ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Հոկտեմբերի 15-ին գրեթէ բոլոր աշխարհամասերից Արցախ ժամանած շուրջ 70 հայ երիտասարդներ իրենց անձնական ներդրումն են ունեցել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցի կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներին:
Տիգրանակերտում ծառատունկ պարուրուած պարտէզ հիմնելու հիմքերը տարիներ առաջ են դրուել: Արգելոցի տարածքում արդէն տնկուել եւ խնամւում են հարիւրաւոր ծառեր: Հերթական համալրումն իրականացուել է Լեռնային Ղարաբաղի տնտեսութեան նախարարութեան, «Դէպի Հայք» հիմնադրամի եւ «Արմինիըն թրի փրոժէքթ» կազմակերպութեան հետ համագործակցութեամբ:
Լեռնային Ղարաբաղի տնտեսութեան նախարարութեան զբօսաշրջութեան վարչութեան ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորեանի խօսքով, ծառատունկը նպաստել է պարտէզի հետագայ զարգացմանը:
«Դէպի Հայք» հիմնադրամի տնօրէն Սեւան Գապաքեանի խօսքով, Տիգրանակերտում կազմակերպուած ծառատունկը հայկական արմատները պահպանելու, խորացնելու եւ տարածելու խորհուրդն է պարունակում:
«Ամենակարեւորն այն է, որ ոչ թէ մենք կենտրոնանանք այս ծառատունկի վրայ, այլ ընդհանրապէս հասկանանք, որ աշխարհում ապրող բոլոր հայերն ունեն արմատներ` որոշները մի քիչ աւելի թուլացած, որոշներն աւելի խնամքի կարիք ունեցող, որոշները դեռ ամուր, կանգուն: Այդ բոլորը բերել Հայաստան` իրենց գիտելիքներով, իրենց բահով, եւ հայրենիքում տնկել տարբեր տեսակի արմատներ` մեծ խորհուրդ ունի: Ի վերջոյ, հայութեան ապագան երաշխաւորւում է մեր բոլորի միասնական աշխատանքով, մեր բոլորի միասնական արմատները ջրելով եւ նոր արմատներ տնկելով», նշել է Սեւան Գապաքեանը:
Սփիւռքահայ երիտասարդների համար իւրայատուկ հնարաւորութիւն էր ծանօթանալու Արցախի Տիգրանակերտի պատմութեանը, հնագիտական նշանակութեանը, ինչպէս նաեւ` նպաստելու արգելոցի հետագայ զարգացմանը:
«Շատ հաճելի է հիմա գտնուել այստեղ եւ ծառ տնկելով արմատներ գցել պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մէկում` Տիգրանակերտում», նշել է սիրիահայ Սերժ Ֆոտալը:
Լիբանանահայ Արազ Քեքեճեանի նախնիներն արմատներով Արեւմտեան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից են: Երեք ծառ է տնկել ընկերուհու հետ: Թէեւ ձեռքերը կեղտոտուել են, սակայն անկախ Արցախի Տիգրանակերտում ծառ տնկելը կարեւոր արարողութիւն է համարում:
«Երեք ծառ տնկեցինք: Առաջինի անունը կեանք է, երկրորդինը` ջան եւ երրորդինը` Արտէ», արցունքներն հազիւ զսպելով պատմում է Արազը, «իմ անունը Արազ է, ընկերուհուս անունը` Տէյա: Որոշեցինք երկուսիս անունների առաջին տառերը դնել»:
Տիգրանակերտում տնկուած ծառերը «Արմինիըն թրի փրոժէքթ» կազմակերպութիւնն է տրամադրել: 1994 թուականից գործող կազմակերպութիւնն արդէն աւելի քան 5 միլիոն ծառ է տնկել Հայաստանում եւ Արցախում: Այս նախաձեռնութեան համար 70 կենսածառ է տրամադրել: «Կենսածառն այն բոյսն է, որ Հայաստանի գրեթէ բոլոր տարածքներում աճում եւ յարմարւում է, եթէ կանոնաւոր խնամուի», նշել է կազմակերպութեան փոխտնօրէն Արթուր Յարութիւնեանը եւ վստահեցրել, որ նման ծրագրերը շարունակական բնոյթ են կրելու նաեւ հետագայում:
Հաւանականութիւնը, որ երիտասարդներն արցախեան հողին պահ տուած տնկիները տարիներ անց առողջ ծառեր դարձած կը տեսնեն, մեծ է, վստահեցնում են աւագ գործընկերները:
«Ծառերը տնկել ենք եւ ապագայում գալու ենք տեսնելու, թէ ի՛նչ վիճակում են», իր հերթին նշել է ամերիկահայ Սթեֆանի Մորը:
Տիգրանակերտը, ունենալով հնագիտական ու պատմամշակութային բացառիկ նշանակութիւն, շրջակայ միջավայրի համար վեր է ածուել նաեւ բնական իւրայատուկ ովասիսի, եւ կանաչապատման աշխատանքները, այդ թւում` այս ծառատունկը, միայն նպաստելու են արգելոցի` որպէս Արցախի բացառիկ զբօսաշրջավայրի զարգացմանը: