
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ նախավերջին հանգրուանին մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ յետմիջօրէին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Շեպիպեթ Մազրաան:
Այս մրցումին, ՀՄԸՄ Ա. կիսախաղը աւարտեց 3-1 արդիւնքով` շնորհիւ Սերժ Չաքըրեանի (2 կոլ, առաջինը` փենալթիով) եւ Յակոբ Տօնապետեանի նշանակած կոլերուն:
Բ. կիսախաղին Սերժ Չաքըրեան իրագործեց հեթրիք մը, մինչ ՀՄԸՄ-ի հինգերորդ եւ վերջին կոլը նշանակեց Սերժ Օսքեան:
Այսպիսով, ՀՄԸՄ արձանագրեց տարեշրջանի իր 8-րդ յաղթանակը` 5-3 արդիւնքով:
Նշենք, որ մրցումին կոլերուն թիւը աւելի կ՛ըլլար, եթէ մրցակիցին բերդին սիւնը չփրկէր կոլ մը, իսկ այլ առիթով, ՀՄԸՄ-ի մէկ փենալթին հասնէր իր նպատակին:
Ընդհանուր դասաւորման առաջին երկու դիրքը գրաւողները` Շապապ Արապի եւ Իսլահ Պըրժ Շիմալի, ապահովեցին Ա. դասակարգին իրենց տոմսը, մինչ Շեպիպեթ Մազրաա եւ Ռիատա Ուալ Ատապ, փոխադրուեցան Գ. դասակարգ:
Ստորեւ` դասաւորումը
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Արապի | 48 (42-13) |
| 2.- Իսլահ Պըրժ Շիմալի | 45 (44-23) |
| 3.- Շապապ Ղազիէ | 40 (46-25) |
| 4.- Մապարրա | 34 (29-27) |
| 5.- ՀՄԸՄ | 29 (35-30) |
| 6.- Ահլի Նապաթիէ | 27 (17-20) |
| 7.- Նասեր Պար Էլիաս | 27 (22-30) |
| 8.- Սաժես | 24 (30-42) |
| 9.- Ահլի Սայտա | 22 (27-29) |
| 10.- Ամալ Մաարաքէ | 22 (24-37) |
| 11.- Շեպիպեթ Մազրաա | 15 (21-45) |
| 12.- Ռիատա Ուալ Ատապ | 11 (29-45) |


