Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ
Հայ ժողովուրդն ունեցել է օփերաստեղծ երեք հսկայ, հզօր եռեակ` Տիգրան Չուխաջեան, Արմէն Տիգրանեան եւ Ալեքսանդր Սպենդիարեան: Յօրինողներ, ովքեր մեզ պարգեւել են դասական օփերայի լաւագոյն նմուշներ, խիստ ազգային, միաժամանակ համաշխարհային անմահ ստեղծագործութիւններ («Արշակ Երկրորդ», «Անոյշ» եւ «Ալմաստ»):
Այստեղ մենք ուզում ենք յիշել նրանցից մէկին` Ալեքսանդր Սպենդիարեանին, ում ծննդեան 140-ամեակը լրանում է նոյեմբերի 1-ին: Մեծանուն յօրինող, հայ երաժշտութեան դասական Ալ.Սպենդիարեանը, ինչպէս հայ արուեստագէտներից շատերը, արտերկրի ծնունդ էր: Ապրելով ու ստեղծագործելով Խրիմում, ապա` ռուսական երկու մայրաքաղաքներում, նա, բնականաբար, ազդեցութիւն է կրել ռուս առաջադէմ մշակոյթից եւ առաջին հերթին` երաժշտարուեստից; Սպենդիարեանն աւարտել է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, միաժամանակ երաժշտական յօրինումի տեսութեան դասեր առել երաժշտագէտ Ն.Կլենովսկուց (Մոսկուայում), ապա յօրինող Ն.Ռիմսկի-կորսակովից (Ս. Փեթերսպուրկում): 1894 թուականից նա շփուել եւ գործակցել է հայ նշանաւոր արուեստագէտների` Ա. Ծատուրեանի, Մ. Սարեանի, Հ. Թումանեանի, Վ. Սուրէնեանցի, Ս. Թամանեանի, Ռ. Մելիքեանի, Ն. Տիգրանեանի եւ այլոց հետ: Երաժշտութիւն է գրել Խ. Աբովեանի «Վէրք Հայաստանի» վէպի մոթիվներով («Հերոսական երգ» թենորի եւ նուագախմբի համար), Հ.Յովհաննիսեանի խօսքերով` «Առ Հայաստան» համերգային արիան, Ա.Ծատուրեանի խօսքերով գրել է «Այ վարդ» անզուգական ռոմանսը: Հեղինակն է նաեւ «Մի լար, բլբուլ», «Հրապուրել են ինձ քո սեւ աչերը», «Այ վարդ, ջահէլ իմ օրերի» եւ այլ գեղեցիկ ռոմանսների, նաեւ պալլատների, արիաների: Իսկ «Երեք արմաւենի» սիմֆոնիք սիւիտի (ըստ Մ.Լերմոնտովի նոյնանուն գործի), ինչպէս եւ Ա. Չեխովի եւ Ե. Փոլոնսկու խօսքերով գրուած երաժշտական երկերից իւրաքանչիւրի համար Սպենդիարեանն արժանացել է Մ. Կլինքայի անուան մրցանակների (1908, 1910 եւ 1912 թթ.): Այդ նոյն տարիներին ռուս պալեթմայսթեր Ֆոքինը «Երեք արմաւենի» սիւիտի երաժշտութեամբ բեմադրեց պալէ, որի առաջին ներկայացումը տեղի ունեցաւ Պերլինում:
1916թ. Թիֆլիսում հանդիպելով Յովհաննէս Թումանեանին` Սպենդիարեանը, բանաստեղծի առաջարկութեամբ որոշում է «Թմկաբերդի առումը» պոէմը վերածել օփերայի: Հետաքրքիր մի մանրուք. Թումանեանն առաջարկում է օփերան անուանել «Գայեանէ», յօրինողն առարկում է` նշելով, որ երաժշտական առումով աւելի հնչեղ կը լինի «Ալմաստ» անունը: Այդպէս էլ համաձայնութեան են գալիս: Օփերայի համար հայկական մեղեդիներ որոնելիս Սպենդիարեանը (Թումանեանի օգնութեամբ) ընտրում է «Արի՛, Մանա՛ն» քնարական ժողովրդական երգը, ինչպէս եւ այլ պարային ու երգային մեղեդիներ, որոնք յօրինողի բարձրակարգ մշակմամբ հիանալիօրէն ներառում է օփերայի տարբեր հատուածներում:
1923 թուականին, ի թիւս ուրիշ հայ արուեստագէտների, գրողների ու գիտնականների, Ալ. Սպենդիարեանը Հայաստանի կառավարութեան կողմից հրաւիրւում է հայրենիք: Այստեղ նա մասնագիտական բուռն գործունէութիւն է ծաւալում: Աշխուժ մասնակցութիւն է ցուցաբերում գիտութեան եւ արուեստի հիմնարկի եւ նորաստեղծ երաժշտանոցի աշխատանքներին, մեծ ջանքեր է ներդնում սիմֆոնիկ նուագախումբ ստեղծելու գործում: Որպէս խմբավար հանդէս է գալիս սիմֆոնիք համերգներով, որոնք իբրեւ հաճելի նորոյթ` մեծ խանդավառութիւն են առաջացնում երեւանցիների, յատկապէս մտաւորականութեան շրջանում: Փաստօրէն իսկական սխրանք էր այդ ժամանակ Երեւանում սիմֆոնիք նուագախմբի կազմակերպումը: Սպենդիարեանը, յիրաւի, դարձաւ հայ ազգային սիմֆոնիզմի հիմնադիրը:
1926թ. նա արժանացաւ հանրապետութեան ժողովրդական արուեստագէտի կոչման: Սակայն նրա կենցաղային պայմանները հայրենիքում այնքան էլ բարւոք չէին: Տունը, որտեղ բնակւում էր յօրինողը, զուրկ էր տարրական յարմարութիւններից: Երեւանցիները նրան յաճախ էին տեսնում քաղաքային այգում նստած, որտեղ, ձեռքը կշռութաւոր շարժելով եւ ցածրաձայն երգելով` յօրինում էր իր հիասքանչ մեղեդիները: Հէնց այդ շրջանում է գրում «Երեւանեան էթիւտները», սիմֆոնիք այլ երկեր, որոնց «Խրիմի էսքիզների», «Երեք արմաւենու», «Կոնցերտային վալսի» եւ արդէն համբաւ ձեռք բերած այլ գործերի հետ իրաւամբ համարւում են հայ սիմֆոնիք երաժշտութեան բարձրակարգ նմուշներ: Աւարտում է նաեւ իր ամենախոշոր ու նշանակալից երկը` «Ալմաստ» օփերան, որն աչքի է ընկնում ազգային ինքնատիպութեամբ, հրաշալի խմբերգներով ու պարեղանակներով, զանգուածային բարձրակարգ երաժշտական տեսարաններով, տրամաթիզմով յագեցած դրուագներով: Իր մեղեդայնութեամբ ու յուզականութեամբ յատկապէս գերում է «Աշուղի մեներգը», իսկ խրոխտ ու, միաժամանակ, քնարական նրբերանգներով հարուստ նշանաւոր քայլերգը յուզիչ ու անմոռաց տպաւորութիւն է թողնում ունկնդրի վրայ: «Ալմաստը» իր ողջ կերտուածքով չէր զիջում ժամանակի եւրոպական եւ ռուսական դասական օփերաներին, ուստի մինչեւ Հայաստանում օփերային թատրոն հիմնուելը, 1930թ. բեմադրուել է Մոսկուայի Մեծ թատրոնի մասնաճիւղում եւ Օտեսայում, 1932-ին` Թիֆլիսում, ապա` Ռուսաստանի եւ Եւրոպայի տարբեր քաղաքներում:
«Ալմաստ» օփերան Հայաստանում բեմադրուեց 1933թ. յունուարի 20-ին, Երեւանի օփերային թատրոնի բացման օրը: 1939թ. թատրոնին շնորհուեց Ալեքսանդր Սպենդիարեանի անունը:
«Ալմաստի» յաղթարշաւն արտերկրում շարունակւում էր: 1951թ. օփերան յաջողութեամբ բեմադրուեց եւ ներկայացուեց Փարիզի Միւթիւալիթէ պալատում` ռուս ու ֆրանսացի երգիչների կատարմամբ: 1945թ. յօրինող Բուդաղեանը, միաւորելով եւ համադրելով Սպենդիարեանի մեղեդային, կշռութաւոր ու քնարական երաժշտութեան գողտրիկ հատուածները, ստեղծեց «Խանդութ» պալէն (Սասունցի Դաւթի եւ Խանդութի վիպային սիրոյ պատմութեան հենքով), ուր ներառուած էին «Այ վարդ» ռոմանսի, «Երեւանեան էթիւտների» («Էնզելի» եւ հոգեւոր բնոյթի` «Առաւօտ լուսոյ» քնարական հատուածների ընդգրկմամբ) եւ այլ ստեղծագործութիւնների հոգեզմայլ մեղեդիները: Ցաւօք, այդ գեղեցիկ մեղեդին այսօր մոռացուած է ու չի բեմադրւում:
Յօրինողը մահացաւ 1928 թուականին, Երեւանում, 57 տարեկան հասակում: Իր բարձարժէք ստեղծագործութիւններով նա մեծապէս հարստացրել է հայ դասական երաժշտութեան գանձարանը, եւ նրա անունն ու գործն պէտք է լինեն մեր արուեստասէր ու երաժշտասէր հասարակութեան ուշադրութեան կենտրոնում: