Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց ժողովի օրակարգին վրայ գտնուող հարցերը, վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ տուաւ կարգ մը որոշումներ:
Յայտարարուեցաւ, որ ֆետերասիոնի անդամներ Համբիկ Միսաքեանի, Ուաէլ Շեհայեպի եւ Մուսա Մաքքէի անունները առաջադրուած են արաբական ֆութպոլի ֆետերասիոնի ընտրութիւններուն (2017-2020): Նշենք, որ Համբիկ Միսաքեանի թեկնածութիւնը առաջադրուած է իբրեւ աղջկանց ֆութպոլի յանձնախումբի նախագահ:
Ֆետերասիոնը դատական հարց բացաւ «Սուփըր-1» թերթին եւ անոր խմբագիրին դէմ, որ թերթին 66-րդ թիւով (3, 4 2017) ֆետերասիոնին նկատմամբ արտայայտեց անվայել կեցուածք:
Յայտարարուեցաւ, որ 23 տարեկանէն վար տեղի ունենալիք Լիբանան – Քաթար մրցումը փոխան 10 յուլիս 2017-ի փոխարէն տեղի պիտի ունենայ 12 յուլիս 2017-ին:
Նեպի Շիթի պատասխանատուներէն Ալի Մահմուտ Մուսաուիի ստացած կախակայումը 5 տարիէն նուազեցաւ մէկ տարուան, իսկ անոր ստացած տուգանքը` 30 միլիոն լիբանանեան ոսկիէն մէկուկէս միլիոն լիբանանեան ոսկիի:
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան, փլէյ-օֆի մրցումներուն աւարտին դասաւորման վերջնական պատկերը ունեցաւ հետեւեալ տեսքը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 3 | 1 | 1 | 10 | 6 | 10 |
| 2.- Շապապ Մաժտալ Այնճար | 3 | 0 | 2 | 14 | 10 | 9 |
| 3.- Անսար Հաուարա | 2 | 2 | 1 | 13 | 9 | 8 |
| 4.- ՀՄՄ | 2 | 2 | 1 | 6 | 5 | 8 |
| 5.- Սալամ Սուր | 1 | 1 | 3 | 3 | 13 | 4 |
| 6.- Ուխուուա Խարայեպ | 1 | 0 | 4 | 10 | 13 | 3 |
Այս արդիւնքներուն լոյսին տակ, Պըրժ եւ Շապապ Մաժտալ Այնճար կը բարձրանան Բ. դասակարգ:
Իսկ Զամալեք Պէյրութ, Հիլալ Հարեթ Նաամէ եւ Շապապ Հումին Թահթա Գ. դասակարգէն կը փոխադրուին Դ. դասակարգ:
Վաւերացուեցան նաեւ կրտսերներու ֆութպոլի ախոյեանութեան 6-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները, որոնց ծիրին մէջ Բ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ 5-1 արդիւնքով յաղթեց Շապապ Ղազիէի:
7-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, կիրակի, 9 ապրիլին, կէսօրուան ժամը 12:00-ին, ՀՄԸՄ կը մրցի Ռասինկի դէմ` Շարքի դաշտին վրայ:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Շապապ Էշրեֆիէն, որ 6-1 արդիւնքով յաղթելէ ետք Լուէյզի Զուք Մոսպեհին, տիրացաւ Լիբանանի ֆութսալի բաժակի մրցաշարքի տիտղոսին:
Անսար մէկ միլիոն լիբանանեան ոսկի, իսկ Ահտ մէկուկէս միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուելէ բացի, պարտին վճարել Քամիլ Շամունի անուան մարզահամալիրին թրիպիւններուն կրած վնասներուն գինը:
Տուգանքի ենթարկուեցան նաեւ (մէկական միլիոն լիբանանեան ոսկի) ՀՄՄ եւ Անսար Հաուարա:
Վերջապէս, ֆետերասիոնը ՀՄԸՄ-ը (ֆութսալ, Գ. դասակարգ) 3-0 արդիւնքով պարտուած հռչակեց եւ խումբէն խլեց 6 կէտ:
Իսկ մէկական մրցումով կախակայուեցան (իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար), Ներսէս Պէրպէրեան եւ Շարպել Իսհաք:


