
Երէկ` կիրակի, 27 դեկտեմբերին, աւարտեցաւ Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանի երթի հանգրուանը, երբ կատարուեցան 11-րդ հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Զղարթայի մէջ մրցեցաւ Ումմալ Թրիփոլիի դէմ (Սալամի կրտսերներու խումբը), 2-1 արդիւնքով յաղթանակով մը վերադարձաւ Պէյրութ:
ՀՄԸՄ, որ այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր 6-րդ յաղթանակը, 20 կէտով 2015-ը աւարտեց 3-րդ դիրքին վրայ:
Երէկուան այս մրցումին 3-րդ վայրկեանին Մամաս Քէհէեան բացաւ հաշիւը` սքանչելի կոլ մը նշանակելով մրցակիցին բերդին մէջ:
Մինչեւ Ա. կիսախաղին աւարտը, երկու կազմերը թէեւ փորձեցին կոլ նշանակել, սակայն ապարդիւն:
Բ. կիսախաղը հազիւ սկսած, հիւսիսեան կազմը նշանակեց իր հաւասարութեան կոլը (48-րդ վայրկեանին):
Այդ կոլը պատճառ դարձաւ, որ ՀՄԸՄ սաստկացնէ իր յարձակումները:
65-րդ վայրկեանին մրցակիցին մեծ քառակուսիէն դուրս ՀՄԸՄ ձեռք ձգեց ազատ հարուած մը, զոր մեծ վարպետութեամբ կոլի վերածեց հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան:
Անոր նշանակած այս կոլէն ետք, բնականաբար, 2-1 արդիւնքով ուշացած Ումմալ Թրիփոլի փորձեց նշանակել իր հաւասարութեան կոլը, բայց ՀՄԸՄ-ի մարզիկները կացութեան տէրը ըլլալով յաղթեցին իրենց մրցակիցին:
Հոս կարեւորութեամբ կ՛արժէ նշել, որ ՀՄԸՄ-ի շուրջ 150-200 համակիրներ ուղղուելով Զղարթայի դաշտը, քաջալերեցին ՀՄԸՄ-ի խումբը:
Նշենք, որ այժմ երթի մրցումները աւարտած են եւ պէտք է լաւապէս պատրաստուիլ դարձի մրցումներուն` ամէն գնով բարձրանալու համար 2-րդ դիրք եւ անկէ ետք, բնականաբար ուղղակիօրէն` Ա. դասակարգ, ուր կը պատկանի ՀՄԸՄ:
Ստորեւ` 11-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 2-2 |
| Մապարրա – Հիլալ Հարեթ Նաամէ | 1-1 |
| Ամալ Մաարաքէ – Ախա Ահլի Ալէյ | 0-4 |
| Ռիատա Ուալ Ատապ – Թատամոն Սուր | 0-2 |
| Ումմալ Թրիփոլի – ՀՄԸՄ | 1-2 |
| Ահլի Նապաթիէ – Շեպիպեթ Մազրաա | 0-1 |
Ստորեւ` երթի վերջնական դասաւորումը.
| Յ | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Թատամոն Սուր | 11 | 0 | 0 | 41 | 4 | 33 |
| 2.- Ախա Ահլի Ալէյ | 8 | 1 | 2 | 23 | 10 | 25 |
| 3.- ՀՄԸՄ | 6 | 2 | 3 | 23 | 11 | 20 |
| 4.- Մապարրա | 5 | 3 | 3 | 17 | 16 | 18 |
| 5.- Ահլի Նապաթիէ | 5 | 2 | 4 | 19 | 9 | 17 |
| 6.- Ամալ Մաարաքէ | 5 | 2 | 4 | 20 | 27 | 17 |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 | 4 | 3 | 23 | 14 | 16 |
| 8.- Շեպիպեթ Մազրաա | 3 | 2 | 6 | 12 | 17 | 11 |
| 9.- Ահլի Սայտա | 3 | 2 | 6 | 10 | 18 | 11 |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ | 3 | 2 | 6 | 10 | 24 | 11 |
| 11.- Ումմալ Թրիփոլի | 1 | 1 | 9 | 9 | 37 | 4 |
| 12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 3 | 8 | 8 | 28 | 3 |


