւ Էջմիածնի գաւառները` Էջմիածնի վանքի հետ միասին եւ Երեւանի, Նախիջեւանի գաւառների մեծ մասը:
Միթէ մենք պիտի տանենք այդպիսի անարգանք: Միթէ հեշտ ու հանգիստ սրտով պիտի տանք թշնամուն մեր հայրերի հողերը, որ կերակրել, կերակրում են եւ պիտի կերակրեն մեզ եւ մեր սրբատեղին` Ս. Էջմիածինը:
Ո՛չ երբեք, հայ ժողովուրդ, դու չպիտի թոյլ տաս այդպիսի անարգանք:
Եւ այդ անարգանքը տեղի չի ունենայ, եթէ մենք հասնենք մինչեւ Ալեքսանդրապոլ:
Քիչ է մնացել մինչեւ Ալեքսանդրապոլ, հարկաւոր է միայն օգնել խրամատներում գտնուող մեր քաջերին եւ մի 3-4 օրից յետոյ մենք կը հասնենք մեր նպատակին:
Ուրեմն մի դանդաղէք, հայե՛ր, շտապով, խմբուեցէք խիտ եւ համերաշխ շարքերով, վռնտեցէք թշնամուն մեր հայրենի արիւնաներկ հողից, եւ թող ձեզ հետ լինի ձեր յետնորդների օրհնութիւնը:
Դէպի զէնք բոլորդ:
Դէպի Ալեքսանդրապոլ:
Երեւանի զօրամասի հրամանատար`
կեներալ ՍԻԼԻԿԵԱՆ



