ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ
Իրանի Քրտստանի ժողովրդավար կուսակցութէան գլխաւոր քարտուղար Մոսթաֆա Հեճրին 2016 թ. սեպտեմբերի 19-ին բրիտանական Պի.Պի.Սի. լրատուամիջոցին տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է, որ` «կուսակցութեան փեշմերկաները (առաջամարտիկներ – Ս.Մ.) Իրանի Քրտստանում զինեալ պայքարի մէջ են մտել Իրանի իշխանութիւնների դէմ[1]»: Հեճրին յայտարարել է նաեւ, որ իր կուսակցութիւնը Քրտստանում պայքարի «նոր փուլ» է սկսում, որի իմաստն է` «կուսակցութեան զինեալ առաջամարտիկների ներկայութիւնը Քրտստանի ժողովրդի մէջ` նրանց քաղաքական գիտակցութիւն եւ յոյս տալու եւ խրախուսելու, որպէսզի պայքարեն իրենց ազգային իրաւունքների ձեռքբերման համար»[2]:
Իրանի Քրտստանի ժողովրդավար կուսակցութեան քաղաքականութեան մէջ այս շրջադարձը կարեւոր է այն առումով, որ մօտ 20 տարի է, ինչ կուսակցութիւնը հրաժարուել է զինեալ պայքարից: Ի՞նչն է պատճառը, որ կուսակցութիւնը վերադառնում է պայքարի նախկին ձեւերին:
Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնը դա վերագրում է արտաքին ուժերին, յատկապէս Սէուտական Արաբիային, որը թշնամական դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ, ֆինանսաւորում է Իրանի հակապետական ուժերին, ընդ որում` ԻՔԺԿ-ին եւ ուղղակի պատերազմի փոխարէն` այլոց միջոցով է պատերազմ մղում Իրանի դէմ[3]:
ԻՔԺԿ-ի գլխաւոր քարտուղարը մերժում է այդ տեսակէտը` յայտարարելով, որ իրենց եւ Սէուտական Արաբիայի միջեւ որեւէ կապ չկայ: Հեճրին ասում է, որ թէեւ իրենք դիմել են տարբեր երկրների, որպէսզի իրենց իրաւունքների ձեռքբերման նպատակով օգնութիւն ստանան, սակայն ցարդ որեւէ պատասխան չեն ստացել[4]:
Կուսակցութեան այս շրջադարձը ուշադրութեան արժանի է յատկապէս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների լոյսի ներքոյ` Իրաքում անկայուն վիճակ, ՏԱՀԵՇ-ի առկայութիւն, Սիրիայում քաոսային իրավիճակ, քրտական զինեալ բախումներ Թուրքիայում եւ այժմ փորձ` զինեալ բախումների նոր օճախ ու անկայուն վիճակ ստեղծելու համար, այս անգամ` Իրանում:
Իրանի քրտական շրջաններում թէեւ զինեալ պայքարի փորձեր եղել են նաեւ նախկինում, սակայն յաջողութիւն չեն ունեցել:
Իրանի իշխանութեան դէմ զինեալ պայքար է մղում նաեւ Քրտստանի ազատ կեանք կուսակցութիւնը (ՓԵԺԱԿ), որը ձախակողմեան կուսակցութիւն է:
Անցնող ամիսների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ՓԵԺԱԿ-ի զինեալների, ՓԵԺԱԿ-ի զինեալների[5] եւ Իրանի զինեալ ուժերի միջեւ, որոնց պատճառով երկու կողմից էլ կան սպանուածներ[6]:
Ստորեւ յամառօտակի ներկայացւում են որոշ տեղեկութիւններ` ընդհանուր առմամբ քրտերի եւ ի մասնաւորի Իրանի քրտերի ու քրտական կուսակցութիւնների մասին:
Համառօտ Տեղեկութիւններ
Քրտերը ծագումով իրանական էթնիկ խումբ են, որոնք հիմնականում ապրում են Իրանում, Թուրքիայում, Իրաքում եւ Սիրիայում:
Քրտերի ընդհանուր թուի մասին ճշգրիտ տուեալներ չկան: Ըստ Ուիքիփետիա հանրագիտարանի, քրտերի ընդհանուր թիւը 2015 թ. տուեալներով մօտ 30 միլիոն է, որոնցից 6,5 – 7 միլիոնն ապրում է Իրանում, 6 – 6,5 միլիոնը` Իրաքում, 2 միլիոնը` Սիրիայում եւ 14 – 19 միլիոնը` Թուրքիայում: Քրտեր են ապրում նաեւ այլ երկրներում, ինչպէս` Ֆրանսայում, Միացեալ Թագաւորութիւնում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Ազրպէյճանում, Իսրայէլում եւ այլուր[7]:
Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնի դասախօս, փրոֆեսէօր Գառնիկ Ասատրեանի կարծիքով, քրտերի ընդհանուր թիւը 2009 թ. տուեալներով 20-23 միլիոն է[8], որոնք տեղաբաշխուած են ըստ հետեւեալի. Թուրքիայի արեւելեան շրջաններ[9]` 7 – 8 միլիոն, Իրաքի հիւսիսային շրջաններ` 4 – 5 միլիոն, Իրանի արեւմտեան շրջաններ` 5 – 6 միլիոն, Սիրիայի հիւսիս եւ հիւսիս-արեւելեան շրջաններ` 3 – 4 միլիոն: Փրոֆ. Ասատրեանի կարծիքով, 30 – 35 միլիոն թիւը հիմնականում շրջանառութեան մէջ է դրւում քրտական քաղաքական շրջանակների, եւ կամ` քրտական գործօնը օգտագործող արտաքին ուժերի կողմից:
Լեզուն քրտերէնն է, որը պատկանում է իրանական լեզուախմբին:
Քրտերը մուսուլման են (շիա եւ սիւննի). մեծամասնութիւնը` սիւննի:
Չորս երկրների միջեւ բաժանուած քրտաբնակ շրջանների ընդհանուր տարածքը 190.000 քառ. քմ է[10]:
Վերոնշեալ քրտաբնակ շրջանները մինչեւ 1514 թ. մաս են կազմել Իրանին: Չըլտըրանի ճակատամարտում, երբ Իրանը պարտուեց Օսմանեան կայսրութեանը, այդ տարածքների մի մասը միացուեց վերջինիս: Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ, երբ Օսմանեան կայսրութիւնը տրահուեց, եւ անկախացան Սիրիան ու Իրաքը, քրտաբնակ այդ շրջանները եւս բաժանուեցին: Այսօր, ինչպէս նշուեց, քրտաբնակ շրջանները բաժանուած են Իրանի, Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի միջեւ:
Քրտերի խնդրի լուծումը եթէ պիտի յանգեցնի անկախ պետութեան առաջացմանը, միաժամանակ վտանգելու է Իրանի, Իրաքի, Թուրքիայի եւ Սիրիայի շահերը եւ տարածքային ամբողջականութիւնը:
Իրանում թէեւ քրտաբնակ շրջանները տնտեսական առումով մեծ կշիռ չեն ներկայացնում, սակայն նրանց անջատումն Իրանից կը յանգեցնի լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքների, Իրանը նախ կը կորցնի տարածքներ, եւ միւս կողմից` քրտերի անջատուելը կը հրահրի Իրանի այլ էթնիկ խմբերի նմանատիպ պահանջների արծարծումը:
Քրտերի գործօնը մշտապէս առիթ է հանդիսացել վերոնշեալ պետութիւնների համար` այն օգտագործելու հակառակորդների դէմ: Օրինակ` Իրան-իրաքեան պատերազմի ժամանակ Իրանը լաւագոյնս օգտագործեց այդ գործօնը Իրաքի դէմ[11]:
Քրտական հարցը Իրանի եւ Թուրքիայի փոխյարաբերութիւններում էապէս այլ բնոյթ ունի, քան Իրանի եւ Իրաքի փոխյարաբերութիւններում: Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ եւ մինչ այժմ Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւններն ընդհանուր առմամբ լաւ են եղել, եւ այդ իսկ պատճառով երկու պետութիւններից եւ ոչ մէկը չի ցանկացել քրտական գործօնն օգտագործել միւսի դէմ: Նոյն բանը չի կարելի ասել Իրանի եւ Իրաքի փոխյարաբերութիւնների պարագային, որտեղ երկու պետութիւնները մշտապէս փորձել են օգտագործել քրտական գործօնը միւսին թուլացնելու համար, եւ կրկնենք, որ այդ մրցակցութեան մէջ աւելի շատ օգտուել է Իրանը[12]:
