ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Յուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի սահմանապահների եւ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան գրոհայինների միջեւ փոխհրաձգութեան իբրեւ հետեւանք թուրք զինուորականի սպանութիւնը ազդարարեց Մերձաւոր Արեւելքում ստեղծուած նոր իրավիճակին մասին: Արդէն յաջորդ օրը թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին իսլամիստների կայանները Հիւսիսային Սիրիայում, աւելին, թոյլատրուեց ՏԱՀԵՇ-ի դէմ գործողութիւններում օգտագործել Ինճիրլիքի ռազմաօդային խարիսխը:
Թուրքական իշխանութեան եւ ՏԱՀԵՇ-ի միջեւ փոխադարձ սպառնալիքների վերաճած տարաձայնութիւնները սկսեցին ի յայտ գալ դեռ գարնանը, երբ իսլամականները սկսեցին յայտարարել, թէ յաւակնում են նաեւ Թուրքիայի տարածքի վրայ եւ չեն ճանաչում Թուրքիայի Հանրապետութիւնը: Յուլիսի 18-ին նրանք խօսքից գործի անցան` Պոլսում ուրբաթ օրուայ աղօթքից յետոյ տեղի ունեցած բազմահազարանոց ցոյցի ժամանակ հաւատացեալներին կոչ անելով պատերազմ յայտարարել Թուրքիայի կառավարութեանը: Նման ցոյցեր տեղի ունեցան նաեւ թուրքական այլ քաղաքներում: Թէեւ թուրքական իրաւապահ մարմինները որեւէ կերպ չմիջամտեցին ծաւալուող իրադարձութիւններին, այնուամենայնիւ` թուրքական կառավարող վերնախաւի համար դա արդէն լուրջ մարտահրաւէր դարձաւ: Իրավիճակը վերահսկողութիւնից դուրս եկաւ յուլիսի 20-ին, Սուրունճում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, երբ քրտաբնակ քաղաքում շուրջ 30 մարդ զոհուեց եւ շուրջ 100-ը վիրաւորուեց: Ողբերգութիւնը փաստեց, որ Թուրքիան ՏԱՀԵՇ-ի թիկունքային մատակարարից դառնում է նրա բացայայտ զոհերից մէկը, ինչը հետեւանք է թուրքական իշխանութեան քաղաքական բացայայտ անհեռատեսութեան:
Դեռ 2011 թուականին Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանը խանդավառուեց իր երկիրն իսլամական աշխարհի առաջնորդ դարձնելու մտքով: Այն ժամանակ այդ գաղափարն առաւել քան իրատեսական էր թւում` Եգիպտոսում, Լիպիայում եւ Թունուզում յեղափոխութիւնների արդիւնքում իշխանութեան եկած ուժերը ուշադրութիւնը սեւեռում էին Անգարայի վրայ: Արեւմուտքում խօսւում էր նոյնիսկ Օսմանեան կայսրութեան վերականգնման հնարաւորութեան մասին: Էրտողանը ոչ միայն չէր հերքում այդ խօսակցութիւնները, այլեւ իր պահուածքով եւ յայտարարութիւններով հիմնաւորում էր դրանք:
Սակայն Էրտողանի ծրագրերը «յօդս ցնդեցին» Սիրիայում. նախագահ Ասատին սատարեցին Ռուսաստանը, Իրանը եւ Հըզպալլայի, իսկ ՕԹԱՆ-ին եւ Միացեալ Նահանգներին այդպէս էլ չյաջողուեց ներքաշել ռազմական գործողութիւնների մէջ: Սիրիաբնակ քրիստոնեաները, ալեւիները, տիւրզիները եւ այլ կրօնա-ազգային փոքրամասնութիւնները` ըմբռնելով, որ ծայրայեղականների յաղթանակը կարող է յանգեցնել ո՛չ միայն արտագաղթի, այլ նոյնիսկ ցեղասպանութեան, նախընտրեցին համախմբուել Ասատի շուրջ` որպէս չարեաց փոքրագոյնի: Այդ իրավիճակում Թուրքիան սկսեց աջակցել Հիւսիսային Սիրիայում իսլամականների հաստատմանը: Նա զէնք էր մատակարարում, մարդկային եւ ռազմական միջոցներ, գրոհայիններ, անվճար բուժօգնութիւն: Թուրքական իշխանութեան վերնախաւը ոգեւորութեամբ ընդունեց «Իսլամական խալիֆայութեան» հռչակումը` յոյս ունենալով, որ կառոյցի կայանալն աւելի կ՛արագացնի իր համար ցանկալի զարգացումները: Կարճ ժամանակի ընթացքում իր «դաշնակիցներ»ի միջոցով Թուրքիան կարողացաւ վերահսկել իրավիճակը ոչ միայն Հիւսիսային Սիրիայում եւ Հիւսիսային Իրաքում, այլ նաեւ երկու այդ երկրների քրտաբնակ շրջաններում: Եթէ Անգարան դեռ կարող էր հանդուրժել քրտական պետականութեան կայացումը Իրաքում, ապա բացառում էր նման գործընթացը Սիրիայում: 2014 թուականի դեկտեմբերին քրտաբնակ սիրիական Արաբունար (Քոպանի) քաղաքի մօտ բռնկուած ռազմական գործողութիւնների ժամանակ Էրտողանը բացայայտ յայտարարեց իսլամականներին սատարելու մասին, ինչով առաջացրեց թուրքաբնակ քրտերի դժգոհութիւնը: Աւելին, թուրքական կառավարութիւնն արգելեց ՕԹԱՆ-ին եւ ամերիկեան ռազմաօդային ուժերին օգտագործել Ինճիրլիքի ռազմաօդային խարիսխը, ինչը լարուածութիւն առաջացրեց Արեւմուտքի հետ յարաբերութիւններում:
ՏԱՀԵՇ-ի եւ Թուրքիայի միջեւ փաստացի ձեւաւորուել էր իւրայատուկ մի դաշինք: Սակայն մեղրամիսը կարճ տեւեց. Անգարան փաստացի յայտնուեց ծուղակի մէջ, քանի որ իսլամականները հանդէս էին գալիս նոր պահանջներով: Որոշ ժամանակ անց ՏԱՀԵՇ-ի ներկայացուցիչներն այլեւս սկսեցին չթաքցնել Թուրքիայի նկատմամբ իրենց յաւակնութիւնները:
Իսլամականների նոր գործելաոճը ստիպեց Էրտողանին վերանայել իսլամականների հետ կապուած իր ծրագրերը: Թուրքիայում սկսեցին կասեցնել գրոհայինների համալրումը, փակել իսլամականների կայքերը եւ այլն:
Թուրքիայի ղեկավարութիւնը յայտնուեց երկընտրանքի առջեւ. ընդունել ՏԱՀԵՇ-ի օրէցօր յանդուգն դարձող պահանջները կամ յանուն ներքին խաղաղութեան եւ կայունութեան զոհաբերել երկրի ինքնիշխանութիւնը: Այս ճանապարհով երկրում քայլ առ քայլ կը վերանային պետական հաստատութիւնները, կանոնաւոր զինուած ուժերը, կը պարտադրուէին «շուրաներ» եւ շարիաթի դատարաններ: Ծայրայեղ իսլամականները Թուրքիայում կ՛իրականացնէին արդէն փորձուած հնարքը` կը գան իշխանութեան քաղաքական եւ տնտեսական իրավիճակի խիստ վատթարացման արդիւնքում ծագած քաոսի միջոցով` տապալելով Էրտողանի Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան «չափաւոր» իսլամականներին: Տուեալ պարագայում քրտաբնակ Սուրունճում ահաբեկչութեան կազմակերպումը նպատակային էր իշխանափոխութեան հասնելու համար: Էրտողանի բուծած կառոյցը փաստօրէն դուրս եկաւ իրեն հովանաւորողի դէմ:
ՏԱՀԵՇ-ի ղեկավարները մասնակիօրէն հասան իրենց նպատակին. պայթիւնը մեծ անհանգստութիւն առաջացրեց Թուրքիայի քրտաբնակ տարածքներում, սկսուեցին բախումներ, եւ նոյնիսկ իշխանամէտ քրտերը դժգոհեցին, որ թուրքական քաղաքական վերնախաւն այլեւս չի վերահսկում երկիրը: Զոհերի եւ նրանց հարազատների նկատմամբ պետութեան անտարբեր վերաբերմունքը իշխանութեան դէմ հանեց նաեւ թուրքական հանրութեան ստուար զանգուածի:
Ներքաղաքական հասունացող մեծ ճգնաժամը ստիպում է Էրտողանին եւ նրա շրջապատին իրենց փրկելու նոր ճանապարհներ հարթել: Եւ օգնութիւնը եկաւ դրսից` իսլամականների դէմ պայքարում աջակցելու պատրաստակամութիւն յայտնեց Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման: Ի պատասխան` Թուրքիան ամերիկեան ռազմաօդային ուժերին թոյլատրեց օգտագործել Ինճիրլիքի օդանաւակայանը:
Ներկայումս Անգարան ստիպուած է գործել երկու ճակատով: Թուրքական քաղաքական վերնախաւի համար պարզ է, որ Թուրքիայի Քիւրտիստանում սկիզբ առած նոր լարուածութեան նախաձեռնողը հէնց «Իսլամական պետութեան» տեղական կառոյցներն են: Իրավիճակը վերահսկելի դարձնելու համար թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայում ռմբակոծում են թէ՛ ՏԱՀԵՇ-ի, թէ՛ քրտական զինեալների խարիսխները: Անգարան պատրաստ է նաեւ ցամաքային գործողութիւնների: Էրտողանը փորձում է օգուտներ քաղել նոյնիսկ իր պետութեանը սպառնացող լրջագոյն վտանգից` չհրաժարուելով ցանկացած գնով Սիրիային իր ենթակայութեան տակ գցելու ծրագրերից:
Փաստացի, Սիրիայի, Իրաքի եւ այսօր արդէն Թուրքիայի տարածքներում թուրքական, իսլամիստական, ասատական եւ քրտական զինեալների մասնակցութեամբ ստեղծուել է զաւեշտալի մի իրավիճակ` «բոլորի պատերազմը բոլորի դէմ»: Այս իրավիճակի անուղղակի մասնակիցներ կարող են դառնալ տարածաշրջանի բոլոր խաղացողները: