Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Փառք ի բարձունս Աստուծոյ,
եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»
(Ղուկ. 2:14):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Սուրբ Ծննդեան աւետիսն այսօր առաջնորդել է մեզ դէպի մեր եկեղեցիները, որպէսզի խնդութեամբ եւ հոգու երկիւղածութեամբ խոնարհուենք Մանուկ Յիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջեւ:
ԲեթղեհԷմի մսուրում ծնուեց Քրիստոս, եւ Փրկչի աշխարհ գալով սկսուեց ճանապարհը Աստուծոյ հետ հաշտութեան, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկութեան դարձի եւ փրկութեան: Իր Որդու մարդեղութեան խորհրդով Աստուած մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայութեան եւ Նրա միջոցով ցոյց տուեց այդ փառքին արժանանալու ուղին` ըստ հրեշտակների օրհնաձայն փառաբանութեան` «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Մարդեղացեալ Աստուածորդին իր փրկչական առաքելութեամբ շրջափոխեց պատմութեան ընթացքը` կոչելով մարդկանց սիրոյ եւ խաղաղութեան սկզբունքի վրայ հաստատելու կեանքը: Քրիստոս մարդկանց պարգեւում է այս աշխարհում մեծագոյն բարիքը` Իր խաղաղութիւնը. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպէս այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովուեն եւ չվախենաք» (Յովհ. 14:27), ասում է Տէրը:
Փրկչի խաղաղութեան կոչին ու հրաւէրին յանդիման մեր ժամանակի մեծագոյն մարտահրաւէրներից է անհատի, հասարակութեանց ու պետութեանց կեանքում խաղաղութեան խաթարումը: Մարդկութիւնը 21-րդ դար թեւակոխել է մեծ տագնապներով: Հակամարտութիւններ, աշխարհաքաղաքական շահերի բախում, ճգնաժամեր, մարդկային աղէտներ շարունակում են յուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողութիւն ու անվստահութիւն, սփռել աւերածութիւն, աղքատութիւն, տառապանքներ: Հասարակութիւններում խաթարւում են բարքերը, խեղաթիւրւում հոգեւոր-բարոյական արժէքները, առաւել տարածում են գտնում կեղծիք, մոլութիւններ, սպանութիւններ, սասանւում են ընկերային կեանքի, ընտանիքի հիմքերը: Ծայրայեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբաւորումները հաւատքի անունով մահ ու աւեր են սփռում յատկապէս Մերձաւոր Արեւելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում եւ զրկանքներ են կրում նաեւ մեր ժողովրդի զաւակները:
Կործանարար ու կորստաբեր այս իրավիճակներից մարդկութիւնը ելք եւ կարգաւորման ուղիներ է փնտռում, որոնց անորոշութեան մէջ, բարձրացող հարցականների առջեւ այսօր քաղցրօրէն հնչում է մեր հոգիներին Բեթղեհէմում աշխարհ եկած Փրկչի յուսադրող խօսքը: «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս ինչպէս այս աշխարհն է տալիս»: Քրիստոսի պարգեւածը այս աշխարհի խաղաղութիւնը չէ, որն անհաստատ է եւ անկայուն: Քրիստոսի խաղաղութիւնը հոգու խաղաղութիւնն է, որ խարսխուած առ Աստուած հաւատքի, Աստուծոյ խօսքի ու պատուիրանների վրայ` վերափոխում է կեանքը: Այն բնակւում է անչար սրտում, ճշմարտութեան, արդարութեան մէջ, զօրանում է յաւիտենական կեանքի յոյսով ապրող հոգիներում: Այս իմաստով առաքեալն ասում է. «Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ վեր է քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Յիսուս Քրիստոսով» (Փիլ. 4:7): Արդարեւ, կեանքը կանգուն է Աստուծոյ սիրով լեցուն հոգու խաղաղութեամբ: Ամէն բան անհաստատ է, երբ մարդկանց մէջ տկարանում է Աստուծոյ ներկայութեան զգացումը, երբ մարդկային առնչութիւններից մինչ ազգերի ու պետութիւնների յարաբերութիւններ կառուցւում են սոսկ սեփական շահերի ու ձգտումների կամ` պարտադրանքի վրայ: Գտնել Քրիստոսի խաղաղութիւնը, նշանակում է ունենալ սէր եւ երջանկութիւն ընտանիքներում, համերաշխութիւն ու բարօրութիւն հասարակութեանց ու պետութեանց մէջ: Մարդեղացեալ Աստուածորդին, բոլոր դարերում եւ բոլոր ժողովուրդների կեանքում պարգեւում է զօրութիւնը` իրագործելու Աստուծոյ հետ հաշտութեան եւ մարդկանց մէջ հաճութեան պատգամը, պարգեւում է զօրութիւնը ընդունելու երկնային փրկարար շնորհները, որոնք բնակւում են մեր մէջ, երբ համախմբուած ենք խաղաղութիւն, արդարութիւն հաստատելու, աջակցութիւն եւ մխիթարութիւն բերելու: «Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Յակ. 3:17):
Սիրելի՛ բարեպաշտ զաւակներ Մեր, հայրենական մեր կեանքում եւս ծառացած է խաղաղութեան պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնւում է շրջափակման մէջ Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում` ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը: Հաւատում ենք, որ խաղաղութեան նախանձախնդրութեամբ եւ առ Քրիստոս հաւատքով զօրացեալ` մեր ժողովուրդը իր հոգու խաղաղութիւնը պիտի պատուար դարձնի ընդդէմ թշնամեաց յարձակումների, անխորտակելի վահան` ընդդէմ հայրենեաց սահմանների ոտնձգութիւնների` հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժէքները եւ կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժուարութիւնները յաղթահարելու, շէնացնելու մեր հայրենիքը, աշխարհասփիւռ մեր կեանքը: Սիրելինե՛ր, Քրիստոս է մեր զօրութիւնը: Աներկմիտ, անվարան հաւատքով հետեւենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խօսքի համաձայն, թող մեր սրտերը չխռովուեն եւ չվախենանք: Ապաւինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլեւ` Աստուծոյ օրհնութեանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարաւոր դարձնել: Պարտաւորուածութիւնից առաւել թող մեզ առաջնորդեն ծառայութեան, սիրոյ ու նուիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրեայ անհրաժեշտութիւն են` իրականացնելու համար ազգային զարթօնքի, լուսաւոր գալիքի մեր տեսիլքները:
Մեր Փրկչի Ծննդեան այս սուրբ օրը բերկրութեամբ լեցուն մեր հոգիներից միասնաբար աղօթք բարձրացնենք երկինք, որ Քրիստոս մեր Տէրը երկնային շնորհներով, հաւատքով, յոյսով ու սիրով զօրացնի մարդկանց հոգիները` կերտելու ապահով, խաղաղ ու բարօր աշխարհ, խաղաղ պահի նաեւ մեր երկիրն ու ժողովրդին, օրհնի մեր կեանքն այս աշխարհում եւ առաջնորդի դէպի յաւիտենական կեանքի լոյսը:
Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանապազ աղօթքն ու մաղթանքն ենք, իբրեւ պատգամ, կրկին հնչեցնում` Խաղաղութիւն ամենեցուն:
Սուրբ Ծննդեան մեծասքանչ աւետիսով ողջոյն ենք յղում առաքելական մեր սուրբ եկեղեցու նուիրապետական աթոռների գահակալներին` ՆՍՕՏՏ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին, Երուսաղէմի հայոց պատրիարք ամենապատիւ Տ. Նուրհան արք. Մանուկեանին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիւ Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանին, քոյր եկեղեցիների հոգեւոր պետերին եւ մեր եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին: Հայրապետական օրհնութեամբ ողջունում ենք սուրբ պատարագի արարողութեանը ներկայ Հայաստանի Հանրապետութեան նախագահ տիար Սերժ Սարգսեանին եւ առաջին տիկնոջը, ողջոյն ենք յղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ տիար Բակo Սահակեանին, հայոց պետական աւագանուն, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում աշխարհասփիւռ համայն մեր ժողովրդին` հոգու բերկրութեամբ ողջունելով:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
6 յունուար 2016
Ս. Էջմիածին, Հայաստան