ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ
Փակ սահմանի առկայութեան պարագայում հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ առաջընթաց ակնկալելը սխալ է: «Արմենփրես»-ի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Պոլսի հայկական «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկեանը` անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականութեան պատճառներին եւ հայ-թուրքական յարաբերութիւնների ապագայի խնդրին:
Խօսելով Հայաստանի անկախացումից յետոյ Թուրքիայի կողմից սահմանը փակելու որոշման մասին` Էստուկեանը նշել է. «Փակ սահմանը սխալ է: Թուրքիայում կարծեցին, որ ղարաբաղեան շարժման ընթացքում նման շրջափակմամբ Հայաստանը կարող է ծնկի գալ, սակայն դա տեղի չունեցաւ. այսօր Հայաստանի անկախ պետականութեան 24-րդ տարեդարձն է: Թէպէտ Հայաստանը թշնամիներով է շրջափակուած, բայց ծնկի չեկաւ»:
Նա նշել է, որ բաց սահմանները կարող էին տնտեսական մեծ հեռանկարներ ունենալ, նաեւ` ի նպաստ Թուրքիայի: Օրինակ` Հայաստանը Թուրքիայից կարող էր ելեկտրականութիւն գնել կամ ծախել նրան, կամ կազատար ու քարիւղատար խողովակները Հայաստանով կարող էին անցել:
«Այս բոլորը երկու երկրների համար փոխադարձ շահ կարող էին ապահովել կամ դառնալ առիթ` երկու երկրներին սանձելու համար: Սակայն այս ամէնը չկայ: Թուրքիան, առանց այս ամէնը հաշուի առնելու, միայն իր պատմական հակահայկական տրամադրութիւնների տակ իր եղբայր Ազրպէյճանի հետ համագործակցելու համար դիմեց այս քայլին, եւ այսօր նրա համար շատ դժուար է վերջ տալ այդ քայլին, քանի որ ամենափոքր փորձի դէպքում անգամ, ինչպէս ֆութպոլային դիւանագիտութիւնը, արձանագրութիւնները, տեսանք, թէ Ալիեւն ինչ սպառնալի լեզու օգտագործեց Թուրքիայի դէմ: Այսինքն Թուրքիան արդէն ինքն իրեն դատապարտել է այդ որոշմամբ», ընդգծում է Էստուկեանը:
Նա համոզմունք է յայտնել, որ յարաբերութիւնների կարգաւորման հարցում հէնց Թուրքիան պէտք է քայլ անի: «Մենք բանակցութիւններով չէ, որ սահմանը փակել ենք, հետեւաբար բանակցելու կարիք չունենք: Եթէ Հայաստանի կառավարութիւնը դիմի բանակցութիւնների, սա կը լինի նրա կեանքի ամենամեծ սխալը. թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն: Մենք մինչ օրս որեւէ պայման չենք դնում` ի տարբերութիւն թուրքական կողմի: Մենք անելու ոչինչ չունենք. կ՛ուզէք` բացէք, չէք ուզի` ոչ, ձեր խնդիրն է, մեր սահմանը միշտ բաց է: Մեզ համար Թուրքիան թշնամի երկիր է, որովհետեւ մեր դէմ շրջափակում է իրականացնում: Մենք Թուրքիայի հետ խօսելիք չունենք», ասել է նա:
«Այս ռազմավարութիւնից ամենաշատը ես ինքս` Բագրատս եմ տուժում, բայց պէտք չէ մեզ նկատի առնել, սա երկրի քաղաքականութիւն է: Հայաստանը երբեք պէտք չէ, որ վերադառնայ փոքր երկրի դիրքին: Պէտք է ասի, որ մենք հաւասար անկախ պետութիւններ ենք, ես ունեմ իմ զօրքը, ունեմ իմ համակարգերը, դու քո գործին գնա՛: Ինձ համար նշանակութիւն չունի, որ ինձ հետ դիւանագիտական յարաբերութիւններ չես հաստատել. դա թշնամական վերաբերմունք է», շեշտել է նա:
http://www.tert.am/am/news/2015/09/24/bagrat-estukyan/1798124