Իրանի Քրտական Կուսակցութիւնները[13]
Իրանի քրտաբնակ շրջանների չորս գլխաւոր կուսակցութիւններն են` Քոմելեն[14], Իրանի Քրտստանի ժողովրդավար կուսակցութիւնը[15], Քրտստանի ժողովրդավար կուսակցութիւնը[16] եւ Քրտստանի ազատ կեանք կուսակցութիւնը (ՓԵԺԱԿ)[17] :
ԻՔԺԿ-ն հիմնադրուել է 1945 թ.:
ՔԺԿ առաջացել է 2007 թ. Իրանի Քրտստանի ժողովրդավար կուսակցութեան մէջ տեղի ունեցած պառակտման հետեւանքով:
Քոմելեն հիմնադրուել է 1969 թ.:
ՔԱԿԿ կեանքի է կոչուել 2003 թ. ապրիլի 4-ին, Ապտիւլլա Օճալանի ծննդեան օրը ու նրա պատուին:
ԻՔԺԿ-ի ծրագրում[18]` հաստատուած կուսակցութեան 15-րդ համագումարում, «ընդհանուր նպատակներ» բաժնում գրուած է. «1. ԻՔԺԿ-ն Իրանի Քրտստանի ժողովրդի ազգային-ժողովրդավարական պայքարի դրօշակակիր կուսակցութիւնն է, որը Իրանի միւս ազգութիւնների հետ համաձայն եւ Իրանի յառաջադէմ ուժերի հետ ուս-ուսի պայքարում է Իրանում դաշնային ժողովրդավարական համակարգի ստեղծման եւ Իրանի Քրտստանում քիւրտ ազգի ինքնորոշման իրաւունքի ձեռքբերման ուղղութեամբ», «2. ԻՔԺԿ վերջնական նպատակը` ընկերվարական ժողովրդավարական հասարակութեան ստեղծումն է», «8. ԻՔԺԿ-ն աշխարհի բոլոր ժողովրդների ազգային եւ ժողովրդավարատենչ խաղաղասէր պայքարները հովանաւորում է եւ կողմնակից է աշխարհի բոլոր ազգերի միջեւ բարեկամական ու խաղաղասէր փոխյարաբերութիւնների»[19]:
ԻՔԺԿ-ի կարգախօսն է` քրտերի ազգային իրաւունքների ապահովում դաշնային եւ ժողովրդավար Իրանի կազմում: Դաշնային համակարգ ասելով` կուսակցութիւնը հասկանում է լայն ինքնավարութիւն Իրանում բնակուող ազգերին` իրենց աշխարհագրական տարածքներում, որտեղ նրանք ունենալու են իրենց խորհրդարանը, իսկ պաշտօնական լեզուն լինելու է նրանց մայրենի լեզուն: Կեդրոնական իշխանութեանն է վերապահւում արտաքին քաղաքականութիւնը, բանակը, տնտեսական երկարատեւ ծրագրաւորումը եւ այլն: Պարսկերէնը լինելու է Իրանի տարբեր ազգերի` միմեանց հետ հաղորդակցուելու համընդհանուր լեզուն:
Յիշեցնենք, որ 2003 թ. Միացեալ Նահանգների կողմից Իրաքի գրաւումով այդ երկրում հաստատուեց դաշնային համակարգ: Իրանում եւս դաշնային համակարգ կիրառելու գաղափարի արծարծման սաստկացումը տարբեր շրջանակների եւ որոշ կուսակցութիւնների կողմից մեծ հաւանականութեամբ Իրաքում այդ համակարգի կիրառման ազդեցութեան պատճառով է:
ԻՔԺԿ մայր կուսակցութեան անդամների մօտաւորապէս կէսը, դուրս գալով կուսակցութիւնից, հիմնեց նոր կուսակցութիւն` ՔԺԿ անունով` զեղչելով այս նոր կուսակցութեան անուան միջից Իրան անունը: Վերլուծաբանները դա վերագրում են մայր կուսակցութեան դաշնային համակարգի անցնելու գաղափարի ընդունմանը, որը մերժուել է անջատուողների կողմից: ՔԺԿ-ը մերժում է այդ տեսակէտը, եւ անուան միջից Իրան անուան զեղչելը պատճառաբանում է մարդկանց մօտ երկու կուսակցութիւնների միջեւ շփոթ չառաջացնելու հանգամանքով:
Քոմելէն նախապէս յայտարարում էր, որ առաջնորդւում է ազգային ինքնորոշման իրաւունքի սկզբունքով: Այդ իրաւունքի որդեգրումը թոյլ էր տալու հասնելու ազգային անկախութեան, ընդ որում` քրտաբնակ շրջանների անկախութեանը: Ներկայում կուսակցութիւնը յայտարարում է, որ հետապնդում է դաշնային, աշխարհիկ եւ ժողովրդավար Իրանի գաղափարը:
