ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արդէն 25-րդ տարին անընդմէջ սեպտեմբերի 2-ին Արցախում, Հայաստանում եւ սփիւռքում նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնը: Ու չնայած աշխարհում եւ ոչ մի ճանաչուած պետութիւն, այդ թւում` Հայաստանը, չեն ճանաչել Արցախի անկախութիւնը, այդ իրականութիւնը չի ստուերում եւ չի նսեմացնում սեպտեմբերի 2-ի արժէքն ու կարեւորութիւնը:
Սեպտեմբերի 2-ի խորհուրդը չի նսեմացնում նաեւ այն իրականութիւնը, որ հռչակումից շաբաթներ առաջ Արցախի այն ժամանակների ղեկավարութիւնը եւ քաղաքական վերնախաւը օրակարգում չունէր անկախութեան հարց: Արցախի անկախութեան հռչակումը պայմանաւորուած էր քաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք տեղի էին ունենում հոգեվարք ապրող Խորհրդային Միութիւնում, նրա մաս կազմող Խորհրդային Ազրպէյճանում եւ փլուզուող տէրութիւնից անկախացող Հայաստանում:
Մէկ տարի առաջ` 1990-ի օգոստոսի 23-ին, Հայաստանը ընդունել էր Անկախութեան հռչակագիր եւ ձեռնամուխ եղել Խորհրդային Միութիւնից դուրս գալու գործընթացին, մինչդեռ Ազրպէյճանը մտադիր էր մնալ Խորհրդային Միութեան կազմում: Երբ Կորպաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միութեան պահպանման հանրաքուէ, Ազրպէյճանը խորհրդային ութ այլ հանրապետութիւնների հետ մասնակցեց քուէարկութեանը եւ կողմ արտայայտուեց Խորհրդային Միութեան հետագայ գոյութեանը: Հայաստանը, ինչպէս նաեւ Վրաստանը, Մոլտովան ու պալթեան երեք հանրապետութիւնները` Լիթուանիա, Էսթոնիա, Լաթվիա, չմասնակցեցին հանրաքուէին: Հայաստանը յայտարարեց, որ ընտրել է անկախութեան ուղին, իսկ նոյն տարուայ աշնանը` սեպտեմբերի 21-ին, կ՛անցկացնի անկախութեան ի՛ր հանրաքուէն:
1991-ի գարնանը Խորհրդային Միութեան բանակի օժանդակութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ Ազրպէյճանը իրականացրել էր «Օղակ» գործողութիւնը` գրաւելով եւ իրենց տներից արտաքսելով հայկական 24 գիւղերի հազարաւոր բնակիչների: Արցախում եւ Հայաստանում տիրում էր հիասթափութեան, տագնապի եւ անորոշութեան մթնոլորտ:
«Օղակ» գործողութիւնը Կորպաչովի շնորհակալութիւնն էր Ազրպէյճանին ու նրա ղեկավար Այազ Մութալիպովին. Ազրպէյճանը 1991-ի մարտին մասնակցել եւ «այո» էր քուէարկել Խորհրդային Միութեան պահպանման հանրաքուէին:
Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախաւը ուղիներ էր փնտռում Մոսկուայի ու Պաքուի հետ լեզու գտնելու, որպէսզի Արցախի հայ ազգաբնակչութեան նկատմամբ ազգային զտումների եւ արտաքսման քաղաքականութեանը վերջ դրուի:
Ահա այս պայմաններում Մոսկուան եւ Պաքուն Արցախի ղեկավարութեանը եւ ժողովրդին առաջարկում են յետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրութիւններից եւ մասնակցել 1991-ի սեպտեմբերին սպասուող Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններին: Յուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզային խորհուրդի նիստ, որի ընթացքում քննարկւում է Արցախի` Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններին մասնակցելու առաջարկութիւնը: Մարզային խորհուրդը, որը ղեկավարում էր Լէոնարտ Պետրոսեանը (սպանուել է 1999 թուականի հոկտեմբերի 27-ին` Հայաստանի Ազգային ժողովում իրականացուած ահաբեկչութեան արդիւնքում) մերժում է ընտրութիւններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է միւս առաջարկը` մեկնել Պաքու եւ Մոսկուա, բանակցել Ազրպէյճանի ու Խորհրդային Միութեան ղեկավարութեան հետ:
Արցախում միակ ուժը, որ հրապարակաւ եւ միանշանակ դէմ արտայայտուեց Պաքու պատուիրակութիւն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Միւս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թւում` Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը, կտրուկ դէմ չարտայայտուեցին Պաքու եւ Մոսկուա պատուիրակութիւն ուղարկելու Ազրպէյճանի առաջարկին: Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը եւ անձամբ Լեւոն Տէր Պետրոսեանը, եւս դէմ չարտայայտուեցին: Նրանք Արցախի ղեկավարութեանը յորդորում էին լեզու գտնել Ազրպէյճանի հետ:
1991-ի յուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավէճեր այն հարցի շուրջ, թէ պէ՞տք է Արցախի պատուիրակութիւնը մեկնի Պաքու: Հարցը դրուեց քուէարկութեան: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամաւորներից միայն 10-ը դէմ արտայայտուեց, իսկ 18-ը` ձեռնպահ: Միւսները, այդ թւում` խորհրդարանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, այսօր արտաքին գործերի փոխ նախարար Շաւարշ Քոչարեանը եւ տասնեակ այլ պատգամաւորներ կողմ քուէարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարութիւնը պատրաստակամութիւն էր յայտնում «քաղաքական բանակցութիւններ սկսել Ազրպէյճանի իշխանութիւնների հետ եւ փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միութեան Սահմանադրութեան եւ օրէնքների շրջանակներում»:
Ճիշդ է, Արցախը որեւէ կերպ չէր ընդունում Ազրպէյճանի գերիշխանութիւնը, սակայն 1990-1991 թուականներին, յատկապէս 1991-ի մայիս-յուլիս ամիսներին, երբ խորհրդային հրասայլերի ու զինուորների օգնութեամբ ազրպէյճանական զինուած խմբաւորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախեան դիմադրութիւնը, Արցախի քաղաքական ղեկավարութեան մի ստուար հատուած կողմ էր արտայայտւում քաղաքական բանակցութիւններ վարել Պաքուի հետ` դա համարելով չարեաց փոքրագոյնը:
1991-ի յուլիսի 20-ին արցախեան 6 հոգանոց պատուիրակութիւնը, որը գլխաւորում էր Լէոնարտ Պետրոսեանը, Ստեփանակերտից մեկնեց Պաքու, հանդիպում ունեցաւ Ազրպէյճանի նախագահ Այազ Մութալիպովի հետ: Պաքու մեկնած պատուիրակութեան անդամներից մէկը` Վալերի Գրիգորեանը, երեք շաբաթ անց սպանուեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով` հայի կողմից արձակուած կրակահերթից: Պաքու մեկնած պատուիրակութեան միւս անդամները եւս, այդ թւում` Լէոնարտ Պետրոսեանը, մեղադրւում էին Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալու, անգամ` դաւաճանութեան մէջ:
Իսկ Ազրպէյճանը եւ նրա ղեկավար Մութալիպովը ցնծութեան մէջ էին: Նրանց թւում էր, որ հայերը պատրաստւում են հրաժարուել Արցախի եւ Հայաստանի միացման գաղափարից:
Եւ ահա այս ծանր վիճակում տեղի ունեցաւ մի իրադարձութիւն, որը փոխեց պատմութեան ընթացքը:
1991-ի օգոստոսին ձախողուեց յեղաշրջման փորձը Մոսկուայում, Խորհրդային Միութեան փլուզման գործընթացն աւելի արագացաւ: Խորհրդային Միութեան մի քանի ուժային նախարարներ փորձեցին իշխանութիւնից հեռացնել երկրի առաջնորդ Միխայիլ Կորպաչովին եւ փրկել Խորհրդային Միութիւնը կործանումից: Խորհրդային բոլոր հանրապետութիւնների համար արդէն դարձաւ ակնյայտ, որ կայսրութեան տէ ժիւրէ գոյութիւնը շաբաթների ու ամիսների հարց է ընդամէնը:
Մի քանի օր անց` օգոստոսի 30-ին, Ազրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը: Ազրպէյճանի խորհրդարանի` Գերագոյն խորհրդի արտակարգ նստաշրջանում ընդունուած «Ազրպէյճանի պետական անկախութեան վերականգնման» մասին հռչակագրում առանձին կէտ կամ յիշատակում չկար Խորհրդային Ազրպէյճանի երկու ինքնավարութիւնների` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան մասին: Հայկական այս երկու շրջաններն էլ Խորհրդային Ազրպէյճանին էին կցուել 1921-ին` Քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի պայմանաւորուածութեան արդիւնքում:
Ազրպէյճանի անկախութեան հռչակումից երկու օր անց իր անկախութիւնը հռչակեց Արցախը: 1991 թուականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990 թուականի ապրիլի 3-ի Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի «Խորհրդային Միութեան կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կ՛արգի» մասին օրէնքը: Այդ օրէնքի առանցքը Խորհրդային Միութեան կազմից դուրս գալու հանրաքուէի գաղափարն էր: Եթէ միութենական հանրապետութիւնը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միութեան կազմից, ինչը թոյլատրում էր սահմանադրութեան 72-րդ յօդուածը, ապա ընթացակարգը հանրաքուէն է` ժողովրդական քուէարկութիւնը:
Շահումեանի շրջանը, որն այսօր Ազրպէյճանի վերահսկողութեան տակ է, վարչականօրէն ԼՂԻՄ կազմում չի եղել, թէեւ տոկոսային յարաբերակցութեամբ աւելի հայկական էր, քան ԼՂԻՄ-ը: Եթէ ԼՂԻՄ-ում Խորհրդային Միութեան վերջին` 1989-ի մարդահամարի տուեալներով հայութիւնը կազմում էր բնակչութեան աւելի քան 75 տոկոսը, ապա Շահումեանում` աւելի քան 82 տոկոսը: Արցախի իշխանութիւնները այս դէպքում էլ օգտուեցին Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի ապրիլի 3-ի օրէնքի երրորդ յօդուածից, որում ասւում էր. «Միութենական հանրապետութիւնում, որի տարածքում կան տուեալ տեղանքում բնակչութեան մեծամասնութիւնը կազմող հաւաք բնակուող ազգախմբեր, հանրաքուէի արդիւնքներն ամփոփելիս այդ տեղանքներում քուէարկութեան արդիւնքները հաշուարկւում են առանձին»:
Այսպիսով, 25 տարի առաջ Արցախն իր անկախութիւնը հռչակեց տէ ժիւրէ գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան տառին ու ոգուն համապատասխան` չխախտելով որեւէ օրէնք եւ ընթացակարգ:
Ճիշդ է, արցախեան շարժումն սկսուել էր Հայաստանի հետ միացումի գաղափարով, սակայն իրողութիւններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրութիւն, որը, տարիների հեռուից դատելով, կարելի է ասել` ճիշդ ընտրութիւնն էր: Եթէ Արցախը իրեն հռչակէր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրութեան համար դա ընկալելի չէր լինի, աւելին` Հայաստանը անընդհատ դիւանագիտական հարուածներ կը ստանար:
1991 թուականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մաս կազմող որոշ տարածքներ մինչեւ այսօր Ազրպէյճանի վերահսկողութեան տակ են` Շահումեանի շրջանն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի հիւսիսային եւ Մարտունու շրջանի արեւելեան որոշ տարածքներ: Դրան աւելացաւ նաեւ Ապրիլեան 4-օրեայ պատերազմում կորցրած 800 հեկտարը: