
ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ
Հայաստանի ներկայ մարտահրաւէրներից մէկի` արտագաղթի մասին շատ է խօսուել: Առաջնային պատճառների թւում անշուշտ ընկած են երկրում տեղ գտած քաղաքական, տնտեսական, ընկերային լրջագոյն խնդիրները: Բացի այդ, աշխարհի համակարգուած միասնականացման ներկայ դարաշրջանում գաղթը անխուսափելի գործընթացի է վերածուել: Միլիոնաւոր մարդիկ աշխատանք ու բարեկեցութիւն գտնելու յոյսով յարաճուն շարժի մէջ են դէպի զարգացած երկրներ կամ այնպիսի երկրներ, որտեղ գործում են տնտեսական աշխուժութեամբ աչքի ընկնող շուկաներ:
Սակայն, այնուամենայնիւ, մեր քաղաքացիների կողմից հայրենիքը լքելու գործում կան նաեւ ազգային-հոգեբանական խորքային շարժառիթներ, որոնք անուղղակիօրէն են կապւում աշխարհի, տարածաշրջանի ու Հայաստանի արդի խնդիրների հետ: Հնարաւորութիւն ունենալու դէպքում անցեալում հայրենիքից հեռացել ու հիմա էլ պատրաստ են հեռանալ նաեւ իրենց արմատներին կապուած շատ հայորդիներ: Ընդ որում, օտար հողի վրայ հաստատուելուց յետոյ այդ մարդիկ առաւելապէս շփուել ու շփւում են այն նոյն կենցաղով, բարքերով, յաճախում այն նոյն դպրոցն ու եկեղեցին, որը թողել են հայրենիքում:
Այսօր դժուար է ասել, թէ հայրենիքը լքելու հարցում որն է առանցքային պատճառը: Արդեօ՞ք արդի խնդիրներն են պարարտ հող ստեղծում «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի փիլիսոփայութեան` հայրենիքը լքելու ներքին ցանկութեան լիարժէք գործարկման համար, թէ՞, այնուամենայնիւ, «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի հոգեբանութիւնը ընդամէնը ինչ-որ մի արդարացում է` ծնուած պետութեան, ընտանեկան, անձնական խնդիրները լուծելու անզօրութիւնից: Ամէն դէպքում մեր ազգը հայրենիքում ունեցած խնդիրների բեռից երբեք էլ թեթեւացած չի եղել եւ հարիւրամեակներ շարունակ զանգուածաբար լքել է այն:
Հայութեան` հայրենիքից արտագաղթի սկզբնաւորումը կապւում է այն ժամանակաշրջանի հետ, երբ տարածաշրջանում ռազմաքաղաքական որոշակի տեղաշարժերի պատճառով երկրի քաղաքական դասը ստիպուած էր ինքնադրսեւորման եւ սեփական ապահովութեան համար իր հանգիստը գտնել Բիւզանդական կայսրութիւնում: Այլ կերպ ասած` հայութեան արտագաղթի հիմքը դրել են մեր նախարարութիւնները դեռեւս հազար հինգ հարիւր տարի առաջ: Արշակունեաց թագաւորութեան անկումից յետոյ նախ այդ արքայատան տարբեր ճիւղերը, իսկ ապա նաեւ նախարարութիւնների հռոմէասէր առանձին ներկայացուցիչներ սկսեցին տեղափոխուել Բիւզանդական կայսրութիւն` իրենց հետ դէպի կայսրութեան խորքերը տանելով նաեւ ռամիկ բնակչութեան որոշակի զանգուածներ:
Արտագաղթը յատկապէս մեծ չափերի հասաւ Ը. դարում` Արաբական խալիֆայութեան եւ Բիւզանդական կայսրութեան տեւական մրցակցութեան պայմաններում, երբ Կոստանդնուպոլսում յատուկ մշակուած կայսերական քաղաքականութեան միջոցով ստեղծուել էին առանձնայատուկ պայմաններ Հայաստանի ռազմաքաղաքական լաւագոյն ուժերը կլանելու, նաեւ ամբողջական նախարարական տոհմեր դէպի Բիւզանդիա ներքաշելու համար: Եթէ կայսրութիւնում ունեցած ներդրման` արքունիքում, բանակում նշանակալից ներկայութեան, ազգութեամբ հայ կայսրերի ու զօրահրամանատարների մի երկար շարքի առկայութիւնն այսօր հպարտութեան առիթ է ծառայում մեզ համար, ապա բուն հայրենիքում նոյն այդ ժամանակահատուածում հայութեան թուաքանակի, քաղաքական ու տնտեսական ազդեցութեան անկման փաստը իբրեւ ազգային մեծ աղէտ ցաւօք չի ընկալւում:
Ղեւոնդ պատմիչը, օրինակ, այսպէս է նկարագրում Վասպուրականի Արտազ գաւառից (ներկայիս Մակուի շրջանը Իրանում) Ը. դ. վերջին Շապուհ եւ Համամ Ամատունիների կազմակերպած արտագաղթը դէպի Խաղտիք` Սեւ ծովի հարաւարեւելեան լեռնաստան, ուր հետագայում Համամի հիմնած բնակավայրի` Համամշէնի անունով կազմաւորուեց համշէնահայութիւնը.
«Ապա, երբ այսպէս ունեցուածքից զուրկ մնացին, մերկ, բոպիկ ու սովամահ եւ, իրենց ապրուստի միջոց չգտնելով, քաշուեցին փախստական գնացին Յունաց աշխարհը: Նրանց թիւը ասւում է, թէ 12 հազարից աւելի էր, կանանցով ու մանուկներով հանդերձ, եւ նրանց առաջնորդներն էին Ամատունեաց տոհմից Շապուհը, նրա որդի Համամը եւ ուրիշներ Հայաստանի նախարարներից ու նրանց հեծեալներից:… Երբ գետն անցան, շուտափոյթ իմաց տուեցին Յունաց Կոստանդին արքային: Սա իր մօտ կանչելով նրանց նախարարներին ու հեծեալներին` պատիւներ շնորհեց եւ մնացեալ խառնիճաղանճ ժողովրդին բնակեցրեց բարւոք ու արգաւանդ երկրում: Սակայն ժողովրդի կէսը, որ մնաց [հայրենիքում], սաստիկ կարօտութեան պատճառով ստրկական ծառայութեան անձնատուր եղաւ, փայտահատ ու ջրաբեր դարձաւ գաբաւոնացիների նման»:
Դարերի ընթացքում երկրից քաղաքական վերնախաւի հետ միասին արտադրող եւ մտաւոր կարող շերտերի արտագաղթը տարածաշրջանում հայութեան դերի նուազման հիմնական պատճառն է եղել: ԺԱ. դարում իրար ետեւից հայոց թագաւորութիւնների կցումը Բիւզանդական կայսրութեանը տարածաշրջանում հիմնովին փոխեց ժողովրդագրական պատկերը, քանի որ Բագրատունի ու Արծրունի թագաւորների հետ միասին կայսրութեան կենտրոնական շրջաններ տեղափոխուեցին հայութեան գործունեայ հիմնական զանգուածները:
Ինչպէս վկայում է ժամանակագիրներից մէկը` «Եւ հայկազունները` Արծրունիները, Սենեքերիմը, փոխեցին իրենց հայրենի երկիրը հայկազեան տոմարի 470 (1021) թուականին եւ ելան գնացին բիւզանդացոց երկիրը` 14 հազար տղամարդով, բացի [չհաշուած- Ս. Ս.] կանայք ու մանուկները եւ մտան հոռոմների ծառայութեան, լծի տակ: Յովհաննէս թագաւորի որդի Գագիկ Բագրատունին նոյնպէս փոխեց իր հայրենիքը 490 (1041) թուականին եւ գնաց հոռոմների մօտ»:
Մի այլ ժամանակագիր Վասպուրականից կազմակերպուած գաղթի նոյն այդ դէպքերի կապակցութեամբ բերում է կայսրութեանն անցած Արծրունիների թագաւորութեան բերդերի, գիւղերի ու եկեղեցական հաստատութիւնների ամբողջական պատկերը.
«Այն ժամանակ [Սենեքերիմը] որոշեց իր հայրենի երկիրը տալ յոյների Վասիլ արքային ու [փոխարէնը] ստանալ Սեբաստիան, եւ անմիջապէս նամակ գրեց կայսեր: Վասիլ կայսրը տեղեկանալով այդ մասին` գոհ մնաց ու նրան տուեց Սեբաստիան: Եւ Սենեքերիմը տուեց Վասպուրական երկիրը` 72 թեմաբերդ, 4000 գիւղ, բայց վանքերը` 115 վանք, չտուեց, այլ պահեց, որպէսզի իր համար աղօթեն:… Սենեքերիմը իր ամբողջ ընտանիքով եւ ժողովրդով ելաւ եկաւ Սեբաստիա: Հայոց երկիրը թագաւորներից եւ իշխաններից դատարկուեց»:
Միջնադարում ժողովրդի կողմից հայրենիքը լքելու գործը գլուխ բերելու համար իշխող խաւերը միանշանակ խնդիր են ունեցել հանրութեանը հիմնաւորել գաղթելու անհրաժեշտութիւնն ու օրինաւորութիւնը: Այսօր աշխարհում նիւթական շահի գերիշխանութեան պայմաններում անցեալի գաղափարական հարկադրանքները երբեմն անհասկանալի են մնում մեզ համար: Տուրք տալով պատմութեան ձեւական կողմին` մեր դասագրքերն այսօր արձանագրում են միայն այն փաստը, որ հայոց իշխող ընտրախաւը, արտաքին վտանգների ու ճնշումների, Կոստանդնոպոլսի կիրառած քաղաքական ճնշումների պատճառով, ստիպուած էր ամբողջական թագաւորութիւններ կտակել ու յանձնել Բիւզանդիային, ինչպէս եւ կատարել ժողովրդի ամբողջական գաղթեցումներ մի երկրից մի այլ երկիր: Սակայն անցեալում չէր կարող լինել համապետական որեւէ նախաձեռնութիւն, որը չանցնէր եկեղեցու գաղափարաքարոզչական զտող խողովակներով` հիմնաւորելու համար իշխանութիւն ունեցող շրջանակների գործողութիւնների օրինակարգութիւնն ու օրինականութիւնը:
Վերը բերուած տեղեկութեան մէջ Արծրունի թագաւորի կողմից 115 վանքերի կայսրութեանը չյանձնելու փաստը Վասպուրականում իր օրինակարգութիւնը արթուն պահելու Սենեքերիմի ցանկութեան վկայութիւնն է: Սակայն գաղթի դուրս չեկած ժողովրդի կողմից թագաւորի կեանքի համար աղօթքների պահպանման կարգը եթէ միտուած է եղել Սենեքերիմի կամ նրա ժառանգների վերադարձի ապագայ ծրագրերին, ապա ո՞րն է եղել գաղթելու օրինականութիւնը հիմնաւորող գաղափարաքարոզչական մեքանիզմը: Արծրունիների պատմութիւնը աւանդող անանուն ժամանակագիրներից մէկը, մէջբերելով Մատթէոսի աւետարանի Ժ. գլխի 23-րդ պարբերութիւնից մի հատուած, 1021թ. կազմակերպուած մի ամբողջ թագաւորութեան գաղթի կապակցութեամբ նշում է գաղափարական այդ թելադրանք-մեքանիզմը: Ըստ նրա` «ապա մեր մեղքերի պատճառով մեզ վրայ յարձակուեց ելիմացիների ցեղը եւ, ինչպէս ասացինք վերեւում, հանապազօր նեղում էին, սրածում ու հալումաշ անում քրիստոնեայ ժողովրդին: Սենեքերիմ թագաւորը մտաբերեց տիրոջ պատուիրանը, որն ասում է` «երբ ձեզ կը հալածեն այս քաղաքում, փախէք միւսը»:
Ահա այն հիմնաւորումը, որն աշխարհիկ ու հոգեւոր իշխանութիւնների կողմից պարբերաբար կեանքի կոչուելուց յետոյ ժողովրդի մէջ վերափոխուել է հայրենիքը լքելու եւ օտար ափերում հաստատուելու կայուն մշակոյթի: Հէնց սա է հայոց «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի նախակարապետը: Այս քարոզչական հնարքով է եկեղեցին հիմնաւորել քաղաքական իշխանութեան կազմակերպած գաղթի օրինականութիւնը եւ հիմք տուել, որ հայութիւնը իշխանութեան մականի փոխարէն` իր ձեռքը վերցնի գաղթականի ցուպը (խնդիրները տեղում լուծելու ցանկութեան ու կամքի բանեցման փոխարէն ընտրի խնդիրներից փախչելու ճանապարհը): Հետագայ դարերում, երբ քաղաքական վերնախաւի բացակայութեան պատճառով օտարների կողմից հայութեանը ներկայացուող պահանջը քաղաքականից վերափոխուել է միմիայն տնտեսականի, քաղաքական հալածանքների «յաղթահարման» արատաւոր այդ բանաձեւը` «երբ ձեզ կը հալածեն այս քաղաքում, փախէք միւսը», վերափոխուել է զուտ տնտեսական, որկրամոլական բանաձեւի` «որտեղ հաց` այնտեղ կաց»-ի:
Վան-Վասպուրականի վերեւում նկարագրուած դէպքերից անցում կատարենք մի այլ մայրաքաղաքի եւ տեսնենք, թէ ի՛նչ է ցուցանում նրա պատմութիւնը արտագաղթի հարցի շուրջ: Մինչեւ հիմա Անիի կործանման պատմութիւնը գիտականօրէն լիովին բացայայտուած չէ: Շատ պատմաբաններ մատնանշում են տարբեր արշաւանքների բերած աւերածութիւնների կամ երկրաշարժի փաստերը: Սակայն կարելի է նկատել, որ դրանք քաղաքի անկման (թէկուզեւ` իրական) այնպիսի շարժառիթներ են, որոնք չեն մեկնաբանում Անիի ամայացման երկարատեւ գործընթացի առաջ բերած ամբողջ ողբերգութիւնը: Յայտնի է սակայն, որ տարբեր տասնամեակներում իրականացուած անեցիների գաղթերի շնորհիւ են ձեւաւորել Հիւսիսային Կովկասի եւ Խրիմի հայ գաղթօճախները: Ահա հէնց «երբ ձեզ կը հալածեն այս քաղաքում, փախէք միւսը» կամ «որտեղ հաց` այնտեղ կաց» բանաձեւերի միջոցով կեանքի կոչուած այդ գաղթերն են, որ մեր ուշադրութեան կենտրոնում պէտք է յայտնուեն Անիի կործանման մասին խօսելիս:
Յայտնի փաստ է, որ ԺԱ. դարի վերջին Անիի վերջին արքայ Գագիկ Բ.ի ժառանգները վերադարձել են Անի եւ փորձել սելճուքների հետ լեզու գտնելու միջոցով կրկին տէր դառնալ Անիին: Սակայն այդ ծրագիրը տապալուել է, եւ Բագրատունի արքայորդիները հեռացել են մեզ անյայտ ուղղութեամբ:
Գահաժառանգների կրկին յայտնուելը Անիում, ապա` անյայտանալը, պատմութեանն առաւելապէս անյայտ էջերի թուին է դասւում: Սակայն դրա փոխարէն` հետագայ դարերում ի յայտ է եկել անեցիների` դէպի Հիւսիսային Կովկաս եւ Խրիմ գաղթելու երեւոյթը: Անշուշտ այդ գաղթերը կեանքի կոչելիս կիրառուել են մեր մատնանշած գաղափարաքարոզչական մեքանիզմները: Հետագայում, յատկապէս` սկսած ԺԵ. դարից, երբ բոլորովին սպառուել են ժողովրդին գաղթի ենթարկելու նախկին շահագրգռութիւնները, հայութեան համար մնացել է գաղթականի ցուպը ձեռքին օտարութեան մէջ յայտնուելու զուտ տնտեսական շարժառիթը: Այդ «մութ» դարերում, երբ աւանդական քաղաքական վերնախաւը թէ՛ հայրենիքում եւ թէ՛ օտար, ամայի ճանապարհների վրայ փոշիացած է եղել, հայութեան հաւաքական գիտակցականում ամրապնդուել է արտագաղթի` որպէս առկայ տնտեսական, ընկերային խնդիրները լուծելու ամենահեշտ ու ընդունելի միջոցի, պահանջմունքը: Դրանից յետոյ է, որ մեր ժողովրդի համար արտագաղթը, իբրեւ հանապազօրեայ հացի փնտռտուք, ազգային կենսակերպի է վերածուել: Ցաւօք այդպէս է մինչ օրս:
«Հետք»


