ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Նորավանք» ԳԿՀ տնօրէն
Տեղեկատուական պատերազմները եւ գործողութիւնները, դրանց նշանակութիւնն արդի քաղաքականութեան մէջ եւ կենսագործունէութեան այլ ոլորտներում այսօր դարձել են լայն քննարկումների առարկայ: Սակայն երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ նման պատերազմների էութիւնը փոքր-ինչ պարզունակ է ներկայացւում եւ մեկնաբանւում, ինչն, իր հերթին, դժուարացնում է տեղեկատուական անվտանգութեան առանց այդ էլ բարդ խնդիրների լուծումը: Արդի «տեղեկատուական իրողութիւնների» աւելի պատշաճ ընկալման համար օգտակար է իմանալ այդ հարցի ինչպէս եղափոխութիւնը, այնպէս էլ ներկայ վիճակը: Ուստի, սկզբում կարճ պատմական շրջապտոյտ կը կատարենք, իսկ յետոյ համառօտ կը դիտարկենք տեղեկատուական գործողութիւնների եւ պատերազմների մասին արդի պատկերացումները:
«Տրովադայի Ձի» Գործողութիւնը.
Արդի Վարկած
Որպէս հեռաւոր պատմական անցեալում իրականացուած տեղեկատուական գործողութեան դասական օրինակ յաճախ յիշատակւում է Տրովադայի գրաւման` Ոդիսեւսի մշակած եւ իրագործած ծրագիրը (մ.թ.ա. ԺԲ. դար): Այս իրադարձութիւնը, որպէս կանոն, դիտարկւում է որպէս հակառակորդին ապատեղեկացնելու (խաբելու) գործողութիւն, ո՛չ աւելին: Սակայն աւելի հանգամանալի վերլուծութիւնը թոյլ է տալիս բացայայտել մտայղացման խորութիւնն ու յոյների ռազմավարական մտածողութեան բարձր մակարդակն այն հեռաւոր ժամանակներում:
Ինչպէս նկարագրում է Հոմերոսն (մ.թ.ա. Ը. դար) իր հանճարեղ «Իլիական» դիւցազներգութիւնում, յոյները մօտ տասը տարի պաշարել էին Տրովադան, բայց քաղաքը գրաւել չէր յաջողւում: Նրանց ջանքերը, թերեւս, այդպէս էլ ապարդիւն կը մնային, եթէ Ոդիսեւսը չառաջարկէր սրամիտ մի գաղափար: Ըստ նրա մտայղացման, յոյները մի հսկայական փայտէ ձի պատրաստեցին (որը մեզ յայտնի է «Տրովադայի ձի» անուամբ), որի մէջ տեղաւորեցին յոյն զինուորների ընտրեալ մի ջոկատ: Յետոյ աքէացիների զօրքը հաւաքեց վրանները, բեռնեց նաւերն ու թողեց ծովափը, բայց ուղեւորուեց ոչ թէ դէպի Յունաստան, այլ Տրովադայի մօտ կղզիներից մէկը` ափին թողնելով «փայտէ ձին»:
Պարզամիտ տրովադացիները, ուրախանալով յոյների «փախուստով», սկսեցին հետաքրքրութեամբ ուսումնասիրել փայտէ նժոյգը` չհասկանալով դրա իմաստն ու նպատակը: Այսինքն Ոդիսեւսի ապատեղեկատուական գործողութեան մէջ կարեւոր տեղ էր զբաղեցնում հոգեբանական ներգործութեան յայտնի ազդեցութիւնը, երբ այս կամ այն երեւոյթը չհասկանալը, որպէս կանոն, շփոթեցնում, ապակողմնորոշում է մարդկանց եւ նրանց դրդում չմտածուած քայլերի. նման դրսեւորումներ մենք տեսնում ենք նաեւ այսօր: Հէնց այդ պահին էլ սկսւում է գործողութեան երկրորդ փուլը. իր առաջադրանքի կատարմանն է անցնում Իլիոնում Ոդիսեւսի գաղտնի գործակալ Սինոնը: Նա սկսում է «օգնել» տրովադացիներին հասկանալ իրավիճակը` նրանց համոզելով, որ «Տրովադայի ձին» Աթենաս չաստուածուհու նուէրն է, դրա համար էլ պէտք է քանդել ամրոցի պատը, «ձին» մտցնել Տրովադա եւ պահել որպէս սրբութիւն: Բոլոր յատկանիշներից ելնելով` Սինոնին պէտք է համարել գրաւոր արձանագրուած առաջին «ազդեցութեան գործակալը» եւ «գործակալ քարոզիչը» միաժամանակ. չէ՞ որ նրան յաջողուեց իր պերճախօսութեամբ ազդել «որոշումների ընդունման» գործընթացի վրայ: Ակնյայտ է, որ առանց Սինոնի ջանքերի` յունական ծրագիրը հազիւ թէ իրականանար: Բայց դա դեռ ամէնը չէր:
«Փայտէ ձին» Տրովադա մտցնելուն ընդդիմացաւ քուրմ Լաոքոոնը` յայտարարելով, թէ դա յոյների հերթական նենգութիւնն է եւ քաղաքին մեծ դժբախտութիւն կը բերի: Այլ խօսքով, իմաստուն քուրմը, որը նաեւ կանխատեսման շնորհ ունէր, փորձում էր պաշտպանել Տրովադայի շահերը եւ հակաքարոզչութիւն վարել Սինոնի դէմ: Գուցէ Լաոքոոնի խօսքերն ազդեցութիւն ունենային, եթէ այդ պահին ծովից դուրս չգային երկու մեծ օձեր եւ չխեղդէին քրմին ու նրա որդիներին (մէկ այլ, աւելի դաժան վարկածով օձերը սպաննեցին միայն նրա որդիներին, որպէսզի Լաոքոոնը ողջ կեանքում սգար նրանց մահն ու զղջար արածի համար): Կասկած չի յարուցում, որ օձերի հետ կապուած պատմութիւնն առասպելաբանական այլաբանութիւն է: Իրականում, ամենայն հաւանականութեամբ, խորամանկ Ոդիսեւսը կանխատեսել էր իրադարձութիւնների նման ընթացքը եւ, Սինոնի տիպի ազդեցութեան գործակալներից բացի, Տրովադայում ձեւաւորել էր նաեւ «յատուկ գործակալական խումբ», որի խնդիրն էր Սինոնի ընդդիմախօսներին չէզոքացնելը: Նրանք կատարեցին առաջադրանքը եւ ինչ-որ ձեւով վերացրին Լաոքոոնին: Այսպիսով, ակնյայտ երեւում է այն ճշմարտութիւնը, որ լաւ կազմակերպուած «ազդեցութեան գործակալներին» յաճախ յաջողւում է չէզոքացնել նրանց, ովքեր պաշտպանում են իրենց «ազգային շահերը»: Լաոքոոնի յանկարծակի մահը վճռորոշ գործօն է հանդիսանում տրովադացիների համար, որպէսզի վերջիններն ընդունեն Սինոնի առաջարկը. քաղաքի պատերը քանդւում են, եւ փայտէ ձին տեղ է գտնում քաղաքում:
Մնացածն արդէն, ինչպէս ընդունուած է ասել, թեքնիք գործ էր: Գիշերը զինուած յոյները դուրս են գալիս «Տրովադայի ձիուց», սպաննում են իրենց «յաղթանակը» տօնող եւ ամենայն հաւանականութեամբ այդ պատճառով ոչ այնքան սթափ տրովադացի պահապաններին, իսկ մերձակայ կղզում թաքնուած յունական զօրքը, պայմանական նշանն ստանալով` շտապում է Տրովադա: Շարունակութիւնը, թերեւս, յատուկ մեկնաբանութիւնների կարիք չունի:
Սակայն չի կարելի բացառել նաեւ այն հաւանականութիւնը, որ «փայտէ ձին» Հոմերոսի գեղարուեստական երեւակայութեան արգասիքը եղած լինի: Հնարաւոր է, որ մեծ յոյնը դրանով պարզապէս գեղարուեստօրէն նկարագրել է բազմաքայլ, այդ թւում եւ տեղեկատուա-հոգեբանական գործողութիւնների միջոցով ամրացուած քաղաքները գրաւելու` այն ժամանակ կիրառուող ռազմավարութիւնը: Սակայն բոլոր դէպքերում Տրովադայի գործողութիւնը «ռազմահնարքի» իրագործման դասական օրինակ է, ինչը նշանակում է ռազմական կամ քաղաքական նպատակներին հասնելու խորամանկ ծրագիր, իւրատեսակ ճանապարհ: Ռազմահնարքների արուեստը Եւրոպայում հետագայում զարգացաւ ինչպէս Յունաստանում, այնպէս էլ Հռոմէական կայսրութիւնում (յայտնի է Սեքսթոս Յուլիոս Ֆրոնտինի «Ստրատեկեմաներ» (ռազմահնարքներ) աշխատութիւնը): Արեւելքում այս ոլորտին առանձնակի ուշադրութիւն էին յատկացնում չիները, եւ անուղղակի գործողութիւնների առաւել համակարգուած կանոնները ներկայացուել են չին ռազմագէտ եւ փիլիսոփայ Սուն Ցուի (մ.թ.ա. VI դար) «Տրովադայի ռազմարուեստի մասին» աշխատութիւնում:
Եթէ փորձենք ընդհանրացնել Սուն Ցուի հայեցակարգը, ապա թշնամու դէմ պայքարում գերակայ են համարւում անուղղակի, յաճախ զուտ տեղեկատուական գործողութիւնները, որոնց միջոցով հարկաւոր է հասնել «թշնամու մօտ եղած ամէն լաւ բան կործանելուն, նրա նշանաւոր ներկայացուցիչներին յանցաւոր գործողութիւնների մէջ ներքաշելուն, նրանց հասարակութեան աչքում ծաղրուծանակի առարկայ դարձնելուն, համագործակցութեան համար ամենազզուելի անձնաւորութիւններին օգտագործելուն»: Յատկանշական է, որ Սուն Ցուի հայեցակարգի հիմնական դրոյթներից մէկը` «հակառակորդի մօտ խառնաշփոթ եւ քաոս ստեղծիր, եւ դու կը յաղթես նրան», այսօր դրուած է «Ռանտ» ընկերակցութեան կողմից Փենթակոնի համար մշակուած այսպէս կոչուած երկրորդ սերնդի տեղեկատուական պատերազմների հայեցակարգի հիմքում (տե՛ս ստորեւ):
Տեղեկատուական գործողութիւններն այս կամ այն ձեւով կիրառուել են մարդկութեան մղած գրեթէ բոլոր պատերազմներում: Աւելի՛ն. Ի. դարասկզբին, Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ, ստեղծուել են յատուկ պետական կառոյցներ, որոնց խնդիրն էր հէնց նման գործողութիւններ մշակելը եւ իրականացնելը: Մեծն Բրիտանիայում, օրինակ, ստեղծուել էր տեղեկատուութեան նախարարութիւն լորտ Պիվըրպրուքի ղեկավարութեամբ, որի խնդիրների մէջ էր մտնում աշխուժ քարոզչութիւն եւ քարոզչական աշխատանքն «Անթանթի» (դաշնակիցներ) հակառակորդ երկրների դէմ: Այդ նախարարութիւնը լայնօրէն օգտագործում էր ապատեղեկատուական գործողութիւնները Բրիտանական կայսրութեան ընդհանուր քաղաքականութեան պարունակում եւ դարձել է անգլիացի հանճարեղ գրող Ճորճ Օրուէլի «1984» հակաութոփիական վէպի «ճշմարտութեան նախարարութեան» նախատիպը: Ինչպէս յիշում ենք, «ճշմարտութեան նախարարութիւնը» գործում էր «ճշմարտութիւնը` դա սուտն է» նշանաբանով: Յատկանշական է, որ Օրուէլը կանխատեսել էր նաեւ համակարգիչների ի յայտ գալը, որոնց օգնութեամբ «ճշմարտութեան նախարարութեան» աշխատակիցները պարբերաբար խմբագրում էին պատմութիւնը` ելնելով նոր քաղաքական իրադարձութիւնների տրամաբանութիւնից: Նշենք, որ անգլոսաքսոններուն իրենց բնորոշ մտաւոր դրամագլուխի եւ աւանդոյթների հանդէպ հոգատար վերաբերմունքից ելնելով` պահպանել եւ զարգացրել են տեղեկատուա-հոգեբանական ներգործութեան մեթոտները: Նրանք այսօր առաջատար դիրք են զբաղեցնում աշխարհում:
Տեղեկատուական պատերազմների վարման մէկ այլ հզօր կառոյց դարձաւ 1920թ. պոլշեւիկների կողմից ստեղծուած խռովարարութիւն-քարոզչական բաժինը` «ագիտպրոպը»: Սակայն այդ մարմինը ժամանակի ընթացքում կորցրեց իր յեղափոխական աւիւնը, քայքայուեց, եւ այդ իսկ պատճառով էլ պարտութիւն կրեց Սառը պատերազմում եւ անփառունակ վախճան ունեցաւ Խորհրդային Միութեան փլուզման հետ մէկտեղ: Նշենք նաեւ Երրորդ ռայխի տեղեկատուական կառոյցը` «ժողովրդական լուսաւորութեան եւ քարոզչութեան» ռայխսմինիստր Եոզեֆ Կոպելզի գլխաւորութեամբ: Հարկ է ընդունել, որ նախարարութեանը յաջողուեց սկզբնական շրջանում զօրաշարժի ենթարկել Գերմանիայի բնակչութեանը նացիականութեան գաղափարների շուրջ: Բայց, ինչպէս յայտնի է, նրանք նոյնպէս տխուր վախճան ունեցան: Սակայն վերադառնանք մեր դարաշրջան:
(Շարունակելի)