Արցախի Տպագիր Մամուլը Ներքին Եւ
Արտաքին Քարոզչութեան Պարունակում
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Լրագրող, հրապարակախօս
Նախ` ողջունում եմ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը եւ ձեզ` համաժողովի մասնակիցներիդ: Շնորհակալութիւն այս ուշագրաւ միջոցառման բոլոր համակազմակերպիչներին` համաժողովի նիստերից մէկը հերթական անգամ այստեղ` Արցախում գումարելու համար:
Տուեալ հանգամանքը մի կողմից վերահաստատում է այն անժխտելի իրողութիւնը, որ Արցախի լրատուական դաշտը, որպէս Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան անքակտելի բաղկացուցիչ, ենթակայի իրաւունքով շարունակում է իր իրաւահաւասար տեղն ու կարեւոր դերակատարութիւնն ունենալ համահայկական լրատուական դաշտի կայացման ու զարգացման գործում, միւս կողմից` համահայկական այս համաժողովները ոգեւորում ու պատասխանատուութեան նոր լիցք են հաղորդում արցախցի լրագրողներիս` այս ընդհանրական առաքելութեան մէջ մեր անելիքի համար:
Արցախի լրատուական դաշտում ի սկզբանէ տպագիր մամուլը մշտապէս ունեցել է առաջատար դերակատարութիւն: Տարբեր ժամանակներում այդ գործընթացին համընթաց ասպարէզ եկած տեղեկատուութեան թեքնիք եւ ելեկտրոնային միջոցները` ձայնասփիւռ, հեռուստատեսութիւն, համացանց, որոշակի մրցակցային դաշտ ստեղծելով զանգուածային լրատուութեան ասպարէզում, բնականաբար, զգալիօրէն նուազեցրել են հանրային կեանքում տպագիր մամուլի դերն ու նշանակութիւնը: Նոյնը, ըստ իս, տեղի է ունեցել եւ շարունակում է ունենալ նաեւ Հայաստանում, հայկական սփիւռքում, առհասարակ` ժամանակակից աշխարհում: Այնուամենայնիւ, կորցնելով հանդերձ առաջատարի իրենց վաղեմի դիրքը, տպագիր պարբերականները, ինչպէս ամէնուրեք, Արցախում նոյնպէս շարունակում են մնալ, թող` ոչ այնքան, բայց եւ այնպէս` պահանջուած լրատուամիջոցներ:
ԼՂՀ արդարադատութեան նախարարութեան պետական արձանագրութեան տրամադրած տուեալներով, Արցախում լոյս է տեսնում 32 պարբերական` 23.450 օրինակ, իսկ «Դիզակ պլիւս» հրատարակչութեան տուեալներով, որտեղ հիմնականում տպագրւում են մեր թերթերն ու ամսագրերը, 23 պարբերական` 20.364 օրինակ ընդհանուր տպաքանակով: Համեմատութեան համար նշեմ, որ անցեալ դարասկզբի առաջին երկու տասնամեակում միայն Շուշիում լոյս էր տեսնում գրեթէ այդքան պարբերական: Վիճակագրական հաշուարկով, իւրաքանչիւր ընտանիքի, նշածս տուեալներից առաջինի դէպքում, բաժին է ընկնում ոչ աւելի, քան կէս օրինակ տպագիր մամուլ, երկրորդի դէպքում` մէկուկէսից փոքր ինչ աւելի: Ընդ որում, իւրաքանչիւր ընտանիքի հասանելիք այդ միջինացուած չափաքանակները հաշուարկուած են ոչ թէ օրուայ կտրուածքով, այլ` թերթերի տպագրութեան պարբերականութեամբ:
