ԱՆՆԱ ԳԻՎԱՐԳԻԶԵԱՆ
Մոսկուայի «Ժամ» ամսագրի
գլխաւոր խմբագիր
Ազգային եւ մշակութային արժէքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում դժուար է գերագնահատել: Համայնքը, որպէս այդպիսին, կայանում է նախ եւ առաջ որպէս հոգեւոր կառոյց, ուստի տպագիր խօսքի ու պարբերականի միջոցով հաղորդակցուելը, տուեալ համայնքի համախմբելը, նրան այլ համայնքների հայութեան հետ մամուլի միջոցով կապելը միշտ էլ եղել եւ մնում է կենսական անհրաժեշտութիւն, հոգեւոր պահանջ: Ամէն մի պարբերական, եթէ չասենք` նրա իւրաքանչիւր համարը, պատմական վաւերագիր է դառնում, որի պատմական, կենսական ու գործնական նշանակութիւնը վեր է որեւէ կասկածից: Եւ որքան շատ լինեն հայ պարբերականները, այդքան մրցակցութիւնը կը մեծանայ եւ որակը կը բարձրանայ:
Այս առումով, ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել մի շատ կարեւոր հարցի վրայ: Այսօր սփիւռքի թէ՛ հայալեզու եւ թէ՛ օտարալեզու հայ անկախ տպագիր մամուլը գտնւում է օրհասական վիճակում, այն օգնութեան կարիք ունի: Մեր ողջ պատմութեան ընթացքում եթէ, այնուամենայնիւ, որոշ պարբերականներ հիմնուել են որպէս անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բաւարար ֆինանսական միջոցնէր, կա՛մ փակուել են, կա՛մ էլ հասկանալի պատճառներով ընկել իշխանութիւնների կամ որեւէ կուսակցութեան ու հովանաւոր խմբի ազդեցութեան տակ` դառնալով արտաքուստ անկախ, սակայն բովանդակութեամբ` նրանցից յոյժ կախեալ:
Ունենք կուսակցական տպագիր պարբերականներ, որոնք այս կամ այն կուսակցութեան պաշտօնաթերթերն են եւ ի սկզբանէ կոչուած են լուսաբանելու սեփական կուսակցութեան գործունէութիւնը, նրա հասարակական, մշակութային եւ քաղաքական կեանքը, հետեւաբար իրենց նիւթական կարիքները հոգում է սեփական կուսակցութիւնը: Ունենք եկեղեցական տպագիր պաշտօնաթերթեր, որոնք լուսաբանում են եկեղեցական կեանքն ու գոյատեւում են եկեղեցու նիւթական օժանդակութեան շնորհիւ: Ունենք համայնքի կողմից հիմնադրուած եւ համայնքի անդամների ջանքերով կամ համայնքի որեւէ մեծահարուստի կողմից ֆինանսաւորուող համայնքային պաշտօնաթերթեր, որոնք կոչուած են առաջին հերթին ներկայացնելու համայնքի կեանքն ու առաջ քաշել նրա խնդիրները եւ այլն… Սակայն, ցաւօք, այս ամէնի խորապատկերին վրայ մենք ունենք անհամեմատ քիչ քանակութիւն կազմող անկախ պարբերականներ: Լինելով զանգուածային տեղեկատուութեան եւ քարոզչութեան հիմնական միջոցներից մէկը` մամուլը նաեւ հասարակական, քաղաքական պայքարի հզօր զէնք է, լուսաւորութեան, կրթութեան, գիտելիքների տարածման, մշակոյթի զարգացման, աշխարհահայեացքի ձեւաւորման կարեւոր օղակ: Անկախ մամուլն առողջ հասարակութիւն ձեւաւորելու եւ առողջ սերունդ դաստիարակելու անհրաժեշտ գրաւականն է: Ուստի եւ, հարկաւոր է ըստ արժանուոյն գնահատելով նրա դերն ու նշանակութիւնը «Հոգեւոր Հայաստան» կերտելու գործում` պետական մակարդակով խրախուսել եւ օժանդակել նրան եթէ ոչ նիւթապէս, ապա գոնէ` բարոյապէս: