ՊԱՐՈՅՐ ՍԱՆԹՐՈՍԵԱՆ
«28 Դեկտեմբերի 1994 Թուական»
Բոլորն էին հասկանում, որ մի բան տեղի է ունենալու: Շատերն արդէն ձերբակալուած էին: Ամէն օր սպասում էինք նոր ձերբակալութիւնների: Բայց քչերն էին պատկերացնում իրականացուելիք գործողութեան մասշտաբն ու ձեւը:
երեկոյեան, ինչպէս միշտ, լոյս չկար ու չգիտեմ` որտեղից հօրս հայթայթած ակումուլեատորի (ելեկտրականութեան կուտակիչ) կուտակած հոսանքը խնայում էինք` օրուայ լուրերը միակ պաշտօնական հեռուստաալիքից լսելու համար:
Կոմիտասի փողոցում գտնուող մեր տան դուռն այնքան խախուտ էր, որ անգամ բնական չէր կողպւում: Դուռը յանկարծ բացուեց ու հարեւան բակի Կոստեան, ով ոստիկանութեան սերժանտ (յիսնապետ) էր, ասաց, որ հեռուստացոյցը միացնենք: Հանրապետութեան նախագահը խօսում էր աշխարհի ամենավտանգաւոր յանցաւոր խմբաւորման անդամներին վնասազերծելու մասին: Պեն Լատենն այն տարիներին անմեղ երեխայ էր:
Կոստեային խնդրեցի հագնել ոստիկանի իր համազգեստը, նախկին աներոջիցս խնդրեցի նրա «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենան ու որոշեցի` ինչ գնով էլ լինի իջնել Բիւրոյի գրասենեակ: Պռոշեան փողոցը փակ էր զինուորականներով, ու անգամ Կոստեայի ոստիկանական համազգեստը մեզ չօգնեց:
Եթէ Բիւրոյի գրասենեակը փակ է, ուրեմն Բիւրոյի անդամները պէտք է որ տանը լինէին: Առաջինը փորձեցինք գնալ Վահանենց տուն: Տանը մօտենալ չեղաւ. նոյն զինուորական հերթապահութիւնն էր:
Բիւրոյի անդամ Վարդան Յակոբեանի բնակարանին հասանք առանց արկածների: Տանն էր: Ասացի, որ իջնի, տեղ ենք գնում: Որոշել էի Բիւրոյի բոլոր անդամներին հաւաքել Գերմանիայում ապրող աներձագիս դատարկ տանը: Չգիտեմ` ինչ էի մտածում այդ պահին, բայց մի բանում վստահ էի` պէտք էր ինչ-որ պատասխան տալ: Ու ամբողջ գիշեր սերժանտ Կոստեայի հետ առանձին-առանձին այդ տուն տեղափոխեցինք Բիւրոյի` Երեւանում գտնուող անդամներ Վարդան Յակոբեանին, Ռուբէն Յովսէփեանին, Մասիս Պաղտասարեանին ու «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագիր երջանկայիշատակ Մուշեղ Միքայէլեանին: Բիւրոյի` Հայաստանում գտնուող վերջին անդամը` Աբօ Պողիկեանը, Պլանի գլուխ կոչուող փողոցում տեղակայուած ՄՏԿ-ում էր (մամլոյ եւ տեղեկատուական կենտրոն), ուր արդէն խուզարկութիւն էր գնում:
Իսկ Վահանից յոյսներս կտրել էինք:
Լուսացաւ: Ընկեր Ռուբէնը տուեց Բիւրոյի յայտարարութեան ձեռագիր տեքստն ու ասաց, որ անհրաժեշտ է տպել ու բաժանել այն ժամանակ լոյս տեսնող թերթերին:
Բոլորս դուրս եկանք այդ բնակարանից:
Ասացին, որ կը լինեն Մասիս Պաղտասարեանի տանը:
Գործս արեցի մի քանի ժամում: Հիմա չեմ էլ յիշում` որտեղից համակարգիչ ու տպիչ ճարեցի: Յուսահատութիւն չէր այն զգացողութիւնը, որ այդ պահին համակել էր ինձ: Ուղղակի գիտակցում էի, որ առանց Վահանի մենք տանուլ կը տանք: Բայց նոր բացուած օրն իր հետ նաեւ ուրախալի լուրը բերեց` Վահանը ձերբակալուած չէր: Ու վստահութիւնը շատերիս մօտ վերականգնուեց:Դէ հիմա տեսէք ինչ ենք անելու»: Այս միտքն էր 20-25 տարեկան իմ գրեթէ բոլոր ընկերների ուղեղներում: Այդ ոգին յատկապէս Վահանից էր գալիս ու Վահանով էր պայմանաւորուած:
Վահանի ձերբակալութեանը դեռ վեց ամիս ժամանակ կար…
Վահանը դեռ ուղիղ 20 տարի պիտի ապրէր…
Ձերբակալութիւնը
1994-1998 թուականները եթէ չէք տեսել, դժուար կը լինի այս հատուածը լաւ պատկերացնել: Այդ տարիներին տղերքից իւրաքանչիւրը գիտէր, որ «Տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել» արտայայտութիւնը հէնց իր մասին է: Օրուայ իշխանութիւնները իմ կուսակցական ընկերներին ձերբակալում էին ոչ միայն նրանց բնակարաններից: Օրինակ` տղերքից մէկին երթուղայինից էին իջեցրել ու տարել անյայտ ուղղութեամբ: Այդ տարիներին ի՞նչ իրաւապաշտպան, ի՞նչ լրատուական կայքեր, ի՞նչ հասարակական կազմակերպութիւններ, ի՞նչ ծանուցում, ի՞նչ բջջային հեռախօս եւ, վերջապէս, ի՞նչ «ֆեյսբուք»: Տանում էին, ու սկսւում էր փնտռտուքը: Յետոյ կա՛մ բանտերից էր խապարը հասնում, կա՛մ ծնողներն ու ընկերները, ոստիկանութեան դռները թակելով, իմանում էին տղաների գտնուելու վայրը: 1995-ին իմ հերթն էլ հասաւ: Տարան մեր բակից` մօրս աչքի առաջ: Ու մինչ ուշ երեկոյ 24-ամեայ երիտասարդս համբերատար ենթարկւում էի ոստիկանների «համաչափ» գործողութեանը: Բայց քանզի տակը բան չկար, ու թերեւս մէկին էլ բանտարկելու անհրաժեշտութիւնն այդ պահին երեւի դեռ չէր հասունացել, գիշերն ինձ բաց թողեցին: Գնացի տուն: Առաւօտեան տանեցիներին հանգստացրեցի ու մեր բակի ծակուծուկերով դուրս եկայ փողոց, շտապեցի Լէոյի փողոցում գտնուող մեր ընկերներից մէկի բնակարանը, որտեղ Վահանին տեսնելու յոյս ունէի: Իրար նոր գտած ընկերների նման գրկախառնուեցինք, պատմեցի եղելութիւնն ու ոստիկանութեանը հետաքրքրող հարցերը: Մտածեց ու հարցրեց, թէ մէկ-երկու ամսով որեւէ ապահով տեղում կարո՞ղ եմ թաքնուել: Ասաց, որ բաց են թողել` հետեւելու ու արդէն վերջնականապէս ձերբակալելու համար:
Գիտէ՞ք` ինչու էին ձերբակալել ինձ: Որովհետեւ պապիցս մնացած մեր դատարկ բնակարանը անվճար տրամադրել էի ձերբակալուած ընկերներիս դատապաշտպաններին` որպէս փաստաբանական գրասենեակ: «Համաչափ» հարցաքննող ոստիկաններից մէկն ամբողջ օրը շեշտում էր. «Տունդ պրիտոն ես դարձրել, ու դու, տղա՛յ ջան, հաստատ դատուեցիր»: Կարճ ասած` պիտի թաքնուէի: Այդ երկու ամիսների ընթացքում ոստիկանութիւնն անընդհատ այցելում էր մերոնց ու տեղս էր հարցնում: Ժամանակ առ ժամանակ Վահանին լուր էի տալիս, որ սարսափելի է փախստականի կարգավիճակում մնալը, որ էլ չեմ դիմանում: Պատասխանում էր, որ սպասեմ: Ու մի օր` հոսանքի հերթական հովհարային միացման ժամանակ էլ լուրերից տեղեկացայ Վահանի ձերբակալութեան մասին: Սպասելն արդէն անիմաստ էր: Յաջորդ օրը գնացի տուն: Մնացածը կարեւոր չէ: Երեք տարի սպասեցինք Վահանի ազատ արձակմանը: Վահանի կնոջն ու երեխաներին այցելելը դրսում գտնուող տղերքից շատերի ու նաեւ իմ պարտականութիւնն էր: Երեք տարիների ընթացքում թէ՛ Վահանի երեխաները մեծացան, թէ՛ մենք: Չասեմ` յուսահատ, բայց կոտրուած էինք ու, տարիքներիս համեմատ, մռայլ:
Ու մի օր էլ արթնացանք երկրում փոխուած իրավիճակով, ու տղերքը սկսեցին բանտերից դուրս գալ: Վահանին հանդիպեցի ազատ արձակուելու յաջորդ օրը` ձկան նախկին խանութի հարեւանութեամբ գտնուող գրասենեակում: ճերմակել էր: Գրկախառնուեցինք, ու ականջիս շշնջաց. «Տուածս պահե՞լ ես»: Պահել էի: Աւելի պինդ գրկեց:
Նոր ժամանակաշրջան էր սկսւում: 1999-ին Վահան Յովհաննիսեանը ընտրուեց Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան ու ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ, ու մենք շարունակեցինք մի ամբողջ երեք տարով ընդհատուած մեր ճանապարհը…
«Մեր Թանկ Գանձից Լուսեղէնը
Օրն Է Նրա Վերադարձի»
Մինչեւ 1999 թուականը ես այն կարծիքին էի, որ Վահանը թերեւս աթէիստ (անաստուած) է: Չէ, նա այդ մասին երբեք չէր արտայայտուել, որեւէ յստակ խօսակցութիւն չենք ունեցել հաւատքի, քրիստոնէութեան կամ հեթանոսութեան մասին: Գուցէ նաեւ սա էր եղել պատճառը նման կարծիքի ձեւաւորման համար:
1999-ի աշունն էր: Առաւօտեան հէնց իրենց տան բակում մռայլ դէմքով նստեց մեքենան ու ասաց, որ Էջմիածին ենք գնում: Էջմիածնի Սուրբ Գայեանէ եկեղեցում լուռ մոմ վառեց, մտքում աղօթեց, խաչակնքուեց, ու մի տեսակ թեթեւացած, արդէն սովորականի պէս ժպտալով ու կատակելով, վերադարձանք Երեւան:
Իսկ հիմա ամենակարեւորը: Կարդացե՞լ էք Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» վէպը: Եթէ դեռ չէք կարդացել, կարդացէք անպայմա՛ն: Վէպի գեղարուեստական ու նաեւ պատմական արժէքի մասին շատերն են արտայայտուել: Բայց խօսքս հիմա այլ բանի մասին է: Գիտէ՞ք` որտեղ է տեղի ունենում ողջ այդ պատմութեան հանգուցալուծումը` էջմիածնի Սուրբ Գայեանէ եկեղեցու բակում: Այն նոյն եկեղեցու, ուր 1999 թուական մի մռայլ աշնանային օր Վահանը գնաց` աղօթելու…
«Բոժէ, Ցարեա Խռանի»
(Աստուած Ցարին Պահապան)
Երբ բջջային հեռախօսների վրայ հնարաւոր եղաւ ցանկացած երաժշտութիւնը տեղադրել (2000-ին էր կարծեմ), Վահանի զանգահարելու ժամանակ հեռախօսս երգում էր «Բոժէ, ցարեա խռանի» (Աստուած ցարին պահապան): Ու երբ նրան ցոյց տուեցի, մի բոլ ծիծաղեց, բայց չասաց, որ փոխեմ զանգը:
Ես իրօք ցանկանում էի, որ Աստուած պահապան լինի Վահանին…
Ընտրութիւններ
2003-ի Ազգային ժողովի ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ էր: Վահանը ուղիղ եթերի էր «Շանթ» հեռուստաընկերութիւնում: Բարձրացանք հեռուստաընկերութեան` Քիեւեան փողոցում գտնուող տաղաւարներից մէկը: Այդ ժամանակ հաղորդավար Նուէր Մնացականեանը դեռ «Շանթ»-ում էր աշխատում: Նա էլ էր իր թեկնածութիւնն առաջադրել ու գտնւում էր Գիւմրիում: Մի խօսքով` մտանք տաղաւար, որտեղ հաղորդման աշխատանքային խումբը, մինչ եթերի սկսուելը, մի փոքր ընդմիջում էր անում: Վահանը լուրջ դէմքով նայեց ու թէ. «Էս քէ՞ֆ էք անում: Ինչի՞, Նուէրն արդէն ընտրուել ա՞»: Ու ներկաների ծիծաղը տարածուեց ամբողջ տաղաւարով մէկ:
Ընտրութիւնների աւարտին դեռ մէկ ամիս ժամանակ կար:
Գործուղում
2004-ին վեց քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներով գործուղուեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Պուշի ու Քերիի ընտրութիւններն էին, ու մենք պիտի տեսնէինք, թէ ինչ ասել է ազատ, արդար ու դեմոկրատական ընտրութիւններ: Ու քանի որ Քերին իր նախընտրական արշաւների ժամանակ խոստացել էր ճանաչել Ցեղասպանութիւնը, մենք էլ` հայերով, նրա կողմից էինք, չնայած երկու թեկնածուների նախընտրական շտաբներն էլ այցելում էինք: Մի օր էլ ես ու Վարդանը Վարդանեանը որոշեցինք կատակել ու փողոցում սկսեցինք անցորդներին բաժանել թեկնածու Քերիի նախընտրական պուքլեթները, բայց ամենազաւեշտալին, որ հայերէնով փորձում էինք ամերիկացի ընտրողին համոզել, որ իր ձայնը տայ «մեր» թեկնածուին: Քերին, բնականաբար, չընտրուեց: Գուցէ չընտրուեց նաեւ մեր ակցիայի պատճառով: Գործուղումն աւարտուեց: Պատուիրակութիւնը վերադարձաւ Հայաստան: Եկայ գործի ու մտայ Վահանի մօտ: Պատմում եմ գործուղման մասին, մէկ էլ Վահանը, ժպտալով, թէ` բա էդ քեզ ուղարկել ենք ընտրութիւնների անցկացման կարգին ծանօթանա՞ս, թէ՞ Քերիի օգտին փողոցներում հաւաք անես: Զարմացայ: Ու ասաց, որ այստեղ դեսպանատնից զանգել են իրեն ու ասել, որ իր խորհրդականն իրեն այնտեղ լաւ չի պահում: Ծիծաղեցինք, անցաւ-գնաց:
Դեղին Փողկապս
Իմ խորին համոզմամբ` Վահանը ճաշակով հագնուող տղամարդ պաշտօնեաներից էր: Մի օր հանդիպման էր պաշտպանութեան նախարարութիւնում: Նախարարութիւնը դեռ Աշտարակ տանող ճանապարհին էր: Չգիտեմ` ինչու այդ օրը վառ դեղին փողկապ էի կապել, ու ակամայից խօսակցութիւն բացուեց փողկապների, բաճկոնների, վերնաշապիկների, կարճ ասած` ճիշդ հագնուելու մասին: Ամբողջ ճանապարհին բացատրում էր, որ եթէ վերնաշապիկը միատօն է, փողկապը կարող է նաեւ գծեր ունենալ, իսկ եթէ վերնաշապիկն իր մէջ որոշ էլեմենտներ է պարունակում, փողկապն անպայման պիտի միատոն լինի, որ չի կարելի կարճ թեւերով վերնաշապիկի հետ փողկապ կապել ու անգամ ամառուայ տապին, եթէ ստիպուած ես փողկապով տնից դուրս գալ, վերնաշապիկդ անհրաժեշտ է, որ երկարաթեւ լինի: Խօսեցինք նաեւ փողկապների ու վերնաշապիկների գոյների համադրութեան մասին: Հասանք պաշտպանութեան նախարարութիւն: Վահանը գնաց խորհրդակցութեան: Ես հէնց մեքենայում հանեցի իմ «անկրկնելի» դեղին փողկապը:
***
Ճամբաբաժանը
2006 թուականն էր: Անասելի յոգնել էի Ազգային ժողովում ինձ համար տաղտկալի դարձած աշխատանքից: Ցանկանում էի փոխել աշխատանքս: Միայն Վահանի հանգամանքն էր, որ ինձ հետ էր պահում: Մտածում էի, որ եթէ ասեմ, կը մտածի, թէ իրենից եմ ուզում հեռանալ: Ի վերջոյ, էգոիզմս (անձնասիրութիւնս) յաղթեց: Ասացի: Արտաքուստ հանգիստ ընդունեց: Ասաց, որ հասկանում է որոշումս: Հարցրեց` գուցէ իրենից եմ յոգնել: 13 տարի միասին աշխատելը ու ոչ միայն աշխատելը բաւական երկար ժամանակահատուած է: Բայց, ախր, Վահանից ինչպէ՞ս կարելի էր յոգնել: Նրա հետ միշտ էր հետաքրքիր: Միշտ սովորելու բան կար: Բացատրեցի, որ աշխատանքն է ձանձրալի դարձել, որ մի նոր տեղ եմ ցանկանում փորձել ուժերս: Հարցրեց, թէ աշխատանք գտե՞լ եմ արդէն: Ու երբ ասացի, որ դեռ չեմ գտել, ասաց, որ յաջորդ օրն ինձ կը պատասխանի: Առաւօտեան կանչեց իր աշխատասենեակն ու առաջարկեց` ուսումնական հաստատութեան տնօրէն կ՛աշխատե՞ս: Պատասխանեցի, որ ոլորտն անծանօթ է, բայց կարծում եմ` ազնիւ գործ է երեխաների հետ աշխատելը: Անկեղծ ասած` աշխատանքային բաւական մեծ փորձ ունէի` լաւաշի արտադրութեան տիրոջից մինչեւ թերթի տնօրէն, մի հսկայ կուսակցութեան տարբեր գրասենեակների պատասխանատու, Ազգային ժողովի փորձագէտ, փոխնախագահի խորհրդական: Կարճ ասած` որոշեցինք, որ համաձայնում եմ: Ու մի քանի օր յետոյ ես արդէն Երեւանի թիւ 2 արհեստագործական ուսումնարանի տնօրէնն էի: Մի կիսաքանդ ու աւերակ, վատ աւանդոյթներով յայտնի, ընդամէնը 60 սովորող ունեցող հաստատութիւն էր:
Սեպտեմբերի 1-ին ուսումնարանի սովորողների համար կազմակերպուած միջոցառմանը Վահանն ինձ մենակ չթողեց: Առաւօտեան ժամը 9:00-ին ելոյթ ունեցաւ սովորողների ու աշխատակիցների առջեւ, ովքեր, վստահաբար, քամուց ու աշխարհից քշուած իրենց ուսումնարանում այդ մակարդակի բարձրաստիճան պաշտօնեայ առաջին անգամ էին հիւրընկալում, ու ասաց ամենակարեւորը. «Ձեր նոր տնօրէնի գալով` ձեր ուսումնարանին լուրջ ու դրական փոփոխութիւններ են սպասւում: Ես վաղուց եմ ճանաչում Պարոյրին: Հաւատացէ՛ք, նա կը յաջողի»: Յաջողեցի, թէ` ոչ, սա արդէն լրիւ այլ պատմութիւն է: Բայց մի բան փաստէ` նոր աշխատատեղումս էլ ամէն պահի զգացի ու տեսայ Վահանի օգնութիւնը: Ու ամենատարբեր հարցերում` կրթական եւ ոչ միայն…
Վերջաբան
2001-ի օգոստոսն էր: Առողջական որոշակի խնդիրներ ունէի: Լուրջ բան չէր` հին հայկական բարի նեւրոզ, տեպրեսիա (ընկճուածութիւն): Տանն էի:
Վահանը զանգեց ու թէ. «Պարո՛յր, սեպտեմբերին 4 ամսով գնում ես Գերմանիա` վերապատրաստման, մարշալի կենտրոնում»: Միանգամից ընկայ պանիկայի (խուճապ) մէջ: Ասում եմ. «Չեմ կարող, վատ եմ, ես Գերմանիայում կը մեռնեմ»: Ծիծաղեց ու թէ. «Մի՛ մտածի, որ մեռնես, կը բերենք, Գերմանիայում չես մնայ»:
Գնացի ու վերականգնուած յետ եկայ:
2013-ին Վահանը նշանակուեց Գերմանիայի Դաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան: Բոլորս գիտէինք, որ լաւ չէ վիճակը, ու մեր վերջին յոյսը գերմանական բժշկութիւնն էր:
Գնաց ու …
Քանի Վահանը ողջ էր, գիտէի, որ եթէ երբեւէ մատս փուշ մտնի ու փուշն այդ հանել չկարողանամ, Վահանը կը հանի կամ կ՛ասի` ոնց հանեմ, կամ էլ կ՛ասի` թքիր փշի վրայ ու առաջ անցիր:
Երեւի տասնհինգ տարի առաջ էր, չեմ էլ յիշում` ինչի համար շտապօգնութեան մեքենայով ինձ տարան հիւանդանոց: Սիստեմա, դեղեր, տանեցիները խառնուած… Մէկ էլ Վահանը եկաւ հիւանդանոց, բժիշկների հետ խօսեց, տանեցիներին հանգստացրեց ու ծիծաղելով, թէ. «Պարո՛յր, բա՛ւ է, շատ պառկեցիր, վեր կաց, գործ կայ: Ու հաւաքուեցինք, գնացինք, թէեւ բժիշկները չէին թողնում: Իսկ հիմա…
Հիմա սկսում եմ փշակալել առանց Վահանի…
Գոնէ ինձ համար դժուար է առանց Վահանի …
(Շար. 2 եւ վերջ)