Լոյս տեսնող պարբերականները, բացի «Ազատ Արցախ»-ից, որը հանրապետական թերթ է, ըստ գրանցուած կարգավիճակների, քաղաքային ու շրջանային, գերատեսչական, հասարակական-քաղաքական, այսինքն` կուսակցական, հանրային, գրական-գեղարուեստական, մանկական, վերլուծական, գովազդային-տեղեկատուական թերթեր, ամսագրեր, հանդէսներ, տարեգրքեր են, որոնք լոյս են տեսնում, իւրաքանչիւր առանձին դէպքում, շաբաթական, երկշաբաթեայ, ամսական, եռամսեակային եւ տարեկան պարբերականութեամբ: Միայն «Ազատ Արցախ» թերթն է, որ տպագրւում է շաբաթական երեք անգամ, գումարած` ռուսերէն յաւելուածը, շաբաթական մէկ անգամ:
Ըստ «Դիզակ պլիւս»-ի տուեալների, առաւել մեծ տպաքանակով լոյս է տեսնում պաշտպանութեան նախարարութեան «Մարտիկ» շաբաթաթերթը` 4068 օրինակով, ապա` կրթութեան, գիտութեան եւ մարմնամարզութեան նախարարութեան «Լուսարար» պաշտօնաթերթը` 3140 օրինակով եւ նոյն գերատեսչութեան «Լուսայգ» մանկական թերթը` 1800 օրինակով: «Ազատ Արցախ» թերթի տպաքանակը 500 օրինակ է, գումարած` ռուսերէն յաւելուածի 100 օրինակը: Դա այն դէպքում, երբ ղարաբաղեան շարժման տարիներին «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, որի իրաւայաջորդն է «Ազատ Արցախ»-ը, լոյս էր տեսնում 90 եւ աւելի հազար օրինակ տպաքանակով` հասնելով նաեւ նախկին Խորհրդային Միութեան գրեթէ բոլոր միութենական հանրապետութիւններ: Գուցէ նման տպաքանակի անհրաժեշտութիւն ներկայումս չկայ: Հնարաւոր է: Բայց, այնուամենայնիւ, տարբերութիւնը հսկայական է: Շրջանային թերթերից համեմատաբար բազմաքանակ է Մարտակերտի շրջվարչակազմի «Ջրաբերդ» պաշտօնական երկշաբաթաթերթը` 1350 օրինակ, կուսակցական պաշտօնաթերթերից` ՀՅԴ «Ապառաժ» երկշաբաթաթերթը` 1000 օրինակ: Միւս բոլոր պարբերականները գտնւում են 200-ից մինչեւ 1500 օրինակ տպաքանակների միջակայքում: Ի լրումն ասուածի` նշեմ նաեւ, որ մի շարք պարբերականներ, կապուած ֆինանսական միջոցների սղութեան կամ բացակայութեան հետ, երբեմն լոյս են տեսնում ոչ նախապէս յայտարարագրուած պարբերականութեամբ: Ասենք` երկշաբաթաթերթը տպագրւում է ամիսը մէկ անգամ` միացնելով երկու համարները: Եւ կամ` այս կամ այն պարբերականը պարզապէս ժամանակաւորապէս կամ թէ տեւական ժամանակով դադարում է լոյս տեսնել:
Տպագիր մամուլի այս վիճակը, կարծում եմ, հրատարակիչների, խմբագրութիւնների կողմից կամայական լուծումների խնդիր չէ: Առկայ են հիմնախնդիրներ, որոնք, կարծում եմ, առաջիկայում լուծուելու հրատապ անհրաժեշտութիւն ունեն: Մասնաւորապէս` տպագիր մամուլի տարածման խնդիրը, որն ահա երկար ժամանակ է, ինչ մեզ մօտ անլուծելի է մնում: Ժամանակին գործում էր «Արցախմամուլ» գործակալութիւնը, որը կարողանում էր ինչպէս տեղական, նոյնպէս եւ Հայաստանից եւ այլ երկրներից եկող պարբերականները հնարաւորինս ժամանակին հասցնել բաժանորդներին` հիմնականում շրջկենտրոններում գործող իր աշխատակիցների ջանքերով: Ներկայումս այդ ոլորտում գործող միակ կառոյցը` «Մեդիամոստ» ՍՊԸ-ն, այդ հնարաւորութիւնը չունի եւ տպագիր մամուլը հասցնում է ընդամէնը մինչեւ շրջվարչակազմեր, որտեղից ժամանակին գիւղական համայնքներ առաքելը խնդրայարոյց է դառնում` կախուած շրջանային կամ համայնքային պատասխանատու անձանց վերաբերմունքից: Ուստի թերթերը կա՛մ ընթերցողին չեն հասնում եւ կա՛մ հասնում են զգալի ուշացումներով: Յատկանշական եւս մէկ իրողութիւն, «Մեդիամոստ» ՍՊԸ-ի տեղեկացմամբ, անհատ քաղաքացիներն ամէնուրեք` քաղաքներում կամ գիւղերում հազուադէպ են թերթերի ու ամսագրերի բաժանորդագրւում` գերապատուութիւն տալով այս կամ այն պարբերականի համացանցային կայքէջին, եթէ այդպիսին այն ունի, եւ կամ` համացանցի այլ տեղեկատուական աղբիւրների: Ընդ որում, բաժանորդագրւում են հիմնականում պետական պիւտճէից ֆինանսաւորուող կառոյցները` նախարարութիւնից մինչեւ գիւղապետարան, այն էլ` ոչ մշտապէս: Ստացւում է` պետութիւնը ֆինանսաւորում է այս կամ այն պարբերականի գործունէութիւնը եւ պետութիւնն ինքն էլ գնում է այդ պարբերականը` իր ընթերցասէր աշխատակցի կամ աշխատակիցների հետաքրքրասիրութիւնը բաւարարելու համար: Միեւնոյն ժամանակ, կարծես թէ բաւարարուելով իրերի նման դրուածքով եւ ինքնահոսի մատնելով գործընթացը, առաջին հերթին` պետական պիւտճէից սնուող խմբագրակազմերն իրենց հերթին ջանքեր չեն գործադրում թողարկած մամուլը սեփական ուժերով տարածելու խնդրում:
Մէկ այլ հիմնախնդիր: Լրագրողական քատրերը: Իմ անձնական դիտարկմամբ, թերթերի խմբագրութիւնները, ազատ հաստիքներ չունենալով հանդերձ, սերնդափոխութեան կարիք են զգում: Մինչդեռ սերնդափոխութեան համար չկան կամ անչափ սակաւ են երիտասարդ կարողունակ լրագրողները: Թէկուզ մեր համալսարանները եւ, առաջին հերթին` Արցախի պետական համալսարանը, տարեկան տասնեակ շրջանաւարտներ են տալիս, այդ թւում` գերազանցութեամբ աւարտած, ովքեր մեծամասամբ, իրենց գիտելիքների մակարդակով, փաստօրէն, միշտ չէ, որ համապատասխանում են լրագրողական աշխատանքի պահանջներին: Իհարկէ, նրանց մէջ կան, թէկուզ փոքր թուով, բայց օժտուած երիտասարդներ եւս, ովքեր, սակայն, խմբագրութիւններում թափուր աշխատատեղերի բացակայութեան պատճառով ակամայ մնում են դրսում:
