ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքական պատուիրակութեան ղեկավար Էնտեր Եորկանճըլարը Պաքւում յայտարարեց, թէ անհրաժեշտ է մեծացնել առեւտրային շրջանառութեան ծաւալը, եւ որ երկու երկրների համար շատ օգտակար կը լինի ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրել: Եորկանճըլարի խօսքերով, Իլհամ Ալիեւը դրական պատասխան է տուել ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկին (Եորկանճըլարը Պաքւում դժգոհեց, թէ Ազրպէյճանը Ռուսաստանից բերուած ձիթապտղի ձէթը հարկում է 16 առ հարիւրով, մինչդեռ Թուրքիայի դէպքում դա կազմում է 36 առ հարիւր):
2010թ. հոկտեմբերին առաջին անգամ Նախիջեւան այցելած Թուրքիայի պետական նախարար Զաֆեր Չաղլայեանը յայտարարել էր, թէ իրենք պատրաստ են Նախիջեւանի հետ սահմանին ստեղծել ազատ առեւտրի գօտի. «Մեր կառավարութեան արտաքին քաղաքականութիւնում յատուկ տեղ է տրւում Նախիջեւանին, ինչի համար էլ ես այստեղ եմ: Մեր նպատակը Նախիջեւանի տնտեսութիւնում մեր ներդրումներն ու առեւտուրը մեծացնելն է: Անհրաժեշտ է լաւ գնահատել Նախիջեւանի հետ սահման ունենալու մեր առաւելութիւնը: Որեւէ խնդիր չկայ Նախիջեւանի հետ սահմանին ազատ առեւտրի գօտի հիմնելու համար: Թուրքիան 16 երկրի հետ ունի ազատ առեւտրի համաձայնագիր: Մենք հետեւում ենք բոլոր երկրների դիւանագիտութեանը: Մենք դա անուանում ենք «առեւտրային դիւանագիտութիւն»:
Մէջբերման արժանի է նաեւ 2015թ. փետրուարին Թուրքիայի տնտեսութեան նախարար Նիհաթ Զէյպեքճիի այցն Ազրպէյճան, որն Ազրպէյճանի տնտեսութեան եւ արդիւնաբերութեան նախարար Շահին Մուսթաֆաեւի հետ հանդիպումից յետոյ Պաքւում յայտարարեց. «Մենք քննարկել ենք Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ առեւտրի զարգացման եւ ազատականացման հարցը: Թուրքիան 17 երկրի հետ ունի ազատ առեւտրի դրութեան համաձայնագիր, եւս 5 համաձայնագիր ստորագրման փուլում է: 2015թ. շահագործման է յանձնուելու ՊԹԿ-ն: Մեր արտաքին առեւտրի ծաւալը կազմում է 5 միլիառ ամ. տոլար, սակայն այդ ցուցանիշը յարիր չէ մեր եղբայրութեանը: Անհրաժեշտ է կարճ ժամանակ անց առեւտրի ծաւալը հասցնել 15 միլիառ ամ. տոլարի: Դրա համար պէտք է ազատականացնել առեւտուրը: Դա սկսելու ենք գիւղատնտեսական ապրանքներից: Մեր հիմնական նպատակը երկու երկրների միջեւ առեւտուրը յիրաւի ազատ դարձնելն է: Մենք արագացնելու ենք այդ գործընթացը: Արդէն անհրաժեշտ է մուտքի արտօնագիրի դրութիւնն ազատականացնել թէ՛ քաղաքացիների, թէ՛ գործարարների համար: Մենք ցանկանում ենք այս տարի էական արդիւնքներ տեսնել այս հարցերում»:
Փաստօրէն, Թուրքիան տարիներ շարունակ եւ պարբերաբար Ազրպէյճանին առաջարկում է ստորագրել ազատ առեւտրի (կամ էլ արտօնեալ դրութեամբ) համաձայնագիր, սակայն Ազրպէյճանը խուսափում է դրանից: Թուրքիան այդ քայլով ցանկանում է մեծացնել Ազրպէյճանի հետ առեւտրի ծաւալը, տնտեսական աւելի մեծ ներկայութիւն ապահովել Ազրպէյճանում եւ այդ կերպ ընդհանրապէս աւելի մեծ ազդեցութիւն ձեռք բերել այդ երկրում: Թուրքիան այդ քայլով ցանկանում է նաեւ մեծացնել համաշխարհային առեւտրում իր բաժնեմասը (նոյն Զէյպեքճիի խօսքերով` եթէ 1980-ական թթ. թուրքական արտահանման ծաւալը կազմել է մօտ 2 միլիառ ամ. տոլար, ապա ներկայումս այն հասել է 170 միլիառի):
Թուրքիան ընդհանուր սահմանի բացակայութեան պատճառով (չհաշուած Նախիջեւանի հետ սահմանը) Ազրպէյճանի հետ առեւտուրն իրականացնում է Վրաստանի կամ Իրանի տարածքով, եւ թուրք արտահանողները յաւելեալ մաքսատուրքեր են վճարում իրենց ապրանքներն Ազրպէյճան հասցնելիս: Այդ պատճառով էլ նրանց համար կարեւոր է Ազրպէյճանում մաքսատուրքերի վերացումը, ինչը նրանց ապրանքները կը դարձնի աւելի մրցունակ: Եւ վերջապէս, պէտք է հաշուի առնել հոգեբանական գործօնը. Թուրքիան արդէն մի քանի տարի է, ինչ ազատ առեւտրի դրութիւն ունի Վրաստանի հետ (ինչի շնորհիւ 2007-ից Վրաստանի թիւ մէկ առեւտրային գործընկերն է) եւ նրան անհասկանալի ու ցաւալի է մնում «եղբայրական» Ազրպէյճանի հետ նման դրութիւն չունենալը («Մէկ ազգ, երկու պետութիւն»):
Ինչ վերաբերում է Ազրպէյճանի խուսանաւումներին, ապա դրա պատճառները կարող են լինել այն, որ Ազրպէյճանը, ըստ ամենայնի, մտավախութիւն ունի, թէ ազատ առեւտրի դէպքում (որը, մաքսատուրքերի վերացումից բացի, նախատեսում է նաեւ քանակական սահմանափակումների վերացում` չհաշուած որոշակի բացառութիւնները) թուրքական ապրանքները «կը հեղեղեն» երկիրը, կը վնասեն տեղի արտադրողներին, Թուրքիային հնարաւորութիւն կը տան «տնտեսապէս գրաւել» երկիրը: Պէտք չէ մոռանալ նաեւ այն, որ Թուրքիան ԱՀԿ եւ ԵՄ Մաքսային միութեան անդամ է, իսկ Ազրպէյճանը` ոչ: Բացի այդ, Ազրպէյճանի իշխանութիւնների համար աւելի հեշտ է իրենց ներքին հարցերը լուծել տեղի, քան օտար (թուրք) գործարարի հետ: Ազրպէյճանում տնտեսութեան շատ ոլորտներ գտնւում են այս կամ այն բարձրաստիճան պաշտօնեայի վերահսկողութեան տակ, եւ այդ մենաշնորհները բարդացնում են թուրք գործարարների մուտքն ազրպէյճանական շուկայ: Նախկինում լրատուամիջոցներում քանիցս հրապարակումներ են եղել, որ թուրք գործարարները շարունակ դժգոհել են Ազրպէյճանում իրենց հանդէպ անյարգալից վերաբերմունքից, կաշառակերութիւնից, կամայականութիւններից, անհիմն ստուգումներից, բարձր հարկերից, թալանից, պետական միջամտութիւնից: Այդ ամէնը յանգեցրել է Ազրպէյճանից ոչ քիչ թուով թուրք գործարարների հեռանալուն: Ազրպէյճանական կողմն, իր հերթին, թուրք գործարարներին մեղադրել է տեղաբնակներին որպէս էժան աշխատուժ օգտագործելու, չնչին գումարների դիմաց շահագործելու, երկրի բնական պաշարները վատնելու համար:
Այսպիսով, կարելի է ենթադրել, թէ թուրքական կողմը միտումնաւոր է ձգձգում ՊԹԿ կառուցումը եւ ՊԹԿ հարցն Ազրպէյճանի դէմ կիրառում է որպէս լծակ` ազատ առեւտրին ու այցագրային դրութեան վերացմանը (կամ էլ այդ հարցերում առնուազն շօշափելի արդիւնքների) հասնելու համար:
Մուտքի արտօնագրի դրութիւնը – Թուրքիան Ազրպէյճանի հետ գործող մուտքի արտօնագրի դրութեան միակողմանի վերացրել է տարիներ առաջ եւ շարունակ պահանջում է, որ նոյն քայլին գնա Ազրպէյճանը: Վերջինս, սակայն, հրաժարւում է անել դա: Ներկայումս Ազրպէյճանի քաղաքացիներն առանց այցեգրի կարող են Թուրքիա ժամանել 90 օրով, մինչդեռ Ազրպէյճան մեկնող Թուրքիայի քաղաքացիները կանգնած են այցագիր ստանալու խնդրի առջեւ: Ընդ որում, այդ այցագրի ժամկէտը կազմում է միայն 30 օր (2014թ. Ազրպէյճանից Թուրքիա է եկել 658 հազար մարդ, իսկ Թուրքիայից Ազրպէյճան` 236 հազար մարդ): Ուշագրաւ է, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող ցամաքային ճանապարհով Ազրպէյճան մուտք գործելիս այցագիր ստանալ սահմանային անցակէտերում: Նրանք դա կարող են ստանալ կա՛մ Պաքուի Հայտար Ալիեւի անուան օդակայանում, կա՛մ էլ Թուրքիայում Ազրպէյճանի դիւանագիտական ներկայացուցչութիւններում (Անգարայում` դեսպանատուն, իսկ Պոլսում ու Կարսում` գլխաւոր հիւպատոսութիւն):
Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ մուտքի արտօնագրի դրութեան վերացման հարցը բարձրացուել է 2007թ. աշնանը, երբ Թուրքիայի նախագահ Ապտուլլա Կիւլը մեկնեց Ազրպէյճան: Դեռեւս 2009թ. նոյեմբերին ազրպէյճանական մամուլը գրեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանն ու Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը Թուրքիայում վերջնականապէս լուծելու են մուտքի արտօնագրի դրութեան հարցը: Սակայն հարցը մնաց չլուծուած` չնայած Կիւլի ստորագրած հրամանագրով Թուրքիա մտնելու համար Ազրպէյճանի քաղաքացիներից չի պահանջւում այցագիր:
2010թ. Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայեանը Նախիջեւանում յայտարարեց, թէ այցագրի հարցը Թուրքիայի համար կարեւորութիւն է ներկայացնում նաեւ հոգեբանական տեսանկիւնից. «Մենք 52 երկրի համար վերացրել ենք մուտքի արտօնագրի դրութիւնը: Տեսէ՛ք, մենք ասում ենք` «Մէկ ազգ, երկու պետութիւն»: Այդ դէպքում ինչո՞ւ իմ ազրպէյճանցի եղբայրը կարող է հանգիստ գալ Թուրքիա, իսկ իմ քաղաքացին պէտք չէ առանց այցագրի գնա Ազրպէյճան: Պէտք է կարճ ժամանակահատուածում շտկել դա»:
2012 թ. աշնանը թուրքական մամուլը գրեց, որ Ազրպէյճանը վերացնում է Թուրքիայի հանդէպ մուտքի արտօնագրի դրութիւնը: Այն ժամանակ Կապալայում տեղի էր ունեցել Թուրք-ազրպէյճանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցութեան խորհրդի երկրորդ նիստը, որի արդիւնքներով` Իլհամ Ալիեւը հաստատեց, որ մուտքի արտօնագրի դրութիւնը նախ մեղմացուելու է թուրք արուեստագէտների, գործարարների, գիտնականների, ճանաչուած մարդկանց համար, ինչից յետոյ մուտքի արտօնագրի դրութիւնը վերացուելու է ամբողջովին:
Սակայն հետագայ զարգացումները ցոյց տուեցին, որ դա տեղի չի ունենում: 2015թ. փետրուարին Ազրպէյճան կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն նոյնպէս բարձրացրեց մուտքի արտօնագրի դրութեան վերացման հարցը. «Մենք աշխարհում ամէնուրեք վերացնում ենք եղբայրական եւ բարեկամական երկրների հետ մուտքի արտօնագրի դրութիւնը: Ազրպէյճանի քաղաքացիներն էլ կարող են առանց արտօնագրի գալ Թուրքիա: Այժմ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ Թուրքիայի քաղաքացիները նոյնպէս առանց արտօնագրի կարողանան մեկնել Ազրպէյճան»:
Ինչ վերաբերում է Ազրպէյճանի կողմից մուտքի արտօնագրի դրութեան չվերացնելու պատճառներին, ապա պէտք է յիշատակել 2011թ. ամրանը թուրքական «Թուտէյզ Զաման» թերթին Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի տնօրէն Ալի Հասանովի տուած հարցազրոյցը. «Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ մուտքի արտօնագրի դրութիւնը վերացնելու մէջ: Սակայն Իրանը կտրուկ դէմ է դրան` պահանջելով նոյնը կատարել նաեւ իր պարագայում: Իրանը սպառնում է հակառակ դէպքում կտրել Նախիջեւանի հետ ցամաքային կապը: Այսինքն Ազրպէյճանը թէ՛ Թուրքիայի, թէ՛ Իրանի հետ մուտքի արտօնագրի դրութիւնը պէտք է վերացնի միաժամանակ: Բայց ներկայումս Ազրպէյճանի կառավարութիւնը պատրաստ չէ դրան, քանի որ Իրանի նման մեծ երկրի հետ յարաբերութիւններում առանց մուտքի արտօնագրի դրութեան քաղաքականութիւնը չի համապատասխանում Ազրպէյճանի ազգային շահերին»:
Ազրպէյճանը վախենում է, որ մուտքի արտօնագրի դրութեան վերացման դէպքում Իրանը գործի կը գցի շիական խաղաթուղթը եւ կը փորձի իսլամականների «արտահանման» միջոցով կտրուկ մեծացնել իր ազդեցութիւնն Ազրպէյճանում: Ազրպէյճանցի քաղաքագէտ Զարդուշտ Ալիզատեն այս ամէնին յաւելում է այն, որ Ազրպէյճանի կողմից Թուրքիայի համար մուտքի արտօնագրի դրութիւնը չվերացնելու պատճառներից մէկն էլ այն է, որ Ազրպէյճանի իշխանութիւնները չեն ցանկանում զրկուել փողի աղբիւրից: Բացի այդ, Ազրպէյճանում վախենում են մաքսանենգութեան ծաւալի աճից, որը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսութեան վրայ:
Փաստօրէն, մուտքի արտօնագրի դրութեան վերացումը նոյնպէս ունի հոգեբանական նշանակութիւն եւ խոչընդոտում է երկկողմ առեւտրի ծաւալն ակնկալուող չափի հասցնելուն: Պէտք չէ մոռանալ, որ Թուրքիան եւ Վրաստանը տարիներ առաջ վերացրել են մուտքի արտօնագրի դրութիւնը, իսկ 2011թ. մայիսի 31-ին կողմերի միջեւ ստորագրուած արձանագրութեան շնորհիւ Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներն անգամ կարող են առանց անձնագրի, ինքնութեան վկայականով հատել սահմանը:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ազրպէյճանին առայժմ յաջողւում է դիմակայել ազատ առեւտրի եւ ոչ մուտքի արտօնագրի դրութեան հարցում թուրքական կողմի ճնշմանը եւ պաշտպանել իր շահերը: Կարելի է կանխատեսել, որ հետագայում Ազրպէյճանի վրայ Թուրքիայի ճնշումը միայն աճելու է` հաշուի առնելով այն, որ նրա համբերութիւնը կը հատի, քանի որ Ազրպէյճանն, ըստ էութեան, հաշուի չի նստում իր (Թուրքիայի) շահերի հետ: Մինչդեռ Թուրքիան շարունակ բազում հարցերի շուրջ հաշուի է նստում Ազրպէյճանի դիրքորոշման հետ, ինչը վերաբերում է նաեւ հայ-թուրքական սահմանը չբացելուն եւ Ազրպէյճանի կողմից ինքնահռչակ հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութիւնը (ՀԿԹՀ) չճանաչելու անտեսմանը (Ազրպէյճանը դա պատճառաբանում է ԼՂ գործօնով` յայտարարելով, որ եթէ ճանաչի ՀԿԹՀ անկախութիւնը, ապա բազմաթիւ երկրներ անմիջապէս կը ճանաչեն ԼՂՀ անկախութիւնը):
Ազրպէյճանը փորձում է Թուրքիային «փոխհատուցել» (որոշ առումով` նաեւ լռեցնել) տնտեսական համատեղ խոշոր նախագծեր իրագործելով եւ Թուրքիայի տնտեսութիւնում լայնածաւալ ներդրումներ անելով: Մասնաւորապէս Շահին Մուսթաֆայեւը Պաքւում Ճենափ Աշճըի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, թէ Թուրքիայի տնտեսութիւնում ազրպէյճանական ներդրումների ծաւալը մինչեւ 2020թ. եռապատկուելու է` հասցուելով 17-20 միլիառ ամ. տոլարի:
Սակայն հարկ է նշել, որ քարիւղի համաշխարհային գնանկումը ելեւմտական խոշոր խնդիրներ է առաջացրել եւ շարունակում է առաջացնել Ազրպէյճանի համար, եւ որ Թուրքիայում խոշոր ներդրումներ անելու հետ կապուած այդ ծրագրերը հետագայում կարող են զգալիօրէն փոփոխուել: Տնտեսական հարցերում Ազրպէյճանից Թուրքիայի կախուածութեան նուազեցումը կամ վերացումն, իր հերթին, կարող է որոշակի դրական ազդեցութիւն ունենալ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման եւ, մասնաւորապէս, սահմանի բացման վրայ:
Ինչ վերաբերում է ՊԹԿ-ին, ապա դրա շահագործման յանձնման ժամկէտը կախուած կը լինի ազատ առեւտրի եւ մուտքի արտօնագրի դրութեան հարցերում Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ առաջընթացի գրանցումից: Պաքւում Ճենափ Աշճըի արած յայտարարութիւնները յուսադրող են: Հաղորդւում է, որ մինչեւ 2016թ. աւարտը կը միացուեն նաեւ Իրանի եւ Ազրպէյճանի երկաթգծերը (իրանական եւ ազրպէյճանական Ասթարա քաղաքների շրջանում), որով եւ ՊԹԿ-ն ձեռք կը բերի էլ աւելի մեծ նշանակութիւն, եւ հնարաւոր կը լինի այդ երթուղով Չինաստանից բեռներ փոխադրել մինչեւ Լոնտոն` հաշուի առնելով Մարմարա երկաթուղային փապուղու առկայութիւնը (դա կարելի է անել նաեւ Կասպից ծովում լաստանաւ գործարկելով, ինչը, սակայն, համարւում է ժամանակատար եւ ծախսատար գործընթաց): Թուրքիան եւ Ազրպէյճանը ծրագրել են կեանքի կոչել նաեւ Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը, որը Թուրքիայի համար, ի տարբերութիւն ՊԹԿ-ի, աւելի կարճ ուղի է ապահովում դէպի Իրանի հիւսիս եւ ապա Փաքիստան:
ՊԹԿ-ը (ինչպէս նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը) կարող է օգտակար լինել նաեւ Թուրքիայի սերհաթ (սահմանային) գօտու բնակիչների համար, որի մէջ մտնող 4 նահանգներն ունեն զարգացման բաւական ցածր մակարդակ. 2011թ. Թուրքիայի զարգացման նախարարութեան զեկոյցի համաձայն, Կարսի նահանգը ընկերային-տնտեսական զարգացման ցուցանիշով Թուրքիայի 81 նահանգների թւում 68-րդն է, Իգդիրի նահանգը` 69-րդը, Արտահանի նահանգը` 71-րդը, իսկ Աղրըի (Արարատի) նահանգը` 79-րդը: Դեռեւս 2012թ. գարնանը Կարսում «սերհաթի» զարգացման գործակալութեան (SERKA) կազմակերպած «Հարեւան երկրների հետ առեւտրային կարողականութեան իրազեկման ժողով» խորհրդաժողովի ժամանակ «սերքայի» գլխաւոր քարտուղար Հուսէյն Թութարը յայտարարեց. «Սերհաթ գօտին սահմանակից է 4 երկրի եւ ունի 7 սահմանային անցակէտ: Չնայած դրան` այդ անցակէտերն ամբողջովին չեն օգտագործւում, տարածաշրջանի արտաքին առեւտրի մակարդակը ցածր է, եւ մենք չենք կարողանում օգտուել սահմանին մօտ գտնուելու առաւելութիւններից: Այդ ամէնի պատճառով մեր եկամուտների մակարդակը շարունակում է մնալ ցածր»:
Թուրքիան եւ Ազրպէյճանը ծրագրել են կեանքի կոչել նաեւ Կարս-Իգդիր-Նախիջեւան (ԿԻՆ) երկաթգիծը, որը Թուրքիայի համար, ի տարբերութիւն ՊԹԿ-ի, աւելի կարճ ուղի է ապահովում դէպի Իրանի հիւսիս: Թուրքիան եւ Ազրպէյճանը ԿԻՆ երկաթգծի կառուցման մասին արձանագրութիւնը ստորագրել են 2014թ. աշնանը: Այն Նախիջեւանը երկաթուղային ճանապարհով կապելու է Ազրպէյճանի (ինչպէս նաեւ Թուրքիայի միջոցով` Եւրոպայի) հետ: Սակայն պէտք չէ բացառել, որ Թուրքիան նոյն դրդապատճառներով հետագայում կարող է բաւական ձգձգել ԿԻՆ երկաթուղու կառուցումը: Թուրքիան արդէն ձգձգել է դրա կառուցումը` հաշուի առնելով, որ դեռեւս 2009թ. օգոստոսին Նախիջեւան այցելած Թուրքիայի ուժանիւթի եւ բնական պաշարների նախարար Թաներ Եըլտըզը յայտարարել էր, թէ վարչապետ Ռեճեփ Էրտողանն արդէն յանձնարարականներ է տուել ԿԻՆ երկաթուղու, ինչպէս նաեւ Կարս-Իգդիր-Նախիջեւան կազատարի կառուցման վերաբերեալ (2013թ. աշնանն Անգարայում անցկացուած Թուրք-ազրպէյճանական բարձր մակարդակի համագործակցութեան խորհրդի նիստում Էրտողանը յայտարարեց, թէ Իգդիրն ու Նախիջեւանը կապուելու են երկաթուղով եւ կազատարով):
Յատկանշական է, որ չնայած թուրքական «ՊՈԹԱՍ» եւ ազրպէյճանական «ՍՈՔԱՐ» պետական ընկերութիւնների միջեւ այդ կազատարի վերաբերեալ համաձայնագիրը ստորագրուել է 2010թ. յուլիսին, ցայժմ որեւէ առաջընթաց չկայ կազատարի կառուցման հարցում, որը պէտք է ունենայ 180-200 քմ երկարութիւն եւ նուազեցնելու է կազի մատակարարման հարցում Նախիջեւանի կախուածութիւնն Իրանից: Այս ամէնը նշանակում է, որ Թուրքիան միտումնաւոր ձգձգում է Ազրպէյճանի համար կարեւոր նախագծերի իրագործումը:
«Նորավանք»
(Վերջ)