
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը արձանագրեց տարեշրջանի իր երկրորդ յաղթանակը, երբ 2-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սայտայի քաղաքապետարանի դաշտէն, ուր պարտութեան մատնեց Ահլի Սայտան:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ, ՀՄԸՄ 8-ի բարձրացուց այս տարեշրջանին իր ապահոված կէտերուն հաշիւը, մինչ Ահլի Սայտա, որ ցարդ յաղթանակ չէ արձանագրած, 1 կէտով կը գրաւէ վերջին դիրքը:
Ահլի Սայտայի դէմ տեղի ունեցած մրցումին 2-րդ վայրկեանին ՀՄԸՄ բացաւ հաշիւը` շնորհիւ Յակոբ Տօնապետեանի:
Սակայն 62-րդ վայրկեանին Նաէֆ Մուսթաֆա նշանակեց Ահլի Սայտայի հաւասարութեան կոլը:
78-րդ վայրկեանին ՀՄԸՄ ձեռք ձգեց ազատ հարուած մը, զոր վարպետօրէն կոլի վերածեց Գէորգ Օհանեան:
Այսպիսով, մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ-ի յաղթանակով` 2-1 արդիւնքով:

Նշենք նաեւ, որ Ահլի Սայտա նշանակեց այս տարեշրջանի իր առաջին կոլը` իր բերդին մէջ 10 կոլ ստանալէ ետք:
Հիլալ Հարեթ Նաամէ, որ հիւրընկալեց Ումմալ Թրիփոլին, 3-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ: Նշենք, որ Թրիփոլիի կազմը արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը:
Ահլի Նապաթիէ, որ հիւրընկալեց Մապարրան, 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Յաղթանակ արձանագրեց նաեւ Ամալ Մաարաքէ` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Ռիատա Ուալ Ատապը:
Ինչ կը վերաբերի երէկուան մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Թատամոն Սուր արձանագրեց իր 5-րդ յաջորդական յաղթանակը` 5-2 արդիւնքով պարտութեան մատնելով Իսլահ Պըրժ Շիմալին:
Վերջապէս, վերջին մրցումին Ախա Ահլի Ալէյ 1-0 արդիւնքով յաղթեց Շեպիպեթ Մազրաայի:
Նշենք, որ երէկ Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի ունեցաւ Նըժմէ – Անսար գագաթի ճակատումը, որ յետաձգուած էր Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանէն: Նըժմէ յաղթեց իր մրցակիցին, 1-0 արդիւնքով:
Ստորեւ` Բ. դասակարգին դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 5 | 5 | 0 | 0 | 24 | 2 | 15 |
2.- Ահլի Նապաթիէ | 5 | 4 | 0 | 1 | 14 | 2 | 12 |
3.- Ախա Ահլի Ալէյ | 5 | 4 | 0 | 1 | 6 | 4 | 12 |
4.- Իսլահ Պըրժ Շիմալի | 5 | 2 | 2 | 1 | 13 | 6 | 8 |
5.- ՀՄԸՄ | 5 | 2 | 2 | 1 | 11 | 5 | 8 |
6.- Շեպիպեթ Մազրաա | 5 | 2 | 1 | 2 | 6 | 4 | 7 |
7.- Ամալ Մաարաքէ | 5 | 2 | 1 | 2 | 7 | 13 | 7 |
8.- Մապարրա | 5 | 1 | 2 | 2 | 4 | 5 | 5 |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 5 | 1 | 1 | 3 | 6 | 15 | 4 |
10.- Ումմալ Թրիփոլի | 5 | 1 | 0 | 4 | 4 | 23 | 3 |
11.- Հիլալ Հարեթ Նաամէ | 5 | 0 | 2 | 3 | 3 | 10 | 2 |
12.- Ահլի Սայտա | 5 | 0 | 1 | 4 | 1 | 10 | 1 |