Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ, 31 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կատարեց տարեշրջանի իր երրորդ մրցումը, իսկ երկրորդը` Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, հիւրընկալելով Ախա Ահլի Ալէյը: Վերջինս նախքան շաբաթ օրուան իր մրցումը կատարելը, արձանագրած էր յաղթանակ մը եւ կրած պարտութիւն մը, մինչ ՀՄԸՄ` երկու հաւասարութիւն:
Թէեւ ՀՄԸՄ Ա. կիսախաղը աւարտեց 0-0 հաւասարութեամբ, սակայն մրցումին 32-րդ վայրկեանին Յակոբ Տօնապետեան կոլ նշանակելու ստոյգ առիթ մը ունեցաւ, բայց մրցակից կազմին բերդապահը զսպեց անոր հարուածը:
Բ. կիսախաղին սկիզբը (50-րդ վայրկեանին), Ճոնի Քոնճեան կոլ նշանակելու բաւական լաւ առիթ մը ունէր, սակայն անոր հարուածը` մրցակից կազմին բերդին մօտ, ելաւ բերդէն բաւական բարձր:
Կորսուած այս առիթէն քանի մը վայրկեան ետք յարձակում մը կազմակերպելով, Ալէյ շնորհիւ սերպ ֆութպոլիստ Միլանի, նշանակեց կոլ մը: Այս կոլէն 4 վայրկեան ետք, Ախա Ահլի Ալէյ նշանակեց այլ կոլ մըն ալ` շնորհիւ Մոհամետ Ռամմալի, արդիւնքը վերածելով 2-0-ի:
71-րդ վայրկեանին ՀՄԸՄ ձեռք ձգեց փենալթի մը, զոր վարպետութեամբ կոլի վերածեց հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան:
Այսպիսով, ՀՄԸՄ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը եւ մնաց 2 կէտով միայն` առաւելագոյն 9 կէտէն:
Եթէ ՀՄԸՄ ստեղծեց կոլ նշանակելու շուրջ հինգ առիթ, անդին մրցակից կազմին յարձակումները եղան աւելի շատ եւ վտանգաւոր:
Ինչ կը վերաբերի Ալէյի պաշտպանողականին, անոր մարզիկները թոյլ չէին տար, որ օդէն եկած գնդակները մօտենան իրենց բերդին:
Այժմ ՀՄԸՄ կրած է տարեշրջանի իր առաջին պարտութիւնը:
Կը մնայ սրբագրել այն սխալները, որոնք կը գտնուին, յառաջիկային դարձեալ ձախողութեան չմատնուելու համար:
Իսկ ինչ կը վերաբերի ՀՄԸՄ-ի համակիրներուն, անոնք իրենց տրամադրուած թրիպիւնը ամբողջութեամբ լեցնելով քաջալերեցին իրենց կազմը` ՀՄԸՄ-ի շեփորախումբին ընկերակցութեամբ:
Այս հանգրուանին տեղի ունեցած մնացեալ մրցումներուն ծիրին մէջ, Իսլահ Պըրժ Շիմալի Թրիփոլիի մէջ 9-0 արդիւնքով ջախջախեց Ռիատա Ուալ Ատապը, Շեպիպեթ Մազրաա 1-0 արդիւնքով յաղթեց Հիլալ Հարեթ Նաամէի, մինչ Ամալ Մաարաքէ – Մապարրա մրցումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորումը
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 3 | 0 | 0 | 14 | 0 | 9 |
2.- Ահլի Նապաթիէ | 2 | 0 | 1 | 8 | 1 | 6 |
3.- Շեպիպեթ Մազրաա | 2 | 0 | 1 | 6 | 3 | 6 |
4.- Ախա Ահլի Ալէյ | 2 | 0 | 1 | 3 | 3 | 6 |
5.- Ռիատա Ուալ Ատապ | 1 | 1 | 0 | 4 | 2 | 4 |
6.- Մապարրա | 1 | 1 | 1 | 3 | 2 | 4 |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 1 | 1 | 0 | 2 | 1 | 4 |
8.- Ամալ Մաարաքէ | 1 | 1 | 1 | 4 | 5 | 4 |
9.- ՀՄԸՄ | 0 | 2 | 1 | 2 | 3 | 2 |
10.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 2 | 1 | 1 | 2 | 2 |
11.- Ահլի Սայտա | 0 | 0 | 3 | 0 | 8 | 0 |
12.- Ումմալ Թրիփոլի | 0 | 0 | 3 | 1 | 18 | 0 |