ՓԵԺԱԿ-ի ծրագրում` հաստատուած 2014 թ. կուսակցութեան 4-րդ համագումարում, գրուած է, որ` «ՓԵԺԱԿ-ը քիւրտ ժողովրդի առաջնորդ Ապտիւլլա Օճալանին է ընդունում որպէս իր առաջնորդ եւ նրա Ժողովրդավարական քաղաքակրթութեան մանիֆէստը համարում իր պայքարի մանիֆէստը[20]»: Կուսակցութեան նպատակներից է «քրտական հարցի լուծումը ժողովրդավարական ինքնակառավարման շրջանակում, ժողովրդավարական եւ ազատ կեանքի առաջ մղումը Քրտստանի արեւելքում եւ Իրանում…[21]»:
2012 թ. օգոստոսին Քոմելեն եւ Իրանի Քրտստանի ժողովրդավար կուսակցութիւնը ստորագրեցին համաձայնագիր: Համաձայնագրում նշւում է, որ մինչեւ Իրանի վարչակարգը չտապալուի, եւ Իրանում ժողովրդավարութիւն չհաստատուի, Իրանի ազգերը, ընդ որում` նաեւ քրտերը չեն հասնելու իրենց իրաւունքներին: Ըստ նրանց` Իրանում պիտի հաստատուի աշխարհիկ, ժողովրդավար եւ դաշնակցային համակարգ[22]:
Նախկինում այդ կուսակցութիւնները թէ՛ զինեալ պայքար են մղել Իրանի իշխանութիւնների դէմ եւ թէ՛ բանակցութիւններ են վարել` քրտերի խնդիրները լուծելու նպատակով: Վերջին տարիների ընթացքում պաշտօնապէս յայտարարուել էր, որ դադարեցուած են թէ՛ զինեալ գործողութիւնները եւ թէ՛ բանակցութիւնները:
Հարց էր առաջանում, թէ այն պայմաններում, երբ այդ կուսակցութիւնների եւ Իրանի իշխանութիւնների միջեւ բանակցութիւններ գոյութիւն չունեն, եւ նրանք նաեւ դադարեցրել են զինեալ գործողութիւնները Իրանի իշխանութիւնների դէմ եւ միաժամանակ յայտարարել, որ Իրանում առանց իսլամական վարչակարգի փոփոխութեան հնարաւոր չէ հասնել իրենց նպատակներին, ինչպէ՞ս են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը եւ իրենց նպատակներին հասնելու ձեւերը:
Առկայ էր երկու ճանապարհ. սպասել, որ ինչպէս Իրաքի պարագային, դրսից յարձակում լինի Իրանի վրայ, եւ օգտուելով ստեղծուած իրավիճակից` յայտարարել անկախութիւն կամ ինքնավարութիւն, եւ կամ զարկ տալ քաղաքացիական հասարակութեան հաստատութիւնների ամրապնդմանն ու ընդլայնմանը` դրանց միջոցով հետապնդելով քրտական հարցի լուծումը:
Առաջին տարբերակի կապակցութեամբ քրտական կուսակցութիւնների ղեկավարներն ունէին յստակ կարծիք` դրսի ցանկացած միջամտութիւն Իրանում աղէտաբեր է լինելու Իրանի ժողովրդի, ընդ որում` առաւելապէս քրտերի համար: Ուստի նրանք դէմ էին դրսի զինեալ միջամտութեանը:
Նրանք աւելի շատ հակուած էին երկրորդ տարբերակին: Զարգացնել քաղաքացիական հասարակութեան հաստատութիւնները եւ քաղաքական, քաղաքացիական ու մշակութային պայքարի միջոցով հասնել իրենց նպատակներին:
Վերջին ամիսների իրադարձութիւնները եւ ԻՔԺԿ-ի` որպէս Իրանի քրտական ամենահին կուսակցութեան մարտավարութեան փոփոխութիւնը հակասում են նշեալ կուսակցութիւնների վերջին երկու տասնամեակի որդեգրած քաղաքականութեանը:
Աւելացնենք, որ Քրտստան ասելով` այս կուսակցութիւնների ղեկավարները նկատի չունեն Իրանի ներկայիս Քորտեստան նահանգը: Նրանք ասում են, որ դա Իրանի քրտաբնակ շրջանների ընդամէնը մէկ հինգերորդն է, եւ Քրտստան է նաեւ Իրանի Արեւմտեան Ատրպատական նահանգի մի մասը:
Նշենք նաեւ, որ տուեալ հարցում լուրջ խնդիրներ կան այս կուսակցութիւնների եւ այն փանթուրքական կազմակերպութիւնների միջեւ, որոնք պայքարում են Իրանի թրքախօս բնակչութիւն ունեցող շրջանների անկախութեան կամ Ազրպէյճանի Հանրապետութեանը միանալու համար:
Քրտական կուսակցութիւնների ղեկավարները պնդում են, որ իրենք Մեծ Քրտստանի գաղափարը չեն հետապնդում, եւ իրենց ուզածը միասնական Իրանում ժողովրդավարական ու դաշնակցային համակարգի կիրառումն է, իսկ թէ դրանից յետոյ ապագայ սերունդները ի՞նչ դիրք կը բռնեն` դա նրանց որոշելիքն է:
Եզրակացութիւն
Չորս երկրների (Իրան, Իրաք, Սիրիա, Թուրքիա) միջեւ բաժանուած քրտաբնակ շրջաններում գործում են տարբեր կուսակցութիւններ: Նրանց դիրքորոշումներին ծանօթանալով` եզրակացնում ենք, որ նրանք, բացայայտ թէ գաղտնի, հետապնդում են անկախութեան ծրագիր` ընդհուպ մինչեւ Մեծ Քրտստանի ստեղծում: Քրտական կուսակցութիւնների միջեւ շատ են տարակարծութիւնները, որոնք իրենց հերթին պարարտ հող են ստեղծում արտաքին միջամտութեան համար: Յաճախ նրանք ոչ քրտական ուժերի կողմից օգտագործւում են իրար դէմ: Ինքնավարութեան, անկախութեան եւ կամ Մեծ Քրտստանի գաղափարն իրականացնելու ճանապարհին նրանց մեծ մասը յոյսը կապում է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխութիւնների եւ արտաքին ուժերի` յատկապէս Միացեալ Նահանգների հետ:
ՀՀ ազգային անվտանգութեան առումով եւ Հայ դատի տեսանկիւնից չափազանց կարեւոր են այն գործընթացները, ինչ այսօր կատարւում են քրտաբնակ շրջաններում, յատկապէս` Իրանում եւ Թուրքիայում: Այս յօդուածում մենք կեդրոնացանք Իրանի քրտական կուսակցութիւնների վրայ:
Իրանի պարագայում որեւէ շարժում, որը պիտի վտանգի Իրանի հողային ամբողջականութիւնը եւ անկախութիւն բերի քրտաբնակ շրջաններին, իր հերթին պիտի հրահրի Իրանի այլ էթնիկ խմբերի անջատողական տենչերը եւ, օրինակ, անկախութիւն բերի նաեւ թրքախօս բնակչութիւն ունեցող շրջաններին` Հայաստանը վերածելով մեկուսացած կղզեակի:
Թուրքիայի պարագային քրտաբնակ շրջանների ինքնավարութիւն կամ անկախութիւն նշանակում է Արեւմտեան Հայաստանի տարածքում քրտական պետութեան ստեղծում, որն իր հերթին, Հայ դատի արդարացի լուծման տեսանկիւնից, յղի է բազմաթիւ անորոշութիւններով:
Ընդգծենք, որ մի կողմ դնելով Իրանում առկայ վերոնշեալ հարցերին Հայաստանի ու Հայ դատի տեսանկիւնից նայելու մօտեցումը եւ հարցին նայելով զուտ գիտական առումով` պէտք է փաստել, որ Իրանում առկայ անջատողական մտքերն ու հակումները չունեն ժողովրդական յենարան, այլ հիմնականում հրահրւում են դրսից` այս կամ այն մեծապետական ուժի բազմաբղետ շահերի իրականացման նպատակով:
Վերջ
Յղումներ
[1] https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv
[2] Նոյն տեղը:
[3] http://www.presstv.ir/DetailFa/2016/09/30/486979/hran-saudi-arabia
[4] https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv
[5] http://www.kurdistanmedia.com/farsi/idame/25653
[7] https://en.wikipedia.org/wiki/Kurds#cite_note-Mackey-2
[8] Prolegomena to the Study of the Kurds, Garnik Asatrian, Iran and the Caucasus 13 (2009) 1-58.
