ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Քալիֆորնիայի հայերը սիրիահայերին աջակցում են գումարով
Րաֆֆի Քենտիրճեանը Լոս Անճելըսից օրեր առաջ է եկել Հայաստան: Նա «Սիրիահայութեան շտապ օգնութեան ֆոնտի» (SARF- Syrian Armenian Relief Fund) ատենապետն է: Ֆոնտը հիմնադրուել է 4 տարի առաջ, բաղկացած է Քալիֆորնիայում գործող 10 կազմակերպութիւններից: Նպատակը միացեալ ջանքերով սիրիահայերին օգնելն է:
Րաֆֆին ասում է, որ Քալիֆորնիայում բնակուող հայերը սիրիահայերին օգնելու համար 2 միլիոն տոլարից աւելի գումար են փոխանցել: Այդ գումարի առիւծի բաժինը լոսանճելըսահայութեանն է: Գումարն անմիջապէս չի փոխանցւում սիրիահայ ընտանիքներին, ուղարկում են Հալէպում գործող «Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնումի մարմինին», որն էլ բաշխում է` ըստ կարիքների:
Ինչպէ՞ս է ծախսուել աւելի քան 2 միլիոն տոլարը
Րաֆֆի Քենտիրճեանն ասում է, որ Քալիֆորնիայի հայերի կողմից Սիրիա ուղարկուող գումարը 4 ուղղութիւններով է ծախսւում: Օգնութեան առաջին ուղղութիւնը Սիրիայում, մասնաւորապէս Հալէպում գործող հայկական դպրոցներն են: Այսօրուայ տուեալներով, 5-6 դպրոց է գործում քաղաքում, նախկինում այդ թիւը կրկնակի մեծ էր: Աշակերտների թիւն էլ նուազել է, դպրոցներ կան, որոնք միախմբուել են:
Զրուցակիցս շեշտում է, որ ինչ թիւ էլ ասեն, բնականաբար այն յստակ չի կարող լինել, հետեւաբար նշուող թուերը մօտաւոր են: Ներկայում Հալէպի հայկական դպրոցներ է յաճախում 2000-3000 աշակերտ: Ամերիկահայութեան ուղարկած գումարների շնորհիւ` հայկական դպրոցներն անվճար են գործում, նաեւ ուսուցիչների աշխատավարձերն ու դպրոցի ընդհանուր ծախսերն են վճարում:
Երկրորդ ուղղութիւնը հայ վիրաւորներին օգնութիւնն է: Նրանց բուժումը կազմակերպւում է տեղում, կատարւում են նաեւ սրտի վիրահատութիւններ: Զրուցակիցս նշում է, որ բժիշկների թիւը եւս նուազել է Հալէպում: Ասում է, որ եթէ ընտանիքները չեն կարողանում հոգալ զոհուածների յուղարկաւորութեան ծախսերը, իրենք օգնում են:
Ծախսերի երրորդ եւ չորրորդ ուղղութիւնը վնասուած բնակարանների վերականգնումն ու սննդի ապահովումն է:
Սիրիայից հայերի տեղափոխութեան մասին Րաֆֆին ասում է, որ իրենց հիմնադրամի քաղաքականութեան մէջ չի ներառւում այդ կէտը, բայց քանի որ իրավիճակը Հալէպում անընդհատ փոխւում է, հնարաւոր է նաեւ փոփոխութիւն լինի իրենց մօտեցումներում: Նշում է, որ հայաստանեան մի քանի կազմակերպութիւնների հետ համատեղ 1 տարի վճարել են Հայաստան եկած սիրիահայերի բնակարանային վարձի 50 տոկոսը (օգնութիւնը ստացածների թիւը դժուարանում է յիշել): «Աշխարհում հայերը 10 միլիոն են: Ուր ալ որ տագնապի մէջ եղած է հայ մը, մենք հասած ենք իբրեւ հայեր, եւ չեմ խօսում այստեղ` Լոս Անճելըսի հայերի, պարսկահայերի, լիբանանահայերի, քանատահայերի մասին… Սա մեր քոյրերի եւ եղբայրների հարցն է: Եւ մեր օգնութիւնները շատ աւելի պէտք է բազմապատկենք», նշում է նա: Աւելացնում է, որ չեն կարող գնալ պայքարել Հալէպում, ծովարկղներով սնունդ ուղարկել, միակ բանը, որով այսօր կարող են օգնել, գումարն է:
Աւելի քան 20 հազար սիրիահայ տեղափոխուել է Հայաստան, 2500-ը` աշխատանք գտել
«Հետք»-ը գրաւոր հարցեր էր ուղարկել նախարարութեանը, որոնց պատասխանները ներկայացնում ենք ամբողջութեամբ: Հարցերին պատասխանել է ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը:
– Ի՞նչ քայլեր են արւում սփիւռքի նախարարութեան կողմից` հալէպահայերին Հայաստան կամ այլ երկիր տեղափոխելու համար:
– Սիրիական հակամարտութեան սկզբից Հայաստանի կառավարութիւնը որդեգրել է դիրքորոշում, ըստ որի` օգնել սիրիահայերին թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սիրիայում: Նախարարութիւնն ամէնօրեայ կապի մէջ է գտնւում Դամասկոսում Հայաստանի դեսպանութեան, Հալէպում Հայաստանի հիւպատոսութեան, Սիրիայում Ազգային իշխանութիւնների, «Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնումի մարմինի» ներկայացուցիչների հետ` երկրում եւ համայնքում տիրող իրավիճակին, մեր հայրենակիցների կարիքներին ծանօթանալու եւ ըստ անհրաժեշտութեան քայլեր ձեռնարկելու համար: Սիրիայից հայերի տեղափոխութիւնը չի կատարւում զանգուածային ձեւով, քանի որ անվտանգութեան հարցը երաշխաւորուած չէ:
Անցնող տարիներին Հայաստանի Հանրապետութիւն են տեղափոխուել 20 հազարից աւելի սիրիահայեր (մինչեւ պատերազմը Սիրիայի հայ համայնքը կազմում էր շուրջ 70 հազար մարդ, հեղ.), որոնց կրթական, մշակութային, ընկերային, առողջապահական, բնակարանային, զբաղուածութեան հիմնահարցերով ամէն օր զբաղւում է նախարարութիւնը` համագործակցելով պետական մարմինների, միջազգային կառոյցների, ՄԱԿ ՓԳՀ-ի, համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպութիւնների, անհատ բարերարների հետ:
Այս տարուայ ընթացքում մինչեւ սեպտեմբերի 30-ը Հայաստան է եկել 428 սիրիահայ, իսկ հոկտեմբերի 30-ի դրութեամբ` 68 հոգի:
– Արդեօ՞ք ստացել էք հալէպահայերից խնդրագրեր տեղափոխութեան համար: Եթէ այո, ապա քանի՞ խնդրագիր էք ստացել, քանիսի՞ն է ընթացք տրուել:
– Մինչեւ վերջերս սիրիահայերը չեն դիմել Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, այլ Հալէպում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան միջոցով ստացել են Հայաստանի մուտքի արտօնագրեր` Սիրիայից Հայաստան տեղափոխուելու համար: Հալէպի` սեպտեմբերի 30-ի հրթիռակոծութիւնից յետոյ Դամասկոսում Հայաստանի դեսպանութեան եւ Հալէպում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան միջոցով Հայաստան տեղափոխուելու երկու ընտանիքի պաշտօնական դիմումներ են ստացուել Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, որոնց ընթացք է տրուել:
– 2015 թ.-ից մինչ օրս քանի՞ հալէպահայ է եկել Հայաստան, եւ քանի՞սն են եկել նախարարութեան աջակցութեամբ:
– 2015-ի յունուարից առ այսօր Սիրիայից Հայաստան է տեղափոխուել շուրջ 1250 սիրիահայ: Սիրիահայերը Հայաստան են տեղափոխւում Սիրիայում հայ համայնքային կառոյցների, Հայաստանի դեսպանութեան եւ գլխաւոր հիւպատոսութեան, ինչպէս նաեւ Հայաստանի սփիւռքի նախարարութեան համակարգմամբ` համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպութիւնների, անհատ բարերարների աջակցութեամբ: Այս հարցում սփիւռքում գործող մի շարք կազմակերպութիւններ բաւականին աշխուժ են:
– Ձեր ունեցած տուեալներով, Հալէպում այժմ քանի՞ հայ է մնացել:
– Հալէպի Ազգային իշխանութիւնների, Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան տուեալներով, քաղաքում բնակւում է 12-15 հազար հայ:
– Հայաստան տեղափոխուածներից քանիսի՞ն էք ապահովել աշխատանքով:
– 2012-2015 թթ. 3500-ից աւելի սիրիահայ է դիմել Հայաստանի սփիւռքի նախարարութիւն` աշխատանքով ապահովման հարցով: Պետական կառոյցների, «Զբաղուածութեան պետական ծառայութիւն» գործակալութեան, հայաստանեան մօտ 200 կազմակերպութիւնների եւ անհատների հետ համագործակցութեան արդիւնքում շուրջ 2500 սիրիահայ ապահովուել է աշխատանքով: Միեւնոյն ժամանակ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացուող ծրագրի շրջանակներում շուրջ 500 սիրիահայերի համար կազմակերպուել են դասընթացներ Հայաստանի մաքսային եւ հարկային օրէնսդրութեան վերաբերեալ, մշակուել են 100-ից աւելի պիզնըս ծրագրեր, որոնցից առաւել յաջողուած 92 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստացել են վարկեր` արտօնեալ պայմաններով:
– Վերջին մէկ տարուայ կտրուածքով քանի՞ սիրիահայ է Հայաստանից տեղափոխուել այլ երկիր:
– Սիրիահայերի` այլ երկիր տեղափոխուելու վերաբերեալ տեղեկատուութիւնը ճշգրիտ լինել չի կարող, քանի որ մի մասը գնում է, միւս մասը` վերադառնում: Վերջին շրջանում Հայաստանից այլ երկրներ` Շուէտ, Քանատա մեկնելու միտումը դադարել է:
«Հետք»
Յ. Գ.- «Հետք»-ը մի շարք հարցեր է ուղարկել նաեւ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութեան` Հայաստան տեղափոխուող սիրիահայերին աջակցելու մասին: