Մեր նախորդ համարում լոյս տեսած խմբագրականը, որը կրում էր «Թօթափենք ստրկամտութիւնը» վերնագիրը, բաւական արձագանգներ ունեցաւ` թէ դրական եւ թէ բացասական: Ոմանք իրենց վրայ վերցրին խմբագրականի սուր որակումները, եւ թւում է, թէ նեղացան: Ոմանք էլ շատ տեղին համարեցին շօշափուած հարցերը եւ նշեցին, որ մեր հասարակութեան մէջ առկայ խնդիրներին այսպէս անդրադառնալը դրական է եւ մտորումի առիթ է տալիս: Ինչեւէ, որոշեցինք բովանդակութիւնից վրդովուածներին ընդառաջել նոյն վերնագիրը մետալի հակառակ կողմից արձանագրել` նոյն ախտանիշի մէկ այլ դրսեւորմանն անդրադառնալով:
Իւրաքանչիւր հասարակութիւն միայն այն ժամանակ կարող է զարգանալ, երբ իր մէջ ունենայ բազմակարծութիւն: Երբ բազմակարծութեան հետեւանքով լինում են տարբեր տեսակէտներ, բնականաբար, տեղի է ունենում տեսակէտների բախում: Տեսակէտների բախման հետեւանքով առաջ է գալիս աւելի զարգացած տեսակէտ, այլ դիտանկիւնից` մեծամասնութեան տեսակէտը այլ տեսակէտի հետ բախուելուց յղկւում է, արդիւնքում` բիւրեղանում: Իսկ երբ գոյութիւն չի ունենում այլակարծութիւն, տուեալ հասարակութիւնը գնում է դէպի լճացում եւ կորցնում զարգացման հնարաւորութիւնը: Սա զարգացման համար օրինաչափ է եւ ենթակայ չէ վիճարկման ոչ միայն հասարակական զարգացման ասպարէզում, այլ նաեւ մարդկութեան զանազան բնագաւառներում:
Քաղաքական տեսակէտից` վերոնշեալ երեւոյթը բացատրւում է ազատութեամբ եւ բռնապետութեամբ: Ազատ քաղաքական համակարգում իւրաքանչիւր անհատ կամ քաղաքական հոսանք, օրէնքի ուժով օժտուած, իրաւունք ունի արտայայտել իր տեսակէտը: Ժողովուրդն է, որ դատում է եւ ընտրում ցանկալին կամ ընդունելին: Իսկ բռնապետական համակարգում այլակարծութիւնը համազօր է յանցագործութեան: Յանցագործներ` հակայեղափոխականներ, հակաազգայիններ եւ, վերջապէս, թշնամու գործակալներ են համարւում հէնց այն յեղափոխականները, ազգայնականներն ու թշնամու դէմ ճակատ տուողները, ովքեր դէմ են վերեւից եկած թելադրանքին ու կարգադրութեանը:
Ազատութեան տենչն ու ձգտումը պատմութեան աղբարկղն է շպրտել բռնապետներին, բայց արի ու տես, որ առանձին անհատների մտածողութիւնը չի ազատագրուել:
Եօթանասուն տարիների խորհրդային կարգերն իրենց հիմնական աւերը գործել են հէնց մարդկանց մտքերում: Դեռեւս վերեւներին հաճոյանալու, շողոքորթելու ու քծնելու համար կան մարդիկ, ովքեր «վերեւների» կարծիքին դէմ այլ կարծիք ունեցողներին փորձում են վարկաբեկել հին, ստալինեան, սովետական ժամանակաշրջանի գործելաոճով: Իսկ ցաւալին այն է, որ երբեմն այդ մտածելակերպը կրող անհատները դուր են գալիս «վերեւներին», եւ նրանց է վստահւում, աւելի ճիշդ` նրանք վարձահատոյց են լինում պետութեան ցածր ու միջին օղակներում պաշտօններ ստանալով:
Եկէք միասնաբար մեր հասարակութիւնից դուրս շպրտենք այն քծնանքի, շողոքորթութեան երեւոյթները, որոնք աւելի շատ հոգեբանական բարդոյթներ են, որոնք դարձել են կենսակերպ եւ չեն թոյլատրում անկախ մտածել, նոր շունչ հաղորդել եւ, վերջապէս, զարգացնել մեր հասարակութիւնը:
17 փետրուար, 2017թ.