Ինչպէ՞ս վարուել: Մի կողմից հին, փորձառու, կենսաթոշակային տարիքը վաղուց առած լրագրողներին վաստակած հանգստի ուղարկելը վտանգի է ենթարկում խմբագրութիւնների լիարժէք աշխատանքը, լրագրողներ, ում ուսերին է հիմնականում ծանրացած հանրային-պետական նշանակութեան այդ պատասխանատու խնդիրը, միւս կողմից` նորերը միշտ չէ, որ վստահելի են իրենց մասնագիտական պատրաստուածութեամբ: Կարծում եմ` մեր համաժողովի խնդիրներից մէկը պէտք է դառնայ արցախցի երիտասարդ լրագրողների կատարելագործման անհրաժեշտութիւնը, ինչը, ըստ իս, կարելի է իրականացնել տարբեր միջոցներով ու ձեւերով: Օրինակ, կարելի է կազմակերպել փորձառու լրագրողների այցեր Հայաստանից ու սփիւռքից եւ վարպետութեան դասեր անցկացնել խմբագրութիւններում, ինչպէս նաեւ` դասախօսութիւններ պետական ու մասնաւոր համալսարաններում: Կամ թէ` արցախցի երիտասարդ լրագրողներին փորձառութեան ուղարկել Երեւան` այս կամ այն առաջատար խմբագրութիւն: Եւ կամ մեր համալսարաններում սովորող ապագայ լրագրողների ուսումնական փորձառութիւն անցկացնել այստեղի եւ կամ Երեւանի թերթերի խմբագրութիւններում: Կարծում եմ` խնդրի լուծման համար կարելի է նաեւ այլ ձեւեր ու միջոցներ մտածել ու գտնել:
Յարգելի՛ գործընկերներ,
Արցախը եւ նրա հետ համայն հայութիւնը ներկայումս կանգնած են նոր քարոզչական, տեղեկատուական մարտահրաւէրների ու հրամայականների առաջ: Խօսքս վերաբերում է ոչ միայն արտաքին քարոզչութեան կամ հակաքարոզչութեան կազմակերպմանը, այլեւ, Արցախի պարագայում, մեր հանրային կեանքի լուսաբանման խնդրին:
Արցախեան մամուլի հրապարակումները հիմնականում վերաբերում են հանրային տարաբնոյթ միջոցառումներին եւ, բնականաբար, շատ յաճախ հաշուետուութեան տեսք ունեն: Չնչին բացառութիւններով հանդերձ, մեր մամուլի հրապարակումներում բացակայում է քննադատական խօսքը` ուղղուած, ինչպէս որ ցանկացած երկրում, մեր հանրային կեանքում նոյնպէս տեղ գտնող թերութիւնների, վրիպումների եւ այլ խոտելի երեւոյթների վերհանմանը: Իսկ քննադատական խօսքը մեծաւ մասամբ հնչում է, երբ այդ մասին բարձրաձայնում են իշխանութիւնները: Բացի այդ, մամուլում հարկ եղած խորութեամբ ու մակարդակով չի լուսաբանւում պետութեան ընկերային-տնտեսական քաղաքականութիւնը` հիմք ընդունելով պետական կառավարման գործադիր եւ օրէնսդիր մարմինների ընդունած իրաւական աքթերը: Ըստ այդմ, յաւուր պատշաճի չի ներկայացւում հասարակական կարծիքն ինչպէս նշուած փաստաթղթերի, նոյնպէս եւ տեղի ունեցող գործընթացների վերաբերեալ: Կարծում եմ` նաեւ այդ եւ նման այլ հանգամանքներով է բացատրւում ընթերցողների նուազ անհաղորդ վերաբերմունքը տպագիր մամուլի հանդէպ:
Ինչ վերաբերում է արտաքին քարոզչութեանը եւ հակաքարոզչութեանը, ապա Արցախի լրատուամիջոցների առկայ հնարաւորութիւններն առաւել քան սահմանափակ են: Արցախ-արտաքին աշխարհ տեղեկատուութիւնը, ինչպէս յայտնի է, հիմնականում իրականացւում է ընդամէնը մի քանի գերատեսչական եւ մասնաւոր ելեկտրոնային կայքերի, Հայաստանի եւ արտերկրի առանձին ելեկտրոնային ԶԼՄ-ների թղթակցական կէտերի, երբեմնակի ԼՂՀ գործուղուող լրագրողների, տեղացի եւ արտասահմանցի առանձին վերլուծաբանների հրապարակումների միջոցով: Հարկ է արձանագրել, որ, անկախ սկզբնաղբիւրներից իւրաքանչիւրի կարգավիճակից ու բնոյթից, լրահոսքի տարբեր օղակներում այն օգտագործւում է ոչ միշտ լիարժէք ու անխաթար, անաչառ ու անկողմնակալ` յաճախ տեղիք տալով իրադարձութիւնների խեղաթիւրուած լուսաբանումների, ԼՂՀ-ի նկատմամբ անբարենպաստ տրամադրուածութեան: Բնականաբար յարաճուն առաջանում է քարոզչական դատարկութիւն, որի պայմաններում արտաշխարհի հասարակայնութիւնը, այդ թւում, ցաւօք, նաեւ հայկական սփիւռքը ոչ լրիւ պատկերացում ունի Արցախի եւ նրա հիմնախնդիրների ու ձեռքբերումների մասին:
Պէտք է նկատի առնել, որ Հայաստանի զանգուածային լրատուամիջոցները, որոնք որքան էլ որ շահագրգռուած են լրացնելու այդ բացը, այնուամենայնիւ, ստիպուած են հիմնական ուշադրութիւնը կենտրոնացնել առաւել քան բազմազան ու հրատապ ներհայաստանեան խնդիրների լուսաբանման վրայ:
Հետեւաբար առաւել քան կարեւորւում է Արցախից արտերկիր ուղղագիծ լրահոսքի կազմակերպման անհրաժեշտութիւնը:
Ինչ վերաբերում է Արցախում լոյս տեսնող պարբերականներին, ապա դրանք, տպագրուելով միայն հայերէնով, փաստօրէն, գրեթէ անելիք չունեն արտաշխարհում, գրեթէ, որովհետեւ արտերկրում դրանք կարող են կարդալ միայն մեր հայախօս հայրենակիցները: Ունենք ռուսերէն լոյս տեսնող երկու թերթ միայն` «Ազատ Արցախ»-ի ռուսերէն յաւելուածը` շաբաթական ընդամէնը 100 օրինակ տպաքանակով եւ` «Նաշ տոմ» տեղեկատուական-գովազդային թերթը: «Ազատ Արցախ»-ը, ի հարկէ, կայքէջ ունի համացանցում` բացի հայերէնից, նաեւ` ռուսերէն եւ անգլերէն լեզուներով, բայց դա ընդամէնը, կարծում եմ` կը համաձայնէք, կաթիլ է օտարալեզու տեղեկատուութեան անհրաժեշտութեան ծովում:
Այս հարցում, կարծում եմ, զգալի անելիք ունեն Հայաստանի ռուսալեզու թերթերը եւ այն թերթերը, որոնց համացանցային կայքէջերը ներկայանում են նաեւ այլ լեզուներով, ինչպէս նաեւ` առանձնապէս, հայկական սփիւռքի տարալեզու թերթերը եւ ելեկտրոնային լրատուութեան միջոցները, որոնք թարգմանաբար արտատպութիւնների տեսքով կարող են ներկայացնել արցախեան կեանքը եւ, առհասարակ, արցախեան քարոզչութիւնն ու հակաքարոզչութիւնը, ինչպէս ասում են` առաջին ձեռքից:
Մէկ այլ խնդիր. արցախեան պատերազմից յետոյ աստիճանաբար կարծես թէ գրեթէ իմաստազրկուել է Արցախում Հայաստանի եւ սփիւռքի լրատուամիջոցների սեփական թղթակիցների հաստատութիւնը: Ներկայումս մէկ ձեռքի մատների վրայ կարելի է հաշուել այստեղ գործող սեփական թղթակիցներին: Ի հարկէ, շփման գծում իրավիճակը սրուելու իւրաքանչիւր առանձին դէպք, ինչպէս որ վերջերս էր` ապրիլեան պատերազմի օրօք, առիթ է ծառայում, որպէսզի մեծ թուով լրագրողներ Հայաստանից եւ սփիւռքից ժամանեն այստեղ, լուսաբանեն մարտական գործողութիւնների ընթացքը: Բայց մի՞թէ արցախեան կեանքը միայն ռազմական իրավիճակով է հետաքրքիր Արցախից դուրս ապրող մեր հայրենակիցների համար: Իսկ յարաբերական խաղաղութեան պայմաններում երկրի շէնացման, պետական շինարարութեան մեր գործադրած ջանքե՞րը: Մի՞թէ ռազմական իրավիճակից պակաս նշանակալից են խաղաղ արարման ասպարէզում արցախեան ձեռքբերումները, ինչո՞ւ չէ` նաեւ այդ ձեռքբերումներին ուղեկցող կամ դրանց լծորդուած որոշակի դժուարութիւնները, հոգսերն ու խնդիրները, որոնց յաղթահարմանն ու լուծման են ուղղուած Արցախի, Հայաստանի ու սփիւռքի միացեալ ջանքերը:
Առհասարակ, մեզանում, նկատի ունեմ ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփիւռքը, զանգուածային լրատուութիւնը` որպէս տեղեկատուութեան, քարոզչութեան եւ հակաքարոզչութեան ասպարէզում կատարուող աշխատանք, թող թոյլ տրուի ասել` ինքնահոսի է մատնուած: Այսինքն իւրաքանչիւր խմբագիր, լրագրող անում է այն, ինչ տուեալ պահին թելադրում են իր ազգային կամ քաղաքացիական գիտակցութիւնը, պարտքը, հայրենասիրական զգացումը, իրազեկուածութեան աստիճանը, քաղաքական շահը, կամքը, ցանկութիւնը, կարողունակութիւնը: Կարելի է շարունակել թուարկումները: Առանց փոխադարձ կապի, առանց որեւէ փոխհամաձայնութեան: Մեզանում չկայ, մենք չունենք որեւէ վերլուծական, թէ խորհրդատուական կենտրոն, թէկուզ ոչ պետական, թէկուզ` միայն հանրային կարգավիճակով, որը, բնականաբար, առանց պարտադրանքի ու հրամայականի, համակարգեր այդ աշխատանքը` յուշեր, երաշխաւորներ, հրապարակումների որոշակի նիւթերի վերաբաշխումներ կատարէր, իրազեկէր, պատուէրներ տար, մի խօսքով` նպաստէր բազմաձայն, բայց եւ ներդաշնակ գործող մի համալիր լրատուական դաշտի ստեղծմանը, մանաւանդ, ընդգծում եմ, հակաքարոզչութեան ասպարէզում: Մինչդեռ նման մի կենտրոնի կարիքը, իմ դիտարկմամբ, մենք ունենք: Առաւել եւս, այդ աշխատանքը փայլուն իրականացնում է մեր հակառակորդը, ընդ որում` անմիջականօրէն նախագահի աշխատակազմից, սակայն` առանց այդ մասին որեւէ աղմկայարոյց բացայայտման ու ցուցադրականութեան: Կարծում եմ` մեր այս համաժողովը լաւ առիթ ու հնարաւորութիւն է այդ խնդիրը եւս քննարկելու եւ հնարաւոր լուծում գտնելու համար:
Կարելի է այլ խնդիրներ ներկայացնել: Բայց առայժմ բաւարարուեմ այսքանով: Ուստի, աւարտելով խօսքս, յարգելի՛ գործընկերներ, նախ հայցում եմ ձեր ներողամտութիւնը ձեր ժամանակն ու համբերութիւնն այդքան երկար չարաշահելու համար եւ ապա յուսով եմ, որ համաժողովում հնչած գաղափարները եւ առաջարկութիւններն անպայման կը տեղափոխուեն գործնական հող:
Արցախ