[9] Թուրքիայի արեւելեան շրջաններ` այսինքն` Արեւմտեան Հայաստան:
[10] http://enwikipedia.org/wiki/Kurds
[11] «Իրանի աշխարհաքաղաքականութիւնը», Գրահամ Ֆուլեր, 1994 թ., Թեհրան, էջ 51-53 :
[12] Նոյն տեղը, էջ 224-226 :
[13] Իրանի քրտական կուսակցութիւնների մասին ուսումնասիրութիւնը կատարուել է նշեալ չորս կուսակցութիւնների պաշտօնական կայքէջերի միջոցով` նրանց ծրագրերի ու գործունէութեան հետ ծանօթանալով եւ, 2008 թ. «Ամերիկայի ձայնի» միջոցով սփռուած ութ մասանոց խիստ շահեկան տեսաշարի հիման վրայ: Տեսաշարում առկայ են հարցազրոյցներ Իրանի քրտաբնակ շրջաններում գործող երեք կուսակցութիւնների ղեկավարների հետ, որոնցում նրանք ներկայացնում են իրենց տեսակէտները տարբեր հարցերի վերաբերեալ: Յաւելեալ մանրամասնութիւնների համար կարող էք այցելել http://www.youtube.com/watch?v=epL7YQPKlhk :
[14] http://www.komala.org/farsy/
[15] http://www.kurdistanmedia.com/farsi/
[16] http://fa.kurdistanukurd.com/
[17] http://pjak.eu/fa/
[18] Ծրագրում նշուած չէ, թէ երբ է տեղի ունեցել 15-րդ համագումարը, սակայն մեր տեղեկութիւններով, այն տեղի է ունեցել 2012 թ. հոկտեմբերին:
[19] Ծրագրում, ինչպէս նկատելի է, կողք կողքի գործածուած են ազգ, ազգութիւն եւ ժողովուրդ հասկացութիւնները:
[20] http://pjak.eu/fa/
[21] Նոյն տեղը:
[22] http://www.akamnews.com/Pages/News-708.aspx
Օգտագործուած աղբիւրներ
- https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv
- http://www.presstv.ir/DetailFa/2016/09/30/486979/hran-saudi-arabia
- http://www.kurdistanmedia.com/farsi/idame/25653
- http://www.presstv.ir/DetailFa/2016/10/11/488524/iran-Army-of-the-Guardians-of-the-Islamic-Revolution
- http://enwikipedia.org/wiki/Kurds
- Prolegomena to the Study of the Kurds, Garnik Asatrian, Iran and the Caucasus 13 (2009) 1-58.
- ,իրանի աշխարհաքաղաքականութիւնըէ, Գրահամ Ֆուլեր, 1994 թ., Թեհրան, էջ 51-53
- http://www.shahrvand.com/archives/30517
- http://www.youtube.com/watch?v=epL7YQPKlhk
- http://pjak.eu/fa/
- http://www.akamnews.com/Pages/News-708.aspx
- http://www.komala.org/farsy/
- http://fa.kurdistanukurd.com/